2010–2019 թթ․
Օգնեք նրանց բարձր նպատակներ դնել
Հոկտեմբեր 2012


20:1

Օգնեք նրանց բարձր նպատակներ դնել

Ձեր ուղեկցությամբ, նրանք, ում դուք առաջնորդում եք, կտեսնեն, կցանկանան և կհավատան, որ կարող են իրագործել իրենց ողջ ներուժը Աստծո արքայության մեջ ծառայության համար:

Ես անչափ շնորհակալ եմ այս հնարավորության համար՝ լինելու այս քահանայության մեծ ժողովին, լսելու նման հրաշալի ուսմունք և վկայություն: Դա ստիպեց ինձ խորհել իմ անձնական փորձի մասին: Գրեթե ամեն-ինչ, որ ես կարողացել եմ նվաճել որպես քահանայության կրող, ի շնորհիվ այն անձանց է, ովքեր ճանաչում էին ինձ և տեսնում իմ մեջ այն, ինչ ես ինքնս չէի կարող տեսնել:

Լինելով երիտասարդ հայր, ես աղոթել եմ իմանալու համար, թե ինչ ավանդ կարող են իմ երեխաները ներդնել Տիրոջ արքայության մեջ: Գիտեի, որ տղաներս քահանայության մեջ հնարավորություններ կունենան, իսկ աղջիկներս՝ կմատուցեն Տիրոջը ներկայացնող ծառայություն: Բոլորը կկատարեն Նրա աշխատանքը: Գիտեի, որ յուրաքանչյուրն անհատ է, ուստիև Տերը նրանցից յուրաքանչյուրին հատուկ պարգևներ է տվել Իր ծառայության մեջ օգտագործելու համար:

Այժմ ես չեմ կարող ասել, թե յուրաքանչյուր հայր և երիտասարդների ղեկավար ինչ պետք է անի: Սակայն կարող եմ խոստանալ ձեզ, որ կօրհնեք նրանց, օգնելով ճանաչել ի ծնե ունեցած իրենց հոգևոր պարգևները: Յուրաքանչյուր անձ տարբեր է և տարբեր ավանդներ կարող է ներդնել: Ոչ ոք դատապարտված չէ ձախողման: Երբ հայտնություն փնտրեք տեսնելու այն պարգևները, որ Աստված է տեսնում նրանց մեջ, ում դուք ղեկավարում եք, հատկապես՝ երիտասարդներին, դուք կօրհնվեք բարձրացնելու նրանց հայացքը դեպի այն ծառայությունը, որ նրանք կարող են կատարել: Ձեր ուղեկցությամբ նրանք, ում դուք առաջնորդում եք, կտեսնեն, կցանկանան և կհավատան, որ կարող են իրագործել իրենց ողջ ներուժը Աստծո արքայության մեջ ծառայության համար:

Իմ երեխաների հարցում ես աղոթել եմ, որպեսզի հայտնությամբ իմանամ, թե ինչպես կարող եմ օգնել նրանցից յուրաքանչյուրին անհատապես պատրաստվել Աստծուն ծառայելու յուրահատուկ հնարավորություններին: Ապա օգնել եմ նրանց պատկերացնել, հույս տածել և աշխատել այս ապագայի համար: Որդիներիցս յուրաքանչյուրի համար տախտակի վրա փորագրել եմ նրանց հատուկ պարգևները ներկայացնող սուրբ գրության հատված և տվյալ պարգևը ներկայացնող նկար: Նկարի և խոսքերի ներքևում ես փորագրել էի յուրաքանչյուր տղայի մկրտության և քահանայության պաշտոններում կարգվելու ամսաթվերը, վերջիններիս կողքին նշելով նաև այդ ժամանակ նրանց հասակի չափը:

Ես կնկարագրեմ տախտակները, որ փորագրել եմ իմ յուրաքանչյուր որդու համար՝ օգնելով նրանց տեսնել, թե որոնք են իրենց հոգևոր պարգևները և ինչ կարող են նվիրաբերել Տիրոջ աշխատանքին: Ինձ նման դուք էլ կոգեշնչվեք հայտնաբերելու հատուկ պարգևները և եզակի հնարավորությունները ձեր երիտասարդներից յուրաքանչյուրի համար, ում դուք սիրում և ղեկավարում եք:

Երբ ավագ որդիս դարձավ սարկավագ և Արծիվ սկաուտ, նրա և նրա ապագայի մասին մտածելիս արծվի պատկերը եկավ միտքս: Մենք ապրում էինք Այդահոյում, Հարավային Տետոն լեռան ստորոտի մոտ, որը մենք մագլցում էինք միասին և դիտում՝ ինչպես են արծիվները սավառնում: Այդ մտապատկերը ինձ հիշեցրեց Եսայիայի խոսքերը.

«Նա է հոգնածին ուժ տվողը. և նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում:

Եվ երիտասարդները կհոգնեն և կվաստակեն, և ընտիրները թուլությունով կթուլանան,

Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվին ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակիլ, կգնան և չեն հոգնիլ»:1

Իրականում, այդ ամենաավագ որդու հետ, մենք կանգ էինք առնում Հարավային Տետոնի գագաթին չհասած, որովհետև որդիս հոգնում էր: Նա ուզում էր կանգ առնել: Նա ասաց. «Արդյո՞ք միշտ պետք է ներողություն խնդրեմ, որ չեմ կարողանում մագլցել մինչև գագաթ: Հայրիկ, դու շարունակիր, չեմ ուզում, որ դու հիասթափվես»:

Ես պատասխանում էի. «Ես երբեք չեմ հիասթափվի, դու էլ երբեք վատ մի զգա: Մենք միշտ կհիշենք, որ մագլցել ենք միասին»: Նրա աճի տախտակի վերևում ես փորագրեցի արծիվ և մակագրեցի՝ Արծվի թևերի վրա:

Տարիների ընթացքում որդիս որպես միսիոներ սավառնեց ավելի վեր, քան ես կարող էի պատկերացնել իմ նվիրական հույսերում: Միսիայի որոշ դժվարություններ, որոնց նա դիմակայել էր, թվացել էին իր ուժերից վեր: Տղային, որին բարձրացնում ես, ինչպես եղավ որդուս դեպքում, Տերն իմ սպասելիքներից ավելի բարձրացրեց նրան ավետարանը բարդ լեզվով քարոզելիս: Եթե բարձրացնեք երիտասարդին զգալու համար իր քահանայական հնարավորությունները, խոստանում եմ՝ Տերը կասի ձեզ որքան անհրաժեշտ է: Տղան կարող է ունենալ անգամ ավելի մեծ ներուժ, քան Տերը կհայտնի ձեզ: Օգնեք նրան բարձր նպատակներ դնել:

Տղան, որին դուք քաջալերում եք, կարող է շատ երկչոտ թվալ հզոր քահանայության ծառա լինելու համար: Որդիներիցս մյուսը փոքր հասակում այնքան ամաչկոտ էր, որ չէր խոսում խանութի աշխատողի հետ: Նա անչափ վախենում էր, ես անհանգստանում էի, երբ աղոթում էի նրա քահանայական ապագայի մասին: Ես մտածում էի, որ միսիայի դաշտում նա խոստումնալից չի երևում: Ես առաջնորդվեցի Առակացի գրությամբ. «Ամբարիշտը փախչում է առանց մեկի հալածելու, բայց արդարները առ յուծի պես համարձակ են»:2

Նրա տախտակի վրա, առյուծի մեծ գլխի պատկերի տակ ես փորագրեցի՝ «Առյուծի պես համարձակ» խոսքերը: Իր միսիայում և հետևող տարիներին նա իրագործեց իմ փայփայած հույսը: Իմ երբեմնի ամաչկոտ տղան մեծ համոզվածությամբ քարոզեց ավետարանը և քաջարի դիմակայեց վտանգներին: Նա հզորացավ Տիրոջը ներկայացնելող իր պարտականություններում:

Դա տեղի կունենա այն պատանու հետ, որին դուք առաջնորդում եք: Դուք պետք է զարգացնեք նրա հավատքը, որ իրեն Տերը կարող է փոխակերպել՝ դարձնելով քաջարի ծառա:

Մենք գիտենք, որ Տերը Իր ծառաներին համարձակ է դարձնում: Պատանի Ջոզեֆը, որ ծառերի պուրակում տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին, փոխակերպվեց հոգևոր հսկայի: Փարլի Պ. Փրատը ականատեսն է եղել, թե ինչպես է Մարգարե Ջոզեֆ Սմիթը հանդիմանում ստոր պահակներին, ովքեր հսկում էին նրանց: Երեց Փրատը գրել է.

«Հանկարծ նա ոտքի ելավ և ամպրոպի կամ մռնչացող առյուծի ձայնով, որքանով որ հիշում եմ, ասաց հետևյալ խոսքերը.

««ԼՌԵՔ, դուք դժոխքի ծնունդներ,. Հիսուս Քրիստոսի անունով ես ձեզ հանդիմանում եմ, և պատվիրում եմ, որ լռեք: Ես մեկ րոպե անգամ չեմ հանդուրժի, որ նման խոսքեր լսեմ: Դադարեցրեք այդ խոսակցությունները, այլապես ես կամ դուք կմեռնենք ՀԵՆՑ ՀԻՄԱ»»:

Այդ փորձառության մասին Երեց Փրատը գրել է. «Արժանապատվություն և մեծափառություն տեսել եմ միայն մեկ անգամ, կեսգիշերին շղթայակապ կանգնած Միսուրիի աննշան գյուցի զնդանում»:3

Տերն Իր արդար ծառաներին հնարավորություններ կտա լինել առյուծների պես համարձակ, երբ նրանք որպես Նրա քահանայության վկաներ խոսեն Իր անունից:

Մյուս որդիս, պատանի հասակում ուներ ընկերների մեծ շրջապատ, ովքեր մշտապես ձգտում էին նրա ընկերակցությանը: Նա հեշտությամբ էր ընկերական կապեր հաստատում: Երբ աղոթեցի և փորձեցի կանխատեսել նրա ավանդը Աստծո արքայության մեջ, զգացի, որ նա ուժ ուներ մարդկանց մոտեցնելու սիրո և միասնության մեջ:

Դա ինձ հիշեցրեց Վարդապետություն և Ուխտերում մի պատմություն, որտեղ նկարագրվում են Միսուրիում Սիոնը կառուցելիս քահանայության երեցների ջանքերը՝ ի ազդարարումն հրեշտակների, ովքեր տեսան նրանց ջանքերը և նվիրաբերումները: Դրա համար մեծ զոհաբերություն պահանջվեց: Վարդապետություն և Ուխտերում հայտնությունն ասում է. «Այնուամենայնիվ, օրհնված եք դուք, քանզի վկայությունը, որ դուք բերել եք, արձանագրվել է երկնքում, հրեշտակների համար, որ կարդան. և նրանք ցնծում են ձեր համար, և ձեր մեղքերը ներված են ձեզ»:4

Իմ որդու հասակի տախտակի վրա ես մակագրեցի. «Հրեշտակները ցնծում են քեզ համար»:

Այս որդուս՝ մարդկանց հավաքելու և նրանց գրավելու մեծ ունակությունը շարունակվեց նրա դպրոցական տարիներից հետո: Քահանայություն կրող իր ընկերների հետ նա կազմակերպում էր ցցի միջոցառումներ, որոնք իր տարածքի երիտասարդներին պարգևում էին հավատք տոկալու համար և անգամ հաղթանակ՝ դժվարին իրավիճակներում: Հավատք զարգացնելով այդ երիտասարդ տղաների և աղջիկների մեջ, նա օգնել է կազմակերպել Սիոնի փոքր խմբեր Ամերիկայի քաղաքային կենտրոններում: Ես փորագրել էի փողհարող հրեշտակներ, քանի որ ավելի հեշտ էր փորագրել փողհարող, քան բացականչող հրեշտակներ:

Հրեշտակները ցնծում են, երբ քահանայության ղեկավարները երկրագնդով մեկ կառուցում են Սիոնը իրենց ծխերում, ցցերում և միսիաներում: Եվ նրանք կցնծան երիտասարդ տղաներով և աղջիկներով, ում դուք օգնում եք կառուցել Սիոնը, որտեղ և ինչպիսի պայմաններում էլ որ նրանք լինեն: Սիոնը՝ ուխտով և սիրով միմյանց հետ կապված մարդիկ են: Ես կոչ եմ անում ձեզ օգնել ձեր երիտասարդներին միանալ:

Իմ որդիներից մեկի համար ես հուշում ստացա, որ փորագրեմ արև՝ արև երկնքում, և Փրկչի Միջնորդական աղոթքի խոսքերից՝ Սա է հավերժական կյանքը: Իր երկրային ծառայության ավարտին Փրկիչն աղոթեց Իր Հորը.

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. և նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին:

Ես քեզ փառավորեցի երկրի վրա. այն գործը կատարեցի, որ տվիր ինձ՝ որ անեմ»:5

Իմ որդին մատուցել է քահանայական ծառայություն երեք մայրցամաքներում, իսկ ամենակարևորը՝ իր տանը և իր ընտանիքում: Նա իր կյանքը կառուցել է նրանց շուրջը: Նա աշխատում է տանը մոտ, և հաճախ է ընդմիջմանը գալիս տուն՝ ճաշելու իր կնոջ ու երեխաների հետ: Նրա ընտանիքը շատ մոտ է ապրում ինձ ու քույր Այրինգին: Նրանք մեր բակի համար խնամք են տանում: Այս որդիս ապրում է ոչ միայն հավիտենական կյանքին արժանանալու, այլև ընտանիքի երախտապարտ անդամներով հավերժ շրջապատված լինելու համար:

Հավերժական կյանքը ընտանիքներով միասին ապրելն է Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ: Հավերժական կյանքը հնարավոր է միայն Աստծո քահանայության բանալիների միջոցով, որոնք վերականգնվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Երիտասարդների համար, որոնց դուք ղեկավարում եք, հրաշալի պարգև է, երբ դուք պահում եք այդ հավերժական նպատակը նրանց առաջ: Դուք դա հիմնականում կանեք ձեր անձնական ընտանիքի օրինակով: Նրանք, ում դուք ղեկավարում եք, գուցե ընտանիք չունեն Եկեղեցում, բայց ես կոչ եմ անում ձեզ՝ օգնեք նրանց զգալ և ցանկանալ ընտանիքի սերը վարագույրի երկու կողմում էլ:

Հասակի տախտակները, որ ներկայացրեցի, մեկ միջոց են՝ օգնելու երիտասարդներին նշմարել այն վեհությունը, որ Աստված տեսնում է նրանց մեջ, և նրանց ապագահն ու այն յուրահատուկ ծառայությունը, որի համար Նա պատրաստում է նրանց: Նա կօգնի ձեզ հասկանալ ինչպես անել դա ձեր երեխաների կամ մյուս երիտասարդների համար: Իսկ երբ աղոթքով ձգտեք ինքնուրույն տեսնել այդ ապագան և նույնը հաղորդել երիտասարդներին մեկ առ մեկ, դուք կհասկանաք, որ Աստված անհատապես սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին և մեծ ու եզակի պարգևներ է տեսնում նրանցից յուրաքանչյուրի մեջ:

Որպես հայր ես օրհնվել եմ տեսնելու Աստծո արքայությունում իմ դուստրերի համար մեծ ապագա ևս: Երբ աղոթքով առաջնորդություն եմ փնտրել, ինձ ցույց է տրվել, ինչպես կարող եմ օգնել իմ դուստրերին՝ ընկալել Աստծո վստահությունը իրենց հանդեպ՝ որպես ծառաներ, ովքեր կարող են կառուցել Նրա արքայությունը:

Երբ դուստրերս փոքր էին, ես զգացի, որ կարող ենք օգնել մյուսներին զգալ սերը նրանց, ովքեր սերունդներ ի վեր գտնվում էին վարագույրի այն կողմում: Ես գիտեի, որ սերը գալիս է ծառայությունից և հավերժական կյանքի հույս է ներշնչում:

Այսպիսով, մենք փորագրեցինք հացի տախտակներ, յուրաքանչյուրի վրա դնելով տանը պատրաստված հացի բոքոն, միասին գնացինք բաժանելու այրիներին և ընտանիքներին: Յուրաքանչյուր հացի տախտակի վրա ես փորագրեցի՝ «J’aime et J’espere», որը ֆրանսերեն նշանակում է՝ «Ես սիրում եմ և հույսով եմ»: Նրանց եզակի հոգևոր պարգևների ապացույցն ի հայտ եկավ ոչ թե իմ փորագրած տախտակների վրա, այլ ավելի պարզորոշ, երբ մենք բաժանեցինք դրանք նրանց, ովքեր կարիքի մեջ էին, կրում էին ցավ կամ կորուստ, ի հավաստիացում, որ Փրկչի սերը և Նրա Քավությունը կարող են հույսի կատարյալ պայծառություն պարգևել: Սա է հավերժական կյանքը իմ դուստրերի և մեզանից յուրաքանչյուրի համար:

Այժմ, գուցե դուք մտածեք. «Եղբայր Այրինգ, ուզում եք ասել, որ ես փորագրություն սովորե՞մ»: Պատասխանում եմ՝ ոչ: Ես փորագրել եմ սովորել միայն բարի ու շնորհալի վարպետի՝ այն ժամանակ Երեց Բոյդ Կ. Փաքերի օգնությամբ: Իմ այդ փոքր հմտությունը ձեռք եմ բերել՝ որպես փորագրող նրա հրաշալի պարգևի և որպես ուսուցիչ նրա համբերատարության շնորհիվ: Միայն երկինքը կարող է նման ուսուցիչ պարգևել, ինչպիսին է Նախագահ Փաքերը: Բայց կան տարբեր եղանակներ, որոնց օգնությամբ դուք կարող եք ներգործել երեխաների սրտի վրա՝ առանց փայտե տախտակներ փորագրելու:

Օրինակ, հաղորդակցման նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս հավատի և հույսի հաղորդագրություններ ուղարկել մեծ հեռավորությունների վրա, վայրկյանական և շատ էժան: Կինս օգնում է ինձ այդ գործում ամեն երեկո: Մենք սկսում ենք հեռախոսազրույցներով մեր երեխաների և թոռների հետ: Մենք խնդրում ենք նրանց պատմել իրենց անձնական հաջողությունների և մատուցած ծառայության մասին, նաև այդ օրվա գործերի մասին լուսանկարներ ուղարկել: Մենք օգտագործում ենք այդ լուսանկարները գրված մի քանի պարբերությունները նկարազարդելու համար: Ավելացնում ենք Մորմոնի Գրքից մեկ կամ երկու հատված: Գուցե Նեփին և Մորմոնը չտպավորվեին մեր նյութի հոգևոր որակով կամ սահմանափակ ջանքերով, որոնք անհրաժեշտ են ստեղծելու ինչպես մենք ենք կոչում՝ «Ընտանեկան օրագիր՝ փոքր թիթեղներ», բայց Քույր Այրինգն ու ես օրհնվել ենք այդ ջանքերի շնորհիվ: Մենք ոգեշնչվում ենք ընտրել սուրբ գրության հատվածներ և գրել հակիրճ վկայություն: Դրա արդյունքն ակնհայտ է նրանց կյանքում, երբ տեսնում ենք ինչպես են նրանց սրտերը դառնում դեպի մեզ և Փրկիչը և ի վեր:

Կան հասու լինելու այլ եղանակներ՝ դուք արդեն ներգրավվել եք դրանցից շատերում: Ձեր ընտանեկան աղոթքը և սուրբ գրություններ ընթերցելը կստեղծեն ավելի հարատև հիշողություններ և առաջ կբերեն սրտի ավելի մեծ փոփոխություններ, քան այժմ կարող եք պատկերացնել: Անգամ աշխարհիկ միջոցառումները, օրինակ՝ սպորտային միջոցառման այցելելը կամ կինոնկար դիտելը, կարող է ներգործել երեխայի սրտի վրա: Կարևորը ոչ թե միջոցառումն է, այլ դրանից բխող զգացմունքները: Ես հայտնագործել եմ միջոցառումը ստուգելու մի լավ թեսթ, պարզելով, թե տվյալ միջոցառումը որքանով կարող է տարբերություն բերել երեխայի կյանքում: Նրանք պետք է զգան, որ իրենց հետաքրքրող միջոցառումը եկել է որպես նվեր Աստծո կողմից: Իմ անձնական փորձից գիտեմ, որ դա հնարավոր է:

Երբ 12 տարեկանում դարձա սարկավագ, մենք ապրում էինք Նյու Ջերսիում, Նյու Յորք Սիթիից 80կմ հեռու: Ես երազում էի լավ բեյսբոլ խաղացող դառնալ: Հայրս համաձայնեց ինձ տանել Բրոնքսի հին ու պատմական Յանկիների մարզադաշտում տեղի ունեցող խաղը դիտելու: Դեռևս կարող եմ տեսնել, ինչպես Ջո Դիմաջիոն ճոճեց բեյսբոլի փայտը և հարվածեց դաշտի կենտրոն, հաշվի մեջ առաջ անցնելով, բոլորը ոգևորված կանգնեցին, հայրս նույնպես, որ կողքիս էր նստած: Դա միակ անգամն էր, որ մենք միասին գնացինք բեյսբոլի գլխավոր լիգայի խաղին:

Բայց մեկ այլ օր հայրս ընդմիշտ փոխեց իմ կյանքը: Նա ինձ տարավ Նյու Ջերսիից Սոլթ Լեյք Սիթի՝ կարգված հայրապետի տուն, որին ես նախկինում երբեք չէի տեսել: Հայրս ինձ թողեց դռան մոտ: Հայրապետն առաջարկեց նստել աթոռին, ձեռքերը դրեց իմ գլխին և տվեց օրհնություն՝ որպես պարգև Աստծուց, որի ժամանակ հնչեց սրտիս մեծագույն ցանկությունը:

Նա ասաց, որ ես նրանցից մեկն եմ, որի մասին ասվել է. «Օրհնյալ են խաղաղարարները»:6 Ես այնքան զարմացած էի, որ կատարյալ օտար մարդը, կարողացավ իմանալ իմ սիրտը, և ես բացեցի աչքերս, որպեսզի տեսնեմ, թե որտեղ է նման հրաշքը կատարվում: Իմ հնարավորությունների մասին այդ օրհնությունը կերտեց իմ կյանքը, իմ ամուսնությունը և իմ քահանայական ծառայությունը:

Այդ փորձառությունից և դրանից հետո, ինչ տեղի ունեցավ, ես կարող եմ վկայել. «Քանզի բոլորին տրված չէ ամեն պարգև. քանզի կան շատ պարգևներ, և ամեն մարդու մի պարգև է տրված Աստծո Հոգուց»:7

Տիրոջ կողմից ինձ հայտնված պարգևի շնորհիվ ես կարողացա տեսնել և պատրաստվել հնարավորություններին, որպեսզի կիրառեմ դա ի օրհնություն նրանց, ում սիրում և ծառայում եմ:

Աստված գիտի մեր պարգևները: Իմ կոչն է ձեզ և ինձ՝ աղոթել ճանաչելու մեզ շնորհված պարգևները, իմանալ, ինչպես զարգացնել դրանք, և տեսնել մյուսներին ծառայելու հնարավորությունները, որ Աստված ընձեռում է մեզ: Ամենից շատ, ես աղոթում եմ, որ դուք ոգեշնչվեք օգնել մյուսներին՝ հայտնագործելու Աստվածատուր իրենց հատուկ պարգևները ծառայության համար:

Ես խոստանում եմ ձեզ, որ եթե խնդրեք, դուք կօրհնվեք օգնելու և բարձրացնելու մյուսներին, որ իրենց ներուժը լիովին օգտագործեն և ծառայեն նրանց, ում ղեկավարում և սիրում են: Ես վկայում եմ ձեզ, որ Աստված ապրում է, Հիսուսը Քրիստոսն է, սա Աստծո քահանայությունն է, որ մենք կրում ենք, և Աստված պատրաստել է մեզ՝ հատուկ պարգևների միջոցով, որպեսզի ծառայենք Իրենք մեր խորագույն հույսերից վեր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: