Եկ, հետևիր ինձ
Հին Կտակարանն ուսումնասիրելու օրհնությունները
Կարդալով այս հին սուրբ գրության գլուխներն ու հատվածները, մենք հոգևորապես կամրապնդվենք:
Բարի գալուստ Հին Կտակարանի 2022թ․ ուսուցմանը՝ Ե՛կ, հետևիր ինձ ծրագրով։ Հին Կտակարանը սուրբ գրային կանոն է, որը պահպանվել է Աստծո ձեռքով, որպեսզի մենք կարդանք և խորհենք: Դա կարող է օրհնություն և ուղեցույց լինել մեզ համար այս վերջին օրերում։
Հին Կտակարանը մեզ տալիս է հավատքի և նվիրվածության 3500 տարվա համայնապատկեր մ.թ.ա. մոտավորապես 4000-ից մինչև 500 թվականները: Հին Կտակարանում կա 39 գիրք: Ծննդոց գիրքն ընդգրկում է Ադամի, Ենովքի, Նոյի և Աբրահամի ժամանակի չորս տնտեսությունները: Մնացած 38 գրքերը՝ Ելից գրքից դեպի Մաղաքիա, նվիրված են Մովսեսի ժամանակահատվածին:
Հին կտակարանը կարդալիս մենք ավելի լավ ենք ծանոթանում այդ սուրբ գրքի մարգարեների և նրանց ուսմունքների հետ: Նրանք ուսուցանել են Հիսուս Քրիստոսի ավետարանը: Նրանք մարգարեացել են Մեսիայի գալուստի մասին և ոգևորությամբ սպասել են այդ իրադարձությանը։ Նրանց ոգեշնչված ուսմունքները պահպանվել են մեր օրերի համար:
Կարդալով Հին Կտակարանի գլուխներն ու հատվածները, մենք հոգևորապես կամրապնդվենք: Սուրբ Հոգին մեր ուշադրությունը կհրավիրի սուրբ գրքի հատուկ հատվածների վրա, որոնք ուժ կտան մեզ այս ժամանակահատվածում, երբ մենք անհամբեր սպասում ենք Փրկիչի երկրորդ գալուստին:
Ոգեշնչող հարց
Ես կցանկանայի պատմել, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Հին Կտակարանից մի հատված իմ կյանքի վրա։
1974 թվականին ես 17 տարեկան էի։ Ես սովորում էի ավագ դպրոցում և վայելում էի կյանքը։ Ես ոգևորությամբ սպասում էի միսիա գնալուն։ 1974թ․ հոկտեմբերի Ensign ամսագրում ես մի զորեղ ուղերձ կարդացի, որը գրել էր Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը (1895–1985) և վերնագրված էր «Երբ աշխարհը վերափոխվի»։1 Այդ օրվանից ի վեր ես բազմիցս կարդացել եմ այդ հոդվածը։ Մինչև օրս այն դեռ ոգեշնչում է ինձ։
Նախագահ Քիմբալը ներկայացրել է ժամանակի այս տնտեսությունում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու աճի համաշխարհային լայն հեռանկարը: Նա սովորեցրել է մեր հնարավորության և պարտականության մասին՝ ավետարանն ամբողջ աշխարհին հասցնելու: Նախագահ Քիմբալը մի հատված է մեջբերել Ծննդոց գրքից։ Այն ժամանակ դա ոգեշնչել էր ինձ և շարունակում է ոգեշնչել ամբողջ իմ կյանքի ընթացքում. «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք»: (Ծննդոց 18․14, որը նախատեսվում է ուսումնասիրել փետրվարին)։
Նախագահ Քիմբալը անդրադարձել է Աբրահամի և Սարրայի պատմությանը: Սարրան ծիծաղեց Տիրոջ խոստման վրա, որ ինքը և Աբրահամը որդի կունենան: Նրանք օրհնված չէին երեխաներով։ Նրանք այդ ժամանակ, համապատասխանաբար 90 և 100 տարեկան էին: Նրանք շատ մեծ էին ծննդաբերության տարիքից։
«Եւ Եհովան ասեց Աբրահամին. Սարրան ինչո՞ւ ծիծաղեց …
Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք․ Այս ժամանակ եկող տարին դարձեալ քեզ մօտ կ’գամ, եւ Սարրան մի որդի կունենայ» (Ծննդոց 18․13-14)։
Աբրահամը և Սարրան հավատքով գործեցին։ Տերը պահեց Իր խոստումը։ Ծնվեց Իսահակը։ Աբրահամը դարձավ շատ ազգերի հայր:
Դժվարություններին դիմակայելու ուժ
«Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք» Հին Կտակարանի այս հատվածն ինձ ուժ է տալիս, երբ բախվում եմ կյանքի մարտահրավերների կամ հոգսերի հետ.
-
Լինելով նոր միսիոներ, երբ ընկճված էի ինձ զգում։ «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք»
-
Իմ միսիայից հետո, երբ ես և Էնն Մարին մտածում էինք ամուսնության մասին, նյարդայնանում էինք, քանի որ չգիտեինք, թե ինչպես պետք է վճարեինք սննդի համար, տան վարձը և քոլեջի ուսման վարձը: «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք»
-
Լինելով նորապսակներ՝ սպասելով երեխաներին և գիտակցելով կյանքի ֆինանսական լարվածությունը: «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք»
-
Հաղթահարելով ասպիրանտուրայի, աճող ընտանիքի և կարիերա սկսելու դժվարությունները: «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք»
-
Երբ ես Բարսելոնայի միսիայի (Իսպանիա) նախագահն էի, Էնն Մարին և ես միսիոներներին ուսուցանելիս բազմիցս անդրադարձել ենք այս սուրբ գրության հատվածին: «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք» Մեր միսիոներներին ուղղված նամակները հաճախ ներառում էին «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք» բառերի հղումը:
Սուրբ գրային հիմք
Սուրբ գրության այս հատվածը Հին Կտակարանում հանդիպող ոգեշնչող բազմաթիվ հատվածներից միայն մեկն է: Համոզված եմ, որ կան շատ հատվածներ, որոնք ձեզ ոգեշնչում են։ Այս տարի բարեխղճորեն և աղոթքով կարդալով Հին Կտակարանը, Սուրբ Հոգին մեր ուշադրությունը կսևեռի այնպիսի հատուկ հատվածների վրա, որոնք կամրապնդեն մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը:
Հին Կտակարանը պարունակում է ժամանակին չենթարկվող վարդապետություն և սկզբունքներ։ Այն պարունակում է մարգարեություններ, որոնք դեռ պիտի կատարվեն: Այն մեզ սովորեցնում է, թե մենք որտեղից ենք եկել: Այն մեզ սովորեցնում է նաև Աբրահամի ուխտի մասին, որն ուժի մեջ է մինչ օրս:
Հին կտակարանը հիմք է հանդիսանում մեր մյուս սուրբ գրությունների համար: Որքան ավելի լավ մենք հասկանանք Հին Կտակարանը, այնքան ավելի լավ կըմբռնենք սուրբ գրությունների մյուս հատորները, քանի որ դրա ուսմունքները հանդիպում են մյուս սուրբ գրքերում.
-
Իր ծառայության ընթացքում Փրկիչն ուսուցանում էր, օգտագործելով Հին Կտակարանի հատվածները:
-
Լեքին և նրա ընտանիքը իրենց հետ տանում էին արույրե թիթեղները, որոնք պարունակում էին Հին Կտակարանի սուրբ գրվածքները։
-
Նեփին ուսուցանել է Հակոբին՝ Հին Կտակարանից մեջբերումներ անելով Եսայիայի գրքից։
-
Հարություն առնելուց հետո Նեփիացիներին այցելելու ժամանակ Հիսուս Քրիստոսը մեջբերումներ էր արել Հին Կտակարանի Եսայիայի և Մաղաքիայի գրքերից:
Հին Կտակարանի մարգարեներն ու ուսմունքները առանցքային են նաև մեր օրերի ավետարանի վերականգնման ուղերձում.
-
Մարգարե Ջոզեֆ Սմիթի մոտ կատարած առաջին այցերի ժամանակ Մորոնին մեջբերումներ էր անում Մաղաքիայից:
-
Թանկագին Մարգարիտը պարունակում է Աբրահամի և Մովսեսի գրքերը։
-
Կիրթլենդի տաճարում Մովսեսը, Եղիասը և Եղիան պատվիրակեցին իրենց քահանայության բանալիները մարգարե Ջոզեֆ Սմիթին։
Ո՞րն է նպատակը:
Հին Կտակարանի գրքերը կարդալիս պետք է հաշվի առնել, որ դրանք ընտրվել, կարևորվել և դասավորվել են հատուկ ձևով՝ ըստ աստվածաբանական նկատառումների: Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ․ «Ինչո՞ւ է ներառվել այս տեղեկատվությունը և ի՞նչ նպատակ է հետապնդում»:
Չնայած Հին Կտակարանի որոշ մասեր կարող են ինչ-որ չափով դժվար ընկալելի լինել, մենք պետք է հիշենք, որ այն պարունակում է հարստություն, որը չպետք է անտեսվի: Ինչպես ուսուցանել է Ջոզեֆ Սմիթը․ «Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է, որքան որ այն ճիշտ է թարգմանված» (Հավատո Հանգանակ 1.8)։ Անշուշտ, մենք օրհնված ենք՝ ուսումնասիրելով Աստծո խոսքը:
Հին Կտակարանի մեր ուսումնասիրության ընթացքում օգտակար կլինի փնտրել թեմաներ և մտքեր: Մենք պետք է ուղիներ փնտրենք ավելի լավ հասկանալու համար, որ Հին Կտակարանի Աստվածը նաև Նոր Կտակարանի Աստվածն է: Եհովան Հիսուս Քրիստոսն է։ Ինչպե՞ս է Հին Կտակարանի ուսումնասիրությունն օգնում մեզ ավելի լավ ճանաչել մեր Փրկիչին:
Հին Կտակարանում ես հանդիպում եմ այլ հիմնական թեմաների, որոնցից են՝ ուխտերը, սրբությունը, ապրող մարգարեները, զոհաբերությունն ու հնազանդությունը, հավատքն ու ապաշխարությունը, Տիրոջ փառաբանումը և Աստծո գերիշխանությունը:
Ուսումնասիրելիս մենք պետք է հիշենք, որ վերջին օրերի հայտնությունները մեզ ավելի ամբողջական պատկերացում են տալիս Հին Կտակարանի մասին: Օրինակ՝ ժամանակակից հայտնությունների շնորհիվ մենք գիտենք, որ Հին Կտակարանի մարգարեներն ունեին Մելքիսեդեկյան Քահանայություն, և որ նախորդ տնտեսության մարգարեները գիտեին և ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի ավետարանը:
Մարգարեի խոստումները
Ժամանակի այս տնտեսությունում մենք մեկ անգամ ևս օրհնված ենք իմանալու, որ մարգարեներն ու առաքյալները ոգեշնչված ուսմունքներ և խորհուրդներ են տալիս:
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Քվենտին Լ. Քուքը 2018 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում առաջին անգամ ներկայացրեց Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար նյութը։2 Այդ նյութը մեծ օրհնություն եղավ բոլորիս համար։ Վերջին երեք տարիներն ինձ տվել են սուրբ գրությունների ուսումնասիրության ամենախոր և իմաստալից փորձառություններն իմ կյանքում: Համոզված եմ, որ 2022 թվականին յուրաքանչյուրիս սպասում են հավասարազոր օրհնություններ։
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է, որ եթե ձգտենք մեր տները վերածել հավատքի սրբավայրի և ավետարանի ուսուցման կենտրոնների, ապա մենք կստանանք չորս հատուկ օրհնություններ․
-
«Ժամանակի ընթացքում ձեր հանգստության օրերն իսկապես կդառնան բերկրանք»։
-
«Ձեր երեխաները ոգևորված կսովորեն և կապրեն Փրկիչի ուսմունքներով։
-
Հակառակորդի ազդեցությունը ձեր կյանքի և ձեր տան վրա կնվազի։
-
Փոփոխությունները ձեր ընտանիքներում կլինեն նշանակալից և շարունակական»։3
Նախագահ Նելսոնի խոստումները խորքային են և ճշմարիտ։ Այս օրհնություններն իրականացել են և կշարունակեն իրականանալ 2022 թվականին, երբ ուսումնասիրենք և սովորենք Հին Կտակարանը: