2022
Դառնալ հուզական առումով կայուն
Հունվար/փետրվար 2022 թվական


Չափահաս երիտասարդներ

Դառնալ հուզական առումով կայուն

Հեղինակն ապրում է Սևիլյայում, Իսպանիա։

Ես երբեք ընկճվածություն չէի զգացել, սակայն երբ միսիայից տուն վերադարձա, ունեի այդ զգացումը և չգիտեի, թե ինչպես առաջ շարժվել:

Նկար
smiling young woman

Լուսանկարը՝ մոդելի մասնակցությամբ

Կյանքն ընթանում էր համաձայն ծրագրի։

Իմ միսիան մոտենում էր ավարտին։ Նախորդ 18 ամիսների ընթացքում իմ վկայությունն ամրապնդվեց, և փրկության ծրագրի իմ տեսլականն ընդլայնվեց: Ես երբեք ինձ այդքան մոտ չէի զգացել իմ Փրկիչին և իմ Երկնային Հորը: Կյանքն ուղղակի երանելի էր թվում:

Անշուշտ, ես և իմ ընտանիքը մեր բաժին փորձություններն էինք ունենում, բայց ընդհանուր առմամբ, ես հուզված էի և շատ ծրագրեր ունեի գալիք իրադարձությունների հետ կապված։ Այնուհետև ես տուն եկա։ Եվ ցնցումը բավականին դաժան էր: Կրկին ինձ համար դժվար էր հարմարվել առօրյա կյանքին: Ես անընդհատ անհանգստանում էի ճիշտ ընտրություններ կատարելու և կատարելապես հնազանդ լինելու մասին: Ես մեծ ճնշում էի գործադրում ինքս ինձ վրա, որպեսզի մնամ հոգևոր բարձր մակարդակի վրա, որն ունեի միսիայի ողջ ընթացքում, քանի որ վախենում էի, որ եթե այդպես չանեի՝ հոգևոր հետընթաց կունենայի:

Երբ ինձ վրա գործադրվող ճնշումն աճեց, ես սկսեցի զգալ ընկճվածություն և ունենալ խուճապային նոպաներ: Դրանք գնալով ավելի հաճախակի դարձան, և, ի վերջո, ես զգացի, որ խեղդվում եմ:

Ցավոք, ես թաքցնում էի զգացմունքներս իմ ընտանիքի անդամներից և ընկերներից։ Ես գիտեի, որ անհանգստությունն ու ընկճախտը ամաչելու բաներ չէին, բայց ես վերահսկողությունից այնպես դուրս էի և շփոթված, որ նույնիսկ չգիտեի, թե ինչպես արտահայտել այն, ինչ զգում էի և օգնություն ակնկալել։

Բարեբախտաբար, Տերը միշտ մեր կողքին է, որպեսզի առաջնորդի մեզ, երբ դիմում ենք Նրան: Որոշ ժամանակ խորհելուց և աղոթելուց հետո ես հուշում զգացի, որ կիսվեմ եղբորս և նրա կնոջ հետ։ Նրանք օգնեցին ինձ հասկանալ, որ ես այնքան էլ «խենթ» չեմ, որքան կարծում էի, և որ հուզական դժվարություն կարող է ունենալ յուրաքանչյուրը։

Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական՝ քույր Ռեյնա Ի. Ըբարթոն վկայել է այս ճշմարտության մասին. «Իմ սիրելի՛ ընկերներ, դա կարող է պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ, հատկապես, երբ լինելով երջանկության ծրագրի հավատացյալներ, մենք մեզ վրա ավելորդ բեռ ենք դնում՝ մտածելով, որ հիմա պետք է կատարյալ լինենք: Այդպիսի մտքերը կարող են ճնշող լինել։ Կատարելության հասնելը մի գործընթաց է, որը տեղի է ունենալու մեր ողջ մահկանացու կյանքում և դրանից հետո, և միայն Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով»:1

Ոգեշնչված դասընթաց

Երբ ես աղոթում էի Երկնային Հորը առաջնորդության համար, ես հասկացա, որ պետք է գործելու հնարավորություն տալ այն ռեսուրսներին, որոնք Նա մեզ տվել է, և ինձ անհրաժեշտ էր սովորել և փոխվել դեպի լավը: Բարեբախտաբար, այդ ժամանակ ես հնարավորություն ունեցա հաճախելու Եկեղեցու հուզական կայունության դասընթացին։ Հնարավորությունը կարծես ճիշտ ժամանակին էր, և չեմ հավատում, որ դա պատահականություն էր:

Դասընթացի ձեռնարկում հուզական կայունությունը սահմանվում է այսպես․

  • «Հուզական մարտահրավերներին համարձակությամբ և հավատքով հարմարվելու կարողություն՝ կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վրա:

  • Կարողություն՝ օգնելու ինքներս մեզ և ուրիշներին մեր ուժերի ներածին չափով։

  • Անհրաժեշտության դեպքում դիմել լրացուցիչ օգնության»:2

Այլ կերպ ասած, հուզական կայունությունը մի բան է, որի կարիքը բոլորս ունենք։

Ինձ համար այս ոգեշնչված դասընթացը հստակ ազդակ է, որ Երկնային Հայրը տեղյակ է այն փորձությունների մասին, որոնք մենք ունենում ենք այս օրերում՝ որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Նա ուզում է օգնել մեզ, որ առաջ շարժվենք այն ուղու վրա, որը կվերադարձնի մեզ Իր մոտ։ Տեսնելով այս դասընթացի բազմաթիվ գեղեցիկ կողմերը, ես հասկացա, թե Երկնային Հայրը որքան լավ գիտի մեզանից յուրաքանչյուրին և մեր անհատական կարիքները, և ես անմիջապես խաղաղություն զգացի, երբ սկսեցի հաճախել դասերին։ Դասընթացը ուսուցանում է պարզ և հզոր հավերժական ճշմարտություններ, որոնք կարող են կիրառվել մեր կյանքում հոգեկան առողջության խնդիրների լուծման համար՝ թե մեզ հետ կապված, և թե՛ մեր մտերիմների։

Ուսմունքներից մեկը, որը տպավորեց ինձ, գտնվում է 9-րդ գլխում՝ «Ուժ տալ ուրիշներին»: Այս գլուխն օգնեց ինձ վերջապես դիմել լրացուցիչ օգնության։ Այն ուսուցանում է միմյանց ծառայելու սկզբունքի մասին։ Ես իմացա, թե որքան կարևոր է ծառայել ուրիշներին՝ կարևորելով նրանց զգացմունքները, հույզերն ու կարծիքները և օգնության ձեռք մեկնել՝ կարեկցանքով և հասկացողությամբ: Ես նաև հասկացա, որ պետք է վստահեմ մարդկանց, որ նրանք օգնեն ինձ իմ դժվարությունների ժամանակ։

Երբ ես կարողացա գործնականում կիրառել այս գաղափարները և պատմել իմ ընտանիքին և ընկերներին իմ հոգեկան առողջության խնդիրների մասին, ես զարմացել էի, թե նրանք որքան կարեկից էին ու ամենևին չդատապարտող։ Ես շատ մեծ օգնություն ստացա նրանցից։

Ես զգում եմ, որ իմ անհանգիստ վիճակն ավելի խորը և մութ շրջադարձ կստանար, եթե չկիսվեի իմ խնդիրներով մտերիմներիս հետ: Եվ այս փորձն ուսուցանեց ինձ օգնության ձեռք մեկնել և կարեկցել ուրիշներին՝ նրանց հոգսերի և խնդիրների դեպքում:

Մենք կարող ենք հավատքով պատրաստվել ապագային

Այժմ ինձ համար ծիծաղելի է, որ միսիայից վերադառնալուց հետո ես այդպես անհանգստանում էի միսիայում ձեռք բերած «հոգևոր հողը» կորցնելու համար, քանի որ հիմա ես գիտակցում եմ, որ տուն գալը միայն նոր գլխի սկիզբն էր, որտեղ ես կարող էի գտնել հավատս խորացնելու նոր ուղիներ:

Տուն վերադառնալուց հետո իմ անձնական հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ շատ են աճել և խորացել, հատկապես այն սկզբունքների շնորհիվ, որոնք ես սովորեցի հուզական կայունության այս դասընթացի ժամանակ և ապավինելով Երկնային Հորը և Փրկիչին: Նրանք շատ ավելի իրական են և ներկա են իմ առօրյա կյանքում:

Ես հասկացել եմ և ընդունել, որ որպես Աստծո զավակներ, մենք անընդհատ փոխվում ենք, սովորում և զարգանում: Եվ չնայած մեր կյանքի փոփոխություններին, Երկնային Հայրն անփոփոխ է: Նա չի ակնկալել, որ ես կատարյալ լինեմ իմ միսիայի ժամանակ և չի ակնկալում, որ այժմ լինեմ կատարյալ։ Նա պարզապես սիրում է ինձ և ցանկանում է, որ ես ձգտեմ մոտենալ Իրեն և անել այն ամենը, ինչ կարող եմ՝ Նրա մոտ վերադառնալու իմ ճանապարհին։

Այժմ, երբ ես ավարտել եմ հուզական կայունության այս դասընթացը, չի նշանակում, որ ինձ մոտ այլևս չեն լինում անհանգստության կամ խուճապի նոպաներ կամ պահեր, երբ ապագայի հանդեպ վախն ինձ ճնշում է: Երբեմն՝ լինում են։ Բայց հիմա ես ճանաչում եմ այդ օրինաչափությունները և սովորել եմ, թե ինչպես դիմագրավել դրանց ճիշտ եղանակներով, բարելավելով իմ առօրյա կյանքի որակը:

Ի վերջո, այս դասընթացն ինձ սովորեցրեց հաղթահարման մեխանիզմներ այնպիսի ժամանակների համար, երբ ես անհանգստություն և մարտահրավերներ եմ ունենում: Այն ինձ սովորեցրեց համբերություն և կարեկցանք ունենալ իմ և իմ անկատարությունների հանդեպ: Եվ ես սովորեցի հասկանալ, թե ինչպես է Աստված նայում ինձ և չսարսափել ապագայի անորոշություններից:

Թե՛ մասնագիտական, և թե՛ երկնային օգնության շնորհիվ ես հասկացա, որ մենք ունենք անհրաժեշտ գործիքները՝ իմանալու, թե ինչպես «գործել … և չներգործվել» (2 Նեփի 2․26) մեր հույզերով և զգացմունքներով, երբ շարժվում ենք դեպի Քրիստոսը:

Հղումներ

  1. Ռեյնա Ի. Ըբարթո, «Ամպերի և արևի շողերի միջով, Տե՛ր մնա ինձ հետ», Լիահոնա, նոյ. 2019, 58։

  2. Finding Strength in the Lord: Emotional Resilience (2021), 8, ChurchofJesusChrist.org.

Տպել