Երիտասարդներին զորացնելու համար
Կկամենա՞ք լսել
Սեպտեմբեր 2024


Եկ, հետևիր ինձ

Հելաման 13-16, 3 Նեփի 1

Կկամենա՞ք լսել

Մարգարեի առաջնորդությունը կարող է պաշտպանել, օրհնել և օգնել մեզ, եթե մենք կամենանք դա թույլ տալ:

Նկար
Երիտասարդը ամբոխի միջից նայում է պատին, որի գագաթին Սամուել Լամանցին է:

Նկարը՝ Ալիսա Թալենթի

«Կործանում է գալիս»։

Դա մռայլ ուղերձ է ընդունելու համար: Բայց պատկերացրեք, որ այն մեկն եք, ով կանչվել է` այն հաղորդելու համար:

Սամուել Լամանացին կանչվել էր Տիրոջ կողմից` նախազգուշացնելու Նեփիացիներին իրենց ամբարշտության մասին: Պատի վրա կանգնած Սամուելը հայտարարեց, որ մի օր «լիակատար կործանումը … անկասկած պիտի գա, եթե դուք չապաշխարեք» (Հելաման 13.10):

Սամուելը նաև մարգարեացավ, որ հինգ տարի անց լինելու էր գիշեր՝ առանց խավարի և մի նոր աստղ երկնքում`որպես Փրկչի ծննդյան նշան (տես Հելաման 14.2–5):

Ինչպե՞ս նեփիացիներն արձագանքեցին Սամուելի ուղերձին:

Նրանք հրաժարվեցին լսել: Նրանք «քարեր շպրտեցին [Սամուելի վրա] … և … նետեր արձակեցին նրա վրա, մինչ նա կանգնած էր պատի վրա» (Հելաման 16.2): Բարեբախտաբար, մարդիկ քարեր չեն շպրտում կամ նետեր չեն արձակում մարգարեի վրա այսօր, բայց շատերն են դեռևս մերժում ու ծաղրում նրա խոսքերը, երբ նա ուսուցանում է Փրկչի ավետարանի հավերժական ճշմարտությունները:

Երբ մարգարեն խոսում է, ինչպե՞ս դուք կարձագանքեք: Կկամենա՞ք լսել:

Ահա երեք հիշեցումներ այն օրհնությունների մասին, որոնք գալիս են երկրի վրա մարգարե ունենալուց և նրան լսելուց:

Մարգարեն սիրում է մեզ և աղոթում է մեզ համար

Բազմաթիվ գերագույն համաժողովների ելույթներում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ասել է մեզ.

«Ես սիրում եմ ձեզ»: «Դուք անընդհատ իմ մտքում և իմ աղոթքներում եք»:

Ինչպիսի օրհնություն է՝ իմանալ, որ մարգարեն սիրում է մեզ և աղոթում է մեզ համար:

Սամուել Լամանացու մարգարեություններից գրեթե հինգ տարի անց որոշ նեփիացիներ ասացին, որ նրա խոսքերի իրականացման համար ժամանակն անցել էր: Նրանք ծաղրեցին նրանց, ովքեր հավատում էին և նույնիսկ ընտրեցին մի օր սպանելու հավատացյալներին, եթե Փրկչի ծննդյան նշանները չգային (տես 3 Նեփի 1.6–9): Այդ սոսկալի ժամանակահատվածում մարգարե Նեփին աղոթում էր ողջ օրը «իր ժողովևդի համար … ովքեր քիչ էր մնում կործանվեին իրենց հավատքի պատճառով» (3 Նեփի 1.11):

Այսօր մարգարեի աղոթքներն օգնում են մեզ ավելի շատ ուղիներով, քան մենք կարող ենք պատկերացնել: Հոգևոր առաջնորդությունը, որ նա ստանում է աղոթքի միջոցով, օրհնում է ողջ աշխարհը:

Մարգարեն առաջնորդում է մեզ դեպի Փրկիչը

«Բարձրացրու գլուխդ և ուրախացիր»,- ասաց Տերը Նեփիին: «Ժամանակն առ ձեռն է, և այս գիշեր նշանը պիտի տրվի, և էգուց ես գալիս աշխարհ» (3 Նեփի 1.13):

Այդ օրը արևը մայր մտավ, սակայն չմթնեց։ Նշանը տրվեց: (Տես 3 Նեփի 1.15:) Հաջորդ առավոտ բոլորը գիտեին, որ դա այն օրն էր, երբ Փրկիչն էր ծնվելու և մի նոր աստղ հայտնվեց (տես 3 Նեփի 1.19, 21): Այն ամենը, ինչ Տերը մարգարեացել էր Սամուելի միջոցով Փրկչի ծննդյան վերաբերյալ, իրականացավ` ճիշտ ինչպես Տերն էր ասել:

Փրկչի գալուստը աշխարհ անմիջապես փրկեց այդ հավատացյաներին մահից: Սակայն դա փրկեց ոչ միայն նրանց: Հիսուս Քրիստոսը եկավ՝ փրկելու մեզ բոլորիս մեղքից ու մահից, տալու մեզ ուժ՝ կարիքի դեպքում, և բերելու մեզ հույս և ուրախություն՝ Իր Քավության միջոցով: Սա է եղել յուրաքանչյուր մարգարեի հիմնական ուղերձը, «ով երբևէ մարգարեացել է, նույնիսկ աշխարհի արարումից ի վեր» (Մոսիա 13.33): Մարգարեները առաջնորդում են մեզ դեպի Փրկիչը, ով «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքն» է (Հովհաննես 14.6)»։

Մարգարեն հռչակում է ճշմարտությունը

Առաջին անգամ, երբ ես կարդացի Մորմոնի Գիրքը ավագ դպրոցում, իմ ուշադրությունը գրավեց Սամուել Լամանացու մի ուսմունքը: Նա ասաց նեփիացիներին, որ եթե նրանք շարունակեն հետաձգել իրենց ապաշխարությունը, կգա ժամանակը, երբ «առհավետ չափազանց ուշ» կլինի: Նա ասաց. «Դուք փնտրել եք ձեր կյանքի բոլոր օրերում այն, ինչը դուք չէիք կարող ձեռք բերել, … դուք փնտրել եք երջանկություն անօրինություն անելու մեջ», որը հակառակ է մեր Երկնային Հոր էությանը (Հելաման 13.38):

Մեր օրերում նախագահ Նելսոնը նմանապես ուսուցանել է.

«Չնայած աշխարհը պնդում է, որ ուժը, ունեցվածքը, ժողովրդականությունը և մարմնական հաճույքները երջանկություն են բերում, սակայն դա այդպես չէ։ Դրանք չեն կարող երջանկություն բերել։ …

Ճշմարտությունն այն է, որ շատ ավելի հոգնեցուցիչ է երջանկություն փնտրել այնտեղ, որտեղ երբեք չես կարող գտնել այն: … Հիսուս Քրիստոսը … և միայն Նա [ունի] զորություն բարձրացնելու ձեզ այս աշխարհի ձգողականությունից վեր»:

Որոշ նեփիացիներ ընտրեցին լսել և հավատալ Սամուելի խոսքերին, շատ ուրիշներ չարեցին դա (տես Հելաման 16.1–8): Շատ առումներով այսօր այնքան էլ տարբեր չէ:

Ի՞նչ կկամենաք դուք ընտրել: Կկամենա՞ք լսել մարգարեին:

Նախագահ Նելսոնն ուսուցանել է.

[Մարգարեները, տեսանողները և հայտնողները] միշտ չէ, որ կարող են ասել մարդկանց այն, ինչ նրանք են կամենում լսել: Մարգարեները հազվադեպ են ժողովրդականություն վայելում: Բայց մենք միշտ կուսուցանենք ճշմարտությունը»:

Երբ լսում եք մարգարեին և գործում ըստ նրա խոսքերի, դուք կպարզեք, որ նրա մարգարեական առաջնորդությունը կպաշտպանի, կօրհնի և կօգնի ձեզ ձեր կյանքում:

Տպել