2007
Սրտերի փոփոխությունը տաճարների երկրում
2007թ. հոկտեմբեր


Սրտերի փոփոխությունը տաճարների երկրում

Երբ միսիոներները զրուցում էին Լի Չիուն-ցանի հետ իրենց մկրտությունների մասին, որը պատրաստվում էր իր մկրտությանը 1971թ., նրանք դա նկարագրում էին որպես զորեղ ու լիցք հաղորդող փորձառություն: Այսպիսով, այն ծայրահեղ թուլությունը, որը Եղբայր Լին զգաց, երբ դուրս եկավ մկրտության ջրերից, բոլորովին այն չէր, ինչ նա ակնկալում էր. այն արտասովոր էր:

17 տարեկան հասակում մկրտված և հաստատված լինելով Թայփեյում, Տայվան, Եղբայր Լին ընդունել էր քրիստոնեությունը մի քանի տարի առաջ, սակայն չէր գտել այն խաղաղությունը, որը փնտրում էր, մինչև որ Մորմոնի Գիրքը չդիպչեց նրա սրտին:

«Ես զգացի Հոգին շատ ուժեղ», - ասում է նա: «Սուրբ Հոգին ինձ ասաց, որ սա ճշմարիտ Եկեղեցին է»:

Այսպիսով, նա չէր հասկանում, թե ինչու էր իրեն այդքան թույլ զգում այժմ, երբ արդեն եկեղեցու անդամ էր, և նա աղոթեց, պարզելու համար, թե ինչու հանկարծակի ուժերը լքեցին իրեն: Անսպասելի պատասխանը կանխորոշեց նրա կյանքի ուղին:

«Ես ուժ կստանամ, երբ ուսումնասիրություն կատարեմ իմ նախնիների վերաբերյալ` նրանց համար տաճարային աշխատանք կատարելու նպատակով», - հիշում է Հոգու հուշումը:

Վերջին 35-ից ավելի տարիների ընթացքում Եղբայր Լին, որը Հու Վեյ Ծխի, Չանգ Հսինգ Տայվան Ցցի, անդամ է, նվիրեց իրեն ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: Նա և նրա կինը, Լի-հսուեն, գտան իրենց ընտանիքի 5000 տարվա պատմության տվյալները, հասնելով մինչև Դեղին Կայսրին, որն, ասում են, բոլոր Հան չինացիների նախնին է: Նրանք տաճար ներկայացրեցին ավելի քան 100 000 անուն:

«Ընտանեկան պատմությունը երբեմն շատ ծանր է թվում», - ասում է Եղբայր Լին: «Սակայն նախնիներին օրհնելու ցանկությունը մեծապես հատուցող է»:

Տայվանի Վերջին Օրերի Սրբերի փորձառությունները վկայում են այն օրհնությունների մասին, որոնք սերտորեն կապված են ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք կատարելու պատասխանատվության հետ:

Տաճարների երկիր

Տայվանը բազում տաճարների երկիր է, երկիր, որտեղ նախնիներին պատվելը երկարատև և հարուստ պատմություն է: Շատ ընտանիքներ գրառումներ են վարում բազմաթիվ սերունդների հայրապետական գիծը պահելով: Անթիվ ավանդական տաճարները և սրբավայրերը, ըստ մարդկանց համոզմունքի, իրենց նախնիների հետ կապվելու վայր են հանդիսանում: Այս խնամքով կառուցված, երբեմն դարերի պատմություն ունեցող շենքերի կտուրները, երևում են աշխույժ Տայփեի գրեթե ամեն անկյունից, և կարծես աճած լինեն այն առատ բուսականությունից, որը ծածկում է խաղաղ գյուղատարածքը:

«Մեր ժողովրդի ավանդական կրոնները մեծ տեղ են տալիս նախնիներին», - ասում է Եղբայր Լին: «Մեր սրտերը դեպի մեր հայրերն ուղղելը մեր մշակույթի մասն է կազմում»:

Թեև շատ մարդիկ օգտվում են այդ ավանդական տաճարներից իրենց նախնիներից օրհնություններ ստանալու նպատակով, կա մեկ այլ տաճար Տայվանում, որտեղ մարդիկ տալիս են օրհնություններ իրենց նախնիներին վերականգնված ավետարանի արարողությունների միջոցով:

1984 թվականին նվիրագործվելուց հետո Տայվանի Տայփեյ Տաճարը Եկեղեցու անդամներին հնարավորություն է տալիս ձեռք բերել օրհնություններ և օրհնել իրենց տոհմի հանգուցյալներին: Այն նաև մեծ հավերժական նշանակություն է տալիս նրանց ընտանեկան պատմության գրառումներին:

Հատուկ կապ

Ինչպես Լիի ընտանիքը, Վու ընտանիքը նույնպես ուսումնասիրել է իր ընտանեկան գիծը ընդհուպ մինչև կայսրը: Այդ ընթացքում նրանք բացահայտեցին, որ Վուի զավակները կայսրից հետո 150-րդ սերունդն են: Պատմությունը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը, և 2005 թվականին Վիլֆորդ Վուն, որն այն ժամանակ 19 տարեկան էր, ընտրվեց որպես Տայվանի երիտասարդների ներկայացուցիչ հանդես գալու Դեղին Կայսրի գերեզմանի մոտ ավանդական տարեկան ծիսակատարության ժամանակ:

Վուի ընտանիքի և Չինգ Հսին Ծխի, Տայփեյ Վեստ Ցցի անդամների համար, ընտանեկան պատմությունը ողջ ընտանիքով կատարված աշխատանք էր: Եղբայր Վուն, Չի-Լին և նրա կինը` Շիրլին, կատարեցին ուսումնասիրության մեծ մասը, իսկ Վիլֆորդը և նրա ավագ քույր Կամիլլան, օգնեցին կազմակերպել և մասնակցել 3000-ից ավել նախնիների տաճարային արարողություններին:

Միասին աշխատելն օգնեց Վուի ընտանիքին էլ ավելի մոտ լինել միմյանց: Ըստ նրանց, դա օգնեց նրանց հատուկ կապ զգալ իրենց նախնիների հետ:

«Իմ ծնողների համար աշխատանք կատարելը երջանկություն բերեց երկնքից, որն ես երբեք չէի զգացել», - ասում է Քույր Վուն: «Ես մեծ ցանկություն ունեի հավերժորեն միանալու իմ նախնիների հետ: Ես աղոթում եմ, որպեսզի նրանք պատրաստված լինեն»:

Մեծ օգնություն

150 սերունդներ իրար կապելը հեշտ գործ չէ: Ինչպես շատերը, ովքեր փնտրում են իրենց նախնիներին, Վուի ընտանիքը հասկանում է, որ օգնություն է ստացել:

26 սերունդ ետ գնալով նրանք կանգ առան:

«Մենք գիտեինք միայն մականունը», - ասաց Քույր Վուն:

Չինական Նոր Տարվա վերջին օրը տաճարային ծառայությունից հետո Քույր Վուն պլանավորում էր տոնակատարության մասնակցել: Սակայն երբ հերթափոխի նրա ընկերուհին նշեց, որ պետք է մտնի տաճարի տարածքում գտնվող ընտանեկան պատմության կենտրոն, Քույր Վուն զգաց, որ պետք է նրա հետ գնա:

Նա գտավ մի գիրք, որը պարունակում էր տեղեկություն իրենց ընտանիքի նախնու ազգանունը կրող մարդկանց մասին: Երբ նա բացեց այդ գիրքը, այն բացվեց այն էջի վրա, որտեղ տրված էր այդ նախնու մասին տեղեկությունը: Այդ տեղեկության շնորհիվ նրանք կարողացան միանալ այլ գծերին, որոնք տարան հետ` դեպի շատ սերունդներ:

«Դա ինձ համար մի հատուկ փորձառություն էր», - ասում է Քույր Վուն: «Ես կարող եմ զգալ, որ իմ նախնիները շատ անհամբեր սպասում են իրենց համար ծեսերի կատարմանը»:

Օրհնություն սերունդներին

Տաճարի օրհնություններին մասնակցելու ցանկությունը հնարավորություն տվեց Չիանգին, Ջանգ-Ֆենգին ու նրա կնոջը, Չուն-մեյին, Չի Ան Ճյուղից, Հուա Լյեն Տայվան Շրջանից, զգալ Մաղաքիայի խոստման մեկ այլ կողմը (տես Մաղաքիա Դ.6), երբ իրենց սրտերը դարձնում են դեպի իրենց հայրերը, իսկ ծնողները իրենց սրտերը դարձնում են դեպի իրենց զավակները:

Եղբայր և Քույր Չիանգները պատկանում են Տայվանում Եկեղեցու աճող անդամությանը, որոնք միասին կնքված երեք սերնդի ընտանիքի գլուխն են:

«Մենք հաճույքով հետևում ենք, թե ինչպես են մեր թոռները գալիս եկեղեցի», - ասում է Եղբայր Չիանգը, որը վերջերս ազատվեց Տայվանի Տայփեյ Տաճարի նախագահության առաջին խորհրդականի պաշտոնից: «Մեր մեծ պարտքն է օգնել նրանց գալ դեպի Քրիստոսը ավետարանի արարողությունների միջոցով: Մենք չենք կարող կտրել շղթան»:

Լիի ընտանիքը հավատացած է, որ տաճարային արարողությունների ներգործությունը սկսվում է զույգից:

«Մեր ամուսնությունն ավելի էր լավացել տաճարում կնքվելուց հետո, թեև մենք արդեն իսկ ապրում էինք Եկեղեցու չափանիշներով», - ասում է Եղբայր Լին: «Կնքվելը փոխում է ձեր հարաբերությունները: Երբ ձեր կյանքը վերջանում է, դուք կորցնում եք ամեն ինչ, ինչի համար աշխատել եք կյանքում` ձեր մեքենան, տունը, փողը: Սակայն դուք չպետք է կորցնեք ձեր ընտանիքը»:

«Դա օգնում է ձեզ հասկանալ, թե ինչն է հավերժական, ինչը` ոչ», - ասում է Քույր Լին: «Այսպիսով, ջանք գործադրեք և կենտրոնացեք ձեր ընտանիքի վրա»:

Այդ պահից սկսում է տարածվել ներգործությունը:

«Երբ դուք գիտեք, որ հավերժական ընտանիք եք, դուք ավելի շատ եք սիրում ձեր ամուսնուն և ձեր երեխաներին», - ասում է Եղբայր Լին: «Որպես արդյունք մեր տունն ավելի ջերմ է: Այն ավելի հարմարավետ է: Հոգին այնտեղ է»:

Մեծագույն օրհնություն

Տայվանյան այս ընտանիքներն ասում են, որ ընտանեկան պատմությունը և տաճարային աշխատանքը օրհնել է նրանց ընտանիքները այս կյանքում, և նրանք մխիթարություն են ստանում հավերժության խոստացված օրհնությունների մեջ:

«Երբ մենք աշխատում էինք տաճարում, մենք աստիճանաբար տեղի ունեցող փոփոխություն զգացինք մեր կյանքում», - ասում է Եղբայր Չիանգը, որն իր ընտանիքի 16 սերունդների համար աշխատանք է կատարել իր կնոջ հետ: «Մենք զգացել ենք վերափոխում ավետարանի մեջ»:

Եղբայր Չիանգը նույնպես հավատում է, որ Սատանայի ազդեցությունը նվազում է նրանց վրա, ովքեր մասնակցում են տաճարային աշխատանքին: «Տաճար այցելելը պատկառանք է հաղորդում մեր սրտերին», - ասում է Եղբայր Չիանգը: «Մենք մոռանում ենք աշխարհիկ բաները»:

Եղբայր Վուն համաձայնվում է. «Եթե մենք սովորենք մեզ հետ տուն տանել այն հոգևորությունը և երջանկությունը, որը գտնում ենք այնտեղ, այն կօգնի մեր ընտանիքներին հաղթահարել աշխարհիկ բեռը և ավելի մոտ լինել Աստծուն»:

Այս ընտանիքները հավատում են, որ տաճարային օրհնություններ ստանալը և դրանք տալով նրանց, ովքեր չեն ստանում դրանք այս կյանքում, էական է իրենց հավերժական նպատակների համար:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին սովորեցրել է. «Տաճարային արարողությունները դառնում են այն մեծագույն օրհնությունը, որը Եկեղեցին կարող է առաջարկել»:1

«Մեր անդամության վերջնական նպատակն է վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ` որպես հավերժական ընտանիքներ», - ասում է Եղբայր Չիանգը: «Դրա համար մենք պետք է ստանանք բոլոր կարևոր արարողությունները, որոնք արվում են տաճարում»:

Սիրո դրսևորում

Իր միսիայի ժամանակ Կամիլլա Վուն հասկացավ, թե որքան կարևոր է յուրաքանչյուր հոգին Աստծո համար: Կամիլլան զգում էր Փրկչի անսահման սերը այն բազմաթիվ մարդկանց հանդեպ, ում ուսուցանում էր:

«Երբ ես եկա տուն և սկսեցի զբաղվել ընտանեկան պատմությամբ, հասկացա, որ մի գուցե ես կարողանամ ունենալ մեծ ազդեցություն հոգիների փրկության գործում, կատարելով ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք»,- ասում է նա:

Վուի ընտանիքը զգում է, որ տաճարը Իր զավակների հանդեպ Երկնային Հոր սիրո ամենամեծ դրսևորումն է, որ նա կարող է տալ:

«Այն իմաստը, որը ես գտնում եմ տաճարում, Իր զավակների հանդեպ Աստծո սերն է», - ասում է Կամիլլայի եղբայր Վուն:

Հղում

  1. “New Temples to Provide ‘Crowning Blessings’ of the Gospel,” Ensign, May 1998, 87.

Տպել