Աղոթք իմ տնային ուսուցչի հետ
Ես ամաչում եմ խոստովանել, բայց կար ժամանակ, երբ ես մտածում էի, որ տնային ուսուցիչները ավելի շատ ձանձրույթ են, քան օրհնություն: Այդ դեպքերում ես առիթներ էի գտնում բացակայելու նրանց այցելությունների ժամանակ, որպեսզի կարողանայի անել իմ գործերը:
Այդ պատճառով, ես առանձնապես նեղվեցի, երբ Լինկոլնը դարձավ մեր տնային ուսուցիչը: Նա երբեք բաց չէր թողնում իր այցելությունները: Նա միշտ դասին պատրաստ էր լինում և հավատարմորեն կատարում էր տնային ուսուցման իր պարտականությունները: Ես գնահատում էի նրա ջանքերը, բայց ոչ բավականաչափ, որպեսզի իմ ողջ ուշադրությունը նրան և նրա ընկերակցին հատկացնեի, երբ նրանք գալիս էին կատարելու իրենց ամենամսյա այցելությունը: Լինկոլնը միշտ սիրալիր էր, իսկ ես` միշտ մի քիչ կոպիտ:
Մի տարի վաղ գարնանը ես աշխատում էի բակում: Օրը պարզ էր և տաք: Սովորաբար, ես այգեգործությունը բուժիչ եմ համարում, բայց այդ օրը ես վշտացած էի: Ամուսինս հենց նոր էր ողնաշարի ծանր վիրահատություն տարել և որպես ընտանիք մենք դժվար որոշումներ կայացնելու առջև էինք կանգնած:
Կարիք զգալով պատասխանների, ես գտա ինձ ծնկի իջած այգում: Արցունքները հոսում էին, երբ ես ջերմեռանդորեն աղոթում էի Տիրոջից ուղղություն ստանալու համար: Եթե միայն կարողանայի մի փոքր խաղաղություն զգալ: Եթե միայն կարողանայի մի փոքր վստահություն ունենալ, որ մեր ապագան այնքան մռայլ չէր լինի, ինչպես այն թվում էր այդ պահին: Ես անկեղծորեն աղոթեցի, երբեմն բարձր խոսելով, աղերսելով Տիրոջից հույս, բայց ամենաշատը` խաղաղություն:
Երբ վերադարձա տուն Տիրոջն աղերսելուց հետո, ես սպառված էի: Ուրախ էի, որ տանը ոչ ոք չկար, այնպես որ ես կարող էի ինձ հավաքել: Բայց դեռ աշխատանքային կոշիկներս հազիվ էի հանել, երբ հնչեց դռան զանգը: Լինկոլնը մտքովս ընդհանրապես չանցավ, բայց երբ բացեցի դուռը, ահա նա կանգնած էր այնտեղ իր կնոջ հետ առանց դասի նյութերի:
Իրականում, առաջին անգամ նրան տեսնելով ես ուրախացա: Մենք զրուցեցինք և Լինկոլնը հարցրեց ամուսնուս աշխատանքի մասին, իմ հինգ դուստրերի և այլ ընտանեկան հարցերի մասին: Նրանք երկար չմնացին, բայց երբ վեր կացան գնալու, Լինկոլնը հարցրեց, թե կարո՞ղ էր թողնել օրհնություն մեր տան վրա: Ես երախտապարտ էի, զարմանալով, թե ինչպես նա իմացավ, որ աղոթքն այնքան ցանկալի կլիներ: Նա ծնկի իջավ, և երբ ես լսում էի նրա մխիթարության խոսքերը, նա հատկապես խաղաղության օրհնություն խնդրեց մեր տան վրա:
Այդ պահին ես զգացի, որ հոգիս լցվեց հանգստության մի ալիքով: Այդ ժամանակ իմացա, որ Տերը հոգ կտանի և ամեն ինչ լավ կլինի:
Աղոթքներս պատասխանվեցին հստակորեն և հավաստիորեն Լինկոլնի` մեր հավատարիմ տնային ուսուցչի միջոցով: Մեծարելով իր կոչումը և հետևելով Սուրբ Հոգու հուշումներին, նա թողեց ինձ հետ իր սրբազան կոչման վերաբերյալ վկայություն: