2022
Ամենաքաղցր նպատակը
Հուլիս/օգոստոս 2022


Ամենաքաղցր նպատակը

Դեյվիդը անհամբեր սպասում էր, թե երբ է այցելելու Դուբայի տաճար:

Նկար
boy stacking sugar cubes to make a temple model

Նա մի քիչ սոսինձ սեղմեց շաքարի խորանարդիկի վրա: Հետո զգուշությամբ տեղադրեց այն։

«Հրաշալի՜ է»,- ասաց մայրը: «Շաքարի խորանարդիկներից պատրաստված քո տաճարը հիանալի տեսք ունի»:

«Շնորհակալություն»,- ասաց Դեյվիդը: «Սա Դուբայի տաճարն է։ Ես անհամբեր սպասում եմ, որ իրականը կառուցվի»:

Դեյվիդը հուզված և ոգևորված էր այն պահից, երբ նախագահ Նելսոնը հայտարարեց նոր տաճարի մասին այն երկրում, որտեղ ապրում էր Դեյվիդը: Արաբական Միացյալ Էմիրություններում են գտնվում աշխարհի ամենաբարձր շենքերից մի քանիսը: Բայց այնտեղ դեռ տաճար չկա։ Դա կլինի առաջին տաճարը ողջ Մերձավոր Արևելքում:

Դեյվիդը շաքարի վերջին խորանարդիկը ամրացրեց իր տաճարին: «Ահա»,- ասաց նա: «Ամեն ինչ արված է»:

Մայրիկը թեքվեց՝ ավելի լավ տեսնելու համար: «Լա՛վ աշխատանք է: Որտե՞ղ դնենք»։

Դեյվիդը մտածեց: «Գուցե իմ սենյակո՞ւմ: Իմ գնացքների կողքին»։ Դեյվիդը սիրում էր գնացքներ։ Նա ցանկանում էր մի օր գնացքի մեքենավար դառնալ:

«Հիանալի միտք է»,- ասաց մայրիկը

Դեյվիդը զգուշությամբ իր սենյակ տարավ շաքարի խորանարդիկներից պատրաստված իր տաճարը։ Նա խնամքով դրեց այն իր գնացքների մոդելների կողքին: Նա անհամբեր էր՝ ուզում էր ցույց տալ իր աշխատանքը քույրերին և հայրիկին:

Հաջորդ օրը Դեյվիդի մորաքույրը՝ Աննան, եկավ նրանց այցելության։ Նրանք խոսեցին այն բաների մասին, որոնց Դեյվիդը ամենաշատն էր սպասում: Հետո մի բան մտածեց:

«Ուզու՞մ ես իմանալ, թե ինչն է ինձ ամենաշատը հուզում»,-հարցրեց Դեյվիդը:

«Իհարկե»,- պատասխանեց Աննա մորաքույրը:

«Եկեղեցին, որի հետևորդն է իմ ընտանիքը, տաճար է կառուցում Դուբայում»:

Աննա մորաքույրը ժպտաց: «Դա իսկապես շատ կարևոր է»:

«Այո»,- ասաց Դեյվիդը: «Այս պահին մոտակայքում մեր եկեղեցին տաճար չունի, ուստի մենք տաճար ենք այցելում Շվեյցարիայում կամ Գերմանիայում: Ուրախ եմ, որ մեզ մոտ տաճար կլինի: Ես նպատակ եմ դրել պատրաստվել տաճար գնալու համար»:

«Ինչ հուզիչ է»,- ասաց Աննա մորաքույրը: «Ի՞նչ ես անում պատրաստվելու համար»:

«Աղոթում եմ և կարդում եմ սուրբ գրությունները»,- ասաց Դեյվիդը: «Եվ փորձում եմ հետևել Հիսուս Քրիստոսին: Այդպիսով ես պատրաստ կլինեմ գնալ տաճար»:

«Հիանալի է»,- ասաց Աննա մորաքույրը: «Վստահ եմ, որ դու շատ կաշխատես քո նպատակներին հասնելու համար»:

«Անպայման», Դեյվիդն ուրախ գլխով արեց։ Նրա համար հաճելի էր այդչափ կարևոր բանով կիսվելը:

Երեկոյան Դեյվիդը հարցրեց՝ կարո՞ղ է արդյոք շաքարի խորանարդիկներից պատրաստված իր տաճարը տեղափոխել խոհանոց:

«Ես ուզում եմ պահել այն այնպիսի վայրում, որտեղ մենք կարող ենք անընդհատ տեսնել այն: Ես ուզում եմ ամեն օր հիշել, որ պետք է շարունակեմ պատրաստվել գնալ տաճար»:

«Դա լավ միտք է»,- ասաց հայրիկը: «Կարծում եմ՝ ամեն օր քո պատրաստած տաճարը տեսնելն ինձ նույնպես կօգնի»։

Հայրիկը օգնեց Դեյվիդին խոհանոց տեղափոխել շաքարի խորանարդիկներից պատրաստված տաճարը:

«Շատ գեղեցիկ է»,- ասաց Դեյվիդի քույրը՝ Քեյթլինը։

«Երբ ավարտվի Դուբայում իրական տաճարի կառուցումը, կարո՞ղ եմ ընկերներիս հրավիրել տեսնել այն»,- հարցրեց Դեյվիդը:

Մայրը գլխով արեց: «Շատ լավ միտք է»։

«Իսկ մորաքույր Աննայի՞ն»։

«Իհարկե»,- պատասխանեց հայրիկը:

Դեյվիդը ժպտաց: Նա արդեն այնքան երախտապարտ էր Դուբայի տաճարի համար:

Նկարները՝ Մարկ Ռոբիսոնի

Տպել