Ճապոնիայի պատմական Մեյջի տաճարում Սինտո կրոնի քահանաները ողջունում են Երեց Այրինգին
Կացուշի Տոյաման` Տոկիոյի պատմական Մեյջի տաճարի քահանայապետը, հանդիպեց Ասիայի և Խաղաղօվկիանոսյան կղզիների Եկեղեցու տարածքներ այցելությամբ գտնվող Տասներկու Առաքյալների Քվորումից` Երեց Հենրի Բ. Այրինգի հետ:
Երեց Այրինգը, Յոթանասունի Նախագահությունից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի և Հյուսիսային Ասիայի տարածքի Նախագահ Երեց Դեյվիդ Ֆ. Էվանսի հետ հրավիրվեցին հանդիպելու Պր. Տոյամայի հետ` փոխըմբռնման և բարի կամքի կամուրջներ ստեղծելու համար:
Պր. Տոյաման ասաց այցելուներին, որ Աստվածաշնչի կամ այլ սուրբ գրությունների նման Սինտո կրոնի վարդապետության գիրք չի գրվել, սակայն հետևորդներն իրենց կապն Աստծո հետ պահում են` իրենց կյանքում ձգտելով մաքրության և արդարության:
Երեց Այրինգն ասաց, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները նույնպես ձգտում են իրենց կյանքում անձնական մաքրության և արդարության: «Մեր մարգարեն` Գորդոն Բ. Հինքլին, հաճախ հորդորում է մեր եկեղեցու անդամներին դարձնել իրենց հավատամքն իրենց ամենօրյա կյանքի անբաժան մասը»,- ասաց նա:
Պր. Տոյաման առաջին անգամ ծանոթացավ Եկեղեցու հետ, երբ 1970-ականներին հյուրընկալվում էր Սոլթ Լեյք Սիթիում: Ավելի ուշ այս փոխհարաբերությունը խորացավ, երբ տաճարի այլ քահանաներ այցելեցին Սոլթ Լեյք Սիթի և Պրովոյի Բրիգամ Յանգի Համալսարան, Յուտա: 2005թ. Հավայան կղզիների ԲՅՀ-ի համերգային երգչախումբը դարձավ առաջին քրիստոնյա խումբը, որը ելույթ ունեցավ Մեյջի տաճարում:
Պր. Տոյամայի հետ հանդիպումը տեղի ունեցավ տաճարի մի փոքրիկ սենյակում, որը սովորաբար օգտագործվում է պետության ղեկավարների և նրանց ներկայացուցիչների հետ զրույցների համար:
Կայսր Մեյջին, որի պատվին անվանվել է տաճարը, կառավարել է Ճապոնիան 1867–1912թթ.: Ճապոնական մշակույթի յուրօրինակությունը պահպանելու իր ցանկությունը նա հավասարակշռում էր իր երկիրը բարձր արդյունաբերական աշխարհ մտցնելու ուժեղ ճնշման հետ:
Ճապոնիայում առաջին մկրտությունները տեղի ունեցան 1902թ.: Այսօր Ճապոնիայում կան ավելի քան 120,000 Եկեղեցու անդամներ: Եկեղեցին նաև երկու տաճար ունի այնտեղ` մեկը Տոկիոյում, իսկ մյուսը Ֆուկուոկայում: