2022
Նրանք այստեղ Մորմոնի Գիրք ունեն
Հունվար/փետրվար 2022 թվական


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Նրանք այստեղ Մորմոնի Գիրք ունեն

Պահելով Մորմոնի Գիրքը ձեռքերիս մեջ, ես զգացի, թե ինչպես են անհետանում իմ հոգսերը Փրկիչի սիրո ջերմության մեջ:

Նկար
hand holding a copy of the Book of Mormon

Լուսանկարը՝ Ջեյքոբ Ա․ Բրաունի

Ձմռան կեսերն էին։ Մի շաբաթ օր կինս ու ես օգտվելով արևոտ, բայց ցուրտ եղանակից, որոշեցինք ավելի լավ ճանաչել մեր թաղամասը: Մենք վերջերս էինք տեղափոխվել այստեղ, մեր բնակավայրից հազարավոր մղոններ հեռու, Միացյալ Նահանգների արևելյան ափ՝ կրթություն ստանալու և աշխատանքի հնարավորություն ունենալու նպատակով։

Մենք որոշեցինք քայլել դեպի մոտակա համալսարան, որը երկուսս էլ դեռ չէինք տեսել։ Որոշ ժամանակ անց մենք գտանք համալսարանի գլխավոր գրադարանը: Մենք սիրում ենք կարդալ, և ասպիրանտուրայում սովորող կնոջս համար հետաքրքիր էր, թե ինչ նյութեր կարող է գտնել իր ուսման համար: Քանի որ նա կրոնի պատմություն էր սովորում, մենք մի փոքր ուսումնասիրեցինք գրադարանի կրոնի բաժնի գրքերը։ Երբ աչքի էինք անցկացնում հետաքրքիր վերնագրերով որոշ գրքեր, մի փոքրիկ գիրք՝ ծանոթ կապույտ կազմով, գրավեց իմ ուշադրությունը:

«Նրանք այստեղ Մորմոնի Գիրք ունեն»,- ոգևորված շշնջացի ես։

Ես վերցրի գիրքը պահարանից։ Դա բավականին հին օրինակ էր, և ես մտածեցի, թե տեսնես ինչքա՞ն ժամանակ է, որ այն այստեղ էր։ Դիմերեսի շապիկի ներսում սոսնձված փոքրիկ ներդիր կար, որն անմիջապես գրավեց իմ ուշադրությունը:

Ներդիրը պարունակում էր ԱՄՆ-ի Այդահո նահանգի Բլեքֆուտ քաղաքից մի ամուսնական զույգի համեստ վկայությունը։ Իրենց վկայությամբ նրանք բացատրում էին, թե ինչ է Մորմոնի Գիրքը և ինչու է այն կարևոր: Նրանք կիսվում էին գրքի մասին հակիրճ, բայց հզոր վկայությամբ, և ընթերցողին հրավիրում էին աղոթել՝ իմանալու համար, թե արդյո՞ք գիրքը ճշմարիտ է։

Նրանք պարզ խոսքեր էին օգտագործել, բայց ուղերձն անմիջապես սրտիս հասավ: Թերևս այդ զույգն ակնկալել է, որ իրենց վկայությունը կկարդային ոչ մեր հավատքի ներկայացուցիչները: Միգուցե գրքի այս օրինակը նրանք տվել էին իրենց ծանոթին: Ո՞վ գիտի, թե քանի անգամ է այն ձեռքից ձեռք անցել, կամ քանի մղոն է ճանապարհորդել, որ վերջապես հայտնվի այս համալսարանի գրադարանում:

Երբ գիրքը ձեռքերիս մեջ էր, սիրտս լցվեց Հոգով: Մի պահ ես զգացի, թե ինչպես են անհետանում իմ հոգսերը Փրկիչի սիրո ջերմության մեջ:

Գրադարանում անցկացրած այդ օրը շարունակում է հիշեցնել ինձ այն օրհնությունների մասին, որոնք ես ստանում եմ, կարդալով Մորմոնի Գիրքը, և գրքի մասին իմ վկայությամբ կիսվելու կարևորության մասին: Մեր վկայությունները կարող են ընկնել «քարքարոտ տեղ» կամ «բարի հողի վրա» (տես Մատթեոս 13․3-9), բայց կարևոր է, որ մենք կիսվենք դրանցով: Աստված կհետևի, որ դրանք տեղ հասնեն՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և ճիշտ մարդկանց:

Տպել