2007
Եկեք Տաճար
2007թ. հոկտեմբեր


Եկեք Տաճար

Նկար

Քսաներորդ դարի շրջադարձին երկու միսիոներ աշխատում էին Միացյալ Նահանգների հարավային մասի մի լեռնային շրջանում: Մի օր, երբ նրանք քայլում էին գյուղի կողքով, նկատեցին բլրից մի փոքր հեռու տնակի մոտ հավաքվող մարդկանց:

Նրանք իմացան, որ թաղում էր լինելու: Փոքր տղա էր խեղդվել: Ծնողները հոգևորական էին կանչել փոքրիկի թաղման ժամանակ «խոսք ասելու» համար: Երեցները հեռվից հետևում էին արարողությանը: Փոքրիկը պետք է թաղվեր տնակի կողքին արդեն փորված գերեզմանոցում: Հոգևորականը կանգնեց վշտահար հոր և մոր առջև, մյուսները մոտեցան և թաղման արարողությունը սկսվեց: Եթե ծնողները սպասում էին, որ սփոփանք կստանային հոգևորականից, ապա պետք է հիասթափություն ապրեին:

Նա խստորեն նախատեց նրանց, որ փոքր տղային չէին մկրտել: Նրանք անընդհատ հետաձգում էին մեկ այս մեկ այլ գործի պատճառով, իսկ այժմ արդեն շատ ուշ էր: Նա նրանց շատ ուղղակիորեն ասաց, որ իրենց փոքր տղան գնացել է դժոխք: Նա ասաց, որ դա իրենց մեղքով էր, որ իրենց որդին պետք է անվերջ տառապանքներ կրի:

Քարոզից հետո, երբ հողը փակեց գերեզմանը, ընկերները, հարևանները և բարեկամները հեռացան: Երեցները մոտեցան ողբացող ծնողներին. «Մենք Տիրոջ ծառաներն ենք, - ասացին նրանք հեծկլտացող մորը, - և մենք ուղերձ ենք բերել ձեզ համար»:

Վշտահար ծնողները լսում էին, ինչպես երկու երիտասարդ երեցները իրենց առջև էին բացում հավերժությունների տեսարանները: Նրանք կարդացին հայտնություններից, և այդ խոնարհ, վշտահար ծնողներին բերեցին իրենց վկայությունը` ինչպես ապրողների, այնպես էլ մահացածների փրկագնման բանալիների վերականգնման մասին:

Ես չեմ քննադատում մոլորված քարոզչին: Իրականում, ես նրան փոքր-ինչ խղճում եմ, քանի որ նա վարվում էր ըստ իր ստացած լույսի և գիտելիքի: Սակայն կա ավելի, քան նա կարող է տալ: Դա ավետարանի լրիվությունն է:

Այն ուղին, որը միսիոներները ցույց տվեցին այդ խոնարհ մարդկանց, ավելին էր, քան դարձի գալը, ապաշխարելը և մկրտվելը, քանզի նրանց համար, ովքեր կհետևեին այդ ուղղուն, նշված ժամանակին, այն կբերեր սուրբ տաճարի սրբազան սենյակները: Այնտեղ արժանի Եկեղեցու անդամները կարող են մասնակցել ամենավեհացնող և սրբազան արարողություններին, որոնք տրվել են մարդկությանը: Այնտեղ մենք կարող ենք մաքրվել և օծվել, հրահանգվել, օժտվել և կնքվել: Եվ երբ մենք ստանում ենք այդ օրհնությունները մեզ համար, ապա կարող ենք գործել նրանց համար, ովքեր մահացել են առանց այդ հնարավորությունն ունենալու:

Ես հուսով եմ, որ կկարողանամ օգնել ձեզ ավելի խորը հասկանալ, թե ինչու ենք մենք կառուցում տաճարներ և ինչու են այնտեղ իրականացվում արարողություններ և ծեսեր:

Տաճար հաճախելու արտոնությունը

Սուրբ տաճար մտնելը արտոնություն է: Եթե դուք պահում եք այն չափանիշները, որոնք սահմանված են, անպայմանորեն պետք է գաք և ստանաք ձեր օրհնությունները, և հետագայում դուք պետք է վերադառնաք կրկին ու կրկին այդ նույն օրհնությունները մյուսներին մատչելի դարձնելու համար, ովքեր մահացել են մահկանացու կյանքում հնարավորություն չունենալով ստանալու դրանք:

Դուք չպետք է գաք տաճար, եթե արժանի չեք, մինչև որ չբավարարեք այն պահանջները, որոնք սահմանել է Տերը: Բայց դուք պետք է գաք, եթե ոչ հիմա, ապա շուտով, երբ արժանի լինեք:

Վարդապետությունը, որի վրա հիմնվում է սուրբ տաճարի աշխատանքը, այն ամենամեծ հատկանիշն է, որն առանձնացնում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին երկրի բոլոր մնացած կրոնական կազմակերպություններից և դարձնում այն ամենավեհը: Մենք ունենք մի բան, որ կրոնական ոչ մի այլ ուղղություն չունի: Մենք կարող ենք տալ մի բան, որ իրենք չեն կարող:

Այդ վշտահար ծնողների սրտի տանջանքը կարող է սփոփվել միայն այս Եկեղեցու վարդապետություններով: Այս վարդապետությունները կենտրոնանում են սուրբ տաճարի արարողությունների վրա:

Կարգուկանոն բոլոր բաներում

Արարողությունների կարևորությունը բացատրելու համար ես սկսում եմ հավատո երրորդ հանգանակից. «Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»:

Արարողություն բառը նշանակում է «կրոնական կամ ծիսական արարողակարգ», «հաստատված ծես»:1 Իսկ ի՞նչ կարելի է ասել ավետարանի արարողությունների մասին: Որքա՞ն կարևոր են դրանք մեզ` Եկեղեցու անդամներիս համար: Կարո՞ղ եք դուք երջանիկ լինել, կարո՞ղ եք փրկվել, կարո՞ղ եք համբարձվել առանց դրանց: Պատասխան. Դրանք ոչ թե խորհուրդ են տրվում կան նախընտրելի են, կամ անգամ անհրաժեշտ: Լինելով ավելի քան էական և կենսական, դրանք ծայրահեղ կարևոր են մեզանից յուրաքանչյուրի համար:

Յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պետք է ինքն իրեն հարցնի. Արդյո՞ք իմ կյանքը կարգավորված է: Արդյո՞ք ես ունեմ ավետարանի բոլոր արարողությունները, որոնք պետք է արդեն ստացած լինեի կյանքում: Արդյո՞ք դրանք դեռ ուժի մեջ են:

Եթե դուք դրականորեն կարող եք պատասխանել այս հարցին, և եթե արարողությունները կատարվում են կնքող զորության և իշխանության ազդեցության ներքո, ապա դրանք ուժի մեջ կլինեն հավերժ: Այդ դեպքում ձեր կյանքը, այս պահին, կարգուկանոնի մեջ է: Այդ ժամանակ դուք լավ կանեք նույն հարցերի շուրջ մտածեք ձեր ընտանիքի, կենդանի և մահացած բարեկամների մասին:

Տաճարային արարողությունները

Արարողությունները, որ մենք կատարում ենք տաճարում, ներառում են լվացումը, օծումը, օժտումը և կնքումը` և երեխաների կնքումը ծնողների հետ, և զույգերի կնքումը, որը սովորաբար կոչվում է տաճարային ամուսնություն:

Ահա տաճարային արարողությունների մասին այն համառոտ տեղեկությունը, որը տպագրվում է:

Լվացման և օծման արարողությունները հաճախ տաճարում կոչվում են նախապատրաստական արարողություններ: Մեզ համար բավական կլինի ասել միայն հետևյալը. օժտման հետ կապված լվացումներըն ու օծումները, հիմնականում էությամբ խորհրդանշական են, սակայն խոստանում են որոշակի անմիջապես տրվող օրհնություններ, ինչպես նաև ապագա օրհնություններ: Այդ արարողությունների մասին Տերն ասել է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչպե՞ս պիտի ձեր լվացումներն ընդունելի լինեն ինձ համար, եթե դուք չկատարեք դրանք այն տանը, որը դուք կառուցել եք իմ անվան համար» (ՎևՈւ 124.37):

Այդ արարողությունների հետ կապված տաճարում դուք պաշտոնապես կհագնեք ներքնահանդերձ և հրաշալի խոստումներ կստանաք դրանց հետ կապված: Կարևոր է, որ դուք ուշադիր լսեք, երբ այդ արարողությունները կատարվում են, և փորձեք հիշել խոստացված օրհնությունները և պայմանները, որոնց դեպքում դրանք իրականացվում են:

