2007
Աստծո փառքը բանականություն է
2007թ. հոկտեմբեր


Ընկերն Ընկերոջը

Աստծո փառքը բանականություն է

«Եվ եթե անձն ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր ջանասիրության և հնազանդության միջոցով … նա կունենա նույնքան առավելություն գալիք աշխարհում» (ՎևՈւ 130.19):

Նկար

Ես իմ կյանքի մեծ մասը անցկացրել եմ կրթություն ստանալով: Երբ փոքր էի, կարծում էի կրթությունը նշանակում է դպրոց գնալ, քննություններ հանձնել և լավ թվանշաններ ստանալ: Սակայն երբ մեծացա, հասկացա տարբերությունը դպրոցում լավ սովորելու և կրթություն ստանալու միջև: Մարդը կարող է քննությունները լավ հանձնել, սակայն կրթված չլինել: Ճշմարիտ կրթությունը սովորելն է ինչպես սովորել: Երբ հասկացա դա` սովորելը հեշտացավ:

Մահկանացու նպատակներից առաջնայինը սովորելն է` գիտելիք և բանականություն ձեռք բերելը: Վարդապետություն և Ուխտեր 93.36-ում ասվում է. «Աստծո փառքը բանականություն է»: Դուք հնարավոր է մտածեք բանականություն նշանակում է օժտված լինել գիտական աստիճանով, սակայն բանականություն նաև նշանակում է մեր ձեռք բերած գիտելիքը կիրառել արդար նպատակներով:

Թե աշխարհիկ և թե հոգևոր գիտելիքը գալիս է քայլ առ քայլ: Իմ վկայությունն աճել է տող առ տող, ցուցում առ ցուցում, մի փոքր այստեղից, մի փոքր այնտեղից (տես Եսայիա ԻԸ.10), այնպես ինչպես Եկեղեցու գրեթե բոլոր անդամների մոտ: Երբ փոքր տղա էի, հիշում եմ մայրս ինձ համար կարդում էր Մորմոնի Գրքի պատմվածքները և Եկեղեցու պատմության հիշարժան իրադեպերը: Ես զգում էի քաղցր, խաղաղ, հավաստիացնող զգացումը, որ ինչ սովորում եմ, ճշմարիտ է: Այս զգացումը վերածվեց անկեղծ ցանկության` ավելին սովորել, սուրբ գրությունները ուսումնասիրելով: Ոչինչ ավելի մեծ ազդեցություն չի ունեցել իմ կյանքի վրա, որքան սուրբ գրությունները կարդալը, ուսումնասիրելը և քննելը, որի արդյունքում ձեռք եմ բերել ավելի շատ գիտելիք և բանականություն:

Ես մեծացել եմ Կալիֆորնիայում, իմ դեռահաս տարիքը այն ժամանակն էր, երբ չար ազդեցությունները, ինչպիսիք էին թմրանյութերը և վատ երաժշտությունը անչափ տարածված էին: Գիտելիքի շնորհիվ, որը ես օրհնված էի ստանալ, ես չներգրավվեցի նման բաների մեջ: Ես պատրաստվում էի դառնալ միսիոներ և ծառայել Տիրոջը: Միսիայի ժամանակ, այն գիտելիքը, որ ես ծառայում էի Տիրոջը, ամրապնդեց իմ վճռականությունը` տքնաջան աշխատել Նրա արքայությունը կառուցելիս: Որպես միսիոներ տքնելը հավանաբար սովորելու և հոգևոր գիտելիք ձեռք բերելու ամենամեծ ճանապարհներից մեկն է:

Սովորելու իսկական արժեքն այն է, որ դու դառնում ես հնարամիտ ցանկացած իրավիճակում, այսինքն` հասկանում ես ինչ անել, երբ գաղափար անգամ չունես, թե ինչ պետք է անել: Մեզ հաճախ են սովորեցրել սուրբ գրություններից` սովորել ուսումնասիրելով և հավատով (տես ՎևՈւ 88.118): Մեր իսկ կյանքում, մեր ընտանիքներում և Եկեղեցում մենք կարող ենք օրհնվել հոգևոր ուժով, առաջնորդությամբ և պաշտպանվածությամբ, երբ հավատով ձգտենք բանականություն ձեռք բերել և հոգևոր գիտելիքը արդարակեցությամբ կիրառել:

Տպել