2022
Երջանկության ուղու վրա
Հունվար/փետրվար 2022 թվական


Երջանկության ուղու վրա

Մենք կարող ենք արդար, հույսով լեցուն երեխաներ դաստիարակել աշխարհի ցանկացած կետում, եթե նրանք Փրկիչի վրա կառուցած ամուր հիմք ունենան։

Նկար
African family praying

Լուսանկարը՝ Ջիմ Լիլլիվայթի

Տարիներ առաջ իմ կրտսեր զարմիկներից մի քանիսին հանձնարարվել էր մի ծառայություն անել մեր Քրոզիեր Քիմբալ պապիկի ագարակում: Որպես պարգև նրանց խոստացվել էր Կլարա տատիկի1 հեքիաթային տնական տորթը։

Առաջադրանքներն ավարտելուց հետո երիտասարդները շտապեցին դեպի խոհանոց՝ պարգևը ստանալու։ Բայց պապիկն արգելափակեց խոհանոցի դուռը: Իմ զարմուհին՝ Քեթի Գալովեյը, ով այդ ժամանակ մոտ 14 տարեկան էր, հիշում է, որ պապիկը նստեց դաշնամուրի աթոռին, մյուսներին հրավիրեց նստել հատակին: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին լավ աշխատանքի համար, ապա ասաց, որ նախքան տորթն ուտելը կարևոր բան ունի ասելու։

«Ձեր կյանքում այնպիսի պահ կլինի, երբ դուք պետք է իմանաք և գործեք համաձայն նրա, ինչ ես պատրաստվում եմ ձեզ ասել»,- ասաց նա:

Նա պատմեց, որ իր պապը՝ Հեբեր Ք. Քիմբալը (1801-1868) և մյուս ռահվիրա նախնիները ծանր ֆիզիկական մարտահրավերներ են ունեցել։ Պապիկի պատմելով ռահվիրաներն անմիջապես հասկացել էին, որ գոյատևելու համար պետք է միասին աշխատեին և սիրեին ու ծառայեին միմյանց:

«Սա հսկայական ժառանգության դրույթներից մեկն է, որ նրանք թողել են ձեզ»,- ասաց նա, և արցունքները հոսեցին այտերի վրայով։

«Կոչումով հայրապետ և լինելով ձեր պապը, երբ ես նայում եմ գալիք ժամանակներին, սիրտս ցավում է ձեզ համար»,- ասաց նա: «Դուք կհանդիպեք այնպիսի հուզական և հոգևոր մարտահրավերների, որոնք ձեր ռահվիրա նախնիներից շատերը անգամ չէին կարող պատկերացնել:

«Եթե երիտասարդ սերունդը չհարգի ռահվիրաների սիրո և ծառայության մեծ ժառանգությունը,- հավելեց նա,- շատերդ կձախողվեք, քանի որ չեք կարողանա ինքնուրույն գոյատևել»:

Այնուհետև, մտերմիկ հոգևոր կապ զգալով յուրաքանչյուրիս հանդեպ, Քիմբալ պապը եզրափակեց. «Մենք միմյանց կարիքն ունենք: Ավետարանի մասին մեր վկայություններով միմյանց հետ կիսվելուց բացի, մեր պարտականությունն է սիրել և ծառայել, ամրապնդել և սնուցել, գոտեպնդել և աջակցել միմյանց… հատկապես մեր ընտանիքում։ Խնդրում եմ հիշեք, որ վերջին օրերում ձեր գոյատևումը կարող է կախված լինել միասին աշխատելու, միմյանց սիրելու և ծառայելու ձեր պատրաստակամությունից: Այժմ եկեք գնանք տորթ ուտելու»:

Մենք միմյանց կարիքն ունենք

Նկար
group of people in India

Լուսանկարը՝ Վենդի Գիբս Քիլերի

Ինչպես ցույց է տալիս մեզ շրջապատող աշխարհի իրարանցումը, և ինչպես կանխատեսում էր Քրոզիեր Քիմբալ պապիկը՝ մենք միմյանց կարիքն ունենք: Մեզ պետք են սիրով լի ընտանիքներ, ծառայություններով հարուստ քվորումներ ու Սփոփող Միություններ, օգնող ճյուղեր, ծխեր և ցցեր:

«Աստված ուզում է, որ մենք աշխատենք միասին և օգնենք միմյանց»,- ասել է Նախագահ Նելսոնը։ «Այդ պատճառով է Նա ընտանիքներով ուղարկում մեզ երկիր և կազմակերպում մեզ ծխերում և ցցերում: Այդ պատճառով է Նա խնդրում մեզ ծառայել և սպասավորել միմյանց: Այդ պատճառով Նա խնդրում է մեզ ապրել աշխարհում, բայց չլինել այս աշխարհից: Մենք միասին կարող ենք շատ ավելին անել, քան՝ միայնակ»:2

Մեր երկրորդ վիճակում կյանքը դժվար է։ Ադամի և Եվայի անկման պատճառով մենք ունենում ենք փշեր ու տատասկեր, փորձություններ ու գայթակղություններ: Նման փորձառությունները երջանկության ծրագրի մի մասն են, բայց մենք միմյանց օգնում ենք հաղթահարել կյանքի փոթորիկները:

Ադամի և Եվայի նման, ում Աստված «հանեց … Եդէմի պարտէզից» (Ծննդոց 3․23), մեզ հանել են մեր նախաերկրային տնից և ուղարկել այս ընկած երկիր: Եվ Ադամի ու Եվայի նման, մենք ուրախանում ենք Իր զավակների համար նախատեսված Աստծո ծրագրի մասին մեր գիտելիքով.

«Եվ այդ օրը, Ադամն օրհնեց Աստծուն և լցված էր, և սկսեց մարգարեանալ երկրի բոլոր ընտանիքների վերաբերյալ՝ ասելով. Օրհնյալ է Աստծո անունը, քանզի իմ օրինազանցության հետևանքով աչքերս բացվել են, և այս կյանքում ես ուրախություն կունենամ, և կրկին, մարմնի մեջ, ես կտեսնեմ Աստծուն:

Եվ Եվան՝ նրա կինը, լսեց բոլոր այս բաները, և ուրախացավ՝ ասելով. Եթե չլիներ մեր օրինազանցությունը, մենք երբեք սերունդ չէինք ունենա, և երբեք չէինք գիտենա բարին և չարը, և մեր փրկագնման ուրախությունը, և հավերժական կյանքը, որն Աստված տալիս է բոլոր հնազանդներին» (Մովսես 5․10-11, տես նաև 2 Նեփի 2․25

«Նրա աստվածային նպատակի մասը»

Մեր «անմահությունն ու հավերժական կյանքը» իրականացնելը մեր Հոր «գործը և փառքն» են (Մովսես 1․39)։ Ինչպես ուսուցանել է Նախագահ Նելսոնը «Մենք Նրա աստվածային նպատակի մասն ենք»։3

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել են․ «Նախաերկրային աշխարհում հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն, որպես իրենց Հավերժական Հորը և ընդունում էին Նրա ծրագիրը, ըստ որի պետք է ֆիզիկական մարմիններ ձեռք բերեին և աշխարհիկ փորձ կուտակեին դեպի կատարելություն ընթանալու և իրենց աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար»:4 Եվ Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, վերջերս ուսուցանել է․ «Մեր Երկնային Հոր ծրագրի համաձայն՝ [Հիսուս Քրիստոսը] «ստեղծեց երկինքն ու երկիրը» (Վարդապետություն և Ուխտեր 14․9), որպեսզի մեզանից յուրաքանչյուրն ունենա մահկանացու փորձառություն, որն անհրաժեշտ է մեր աստվածային ճակատագիրը փնտրելու համար»։5

Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեները հստակեցնում են, թե ինչ կարևոր դեր ունեն մեր մարմինները Աստծո ծրագրում: Մեր ճակատագիրն է՝ հարություն առած, վեհացած մարմիններով վերադառնալ Նրա ներկայություն և հավերժ ապրել ընտանիքներով:

«Մեր հարաբերություններն այլ մարդկանց հետ, ճշմարտությունը հասկանալու և դրանով ապրելու ունակությունը և Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին և արարողություններին հնազանդվելու մեր կարողությունն ուժեղանում են մեր ֆիզիկական մարմինների միջոցով»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը։ «Մահկանացու կյանքի դպրոցում մենք զգում ենք քնքշություն, սեր, բարություն, երջանկություն, վիշտ, հիասթափություն, ցավ և նույնիսկ ֆիզիկական սահմանափակումների հետ կապված մարտահրավերներ, որոնք մեզ նախապատրաստում են հավերժության համար»։6

Ուսուցանեք Քրիստոսի մասին

Նկար
a family sitting around a table

Կասկածի և անորոշության այս օրերին երջանկության ծրագրի մասին գիտելիքը կարևոր է մեր հոգևոր գոյատևման համար: Բայց մենք չենք կարող ակնկալել, որ աշխարհը կկերակրի մեր երեխաներին հավերժական երջանկության սկզբունքներով: Որպես ծնողներ, մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք իրենց աստվածային ծագման և աստվածային ճակատագրի մասին:

Մենք սկսում ենք՝ օգնելով նրանց զարգացնել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին վկայություն, որոնք առանցքային են փրկության ծրագրում։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք արդար, հույսով լեցուն երեխաներ դաստիարակել աշխարհի ցանկացած կետում, եթե նրանք Փրկիչի վրա կառուցած ամուր հիմք ունենան։

Ընտանեկան երեկոներին՝ ընտանիքով աղոթելու և սուրբ գրություններն ուսումնասիրելու ժամանակ, ընտանեկան միջոցառումների և ավանդույթների, և նույնիսկ երեխաներին խրատելու ժամանակ «մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, … որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25․26

Մենք օգնում ենք մեր երեխաներին հասկանալ, որ փրկության ծրագրում ապաշխարությունն է «ողջ կյանքի տևողությամբ ուսումնական ծրագիրը»,7 որը հույս և բժշկում է բերում, քանի որ այն բեռնաթափում է հոգին և պայծառացնում ապագան:

Երբ մեր երեխաները հավատ զարգացնեն Քրիստոսի Քավության հանդեպ, նրանք կիմանան, որ ոչինչ կորած չէ, և Տերը գրկաբաց սպասում է նրանց: Մենք օգնում ենք նրանց հասկանալ, որ «ինչ էլ որ [մենք] պետք է հետևում թողնենք՝ տունդարձի արահետին հետևելու համար, մի օր կթվա, որ դա ամենևին էլ զոհաբերություն չէր»:8

Հավաքեք Աստծո զավակներին

Մենք միայնակ չենք հասնում մեր աստվածային ճակատագրին: Որպես վերջին օրերի սրբեր, մենք հատուկ պարտավորություն ունենք՝ հրավիրել մարդկանց միանալու մեր ճանապարհորդությանը դեպի մեր երկնային տուն: Աշխարհը վերջին օրերի սրբերի կարիքն ունի, ովքեր նպաստում են, որ Վերականգնման լույսը շողա իրենց վկայությունների, օրինակների և ավետարանով կիսվելու պատրաստակամության միջոցով: Շողալով՝ մենք հավաքվում ենք:

Նախագահ Նելսոնն ասել է․ «Երբ մենք խոսում ենք հավաքման մասին, մենք պարզապես ասում ենք այս հիմնարար ճշմարտությունը. մեր Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը վարագույրի երկու կողմերում արժանի է լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը: Նրանք իրենք են որոշում՝ թե արդյո՞ք կցանկանան ավելին իմանալ»:9

Եվ այսպես, ինչպես խորհուրդ տվեց Քրոզիեր պապին, մենք կիսվում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին մեր վկայություններով: Մենք սիրում և ծառայում ենք, ամրապնդում և սնուցում, գոտեպնդում և աջակցում մեր մտերիմներին ու մերձավորներին:

Երբ մենք օգնում ենք մարդկանց ընթանալ իրենց աստվածային ճակատագրի ուղով, մենք ինքներս մեզ ենք օգնում այդ նույն ուղու վրա՝ «ընդունվե[լ] Հոր արքայության մեջ՝ այլևս դուրս չգալու, այլ Աստծո հետ հավերժորեն բնակվելու երկինքներում» (3 Նեփի 28․40

Հղումներ

  1. Երբ Քրոզիեր Քիմբալ պապիկի առաջին կինը՝ Մերի Լենորա Ռոբերթսը մահացավ, նա ամուսնացավ Կլարայի հետ, ով իր առաջին կնոջ զարմուհին էր: Երեխաները նրան կոչում էին «մորաքույր Կլարա»։ Թոռները նրան կոչում էին «տատիկ»։

  2. Ռասսել Մ․ Նելսոն, «Ինչ սովորում ենք, երբեք չենք մոռանա», Լիահոնա, մայիս 2021, 79։

  3. Russell M. Nelson, “Your Body: A Magnificent Gift to Cherish,” Liahona, Aug. 2019, 50.

  4. «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org։

  5. Դալլին Հ. Օուքս, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 77։

  6. Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 41:

  7. Լին Գ. Ռոբբինս, «Մինչև յոթանասուն անգամ յոթը», Լիահոնա, մայիս 2018, 22։

  8. Խոսե Ա. Տեքսեյրա, «Հիշեք ձեր տունդարձի ճամփան», Լիահոնա, մայիս 2021, 94։

  9. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018թ․), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org։

Տպել