Օժտել նշանակում է հարստացնել, որևէ մեկին տալ որևէ տևական և թանկ մի բան: Տաճարում օժտման արարողության ժամանակ «ստացողները օժտվում են զորությամբ ի վերուստ», և «ստանում գիտելիք Տիրոջ նպատակների և ծրագրերի վերաբերյալ»:2

Նախագահ Բրիգամ Յանգն (1801–1877) օժտման մասին ասել է. «Թույլ տվեք համառոտ տալ սահմանումը: Ձեր օժտումը թույլ է տալիս ստանալ այն բոլոր արարողությունները Տիրոջ տանը, որոնք անհրաժեշտ են ձեզ համար այս կյանքից հեռանալուց հետո, որոնք հնարավորություն կտան ձեզ վերադառնալ Հոր ներկայություն, անցնելով հրեշտակների կողքով, որոնք կանգնած են որպես պահակներ, կարողանալ ասել նրանց գաղտնի խոսքերը, ցույց տալ նշանները և խորհրդանիշները, որոնք պատկանում են սուրբ Քահանայությանը, և ստանալ ձեր հավերժական վեհացումը` անկախ երկրից և դժոխքից»: 3

Օժտման օրհնությունն անհրաժեշտ է լիարժեք վեհացման համար: Վերջին Օրերի յուրաքանչյուր Սուրբ պետք է աշխատի արժանի լինել այս օրհնությանը և ձեռք բերել այն:

Կնքող արարողությունը հավերժորեն կապում է ընտանիքները: Տաճարային ամուսնությունը կնքող արարողություն է: Տաճարում կնքված ծնողներից ծնված երեխաները ուխտի մեջ են համարվում: Երբ զույգը ամուսնանում է քաղաքացիական արարողությամբ և ապա մեկ կամ մի քանի տարի անց կնքվում տաճարում, ուխտի մեջ չծնված երեխաները կնքվում են զույգին կարճ և սուրբ արարողության միջոցով:

Ես միշտ տպավորված եմ եղել, տեսնելով թե որքան մեծ պատկառանքով և ուշադրությամբ են կատարվում տաճարային արարողությունները: Դրանք բարդ կամ ծանր չեն, այլ արտացոլում են ավետարանի սկզբունքների պարզությունը:

Եկեղեցում մենք բավական իշխանություն ունենք, որպեսզի կատարենք այն արարողությունները, որոնք անհրաժեշտ են մարդկային ողջ ընտանիքը փրկագնելու և վեհացնելու համար: Եվ քանի որ մենք ունենք կնքող զորության բանալիները, այն, ինչ մենք կապում ենք ճիշտ ձևով այստեղ, կապվում է երկնքում: Այդ բանալիները, որոնք կնքում և կապում են երկրի վրա և կապում երկնքում, ներկայացնում են Աստծուց ստացած մեր մեծագույն նվերը: Այդ իշխանությամբ մենք կարող ենք մկրտել և օրհնել, մենք կարող ենք օժտել և կնքել, և Տերը կհարգի մեր որոշումները:

Արարողությունները պետք է առաջարկվեն մահացածներին

Մոլորված քարոզիչը, որի մասին քիչ առաջ խոսեցի, չուներ պատասխան այն հարցին, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր մահանում են առանց մկրտվելու: Իսկ ի՞նչ կարող ենք ասել նրանց մասին: Եթե չկա ոչ մի այլ անուն երկնքի տակ, որով մարդը պետք է փրկվի (և դա ճշմարիտ է), և եթե նրանք ապրել և մահացել են անգամ առանց լսելու նրա անունը, և եթե մկրտությունը էական է (իսկ դա այդպես է), և եթե նրանք մահացել են անգամ չունենալով դա ընդունելու հրավեր, ապա որտե՞ղ են նրանք այսօր:

Այս հարցը դժվար է հասկանալ, բայց այն նկարագրում է մարդկային ընտանիքի մեծ մասին: Այլ խոսքերով, ի՞նչ զորություն կարող է հաստատել մեկ Տեր և մեկ մկրտություն, և ապա թույլ տալ, որ մարդկանց մեծ մասը երբեք չօգտվի այդ վարդապետություններից: Եթե այս հարցն անպատասխան մնա, մարդկային ընտանիքի մեծ մասը պետք է համարվի կորած, ներառյալ խեղդված այդ փոքր տղան, ինչը դեմ է արդարության կամ ողորմածության օրենքի որևէ խելամիտ կիրառմանը:

Եթե եկեղեցին չունի այս հանելուկի պատասխանը, ապա ինչպե՞ս այն կարող է կոչվել Տիրոջ Եկեղեցի: Անշուշտ, Նա չի ցանկանում հրաժարվել մարդկային ընտանիքի մեծ մասից այն պատճառով, որ նրանք երբեք չեն մկրտվել, երբ ապրել են երկրի վրա:

Ամեն դեպքում, նրանք, ովքեր անհայտ վախով ընդունում են այն փաստը, որ չունեն այս հարցի պատասխանը, չեն կարող հայտարարել, որ իշխանություն ունեն սպասավորելու Տիրոջ գործերը երկրի վրա կամ ղեկավարել այն աշխատանքը, որով ողջ մարդկությունը պետք է փրկվի:

Հատկանիշներից մեկը, որն առանձնացնում է մեզ մնացած աշխարհից և բնորոշում մեզ որպես Տիրոջ Եկեղեցի, այն է, որ մենք մկրտություն և այլ արարողություններ ենք մատուցում մեր մահացած նախնիներին:

Երբ ինձ հարց են տալիս առանց մկրտության մահացածների մասին, ես պատասխանում եմ խորը պատկառանքով, քանզի դա վերաբերում է սրբազան աշխատանքին: Աշխարհին քիչ հայտնի է, որ այս աշխատանքը հրաշալի է իր հնարավորությամբ, վեր այն ամենից, ինչի մասին մարդ կարող է երազել, մեծագույն, ոգեշնչված և ճշմարիտ: Դա է պատասխանը:

Ճիշտ իշխանությամբ` մահկանացու մարդը կարող է մկրտվել որևէ մեկի համար և որևէ մեկի անունից, որը չի ունեցել այդ հնարավորությունը իր կյանքի ընթացքում: Այդ անձնավորությունը իր ցանկությամբ կարող է ընդունել կամ մերժել մկրտությունը, լինելով հոգիների աշխարհում:

Այս աշխատանքը մեծ վերահաստատում է հանդիսանում շատ հիմնական մի բանի` որ կա կյանք մահից հետո: Մահկանացու մահը վերջ չէ, ինչպես ծնունդը սկիզբ չէ: Փրկագնման մեծ աշխատանքը շարունակվում է վարագույրի այն կողմում այնպես, ինչպես այստեղ` մահկանացու կյանքում:

Մենք լիազորված ենք կատարելու մկրտություններ և տաճարային այլ արարողություններ մահացածների համար, որպեսզի երբ նրանք լսեն քարոզվող ավետարանը և ցանկանան ընդունել այն, այդ կարևոր արարողությունները կկատարվեն:

Եկեք Տաճար

Վերջին Օրերի յուրաքանչյուր Սուրբ պատասխանատու է այս աշխատանքի համար: Երևիթե վարդապետության ոչ մի կետ չի առանձնացնում այս Եկեղեցին մյուս կրոններից, ինչպես այս կետը: Մենք հայտնություններ ունենք: Մենք ունենք այդ սրբազան արարողությունները:

Ձեզ բոլորիդ ես ասում եմ. «Եկեք տաճար»: Մի գուցե դուք ցանկանում եք կյանքում մեկ անգամ օգտվել այդ արտոնությունից` գնալ այնտեղ, ստանալ ձեր անձնական օժտումը, ստանալ ձեր անձնական օրհնությունները և կապել ձեր անձնական ուխտերը Տիրոջ հետ: Մի գուցե դուք եղել եք այնտեղ մեկ կամ երկու անգամ: Մի գուցե դուք հաճախ եք գնում այնտեղ: Մի գուցե դուք ծառայում եք այնտեղ: Անկախ հանգամանքներից` եկեք տաճար:

Եթե պահանջվում է, կարգավորեք ձեր կյանքը, հաճախ աղոթեք: Այժմ սկսեք ապաշխարության այդ շատ դժվար և երբեմն շատ հուսահատեցնող ճանապարհը: Հաստատուն վճռեք, որ կանեք ամեն ինչ աջակցելու համար տաճարային աշխատանքին և դրան նպաստող ընտանեկան պատմության աշխատանքին, օգնելու համար կենդանի ամեն հոգուն և վարագույրից այն կողմ գտնվող ամեն հոգուն` հնարավոր ամեն ճանապարհով, ձեր ունեցած ամեն հնարավորությամբ:

Եկեք տաճար:

Adapted from The Holy Temple (1980).

Հղումներ

  1. Oxford English Dictionary (1971), “ordinance,” 2006.

  2. Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. (1966), 227.

  3. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1941), 416.

Տպել