Երիտասարդներին զորացնելու համար
Քայլեք Փրկչի լույսով
Սեպտեմբեր 2024


Քայլեք Փրկչի լույսվ

Երբ գալիս եք Հիսուս Քրիստոսի մոտ և ապաշխարում, Նրա բժշկությունը և զորացնող ուժը ձեզ խավարից դուրս է առաջնորդում:

Նկար
թղթե օդանավ

Մի երկարատև թռիչքի ժամանակ, որը ես կատարեցի որպես ավիաընկերության կապիտան, ես թռչելու էի Գերմանիայից առավտյան ժամը 11:00-ին և վայրէջք կատարելու Կալիֆորնիայում 1:00-ին՝ նույն օրը: Համեմատելով մեկնումի և ժամանման ժամերը, կարող էր թվալ, որ թռիչքը Ատլանտյան օվկիանոսի և Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքի վրայով ընդամենը երկու ժամ էր տևելու:

Բոինգ 747-ը արագընթաց էր, բայց ոչ այդքան: Իրականում թռիչքը տևեց մոտ 11 ժամ` կախված քամուց, 5600 մղոն (9,000 կմ) ճամփորդելու համար:

Քանի որ մենք թռչում էինք դեպի արևմուտք, արևը մայր չմտավ մեր թռիչքի ընթացքում: Մենք վայելում էինք ցերեկային լույսը Գերմանիայից դեպի Կալիֆորնիա՝ ողջ ճանապարհի ընթացքում: Սակայն Գերմանիա վերադառնալը բոլորովին այլ պատմություն էր: Երբ մենք թռչում էինք դեպի արևելք, արևամուտը ավելի արագ եկավ, քան սովորաբար լինում է, և մինչև մենք ուշքի եկանք, գիշերը վրա հասավ:

Նույնիսկ գիշերով թռչելիս, բացարձակ խավարի մեջ, ես անկասկած գիտեի, որ արևը մնում էր հաստատուն, անսասան և հուսալի: Ես գիտեի, որ ի վերջո արևը կծագի և պայծառ լույսը կվերադառնա` բերելով ջերմություն և կյանք նոր օրվա համար, նախքան մեր ուղևորության ավարտը:

Երբեմն իրավիճակները մեր շրջապատում կարող են թվալ անկայուն, անկանխատեսելի և խավար: Որքան երախտապարտ եմ Հիսուս Քրիստոսի համար: Նա է լույսը և կյանքն աշխարհի: Նրա շնորհիվ մենք ապագայի համար ունենք հույս, հասանելիություն Նրա աստվածային լույսին, և մեղքի ու մահվան վրա վերջնական հաղթանակի խոստում:

Փրկչի սերն ու զորությունը:

Մեր հանդեպ սիրուց ելնելով, Հիսուս Քրիստոսը տվեց Իր կյանքը Աստծո բոլոր զավակների համար և բացեց դուռը դեպի անմահություն և հավերժական կյանք:

Չնայած այն ամենին, ինչին սատանան կկամենա, որ դուք հավատաք, դուք Փրկչի փրկելու կարողությունից վեր չեք: Դուք երբեք վեր չեք «հավերժորեն նրա սիրո բազուկների մեջ օղակված» լինելուց (2 Նեփի 1.15):

Այս բոլոր պարգևներից մեծագույնը գալիս է Հիսուս Քրիստոսի Քավության արտոնող և փրկագնող զորությունից։ Գեթսեմանիի և Գողգոթայի տառապանքի շնորհիվ Նա գիտի թե ինչպես օգնի ձեզ հաղթահարել ցանկացած և բոլոր մարտահրավերները, որոնց դուք դիմակայում եք (տես Ալմա 7.11–12):

Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է:

Նկար
Հիսուս Քրիստոսը գրկում է մի մարդու

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ Փրկիչը [տվեց այդ քավիչ զոհաբերությունը] ողջ մարդկությանը, Նա բացեց մի ճանապարհ, որով նրանք, ովքեր հետևում են Իրեն, կարողանան հասանելիություն ունենալ Իր բժշկող, զորացնող և փրկագնող զորությանը»:

Այդ զորությունը արևի նման միշտ այնտեղ է։ Այն երբեք չի տատանվում: Փրկչի ոտնահետքերին հետևելը նման է ստվերից դուրս քայլելուն և դեպի արևալույսը մտնելուն, որտեղ դուք կարող եք ստանալ Աստծո լույսի, ջերմության և սիրո օրհնությունները:

Նոր պայծառ սկիզբ

Մորմոնի Գիրքը պատմում է, թե Նեփիացիներն ինչպես երեք օր անցկացրին ամենախոր խավարի մեջ՝ Փրկչի Խաչելությունից հետո։ Նրանց շուրջը գտնվող ֆիզիկական խավարը խորհրդանշում էր հոգևոր խավարը, որը մենք զգում ենք մեղքի պատճառով: Հետո նրանք լսեցին Քրիստոսի ձայնը, որը հրավիրեց նրանց դուրս գալ խավարից և դեպի Իր լույսը գալ:

«Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»: (3 Նեփի 9.13)

«Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի» (3 Նեփի 9.20):

«Ապաշխարեք և վերադարձեք ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ» (3 Նեփի 10.6):

Փրկիչը հղում է այդ նույն հրավերները ձեզ, երբ դուք մոլորվում եք և հայտնվում խավարում: Ճիշտ ինչպես ամեն արևածագ նշում է նոր օրվա սկիզբը, ամեն անգամ, երբ ապաշխարում եք, դուք ստանում եք նոր մեկնարկ, մի նոր պայծառ սկզբնավորում:

Ձեր անկեղծ ապաշխարության միջոցով Հիսուս Քրիստոսը «ձեր մեղքը կփոխարինի խաղաղությամբ և ուրախությամբ: Նա այլևս չի հիշի ձեր մեղքերը: Նրա ուժով կմեծանա Նրա պատվիրանները պահելու ձեր ցանկությունը:

Հենց որ կատարեք առաջին քայլը, ապաշխարելու համար, Փրկիչը կսկսի «փոխել ձեր սիրտը և ձեր կյանքը: Դուք կամաց-կամաց կաճեք ու ավելի շատ կնմանվեք Նրան» և Նա «կբերի ձեզ ավելի մեծ հասանելիություն Իր զորությանը»:

Գտեք հարատև բժշկություն

Փրկիչը Բժշկող Տերն է: Նրա բժշկող զորության ամենագեղեցիկ նկարագրություններից մեկը գտնվում է Մորմոնի Գրքում՝ Նրա անձնական ծառայության պահին:

«Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են»: Հարցրեց Նա։ «Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք … որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերեք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա: …

Եվ եղավ այնպես, որ երբ նա այսպես խոսեց, ողջ բազմությունը, միախմբված գնաց առաջ … , և նա բժշկեց նրանցից ամեն մեկին, երբ նրանք առաջ բերվեցին նրա մոտ» (3 Նեփի 17.7, 9):

Ամեն անգամ, երբ Փրկիչը բժշկում էր որևէ մեկին, ինչպես Իր Հարությունից առաջ այնպես էլ հետո, Նա վկայում էր մեր հոգիները բժշկելու Իր մեծագույն զորության մասին: Յուրաքանչյուր հրաշագործ բժշկություն մատնացույց էր անում հարատև ֆիզիկական և էմոցիոնալ բժշկման Նրա խոստումին, որը մեզ կգա Հարության ժամանակ:

Երբեմն բժշկության համար ձեր աղոթքները գուցե չպատասխանվեն այն ձևով, որ հույս ունեք, բայց դրանք չեն անտեսվում: Բժշկության համար ժամանակը ի վերջո կգա Երկնային Հոր ուրույն ձևով և ժամանակին, ճիշտ ինչպես գիշերվա խավարը տեղի է տալիս փառահեղ արևածագին:

Իմ թանկագի՛ն ընկեր, ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն է Բժշկողը` այս կյանքում և հավերժության մեջ։ Նրա ողորմածությունը բավարար է` բժշկելու ձեր վերքերը, մաքրելու ձեզ մեղքից, զորացնելու ձեզ փորձությունների մեջ, և օրհնելու ձեզ հույսով, իմաստությամբ և խաղաղությամբ: Նրա զորությունը միշտ առկա է` հաստատուն և հուսալի, նույնիսկ, երբ ժամանակավորապես հեռու եք զգում Նրա սիրուց, լույսից և ջերմությունից:

Նկար
երիտասարդը դիտում է մայրամուտը

Թող որ երբեք չկորցնեք ձեր ակնածանքի զգացումը և խորը երախտագիտությունը այն ամենի համար, ինչ Հիսուս Քրիստոսն արել է ձեզ համար: Իմացեք խնդրում եմ, որ դուք կատարելապես սիրված եք: Հիշեք, թե ինչ է ձեզ խոստացվել հավերժորեն: Եվ «թող Աստված շնորհի ձեզ, որ ձեր բեռները թեթև լինեն Իր Որդու`[Հիսուս Քրիստոսի], ուրախության միջոցով» (Ալմա 33.23):

Տպել