2022
Փնտրել Հիսուս Քրիստոսին Հին Կտակարանում
Հունվար/փետրվար 2022 թվական


Փնտրել Հիսուս Քրիստոսին Հին Կտակարանում

Այս հինգ ճշմարտությունները կօգնեն մեզ այս տարվա սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում ճանաչել մեր Փրկիչին:

Նկար
fine art painting of Jesus Christ

Մի օր Հիսուս Քրիստոսը Երուսաղեմի և Էմմաուսի միջև ընկած ճանապարհին հանդիպեց Իր աշակերտներից երկուսին: Երբ նրանք քայլում էին, Հիսուսը նրանց պատմեց Իր դերի մասին, ինչպես նկարագրված է սուրբ գրությունում, որը մենք այժմ անվանում ենք Հին Կտակարան:

«Եւ սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին» (Ղուկաս 24․27)։ Փրկիչի և Նրա առաքելության մասին իմանալը խորապես հոգևոր փորձառություն էր աշակերտների համար, և նրանք աղաչում էին Նրան ավելի երկար մնալ իրենց հետ (տես Ղուկաս 24․28-32

Քրիստոսի այդ վաղ հետևորդների նման, մենք այս տարի հնարավորություն ունենք ավելի լավ ճանաչել մեր Փրկիչին՝ ուսումնասիրելով Հին Կտակարանը: Այս գրվածքը, Թանկագին Մարգարիտից Մովսեսի և Աբրահամի գրքերի հետ միասին, մեզ ավելի լիարժեք պատկերացում կտա, թե ով է Նա՝ Նրա էությունը, առաքելությունը և Նրա հարաբերությունները Հոր և յուրաքանչյուրիս հետ: Հավերժական կյանքի պարգևը ստանալու համար մենք այդ հասկացողության կարիքն ունենք (տես Հովհաննես 17․3

Ստորև բերված են հինգ ճշմարտություններ, որոնք կօգնեն մեզ ճանաչել և ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին այս հնագույն, սուրբ գրքից:

Ճշմարտություն 1-ին․ Հիսուս Քրիստոսը Եհովան է

Նոր Կտակարանում մենք կարդում ենք մի ժամանակի մասին, երբ Հիսուս Քրիստոսը ներկայանում է որպես Եհովա (տես Հովհաննես 8․58, ծանոթագրություն բ)։ Մարդիկ զայրացան և փորձեցին քարկոծել Նրան իբր անարգանքի համար (տես Հովհաննես 8․59)։ Նրանք չհասկացան մի կարևոր ճշմարտություն, որն այսօր շատերը շարունակում են չհասկանալ՝ որ Հիսուս Քրիստոսը Եհովան է՝ Հին Կտակարանի Աստվածը:1

Հնարավոր է, որ Հին Կտակարանում Փրկիչի ինքնությունը սխալ է ընկալվում այն պատճառով, որ «Հիսուս Քրիստոս» անունը գրքում չի օգտագործվում: Փոխարենը, հեղինակները Նրան վկայակոչելու համար օգտագործել են մի շարք անուններ, ինչպիսիք են «Աստված», «Ես եմ» կամ «Տեր»:2 Իմանալով այս ճշմարտությունը, մենք սկսում ենք ավելի հստակ տեսնել Հիսուս Քրիստոսին բոլոր սուրբ գրություններում: Օրինակ.

  • Երբ Մովսեսը խոսեց «Աստծո» հետ վառվող թփի մոտ, նա խոսում էր Հիսուս Քրիստոսի հետ (տես Ելից 3․6)3

  • Նմանապես, Հիսուս Քրիստոսը Ջոզեֆ Սմիթին ներկայացավ որպես «Մեծ ԵՍ ԵՄ» (Վարդապետություն և Ուխտեր 29․1

  • Հովհաննես Մկրտիչը կանչվել էր պատրաստելու «Տիրոջ» ճանապարհը (Մատթեոս 3.3): Սա Եսայիա 40․3 հատվածի իրականացումն էր, որը մարգարեություն էր Հիսուս Քրիստոսի մասին։

  • Սուրբ գրություններում Եհովայի մասին այլ օրինակներ տեսնելու համար, բացեք 17-րդ էջի աղյուսակը։

Ճշմարտություն 2-րդ․ Առարկաներն ու իրադարձությունները ուսուցանում են մեզ մեր Փրկիչի մասին

Նկար
an angel appearing to Adam and Eve as they prepare a burnt offering

Ադամին ու Եվային պատվիրվել էր կենդանիներ զոհաբերել՝ որպես երկրպագություն։ Նման զոհաբերությունները հիշեցնում են մեզ, որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Գառը, թույլ տվեց, որ Իրեն սպանեն, որ կարողանար իրականացնել Քավությունը։

Ադամն ու Եվան զոհաբերություններ են մատուցում, ըստ Քեյթ Լարսոնի

Հին Կտակարանը հարուստ է խորհրդանիշներով և պատմություններով, որոնք հիշեցնում են, թե ինչ օգնություն է մեզ առաջարկում Փրկիչը։ Օրինակ.

  • Սուրբ գրություններից շատերը նկարագրում են այն ժամանակները, երբ հավատավոր մարդկանց պատվիրված էր կենդանիներ զոհաբերել որպես երկրպագության նշան։ Օրինակ՝ Իսրայելի որդիներին ասվել էր, որ գառ զոհաբերեն և նրա արյունով նշան անեն իրենց տան դռների վրա։ Նրանք, ովքեր դա արեցին, պաշտպանված էին Եգիպտոսում մոլեգնող մահացու ժանտախտից: Նման զոհաբերությունները հիշեցնում են մեզ, որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Գառը, թույլ տվեց, որ Իրեն սպանեն, որ կարողանար իրականացնել Քավությունը։ Նրա զոհաբերությունը փրկում է մեզ ֆիզիկական և հոգևոր մահից: (Տես Ելից 12.13

  • Երբ Եղիա մարգարեն ստիպված էր փախչել իր կյանքին սպառնող վտանգի պատճառով և թաքնվել անապատում, նա վշտացած էր և ասաց, որ կցանկանար մեռնել: Մինչ նա քնած էր, հրաշքով հաց ու ջուր հայտնվեց, որ նա ուտի և թարմանա՝ կարողանա շարունակել իր գործը: Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ Հիսուս Քրիստոսը Կենդանի ջուրն ու Կյանքի հացն է։ Նա մեր հույսի կատարյալ աղբյուրն է։ (Տես Գ Թագավորաց 19․1-8):4

  • «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար»,- գրել է մի սաղմոսող (Սաղմոսներ 119․105, շեշտադրումն ավելացված է)։ Միքիան վկայել է․ «Թէեւ ընկնեմ, վեր կ’կենամ, թէեւ խաւարի մէջ նստեմ, Տէրը ինձ լոյս կ’լինի» (Միքիա 7․8, շեշտադրումն ավելացված է)։ Նրանց խոսքերը հիշեցնում են մեզ, որ Հիսուս Քրիստոսը Աշխարհի Լույսն է, որն առաջնորդում է մեզ դեպի մեր երկնային տուն:

Ընթերցելիս դուք կհայտնաբերեք նաև այլ փաստեր, որոնք կհիշեցնեն ձեզ Հիսուս Քրիստոսի և մեզ փրկելու Նրա ունակության մասին, օրինակ, երբ Նոյի ընտանիքը ջրհեղեղից փրկվեց տապանում, կամ երբ Հովնանին ժամանակ տրվեց ապաշխարելու, մինչ նա կետի մեջ էր։ Այս իրադարձությունները կարող են հիշեցնել մեզ, որ Փրկիչը կարող է մեզ տանել կյանքի փոթորիկների միջով, և որ Նա միշտ մեզ հնարավորություն կտա վերադառնալ ճիշտ հունի մեջ: (Տես Ծննդոց 7․1, Հովնան 1․17

Ճշմարտություն 3-րդ․ Եհովան անձնական Աստված է

Ժամանակ առ ժամանակ կարող է թվալ, թե Հին Կտակարանի Աստվածը ջղային է և վրեժխնդիր լինող։ Պետք է նկատի ունենալ, որ գրքի վաղեմի հեղինակները պատկանել են հին մշակույթներին՝ այնպիսի սովորույթներով և բարքերով, որոնք մեզ համար դժվար է լիովին հասկանալ այսօր: Ե՛կ, հետևիր ինձ ձեռնարկը, խմբային քննարկումները, և Սուրբ Հոգուց ստացած լուսավորությունը կօգնի մեզ համադրել այն, ինչ մենք կարդում ենք Հին Կտակարանում, այն ամենի հետ, ինչ մենք գիտենք Հիսուս Քրիստոսի մասին մյուս սուրբ գրություններից։

Ահա Եհովայի նկատելի առանձնահատկություններից մեկը, որը ծանոթ կլինի Փրկիչի ուսանողներին. Նա անձնական Աստված է։ Նրա միջամտությունը, ինչպես փառահեղ, այնպես էլ աննշան ձևերով, ցույց է տալիս, որ Նա միշտ պատրաստ է ազատել Իրեն վստահողներին: Ահա մի քանի օրինակ Հին Կտակարանի Նրա ծառայությունից․

  • Ադամի ու Եվայի օրինազանցությունից հետո, Տերը նրանց հագցրեց կամ ծածկեց կաշվե հագուստով (տես Ծննդոց 3․21)։ Եբրայերենով Քավություն բառը նշանակում է «ծածկել» կամ «ներել»:

  • Նա հրավիրեց Ենովքին քայլել Իր հետ (տես Մովսես 6․34) և Իր մոտ վերցրեց Սիոնի ժողովրդին (տես Մովսես 7․69

  • Նա պատրաստեց Հովսեփին, որպեսզի սովից փրկի իր ընտանիքի անդամներին և շատ ուրիշներին (տես Ծննդոց 37-46

  • Նա առաջնորդեց իսրայելացիներին անապատով (տես Ելից 13․21-22

  • Նա այցելեց Ահարոնին և Մարիամին՝ ամրապնդելով նրանց հավատքը կենդանի մարգարեի հանդեպ (տես Թվոց 12․5

  • Նա առաջնորդեց Հռութին և պահպանեց Իր ծագումնաբանությունը նրա սերմի միջոցով (տես Հռութ 3․10-11, 4․14-17

  • Նա որդուն Սամուել կոչեց (տես Ա Թագավորաց 3․3-10

  • Նա իշխանություն տվեց Եսթերին համարձակորեն փրկել իր ժողովրդին (տես Եսթեր 2․17, 8․4-11

Ճշմարտություն 4-րդ․ Քրիստոսն օգնում է մեզ հաղթանակել մեր մարտերում

Երբեմն առօրյա կյանքը ճակատամարտի պես է: Մենք իսկապես գտնվում ենք բարու և չարի հոգևոր պայքարի մեջտեղում՝ ի տարբերություն Հին Կտակարանում նկարագրված պատերազմների: Հին զինվորների հետ միասին մենք աղաղակում ենք. «Առաջնորդիր մեզ, ո՛վ մեծ Եհովա»:5 Այս սուրբ գրություններում մենք լսում ենք Նրա հուսադրող պատասխանը.

  • «Քեզ չեմ թողիլ և քեզ անտես չեմ անիլ» (Հեսու 1․5

  • «Դուք մի վախենաք եւ մի զարհուրիք այս մեծ բազմութեան երեսից. Որովհետեւ պատերազմը ձերը չէ այլ Աստուծուն է» (Բ Մնացորդաց 20․15

  • «Ես զօրացրել եմ քեզ, … քեզ հաստատել եմ» (Եսայիա 41․10

  • «Ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ» (Երեմիա 1․8

Ճշմարտություն 5-րդ․ Տիրոջ խոստումները շարունակվում են

Մենք ավելի շատ ենք կապված Հին Կտակարանի հավատավոր մարդկանց հետ, քան կարող ենք պատկերացնել: Հին օրերի տեսանողները ոգևորված սպասել և գրել են Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի մասին: Օրինակ, Եսայիան այնպիսի հզոր բառերով է նկարագրել Տիրոջը, որ դրանք դարձել են այն երաժշտության խոսքերը, որը մենք հաճախ ենք երգում Զատկի և Սուրբ ծննդյան տոներին (տես Եսայիա 7, 9, 40 և 53)։6

Այդ մարգարեների պես, մենք էլ ոգևորված սպասում ենք Քրիստոսի գալուստին, այս անգամ ակնկալելով, որ Նա կթագավորի երկրի վրա:7 Պատրաստելով աշխարհը Նրա երկրորդ գալուստին, մենք ուժ ենք ստանում Հին Կտակարանում առաջին անգամ արձանագրված ճշմարտություններից և խոստումներից, որոնք են.

  • Հայրապետական օրհնությունները, որոնք ներառում են Իսրայելի տան հայտարարությունը, որին մենք պատկանում ենք։ Հազարավոր տարիներ առաջ Տիրոջ կապած ուխտը Աբրահամի հետ այսօր տարածվում է մեզ վրա՝ որպես Եկեղեցու ուխտի անդամներ, անկախ նրանից, թե մենք որ ցեղից ենք: (Տես Ծննդոց 13.14-17, Աբրահամ 2․9-11

  • Հանգստության օրը սուրբ պահելու պատվիրանը, որի մասին Տերն ասել է, որ «մի նշան է իմ եւ ձեր մէջտեղը ձեր ազգերի մէջ, որ գիտենաք, թէ ես եմ Եհովան ձեզ սուրբ անողը» (Ելից 31․13

  • Սրբազան լվացումները, օծումները և տաճարային երկրպագության հագուստները, նախ տրվել են Ահարոնին և նրա ժառանգներին (տես Ղևտացոց 8

Մտածեք, թե ինչ զոհաբերություններ են արել արդար տղամարդիկ և կանայք՝ մեզ մարդկության պատմության այս կետին հասցնելու համար: Մենք հիմնվում ենք նրանց սուրբ ջանքերի վրա և կիսվում ենք Փրկիչի ղեկավարման ներքո գտնվող աշխարհի վերաբերյալ նրանց տեսլականով: Ինչպես ուսուցանել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը․ «Ակնկալիքների ու պատրաստության 4000 տարիներ անց՝ սա է նշանակված օրը, երբ ավետարանը պետք է տարվի երկրի ցեղերին: Սա է Իսրայելին խոստացված հավաքման ժամանակը: Եվ մենք պետք է մասնակցենք դրան»։8

Ուսումնասիրության էպիկական տարի

Նկար
Christ in red robe

Քրիստոսը կարմիր պատմուճանով, Միներվա Թեյչերթ, Եկեղեցու Պատմության Թանգարանի սեփականություն

Մենք մեր ձեռքում ունենք մարդկության առաջացման պատմությունը՝ մեր պատմությունը՝ որպես ուխտյալ քրիստոնյաներ։ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, մենք գիտենք, թե այս էպիկական ճանապարհորդությունն ինչպես է ավարտվելու։ Սատանան կործանվելու է, իսկ արդարները հաղթելու են։ Բայց ինչպե՞ս է զարգանալու մեր անհատական պատմությունը:

Մենք կընտրե՞նք այս տարի քայլել Հիսուս Քրիստոսի հետ: Կխնդրե՞նք Նրան մնալ մեզ հետ՝ համակ ուշադրությամբ լսելով, թե Նա ինչ է ուսուցանում:

Նա այն սիրող, անձնական Փրկիչն է, որի ձայնը մենք լսում ենք Վարդապետություն և Ուխտերում, որի կյանքը արձանագրված է Նոր Կտակարանում և որի ուսմունքները պարզ ուսուցանվում են Մորմոնի Գրքում: Մի փոքր հմտանալով, մենք կկարողանանք գտնել Նրա ծառայությունը, նաև Հին Կտակարանի էջերում հյուսված: Նա մարդկության անցյալի, ներկայի և ապագայի կարևոր մասն է: Նա եղել է և միշտ կլինի մեր կողքին՝ ամեն քայլափոխին:

Հղումներ

  1. Տես «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» նյութի երկրորդ պարբերությունը, ChurchofJesusChrist.org։

  2. Անգլերեն թարգմանություններում Հիսուս Քրիստոսի մասին հիշատակումները հաճախ գրվում են մեծատառով, ինչպես օրինակ՝ ՏԵՐ: Ա Թագավորաց 1․15 հատվածում բերվում է «տեր» բառի երկու օրինակ՝ «տեր», որը վերաբերում է անձին և «Տեր», որը վերաբերում է Հիսուս Քրիստոսին: See also James E. Talmage, Jesus the Christ (1916), 36.

  3. Եկեղեցու հրատարակած Աստվածաշնչի տարբերակներում ծանոթագրությունները կօգնեն պարզել՝ թե արդյոք սուրբ գրության հատվածները վերաբերում են Փրկիչին: Օրինակ, տես Ելից 3․6, ծանոթագրություն ա։

  4. Այս պատմության սիմվոլիզմի մասին ավելին իմանալու համար տե՛ս Մարիսա Վիդիսոն, “The Bread and Water of Hope,” Ensign, Sept. 2019, 56։

  5. “Guide Us, O Thou Great Jehovah,” Hymns, no. 83.

  6. Եսայիայի որոշ հատվածները օգտագործվել են որպես բառեր Հենդելի Մեսիա օրատորիոյի համար։

  7. Տես Հավատո հանգանակ 1.10:

  8. Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտեր», Լիահոնա, նոյ․ 2011, 88:

Տպել