Վերջին Օրերի Սրբերի ձայները
Հատակին ընկած բարձը
Ես դեմ չէի մայրիկիս օգնել տնային գործերում, բայց ինչու՞ էի միշտ հատակին բարձ գտնում:
Երկար տարիներ է, ինչ ես այցելում եմ մայրիկիս, օգնում նրան տնային գործերում: Նա 80 տարեկան է և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամ է:
Հայրիկիս մահից հետո մայրս միշտ միայնակ է ապրել։ Նա մեծ բավականություն է ստանում երեք երեխաներից յուրաքանչյուրի տուն այցելելով, նրանց և թոռների հետ ժամանակ անցկացնելով և հոգին ջերմացնող կերակուր պատրաստելով:
Ամեն անգամ, երբ ես այցելում էի մայրիկիս տուն՝ մաքրելու և համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է, հատակին ընկած հին բարձ էի գտնում: Ես անընդհատ վերցնում էի այն և դնում բազկաթոռին՝ քթիս տակ բողոքելով մայրիկիս անփութության համար:
Հաջորդ անգամ, երբ գալիս էի մայրիկիս օգնելու, նորից բարձը հատակին էի հայտնաբերում։ Ես մորս ոչինչ չէի ասում բարձի մասին, բայց մի առավոտ վերջապես հասկացա, թե ինչու էր այն միշտ հատակին:
Մայրիկիս փափուկ հենարան էր հարկավոր՝ ծնկի գալու և աղոթելու համար։ Նա մեծահասակ կին էր, և նրա անսասան հավատքը նրան ամեն օր ծնկի էր բերում՝ աղոթելու: Նա աղոթում էր իր երեխաների և թոռների համար: Նա աղոթում էր իր ընկերների համար: Նա աղոթում էր նրանց համար, ովքեր ծայրահեղ կարիքի մեջ էին։ Եվ նա աղոթում էր նրանց համար, ում միշտ սիրել է և նույնիսկ պատկառելի տարիքում դեռ մեծահոգաբար մտածում է նրանց մասին:
Ես այլևս քթիս տակ չեմ բողոքում, երբ տեսնում եմ բարձը հատակին: Ժամանակ առ ժամանակ ես նույնիսկ ծնկի եմ իջնում նրա փափուկ բարձի վրա և աղոթում Երկնային Հորը՝ երախտագիտություն հայտնելով մորս հավատքի և օրինակի համար: