2010–2019 թթ․
Քահանայության ուրախությունը
Հոկտեմբեր 2012


18:7

Քահանայության ուրախությունը

Եկեք ընդունենք և հասկանանք քահանայության հրաշքն ու արտոնությունը: Եկեք ընդունենք և սիրենք պատասխանատվությունները, որ տրվել են մեզ կատարելու:

Թռչելու ուրախությունը

Շատ տարիներ առաջ, օդանավի հրամանատար մի քանի ընկերներով մենք որոշեցինք կյանքի կոչել պատանեկան երազանքը և վերանորոգել մի հնագույն օդանավ: Միասին մենք գնեցինք հնամաշ 1938թ. Փայփեր Քաբ սավառնակ և սկսեցինք աշխատել, վերականգնելով նրա նախնական տեսքը: Մենք սիրով էինք կատարում այդ աշխատանքը: Դա հատուկ նշանակություն ուներ ինձ համար, որովհետև երիտասարդ տարիներին ես սովորել էի թռչել նմանատիպ սավառնակով:

Այդ սավառնակն առաջին անգամ կառուցվել էր Ռայթ եղբայրների կատարած առաջին թռիչքից 35 տարի անց: Այդ մասին մտածելիս ինձ շատ ծեր եմ զգում:

Շարժիչը էլեկտրական մեկնարկիչ չուներ, և օդաչուի խցիկից շարժիչը գործի դնելու համար ինչ-որ մեկը պետք է ուժեղ պտտեր ինքնաթիռի պտուտակը, մինչև որ շարժիչը ինքնուրույն կսկսեր աշխատել: Ամեն անգամ շարժիչը գործի դնելը ոգևորություն և քաջություն ներշնչող պահ էր:

Օդ բարձրանալուն պես պարզ դարձավ, որ Փայփեր Քաբը ստեղծված չէր արագության համար: Իրականում, երբ ուժեղ քամին հանդիպակած էր փչում, թվում էր մենք ամենևին չէինք շարժվում: Ես հիշում եմ, որ Գերմանիայում իմ դեռահաս որդու հետ միասին մայրուղու վրայով թռչում էինք և այնքան դանդաղ, որ մեքենաները ներքևում մեզանից արագ էին գնում:

Բայց ես, այնքան շատ էի սիրում այդ փոքր օդանավը: Կատարելապես զգում ես թռիչքի հրաշքը և գեղեկությունը: Կարող ես լսել, զգալ՝ զգալ հոտը, համը, և հասկանալ, թե ինչ է իրականում թռչելը: Ռայթ եղբայրներն այսպես են դա ներկայացրել. «Ոչինչ չի կարող համեմատվել օդաչուների վայելքին, երբ նրանք գնում են օդի միջով հսկա սպիտակ թևերի վրա»:1

Ի տարբերություն դրա, այս տարվա սկզբին ես արտոնություն ունեցա թռչելու բարդ F-18 ռեակտիվ կործանիչով՝ Միացյալ Նահանգների աշխարհահռչակ Բլյու Էնջլս ռազմածովային ցուցադրական թռիչքի թիմի հետ: Դա նման էր ետ դեպի հիշողություն կատարված թռիչքի, քանի որ ճիշտ 50 տարի առաջ, նույն օրը ես ավարտեցի ռազմաօդային կործանիչի օդաչուի իմ ուսումնավարժական դասընթացը:

F-18-ով թռիչքն իհարկե լիովին տարբերվում էր Փայփեր Քաբով թռիչքից: Դա ինձ ցուցադրեց թռիչքի ավելի դինամիկ գեղեցկությունը: Այդ ժամանակ, կարծես, ավելի կատարյալ ձևով են կիրառվում աերոդինամիկայի օրենքները: Ինչևէ, Բլյու Էնջլսների հետ թռիչքը նաև անմիջապես հիշեցրեց ինձ, որ ռեակտիվ կործանիչի օդաչու լինելը երիտասարդ մարդու գործ է: Կրկին մեջբերեմ Ռայթ եղբայրների խոսքերը. «Թռիչքի զգացողությունը, ավելի քան որևէ այլ բան, կատարյալ խաղաղություն է, միախառնված հուզմունքի հետ, որն առավելագույնս լարում է բոլոր նյարդերը»:2 Նաև Բլյու Էնջլսների հետ թռիչքը լիովին այլ տեսնակյունից ցույց տվեց, որ «հրեշտակները» քո շուրջն են և բարձրացնում են քեզ:

Եթե ինձ հարցնեիք, թե այդ երկու թռիչքներից որն եմ ավելի շատ վայելել, չեմ կարող ասել: Ակնհայտորեն դրանք շատ տարբեր էին, եթե չասեմ ավելին: Բայց այնուամենայնիվ, շատ առումներով նման էին:

Եվ Փայփեր Քաբում, և F-18-ում ես զգացի թռիչքի ոգևորությունը, գեղեցկությունը և ուրախությունը: Երկուսում էլ ես հասկացա բանաստեղծի խոսքերը, որ ասում է՝ «երկրի անբարեհաճ կապերը [բաց թող] և [պարիր] երկնքում արծաթե ծիծաղկոտ թևերով»:3

Նույն քահանայությունն ամենուր

Այժմ, կարող եք հարցնել, թե ի՞նչ կապ ունեն այդ երկու լիովին իրարից տարբեր թռիչքները մեր այսօրվա հավաքի հետ, քահանայության հետ, որ արտոնություն ունենք կրելու կամ քահանայական ծառայության հետ, որ մենք բոլորս այդքան շատ սիրում ենք:

Եղբայրներ, քահանայական ծառայության մեջ մեր անհատական փորձառությունները կարող են լինել բավականին տարբեր: Կարոող ենք ասել, ձեզանից ոմանք թռչում են F-18 կործանիչով, մինչ մյուսները թռչում են Փայփեր Քաբս սավառնակներով: Ոմանք ապրում են ծխերում և ցցերում, որտեղ ամեն մի պաշտոն, քահանայապետերի խմբի օգնականից մինչև սարկավագների քվորումի քարտուղար, զբաղեցնում են ակտիվ քահանայություն կրողներ: Դուք արտոնություն ունեք մասնակցելու ծխի կազմակերպությունում, որտեղ բոլոր պաշտոնները զբաղեցված են:

Ոմանք էլ ապրում են աշխարհի այն մասերում, որտեղ կան քիչ թվով Եկեղեցու անդամներ և քահանայություն կրողներ: Թերևս ձեզ զգաք միայնակ և բոլոր գործերը կատարելու ծանրության տակ: Ձեր դեպքում քահանայության ծառայության «շարժիչը» գործի դնելու համար գուցե շատ ձեռքերի ներգրավվածության կարիքն ունենաք: Երբեմն անգամ կարող է թվալ, թե ձեր ճյուղը կամ ծուխը ամենևին էլ առաջ չի շարժվում:

Ինչևէ, կարևոր չէ թե ինչպիսին են ձեր պատասխանատվությունները կամ հանգամանքները, դուք և ես գիտենք, որ միշտ մի յուրահատուկ ուրախություն է բխում քահանայության նվիրյալ ծառայությունից:

Ես միշտ սիրել եմ թռչել, լինի դա սավառնակով, կործանիչով, թե մեկ այլ ինքնաթիռով: Սավառնակով թռչելիս ես չեմ բողոքել ցածր արագությունից, իսկ F-18-ով թռչելիս ես չեմ տրտնջացել, երբ օդային հնարքների շարքն անողոքաբար բացահայտում էր իմ առաջացած տարիքը:

Այո, միշտ կա ինչ-որ անկատար բան ամեն մի իրավիճակում: Այո, հեշտ է գտնել դժգոհելու պատճառ:

Բայց, եղբայրներ, մենք կրողներն ենք Սուրբ Քահանայության՝ ըստ Աստծո Որդու կարգի: Մեզ բոլորիս ձեռնադրել են, և մենք ստացել ենք Աստծո քահանայությունը: Մեզ տրվել է իշխանություն և պատասխանատվություն գործելու Նրա անունով որպես Նրա ծառաներ Երկրի վրա: Մեծ ծխում, թե փոքր ճյուղում, մենք կոչված ենք ծառայելու, օրհնելու և բոլոր բաներում գործելու հօգուտ ամեն մեկի և ամեն ինչի, որ վստահվել է մեր խնամքին: Ուրիշ ի՞նչը կարող է ավելի մեծ ուրախություն և ոգևորություն պարգևել:

Եկեք հասկանանք, գնահատենք և զգանք քահանայական ծառայության ուրախությունը:

Քահանայության ուրախությունը

Իմ սերը թռիչքի հանդեպ լիովին ազդել է իմ կյանքի ուղու վրա: Բայց որքան էլ օդաչուի իմ փորձառությունը ոգևորիչ և երանելի լիներ, որպես այս Եկեղեցու անդամ իմ փորձառությունը եղել է ավելի խորիմաստ, ավելի ուրախ և ավելի կարևոր: Խորասուզվելով Եկեղեցու ծառայության մեջ ես զգացել եմ Աստծո ամենազոր ուժը և Նրա գորովագութ ողորմությունները:

Որպես օդաչու ես դիպչել եմ երկնքին, իսկ որպես Եկեղեցու անդամ ես զգացել եմ երկնքի գրկախառնումը:

Երբեմն ես կարոտում եմ օդաչուական խցիկը, բայց Եկեղեցու իմ եղբայրների և քույրերի հետ ծառայելը հեշտությամբ փարատում է այդ կարոտը: Ի վիճակի լինելով զգալ վեհ խաղաղությունն ու ուրախությունը, որ աճում են այս մեծ գործի փոքր մասը լինելու շնորհիվ, ես չեմ ուզում կարոտել ոչինչ աշխարհում:

Այսօր մենք հավաքվել ենք որպես քահանայության մեծ խումբ: Մեր սրբազան ուրախությունն ու արտոնությունն է՝ ծառայել Տիրոջը և մեր ընկերներին, մեր մեջ եղած լավագույնը տրամադրել ազնվազարմ գործին, որն է՝ բարձրացնել մյուսներին և կառուցել Աստծո թագավորությունը:

Մենք գիտենք և հասկանում ենք, որ քահանայությունը Աստծո հավերժական զորությունն ու իշխանությունն է: Մենք կարող ենք առանց դժվարության անգիր ասել այս սահմանումը: Ինչևէ, արդյո՞ք մենք իրոք հասկանում ենք այս խոսքերի նշանակությունը: Թույլ տվեք կրկնել՝ Քահանայությունն Աստծո հավերժական զորությունն ու իշխանությունն է:

Մտածեք այդ մասին: Քահանայության միջոցով Աստված ստեղծել և կառավարում է երկինքն ու երկիրը:

Այդ զորության միջոցով Նա փրկագնում և վեհացնում է Իր զավակներին, իրականացնելով «մարդու անմահությունը և հավերժական կյանքը»:4

Ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթն է բացատրել, քահանայությունը «անցուղի է, որի միջոցով Ամենազորը սկսեց հայտնել Իր փառքն այս երկրի ստեղծման սկզբին, և որի միջոցով նա շարունակում է իրեն հայտնի դարձնել մարդկանց զավակներին մինչև ներկա ժամանակը, և որի միջոցով նա իր նպատակները հայտնի կդարձնի մինչև ժամանակների վերջը»:5

Մեր ամենազոր Երկնային Հայրը քահանայության իշխանությունը վստահել է մեզ՝ մահկանացու էակներիս, ովքեր ըստ էության թերի են և անկատար: Նա մեզ շնորհում է Իր անունից գործելու իշխանությունը՝ ի փրկություն Իր զավակների: Այս մեծ զորությամբ մենք լիազորված ենք քարոզելու ավետարանը, սպասավորելու փրկության արարողությունները, օգնելու կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա, օրհնելու և ծառայելու մեր ընտանիքներին և ընկերներին:

Մատչելի բոլորին

Մենք սուրբ քահանայություն ենք կրում:

Քահանայությունը կամ դրա որևէ պատասխանատվություն չենք կարող գնել կամ պատվիրել: Քահանայության զորության օգտագործման վրա հնարավոր չէ ազդել, համոզել ու հարկադրել՝ պաշտոնով, հարստությամբ կամ ազդեցիկ դիրքով: Դա հոգևոր ուժ է, որը գործում է երկնային օրենքով: Այն գալիս է մեր բոլորի հզոր Երկնային Հորից: Դրա զորությունը կարող է ղեկավարվել և ուղղորդվել միայն արդարության սկզբունքներով,6 ոչ թե ինքնագոհությամբ:

Քրիստոսը երկրի վրա ողջ ճշմարիտ քահանայության իշխանության և զորության աղբյուրն է:7 Սա Նրա աշխատանքն է, որում մենք արտոնված ենք օգնելու. «Եվ ոչ ոք չի կարող օգնել այս գործում, եթե նա չլինի խոնարհ և սիրով լի, ունենալով հավատք, հույս և գթություն, ժուժկալ լինելով բոլոր բաներում, ինչ էլ որ վստահված լինի նրա խնամքին»:8

Մենք չենք գործում անձնական շահով, այլ փոխարենը մենք ձգտում ենք ծառայել և բարձրացնել մյուսներին: Մենք ղեկավարում ենք ոչ թե հարկադրանքով, այլ «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով»:9

Ամենազոր Աստծո քահանայությունը հասու է արժանավոր տղամարդկանց, որտեղ էլ նրանք լինեն, անկախ իրենց ծագումից, որքան էլ որ համեստ լինեն նրանց պայմանները, լինեն երկրագնդի վրա ամենամոտ, թե ամենահեռու վայրում: Այն մատչելի է առանց փողի կամ աշխարհիկ վճարի: Ինչպես որ հնում մարգարե Եսայիան է ասել՝ ամեն ոք ով ծարավ է, եկեք ջրերի մոտ, և փող հարկավոր չէ գալու և ուտելու համար:10

Մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հավերժական և անսահման Քավության շնորհիվ Աստծո քահանայությունը կարող է հասու լինել անգամ, եթե դուք սայթաքել եք կամ անարժան եք եղել անցյալում: Հոգեպես զտող և մաքրող ապաշխարության գործընթացի շնորհիվ դուք կարող եք «վեր կենալ և շողալ»:11 Մեր Փրկչի և Քավիչի անսահման, ներող սիրո շնորհիվ, դուք կարող եք բարձրացնել ձեր աչքերը, դառնալ մաքուր և արժանի, զարգանալ, դառնալով Աստծո արդար և ազնվազարմ որդիները՝ Ամենազոր Աստծո սրբազան քահանայության արժանի կրողները:

Քահանայության հրաշքը և արտոնությունը

Ինչ-որ տեղ տխրություն եմ զգում նրանց համար, ովքեր չեն հասկանում և գնահատում քահանայության հրաշքն ու արտոնությունը: Նրանք նման են օդանավի այն ուղևորներին, ովքեր իրենց ժամանակը ծախսում են դժգոհելով գետնանուշի փաթեթի չափսից, մինչ դեռ սավառնում են օդում, ամպերից վեր, մի բան, որը մեկ անգամ փորձելու և զգալու համար հնում թագավորները կտային իրենց ողջ ունեցվածքը:

Եղբայրներ, մենք օրհնված ենք՝ լինելու այս մեծ քահանայության իշխանության և զորության խոնարհ ճաշակողները: Եկեք մեր աչքերը բարձրացնենք և տեսնենք, գիտակցենք և ընդունենք այս հնարավորության իրական էությունը:

Արդար, սիրալիր և նվիրված քահանայական ծառայության շնորհիվ մենք կկարողանանք ընկալել հայտնության բուն իմաստը. «Ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:12

Եկեք ընդունենք և հասկանանք քահանայության հրաշքն ու արտոնությունը: Եկեք ընդունենք և սիրենք պատասխանատվությունները, որ տրվել են մեզ կատարելու մեր տանը և Եկեղեցու մեր միավորներում, անկախ նրանից դրանք մեծ են, թե փոքր: Եկեք մշտապես մեծացնենք արադարակեցությունը, նվիրվածությունը և քահանայության ծառայությունը: Եկեք ուրախություն գտնենք քահանայության ծառայության մեջ:

Մենք կարող եք դա լավագույնս կատարել՝ կիրառելով գիտելիքի, հնազանդության և հավատքի սկզբունքները:

Դա նշանակում է, առաջինը՝ մենք պետք է իմանանք և յուրացնենք քահանայության վարդապետությունը, որը կարող ենք գտնել Աստծո հայտնված խոսքում: Կարևոր է հասկանալ այն ուխտերը և պատվիրանները, որոնց հիման վրա գործում է քահանայությունը:13

Հաջորդը, եկեք լինենք իմաստուն, գործենք այս ձեռք բերված գիտելիքով՝ մշտապես և պատվով: Հնազանդվելով Աստծո օրենքներին, կարգավարժելով մեր միտքը և մարմինը, և մեր գործողությունները համահունչ դարձնելով մարգարեների կողմից ուսուցանված արդարակեցության օրինակներին, մենք ուրախություն կզգանք քահանայական ծառայությունից:

Եվ վերջապես, եկեք խորացնենք մեր հավատքն առ մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Եկեք մեզ վրա վերցնենք Նրա անունը և պարտավորվենք ամեն օր նորովի քայլել աշակերտության ուղով: Թող որ մեր գործերը մեր հավատքը կատարյալ դարձնեն:14 Աշակերտ լինելով, մենք կարող ենք զարգանալ՝ հերթական անգամ ծառայելով ընտանիքին, ընկերներին և Աստծուն:

Երբ մենք ծառայում ենք քահանայության մեջ մեր ողջ սրտով, մտքով և ուժով, մենք ունենում ենք վսեմ գիտելիքի, խաղաղության և հոգևոր պարգևների խոստումը: Երբ մենք պատվենք սուրբ քահանայությունը, Աստված էլ մեզ կպատվի, և մենք «վերջին օրը անարատ կկանգնենք [Նրա] առաջ»:15

Իմ աղոթքն է, որ մենք միշտ աչք ունենանք տեսնելու և սիրտ՝ զգալու մեր մեծ ու հզոր Աստծո քահանայության հրաշքը և ուրախությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: