2010–2019 թթ․
Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա
Հոկտեմբեր 2017


2:3

Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա

Իմ ողջ հոգով ես վկայում եմ, որ հրաշալի ու եզակի ձևով Մորմոնի Գիրքն ուսուցանում է մեզ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

1986թ.-ին ինձ հրավիրեցին մի հատուկ դասախոսություն կարդալ Ակկրայի համալսարանում (Գանա): Այնտեղ ես հանդիպեցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ աֆրիկյան մի ցեղի թագավորի: Երբ մենք այցելեցինք նրան նախքան դասախոսությունը, թագավորը խոսեց ինձ հետ միայն իր թարգմանչի միջոցով, ով հետո թարգմանում էր ինձ համար:Ես պատասխանում էի թարգմանչին, որից հետո վերջինս իմ պատասխանները թարգմանում էր թագավորին:

Իմ դասախոսությունից հետո թագավորն անմիջապես մոտեցավ ինձ, բայց այս անգամ առանց իր թարգմանչի: Ի զարմանս ինձ, նա խոսում էր կատարյալ անգլերենով, ես կասեի գրական անգլերենով:

Թագավորը շփոթված տեսք ուներ: «Ո՞վ եք դուք», - հարցրեց նա:

Ես պատասխանեցի. «Ես Հիսուս Քրիստոսի կարգված Առաքյալ եմ»:

Թագավորը հարցրեց. «Դուք ի՞նչ կարող եք ուսուցանել ինձ Հիսուս Քրիստոսի մասին»։

Ես հարցին հարցով պատասխանեցի. «Կարո՞ղ եմ ես հարցնել, դուք ի՞նչ գիտեք Նրա մասին»:

Թագավորի պատասխանը ցույց տվեց, որ նա լրջորեն ուսումնասիրում էր Աստվածաշունչը և շատ էր սիրում Տիրոջը:

Հետո ես հարցրի, արդյո՞ք նա որևէ բան գիտեր հնագույն Ամերիկայի ժողովրդին Հիսուս Քրիստոսի մատուցած ծառայության մասին:

Ինչպես ես ակնկալում էի, նա չգիտեր:

Ես բացատրեցի, որ Իր Խաչելությունից և Հարությունից հետո Փրկիչը եկավ հնադարյան Ամերիկայի ժողովրդի մոտ, որտեղ Նա ուսուցանեց Իր ավետարանը: Նա կազմավորեց Իր Եկեղեցին և խնդրեց Իր աշակերտներին գրառումներ կատարել նրանց համար կատարած Իր ծառայության մասին:

«Այդ հիշատակարանը,- շարունակեցի ես,- այն է, ինչը մենք գիտենք որպես Մորմոնի Գիրք: Այն ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Այն ուղեկից սուրբ գրություն է Աստվածաշնչի հետ միասին»:

Այդ պահին թագավորը շատ հետաքրքրվեց: Ես դիմեցի միսիայի նախագահին, ով ուղեկցում էր ինձ, և հարցրի, արդյոք նա ուներ Մորմոնի Գրքի հավելյալ օրինակ: Նա իր պայուսակից հանեց մի օրինակ:

Ես բացեցի 3 Նեփի 11 գլուխը և թագավորի հետ կարդացի Փրկիչի քարոզը նեփիացիներին: Հետո ես Մորմոնի Գրքի մի օրինակ նվիրեցի նրան: Նրա պատասխանը ընդմիշտ տպավորվեց իմ մտքում ու սրտում. «Դուք կարող էիք ինձ տալ ադամանդ ու սուտակ, բայց ոչինչ ավելի թանկ չէ ինձ համար, քան այս լրացուցիչ գիտելիքը Տեր Հիսուս Քրիստոսի մասին»:

Նեփիի 3-րդ գլխում գրված խոսքերի ուժը զգալուց հետո թագավորը հայտարարեց. «Եթե ես դարձի գամ և միանամ Եկեղեցուն, ես կբերեմ իմ ողջ ցեղը ինձ հետ»:

«Օ՜, թագավոր,- ասացի ես,- դարձը այդպես չի լինում»: Դարձը անհատական գործ է: Փրկիչը ծառայեց նեփիացիներից յուրաքանչյուրին մեկ առ մեկ: Յուրաքանչյուրը անհատապես ստանում է վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին»:

Հիսուս Քրիստոսը ծառայում է Նեփիացիներին

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, որքանո՞վէ թանկ Մորմոնի գիրքը ձեզ համար: Եթե ձեզ առաջարկեին ադամանդ ու սուտակ կամ Մորմոնի Գիրքը, ո՞րը կընտրեիք: Անկեղծ ասեք, ո՞րը ավելի մեծ արժեք ունի ձեզ համար:

Հիշե՛ք, 2017թ.-ի ապրիլի գերագույն համաժողովի կիրակի առավոտյան նիստին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խնդրեց, որ «յուրաքանչյուրս աղոթքով ուսումնասիրենք և խորհենք Մորմոնի Գրքի շուրջ ամեն օր»: Շատերն արձագանքեցին մեր մարգարեի խնդրանքին:

Թույլ տվեք ասել, որ ո՛չ ես, ո՛չ էլ ութամյա Ռիլեյը չգիտեինք, որ ինչ-որ մեկը լուսանկարում է մեզ: Նկատեք, որ Ռիլեյը կարդում է Մորմոնի Գիրքը «Աստծո զավակն եմ» էջանշանի օգնությամբ:

Նախագահ Մոնսոնը և Ռայլին ուսումնասիրում են սուրբ գրությունները։

Ինչ-որ զորավոր բան է պատահում, երբ Աստծո որևէ զավակ ջանում է ավելին իմանալ Նրա և Նրա Սիրելի Որդու մասին: Ուրիշ ոչ մի տեղ այդ ճշմարտությունները չեն ուսուցանվում այդքան հստակ ու զորեղ, որքան Մորմոնի Գրքում:

Վեց ամիս առաջ արված նախագահ Մոնսոնի հրավերից ի վեր ես փորձել եմ հետևել նրա խորհրդին: Այլ քայլերի հետ միասին ես կազմել եմ ցուցակներ այն մասին, թե ինչ է Մորմոնի Գիրքը, ինչ է այն հաստատում, ինչ է հերքում, ինչ է կատարում, ինչ է հստակեցնում և ինչ է բացահայտում: Մորմոնի Գիրքն այս տեսապակիների միջով քննելը խորը թափանցող և ոգեշնչող վարժանք էր: Ես ձեզանից յուրաքանչյուրին խորհուրդ եմ տալիս կարդալ այն:

Այս վեց ամիսների ընթացքում ես հրավիրել եմ տարբեր խմբերի, ներառյալ Տասներկու Առաքյալների Քվորումի իմ եղբայրներին, Չիլիի միսիոներներին և Արգենտինայի միսիայի նախագահներին ու նրանց կանանց, քննարկելու այն երեք հարցերը, որոնց մասին ես խորհուրդ եմ տալիս ձեզ մտածել այսօր.

Նախ՝ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց Մորմոնի Գրքի: Երկրորդ՝ դուք ի՞նչ չէիք իմանա: Եվ երրորդ՝ դուք ի՞նչ չէիք ունենա:

Խանդավառ պատասխանները այս խմբերից գալիս էին անմիջապես նրանց սրտից: Ահա այդ մեկնաբանություններից մի քանիսը։

«Առանց Մորմոնի Գրքի ես կխճճվեի շատ երևույթների վերաբերյալ գոյություն ունեցող հակասական ուսմունքների և կարծիքների մեջ: Ես կլինեի ճիշտ այնպիսին, ինչպիսին նախքան Եկեղեցուն միանալը, երբ փնտրում էի գիտելիք, հավատ և հույս»:

Մեկ ուրիշն ասաց. «Ես չէի իմանա այն դերի մասին, որը Սուրբ հոգին կարող է ունենալ իմ կյանքում»:

Իսկ մեկ այլ անդամ ասաց. «Ես պարզ չէի հասկանա իմ նպատակը այստեղ՝ Երկրի վրա»:

Ապա մեկ ուրիշը շարունակեց. «Ես չէի իմանա, որ այս կյանքից հետո տեղի է ունենում անընդհատ առաջընթաց: Մորմոնի գրքի շնորհիվ ես գիտեմ, որ իրոք կյանք կա մահից հետո: Դա այն բարձրագույն նպատակն է, ինչի համար մենք աշխատում ենք»:

Այս վերջին մեկնաբանությունն ինձ ստիպեց մտածել իմ կյանքի մասին տասնյակ տարիներ առաջ, երբ ես երիտասարդ էի և ուսանում էի վիրաբույժ դառնալու համար: Վիրաբույժներն ունեն մի լուրջ պարտականություն, այն է՝ տեղեկացնել ընտանիքին, որ իրենց սիրելին մահացել է վիրահատական միջամտության ժամանակ: Ես աշխատում էի մի հիվանդանոցում, որտեղ կար մի հատուկ սենյակ, որի պատերը պաստառված էին թաղիքով, և որտեղ ընտանիքի անդամները կարող էին լսել այդպիսի նորությունները: Այնտեղ մարդիկ դրսևորում էին իրենց վիշտը՝ գլուխները խփելով այդ թաղիքապատված պատերին: Որքան շատ էի ես ցանկանում ուսուցանել այդ մարդկանց, որ մահը, որքան էլ այն դժվար լինի ապրողների համար ընդունել, հանդիսանում է մեր մահկանացու կյանքի անհրաժեշտ մասը: Մահը թույլ է տալիս մեզ առաջ ընթանալ դեպի հաջորդ աշխարհ:

Մեկ այլ պատասխանող ասաց. «Իմ կյանքը իմաստ և նպատակ չուներ նախքան Մորմոնի Գրքի ընթերցումը: Չնայած ես ամբողջ կյանքում աղոթել էի և հաճախել Եկեղեցի, Մորմոնի Գիրքն ինձ օգնեց առաջին անգամ իրապես հաղորդակցվել Երկնային Հոր հետ»:

Մեկ ուրիշն ասաց. «Առանց Մորմոնի Գրքի ես չէի հասկանա, որ Փրկիչը ոչ միայն տառապել է մեր մեղքերի համար, այլև Նա կարող է ամոքել իմ ցավերն ու վշտերը»:

Իսկ մի ուրիշն ասաց. «Ես չէի իմանա, որ մենք ունենք մարգարե, ով առաջնորդում է մեզ»:

Մորմոնի Գրքի ճշմարտությունների խորը և կանոնավոր ուսումնասիրությունը կարող է դառնալ կյանք փոխող փորձառություն: Մեր միսիոներ թոռնուհիներից մեկը՝ քույր Օլիվիա Նելսոնը, մի ունկնդրի խոստացել էր, որ եթե նա ամեն օր կարդա Մորմոնի Գիրքը, ապա համալսարանում նրա քննությունների միավորները կբարձրանան: Նա իրոք կարդաց Մորմոնի Գիրքը, և նրա միավորներն իսկապես բարձրացան:

Քույր Օլիվիա Նելսոն

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքն իրոք Աստծո խոսքն է: Այն պատասխաններ է տալիս կյանքի ամենակարևոր հարցերին: Այն ուսուցանում է Քրիստոսի վարդապետությունը: Այն պարունակում է և հստակեցնում է շատ «պարզ ու արժեքավոր»ճշմարտություններ, որոնք կորսվել էին դարերի ընթացքում և Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանությունների մեջ:

Հիսուս Քրիստոսի Քավության մասին Մորմոնի Գիրքը տրամադրում է ամբողջական և ամենահեղինակավոր հասկացողությունը, որը երբևէ եղել է մինչ այդ: Այն ուսուցանում է, թե ինչ է նշանակում վերստին ծնվել: Մորմոնի Գրքից մենք սովորում ենք ցրված Իսրայելի հավաքման մասին: Մենք իմանում ենք, թե մենք ինչու ենք այստեղ՝ Երկրի վրա: Սա և այլ ճշմարտություններ ավելի հզոր ու համոզիչ են ուսուցանվում Մորմոնի Գրքում, քան որևէ այլ գրքում: Հիսուս Քրիստոսի ավետարանի ողջ զորությունն է պարունակվում Մորմոնի գրքում: Իրոք:

Մորմոնի Գիրքը պարզաբանում է Տիրոջ ուսմունքները և բացահայտում է հակառակորդի մարտավարությունը: Մորմոնի Գիրքն ուսուցանում է ճշմարիտ վարդապետություն այն մասին, թե ինչպես հաղթահարել կրոնական կեղծ ավանդույթները՝ ինչպես օրինակ մանուկների մկրտության սխալ սովորույթը: Մորմոնի Գիրքը նպատակ է տալիս կյանքին, հորդորելով մեզ խորհել հավերժական կյանքի ներուժի և «երբեք չվերջացող երջանկության վիճակի» մասին: Մորմոնի Գիրքը մերժում է այն կեղծ համոզմունքները, որ երջանկություն կարելի է գտնել ամբարշտության մեջ, և որ անձնական բարությունը այն ամենն է, ինչ պահանջվում է Աստծո ներկայություն վերադառնալու համար: Այն ընդմիշտ վերացնում է կեղծ հասկացողություններն այն մասին, որ հայտնությունն ավարտվել է Աստվածաշնչի հետ և երկնքի հետ այլևս հաղորդակցություն գոյություն չունի:

Երբ ես մտածում եմ Մորմոնի Գրքի մասին, միշտ հիշում եմ զորություն բառը: Մորմոնի Գրքի ճշմարտությունները զորություն ունեն բժշկելու, սփոփելու, վերականգնելու, սատար կանգնելու, զորացնելու, մխիթարելու և քաջալերելու մեր հոգիները:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ավելի լավ որոշումներ կկայացնեք ամեն օր: Ես խոստանում եմ, որ մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները և ուղղորդում՝ ձեր կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, դուք կարող եք պաշտպանվել օրվա չարիքից, պոռնոգրաֆիայիանհաղթահարելի ժանտախտից և միտքն անզգայացնող կախվածություններից:

Ամեն անգամ, երբ ես լսում եմ, թե ինչպես ինչ-որ մեկը, ներառյալ ես, ասում է. «Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է», ես ցանկանում եմ բացականչել. «Դա շատ լավ է, բայց բավարար չէ»: Մենք պիտի զգանք, «սրտի ամենախորքից», որ Մորմոնի Գիրքը միանշանակ Աստծո խոսքն է: Մենք պիտի զգանք այն այնքան խորը, որ երբևէ չցանկանանք նույնիսկ մեկ օր ապրել առանց նրա:Ես կկամենայի վերապատմել Նախագահ Բրիգամ Յանգի ասածը. (1801–77) «Երանի ես ունենայի յոթ ամպրոպների ձայնը, որ արթնացնեի մարդկանց», որպեսզի նրանց հասներ Մորմոնի Գրքի ճշմարտությունն ու զորությունը:

Մենք պիտի նմանվենք Եվրոպայում ծառայող այս երիտասարդ միսիոներին, ով այնքան խորն էր հասկանում Մորմոնի Գրքի ճշմարտությունը, որ այս սուրբ գրությունը ձեռքին զբոսայգում բառացիորեն վազում էր դեպի այն մարդը, ում նա և իր զուգընկերը հենց նոր էին գտել:

Վազող միսիոներները

Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը կար և մնում է այս վերջին տնտեսության մարգարեն: Աստծո զորությամբ ու պարգևով նա թարգմանեց այս սուրբ գիրքը: Սա է այն գիրքը, որը կօգնի նախապատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստի համար:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը ապրող Աստծո ապրող Որդին է: Նա է մեր Փրկիչն ու Քավիչը, մեր հրաշալի Օրինակը և մեր Պաշտպանը Հոր մոտ: Նա խոստացված Մեսիան էր, մահկանացու Մեսիան և կլինի հազարամյակի Մեսիան: Իմ ողջ հոգով ես վկայում եմ, որ հրաշալի ու եզակի ձևով Մորմոնի Գիրքն ուսուցանում է մեզ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

Ես գիտեմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո մարգարեն է այժմ Երկրի վրա: Ես սիրում եմ նրան իմ ամբողջ սրտով: Ես վկայում եմ այս ամենը Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Նախագահ Նելսոնի կազմած Մորմոնի Գրքի ցուցակները

Մորմոնի գիրքը.

  • Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին Դրա հիմնական գրողները՝ Նեփին, Հակոբը, Մորմոնը, Մորոնին և դրա թարգմանիչ Ջոզեֆ Սմիթը, բոլորը Տիրոջ վկաներն էին:

  • Նրա ծառայության մասին հիշատակարանն այն ժողովրդին, որն ապրում էր Ամերիկայում:

  • Ճիշտ է այնպես, ինչպես հաստատվել է Տիրոջ կողմից:

Մորմոնի Գիրքը հաստատում է.

  • Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի անհատական ինքնությունը:

  • Ադամի Անկման և Եվայի իմաստության անհրաժեշտությունը, որպեսզի մարդիկ կարողանան ուրախանալ:

Մորմոնի Գիրքը հերքում է , որ.

  • Հայտնությունն ավարտվեց Աստվածաշնչով:

  • Մանուկները պիտի մկրտվեն:

  • Երջանկությունը կարելի է գտնել ամբարշտության մեջ:

  • Անձնական բարությունը բավարար է վեհացման համար (արարողությունները և ուխտերը անհրաժեշտություն են):

  • Ադամի անկումը վարակեց մարդկությանը «սկզբնական մեղքով»:

Մորմոնի Գիրքն իրականացնում է աստվածաշնչյան մարգարեությունները, որ.

  • «Ուրիշ ոչխարներ» էլ կլսեն Նրա ձայնը:

  • Աստված կսկսի կատարել «զարմանալի և սքանչելի գործ», խոսելով «փոշու միջից»:

  • «Հուդայի գավազանը» և «Հովսեփի գավազանը» կմիավորվեն:

  • «Վերջին օրերում» ցրված Իսրայելը կհավաքվի և ինչպես դա կկատարվի:

  • Ժառանգության երկիրը Հովսեփի տոհմագծի համար Արևմտյան Կիասագունդն է:

Մորմոնի Գիրքը հստակեցնում է հասկացողությունը՝

  • Մեր նախամահկանացու գոյության մասին:

  • Մահվան մասին: Այն Աստծո երջանկության հրաշալի ծրագրի անհրաժեշտ բաղադրիչն է:

  • Հետմահկանացու գոյության մասին, որը սկսվում է դրախտում:

  • Թե ինչպես է հարություն առած մարմինը՝ իր հոգու հետ միավորված դառնում անմահ հոգի:

  • Տերն ինչպես է դատելու մեզ՝ համաձայն մեր գործերի և մեր սրտերի ցանկությունների:

  • Արարողությունները, օրինակ՝ մկրտությունը, հաղորդությունը, Սուրբ Հոգու շնորհումը, ինչպես են կատարվում պատշաճ կերպով։

  • Հիսուս Քրիստոսի Քավության մասին

  • Հարության մասին

  • Հրեշտակների կարևոր դերի մասին

  • Քահանայության հավերժական էության մասին

  • Մարդկային վարքագիծն ինչպես է ազդեցության ենթարկվում ավելի շատ խոսքի զորությամբ, քան թրի զորությամբ:

Մորմոնի Գիրքը բացահայտում է նախկինում անհայտ տեղեկություններ.

  • Մկրտություններ էին կատարվում նախքանՀիսուս Քրիստոսի ծնունդը:

  • Տաճարներ կառուցվեցին և օգտագործվեցին հնադարյան Ամերիկայի ժողովրդի կողմից:

  • Հովսեփը՝ Իսրայելի 11-րդ որդին, կանխագուշակեց Ջոզեֆ Սմիթի մարգարեական դերի մասին:

  • Նեփին (600–592 Ք.Ա.) կանխագուշակեց Ամերիկայի հայտնաբերումն ու գաղութացումը:

  • Աստվածաշունչի պարզ և արժեքավոր մասեր կորսվել են:

  • Քրիստոսի Լույսը տրված է յուրաքանչյուր մարդու:

  • Անհատի կամքի ազատության կարևորության և հակադրության անհրաժեշտությունը բոլոր բաներում:

  • Նախազգուշացումներ «գաղտնի համակցությունների» մասին: