2022
Թիմեր և տաղանդներ
Մայիս/հունիս 2022


Թիմեր և տաղանդներ

Լավագույն թիմերը աշխատում են միասին և օգնում են միմյանց կատարելագործվել։

Նկար
girl running and playing soccer

«Վազի՛ր, Ջիլիան, վազի՛ր»,- գոչում էր հայրիկը։ Ջիլիանի հայրը նրա ֆուտբոլի թիմի մարզիչն էր։ Նրանք կրկնակի ջանասիրությամբ էին մարզվում՝ առաջնության խաղին պատրաստվելու համար։ Արևն այրում էր, բայց Ջիլիանը շարունակում էր վազել։

Վերջապես հայրիկը սուլեց։ «Լավ, եկեք ընդմիջենք»։

Ջիլիանը վերցրեց իր ջրի շիշը և տղաների հետ նստեց նստարանին։ Նա թիմի միակ աղջիկն էր, բայց նրա համար դա խնդիր չէր։ Նրանք բոլորը աշխատում էին միասին և օգնում միմյանց կատարելագործվել։ Թեև նա հոգնած ու քրտնած էր, բայց ուրախ էր, որ խաղում էր իր թիմի հետ։

«Հայրի՛կ, ինչպե՞ս էր մեր խաղն այսօր»,- հարցրեց նա։

Հայրը ժպտաց։ «Հիանալի՜։ Կարծում եմ՝ թիմը պատրաստ է խաղին»։

Ի պատասխան՝ Ջիլիանը ժպտաց։ Արժեր քրտնաջան աշխատել դրա համար։

Տուն վերադառնալիս Ջիլիանը տեսավ իր ընկեր Մեյին։ Նրանք Երեխաների միության նույն դասարանից էին։ Սակայն Մեյը երկար ժամանակ չէր գալիս Երեխաների միություն։

Նկար
two girls talking

Ջիլիանը ժպտաց Մեյին։ «Ողջու՛յն, Մեյ։ Կարոտում եմ քեզ Երեխաների միությունում։ Դուք լա՞վ եք»:

Մեյը հայացքն իջեցրեց։ «Մայրս չի ուզում եկեղեցի գնալ»։

«Ինչո՞ւ»։

«Չգիտեմ»։ Մեյը բարձրացրեց գլուխը։ «Լավ, ես պետք է գնամ»։

Ջիլիանը ձեռքով արեց և նայում էր, մինչ Մեյը հեռանում էր։ Ինչպե՞ս կարող եմ օգնել Մեյին, - մտածում էր նա։

Երբ Ջիլիանը տուն հասավ, Երեխաների միության մի քանի երգեր նվագեց իր ուկուլելեով։ Ապա հրավիրեց իր եղբայրներին ձայնակցել։ Նրանք երգեցին այնքան ժամանակ, մինչև մայրիկը կանչեց նրանց ճաշելու։

«Վաղը ես պատրաստվում եմ այցելել քույր Աուրեային»,- ասաց մայրիկը։

«Քույր Աուրեան Մեյի մայրիկն է, չէ՞»,- հարցրեց Ջիլիանը։ «Ես կարո՞ղ եմ գալ քեզ հետ։ Մեյը չի գալիս Երեխաների միություն։ Եվ երբ ես այսօր տեսա նրան, նա կարծես թե տխուր էր»։

«Իհարկե, դու կարող ես գալ»,- ասաց մայրիկը։

«Ես կբերեմ իմ ուկուլելեն։ Կարող եմ նվագել Երեխաների միության երգերից։ Կարծում եմ՝ նա կարոտում է և շատ է ցանկանում երգել դրանք»,- ասաց Ջիլիանը։

Նկար
girl and mom walking

Երբ հաջորդ օրը նրանք հասան Մեյի տուն, Ջիլիանը ամուր գրկեց Մեյին։ Մինչ նրանց մայրերը զրուցում էին, աղջիկները դուրս եկան բակ։ Ջիլիանը նվագեց իր ուկուլելեն, իսկ Մեյը ձայնակցեց։ Նրանք զվարճանում էին՝ միասին ծիծաղելով և երգելով, մինչև Ջիլիանի գնալու ժամանակը եկավ։

«Շատ ուրախ էի տեսնել քեզ»,- ասաց Ջիլիանը։ «Մենք կարոտում ենք քեզ Երեխաների միությունում»։

«Այո, երանի կարողանայի գալ։ Երևի նորից մայրիկիս հարցնեմ»։

Նկար
girl playing ukulele for her friend

Հաջորդ կիրակի Մեյը եկեղեցում էր։ Ջիլիանը նստեց նրա կողքին։ «Շատ ուրախ եմ, որ կարողացար գալ»,- ասաց նա։

Մեյը ժպտաց։ «Ես նույնպես»։

Մի քանի օր անց վերջապես կայանալու էր ֆուտբոլի խաղը։ Ջիլիանը խնդրեց թիմին աղոթել խաղից առաջ։ Ապա եկավ խաղալու ժամանակը։ Ջիլիանը վազում էր հնարավորինս արագ։ Նա աշխատում էր իր թիմի հետ՝ ստանալով գնդակը և գոլեր խփելով։ Նրա թիմը հաղթեց խաղում։

Այդ գիշեր, անկողնում պառկած, Ջիլիանը մտածում էր Մեյի և իր ֆուտբոլի թիմի մասին։ Նա ուրախ էր, որ թիմի անդամ էր, ճիշտ՝ ինչպես ուրախ էր, որ Երեխաների միության անդամ էր։ Նրանք բոլորն էլ օգնում էին միմյանց։ Ջիլիանը ուրախ էր, որ կարող էր օգնել իր ընկերներին՝ լինի դա եկեղեցում, թե դաշտում։

Նկար
PDF of story

Նկարները՝ Մարկոս Կալոյի։

Տպել