Ավետարանի հիմունքները
Անկումը Աստծո ծրագրի մասն էր
Անկման պատճառով մենք գալիս ենք երկիր, բայց մի օր կարող ենք վերադառնալ և ապրել մեր Երկնային Հոր հետ:
Եդեմի պարտեզում Աստված պատվիրել է Ադամին ու Եվային չուտել բարու և չարի գիտության ծառի պտուղը: Ապա Նա ասել է նրանց․ «Դու կարող ես ընտրել քեզ համար, … սակայն, հիշիր, որ ես արգելում եմ դա» (Մովսես 3․17)։ Սատանան գայթակղեց Եվային, որ ուտի ծառի պտուղը: Նա նրան ասաց․ «Դուք աստվածների պես կլինեք՝ բարին և չարը գիտեցող» (Մովսես 4․11)։ Նա կերավ պտուղը, ապա տվեց նաև Ադամին: Աստված նրանց դուրս հանեց Եդեմի պարտեզից:
Անկում
Երբ Ադամն ու Եվան հեռացան Եդեմի պարտեզից, նրանք այլևս Աստծո ներկայության մեջ չէին: Աստծուց այս անջատումը կոչվում է հոգևոր մահ։ Այգուց դուրս գալը նշանակում էր նաև, որ Ադամն ու Եվան մահկանացու դարձան և այդպիսով ենթակա էին մահվան: Չնայած Ադամն ու Եվան այլևս Աստծո հետ չէին և մահկանացու էին, նրանք ուրախ էին և հուսով լցված, երբ տեսան, որ կարող են առաջընթաց ունենալ (տես Մովսես 5․10-11)։ «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն, և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25)։
Փորձվելու ժամանակը
Երբ մենք ծնվում ենք, ապրում ենք Աստծուց հեռու, ինչպես Ադամն ու Եվան էին անկումից հետո: Սատանան գայթակղում է մեզ սխալ ընտրություններ կատարել: Այս գայթակղությունները թույլ են տալիս մեզ փորձվել և ընտրել ճշտի ու սխալի միջև (տես Ալմա 12․24)։ Ամեն անգամ, երբ մենք մեղք ենք գործում և չենք ապաշխարում, մենք ավելի ենք հեռանում Երկնային Հորից: Բայց եթե ապաշխարենք, մենք ավելի կմոտենանք մեր Երկնային Հորը:
Ֆիզիկական մահ
Երկիրը ստեղծվել է մեզ համար (տես 1 Նեփի 17․36)։ Անկումը հնարավոր դարձրեց, որ Ադամն ու Եվան կատարեն Աստծո տված՝ երեխա ունենալու պատվիրանը՝ թույլ տալով մեզ ֆիզիկական մարմնով գալ երկիր: Մեր մարմինը մի օր կմահանա, բայց մեր հոգին կշարունակի ապրել: Երբ մենք հարություն առնենք, մեր մարմինն ու հոգին կվերամիավորվեն։
Փրկվել Հիսուս Քրիստոսով
Հիսուս Քրիստոսի քավիչ զորության շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել ֆիզիկական և հոգևոր մահերը: Քանի որ Քրիստոսը հարություն է առել, յուրաքանչյուր ոք, ով ծնվում է այս երկրի վրա, հարություն է առնելու և հավերժ ապրելու է։ Եվ քանի որ Քրիստոսը տառապել է մեր մեղքերի համար, մենք կարող ենք ապաշխարել և ներվել, որպեսզի կարողանանք նորից ապրել մեր Երկնային Հոր հետ: