«Տրավմայից հետո. ճկունության ձևավորում և բուժման ընդունում», Լիահոնա, սեպտ. 2023:
Տրավմայից հետո. Ճկունության ձևավորում և բուժման ընդունում
Բժշկումը տեղի է ունենում, երբ մենք փնտրում ենք Փրկչի օգնությունը և ձևավորում զգացմունքային ինքնապահովում:
Մարդկանց մեծ մասն իրենց կյանքում ունենում է տրավմա առաջացնող առնվազն մեկ իրադարձություն: Մենք դա տեսել ենք մեր կյանքում՝ անձնապես և մասնագիտորեն: Ինչի՞ հետևանքով է առաջանում տրավման: Դժվարին փորձություններ, ինչպիսիք են՝ ավտովթարը, աշխատանքի կորուստը, պատերազմը, ֆիզիկական բռնությունը, սեռական ոտնձգությունը, դաժան ծաղր ու ծանակը, սիրելի մարդու կորուստը և այլն:
Տրավման ցավոտ է, և երբեմն կարող է թվալ, որ չես կարողանում թեթևացում գտնել: Այնուամենայնիվ, կարևոր է իմանալ, որ ցավը կարող է թուլանալ, և դուք կրկին խաղաղություն կգտնեք, երբ ապավինեք ձեր Երկնային Հորը և ձեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին:
Երկնային Հայրը թույլ է տալիս, որ մենք դժվարություններ ունենանք: Նույնիսկ, եթե Նա չի կանխորոշում, ստեղծում կամ հաստատում այդ փորձությունները, Նա կարող է օգնել, որ «բոլոր բաները միաժամանակ գործեն [մեր] բարիքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 90.24, տես նաև 2 Նեփի 32.9):
Մենք պարզել ենք, որ Երկնային Հորը և Փրկչին որպես հենարան դիմելը կենսական նշանակություն ունի բժշկման գործընթացում: Նրանց խաղաղությունը բժշկում է զգացմունքային և հոգևոր առումներով: Մենք գիտենք, որ նրանց սիրո և կարեկցանքի մեջ դուք կարող եք ուժ գտնել բժշկվելու համար: Մենք նաև գտել ենք որոշ եղանակներ, որոնք ձեզ թույլ կտան հիմնվել ձեր անձնական ուժեղ կողմերի վրա և քայլեր կատարել դեպի բժշկումը:
Յուրաքանչյուր ոք տարբեր կերպ է ապրում տրավմատիկ իրադարձությունները: Իրականում, ոմանք կարող են իրադարձությունը տրավմատիկ համարել, մինչդեռ մյուսները կարող են միայն անհարմարություն զգալ: Այդ պատճառով հիշեք, որ ձեր փորձառությունը չհամեմատեք ուրիշների հետ կամ չօգտագործեք այն որպես չափանիշ:
Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում իրադարձություններին
Սեմն ու Լյուսին միասին ճամփորդում էին, և նրանց մեքենայի վարորդը քնել էր ղեկին ու շեղվել ճանապարհից։ Դրա պատճառով մեքենան մի քանի անգամ շրջվել էր: Սեմը այնքան էլ չէր վնասվել և ի սկզբանե թվում էր, թե դա մեծ խնդիր չէր: Նա Լյուսիի կողքին էր մխիթարելու համար, քանի որ նրա կոտրված ձեռքը պետք է գիպսի մեջ դնեին:
Մի քանի շաբաթ անց, երբ Սեմի համար նորից ճամփորդելու հնարավորություն ստեղծվեց, նա խուճապի զգացում ունեցավ՝ մտածելով ճամփորդության երկար ժամերի մասին:
Սեմը զգում էր տրավմատիկ փորձառության հուզական հետևանքները: Նա երկմտում էր՝ արդյոք այդ մասին պետք է խոսի ինչ-որ մեկի հետ։ Բայց երբ նա խոսեց Լյուսիի հետ, իմացավ, որ վերջինս նախկինում ավտովթարի էր ենթարկվել և գիտեր, թե ինչ է զգում Սեմը: Նրանք քննարկեցին, թե Լյուսին ինչ էր սովորել իր նախկին փորձառությունից, երբ իր հավատքն էր դրսևորում առ Հիսուս Քրիստոս, աղոթում էր առաջնորդության համար և օգուտներ քաղում խորհրդատվությունից, երբ մաքառումների մեջ էր:
Հույս և բժշկություն Հիսուս Քրիստոսի միջոցով
Անկախ մեր տրավմայից, ապաքինումը կարող է գալ Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Իր անսահման Քավության և կարեկցանքի ու ողորմածության շնորհիվ Փրկիչը կարող է բուժել բոլոր վերքերը, որոնք մարդը զգացել է այս մահկանացու գոյության մեջ, անկախ նրանից՝ այդ բուժումը կգա այս, թե հաջորդ կյանքում: Երբեմն դա ավելի երկար է տևում, քան մենք ակնկալում կամ ցանկանում ենք մեզ համար, նույնիսկ Փրկչի աստվածային աջակցությամբ: Բայց Նա կարող է բժշկել մեզ (տես 3 Նեփի 17.7):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Աստծո լույսը իրական է. Այն հասանելի է բոլորին։ Այն կյանք է տալիս ամեն ինչին: Այն ի զորու է մեղմելու ամենախոր վերքի ցավը»։1
Ոչ ոք այնքան խորապես չգիտի մեր տառապանքը, որքան Երկնային Հայրը և Փրկիչը: Տերը «վայր իջավ բոլոր բաներից ցած, որով և ըմբռնեց բոլոր բաները, որ կարողանա ամենի մեջ և ամենուրեք լինել ճշմարտության լույսը» (Վարդապետություն և Ուխտեր 88.6): Քույր Էմի Ա. Ռայթը՝ Երեխաների միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է.
«Մենք բոլորս ունենք ինչ-որ բան մեր կյանքում, որը կոտրված է և պետք է նորոգվի, ուղղվի կամ բժշկվի: Երբ մենք դառնում ենք դեպի Փրկիչը, երբ ներդաշնակեցնում ենք մեր սրտերն ու մտքերը Նրա հետ, երբ ապաշխարում ենք, Նա գալիս է մեզ մոտ՝ «իր թևերի մեջ ունենալով բժշկություն» [2 Նեփի 25.13], սիրով օղակում է մեզ Իր բազուկներով և ասում. «Ամեն ինչ լավ է: … Մենք կարող ենք միասին ուղղել դա»:
«Ես վկայում եմ, որ ձեր կյանքում չկա որևէ կոտրված բան, որը վեր է Հիսուս Քրիստոսի բժշկող, փրկագնող և արտոնող զորությունից»:2
Բազմաթիվ բժշկման օրինակներ և ուղիներ կան սուրբ գրություններում և մեր ընտանիքների, ընկերների ու նախնիների կյանքում: Ի՞նչ առումներով էին ձեր նախնիները ճկուն:3
Մեր հավերժական ինքնությունը
Երբ Խուլիոն 13 տարեկան էր, սեռական բռնության ենթարկվեց մորեղբոր կողմից։ Ժամանակի ընթացքում նա սկսեց հեռանալ ընտանիքից և մեկուսացավ։ Երբեմն նա գործում էր այնպես, կարծես ոչինչ չէր պատահել, բայց երբեմն նրան հեղեղում էին զգացմունքները։ Նա միշտ կարողացել է կառավարել կյանքը, նույնիսկ զգալով մեծ երջանկություն, ինչպես որդու ծննդյան ժամանակ: Նա իրեն նաև կոտրված է զգում։ Նրա որդին այժմ մոտենում է նույն տարիքին, երբ Խուլիոն բռնության էր ենթարկվել, և երբ Խուլիոն մտածում է իր որդու հնարավոր փորձառությունների մասին, նա պայքարում է իր սեփական ինքնագնահատականի և հավերժական ինքնության մասին մտքերի և զգացմունքների հետ:
Թեև տրավման մեր մահկանացու փորձառության մի մասն է, դա մեր հավերժական ինքնությունը չէ: Մեր հավերժական ինքնությունը Աստծո զավակ լինելն է: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
«Ո՞վ եք դուք:
Նախ՝ դուք Աստծո զավակն եք:
Երկրորդ՝ որպես Եկեղեցու անդամ, դուք ուխտի զավակն եք: Եվ երրորդ՝ դուք Հիսուս Քրիստոսի աշակերտն եք»:4
Բացի այդ՝ տրավման երբեք չի արտացոլում մեր արժեքը կամ արժանիքը: Քույր Ջոյ Դ. Ջոնսը՝ Երեխաների միության նախկին գերագույն նախագահը, ուսուցանելիս պարզաբանել է այս երկու հասկացությունները.
«Հոգևոր արժեք նշանակում է՝ արժևորել մեզ այնպես, ինչպես Երկնային Հայրն է արժևորում մեզ, և ոչ թե աշխարհը: ․․․
Արժանավորությունը ձեռք է բերվում հնազանդության միջոցով: Եթե մեղանչում ենք, մենք պակաս արժանավոր ենք դառնում, բայց երբեք արժեզուրկ չենք»:5
Բռնությունը, որին Խուլիոն ենթարկվեց իր մորեղբոր ձեռքով, չփոխեցին Խուլիոյի արժեքն ու արժանավորությունը: Նա երբևէ չի մեղանչել, այլ նրա դեմ են մեղք գործել: Երբեմն ձեզ համար դժվար է հիշել ձեր արժեքն ու արժանավորությունը, երբ ձեզ բռնության են ենթարկել: Հիշեք, դուք մեղք չեք գործել, ձեր արժեքը երբեք չի նվազել, և դուք արժանի եք շարունակելու ուխտի ճանապարհը:
Երբ Խուլիոն սկսեց վստահել Տիրոջը, Նա օգնեց Խուլիոյին հասկանալ, որ մահկանացու փորձառությունները չեն փոխում մեր հանդեպ ունեցած Երկնային Հոր սերը: Նա այժմ սովորում է հասկանալ, որ թեև սարսափելի բաներ են տեղի ունեցել, սակայն դրանք չեն փոխել իր հիմնական արժեքը, հավերժական ինքնությունը կամ արժանավորությունը:
Զգացմունքային ինքնապահովում
Զարգացնելով զգացունքային ինքնապահովումը՝ կօգնեք ձեզ օգտագործել առողջ անձնական ռեսուրսներ՝ հաղթահարելու մարտահրավերները և խրթին զգացմունքները: Դուք կարող եք զարգացնել ճկունություն, փորձություններին հարմարվելու և դրանք կառավարելու կարողություն, ներառյալ տրավման:
Ճկունությունը ներառում է՝ աջակցություն և առաջնորդություն փնտրել Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից, ծառայել ուրիշներին և անհրաժեշտության դեպքում ու համապատասխանաբար ծառայություն ստանալ ուրիշներից:
Հետևյալ գործողությունները, որոնք առաջարկվում են արհեստավարժ խորհրդատուների կողմից, կօգնեն ձեզ զարգացնել ճկունություն.
-
Հարաբերություններ ստեղծել ուրիշների հետ
-
Բարելավել ֆիզիկական առողջությունը
-
Կյանքում նպատակ գտնել
-
Զարգացնել առողջ մտքեր
-
Փնտրել օգնություն, երբ դրա կարիքը կա6
1. Հարաբերություններ ստեղծել ուրիշների հետ
Առողջ հարաբերությունները հաճախ նպաստում են ապաքինմանը: Կապվելով նրանց հետ, ովքեր ամրացնում են ձեզ և խրախուսում են դիմել Փրկչին ու մեր Երկնային Հորը, կարող եք փոխել այն, ինչ անհրաժեշտ է ձեր լիարժեք բժշկման համար:
Սեմը դիմեց Լյուսիին՝ կիսելով իր վախերն ու անհանգստությունը: Այդ հարաբերությունն օգնեց նրան դառնալ ավելի իրազեկ և ճկուն: Լյուսին օգնեց Սեմին հասկանալ, թե ինչպես կարելի է բժշկվել զգացմունքային և հոգևոր առումներով:
Նպատակներ դրեք և ավելի ամուր հարաբերություններ ստեղծեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Եկեղեցում սպասավորելը մյուսների հետ հարաբերություններ ստեղծելու ուղիներից մեկն է:
2. Ինչպես հոգ տանել ֆիզիկական առողջության մասին
Տրավման զգացվում է ոչ միայն հուզական, այլև ֆիզիկական առումներով: Մենք կարող ենք զգալ աճող հոգնածություն, մեր սիրտը կարող է շատ արագ բաբախել, կարող ենք ունենալ գլխացավեր, ստամոքսի ցավի կամ աղիների ոլորվածության հետ կապված խնդիրներ: Այս ֆիզիկական ախտանիշները մեզ տեղեկացնում են, որ ինչ-որ բան այն չէ, և որ մենք պետք է հետևենք մեր առողջությանը: Ճիշտ այնպես, ինչպես մենք կարող ենք որոշակի քայլեր կատարել մեր հուզական առողջության մասին հոգ տանելու համար, այնպես էլ կարող ենք ուղիներ գտնել տրավմայից հետո մեր ֆիզիկական առողջության վերականգնման համար:
Նախ՝ ճանաչեք այն ֆիզիկական ախտանիշները, որոնք դուք զգում եք: Այնուհետև փորձեք հանգստացնել ձեր մարմինը՝ կենտրոնանալով ձեր շնչառության վրա և դանդաղեցնելով ձեր շնչառությունը: Փորձեք հասկանալ, թե ինչ եք զգում, երբ ձեր շնչառությունը արագ և անկայուն է, համեմատած այն ժամանակի հետ, երբ ձեր շնչառությունը դանդաղ է և համաչափ:
Երբեմն տրավման կարող է առաջացնել վնասվածք, որը սահմանափակում է մեզ, այնպես որ արեք այն, ինչը ճիշտ է ձեր մարմնի համար: Բայց շարժումները, հատկապես ֆիզիկական վարժությունները, օգտակար են: Ոմանք սիրում են զբոսնել կամ վազել, մինչ ուրիշները կարող են ավելի օգտակար համարել ջանասիրաբար աշխատել նախագծի վրա:
Հիշեք Իմաստության խոսքը (տես Վարդապետություն և Ուխտեր 89): Անօգուտ վարքագծով կամ նյութերով ցավը քողարկելու փորձը նման է պարզապես «խոր վերքի վրա վիրակապ դնելուն»:7 Օգնեք, որ ձեր մարմինը կառավարի լարվածությունն և ցավը, այլ ոչ թե քողարկի դրանք:
3. Գտեք կյանքի նպատակն ու իմաստը
Կյանքի մեր հիմնական նպատակն է՝ պատրաստվել վերադառնալ և ապրել մեր Երկնային Հոր հետ (տես Ալմա 12.24): Տրավման կարող է մթագնել այդ նպատակը և խանգարել մեզ տեսնելու, թե ով ենք մենք: Մեր ամենօրյա գործողություններում որոշակի նպատակ գտնելով՝ կարող ենք օգնել մեզ առաջ գնալ և նույնիսկ հիշել մեր կյանքի հիմնական նպատակը: Խուլիոն սկսեց առաջ շարժվել և նպատակ գտնել իր ամենօրյա գործողություններում, երբ հասկացավ, որ ցանկանում է օգնել իր որդուն:
Տրավմայի մեջ իմաստ գտնելը կարող է օգնել մեզ տեսնել առաջընթացի ուղին՝ գիտակցելով, որ մեր փորձառությունները մեզ հնարավորություն են տալիս աճելու և ավելի շատ նմանվելու Քրիստոսին: Օրինակ՝ ավելի հեշտ է կարեկից լինել ուրիշի նեղության հանդեպ, երբ մենք ինքներս ենք անցել դժվարին փորձությունների միջով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ տրավմայից հետո մարդիկ հաճախ զգում են այսպես կոչված «հետտրավմատիկ աճ»: Հետտրավմատիկ աճը դրսևորվում է նրանով, որ անձը մեծ ուժ է գտնում տրավմատիկ փորձառությունից հետո, ինչպես օրինակ՝ բարելավված հարաբերություններ, կյանքի կամ կյանքի որոշ որակների ավելի մեծ գնահատանք կամ կյանքի հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացում: Տրավմատիկ իրադարձություն ապրելուց հետո ճանաչեք այն ուղիները, որոնցով դուք աճել եք կամ կարող եք աճել փորձառության շնորհիվ, այլ ոչ թե կենտրոնանալ բուն տրավմատիկ իրադարձության վրա:
4. Զարգացրեք առողջ մտքեր
Տրավմատիկ փորձառությունը կարող է ազդել մեր և մեզ շրջապատող աշխարհի մասին ունեցած մեր կարծիքի վրա: Վնասվածք ստանալուց հետո մենք կարող ենք բացասական մտքեր ունենալ։ «Ես թույլ եմ», «Երկնային Հայրը ինձ չի սիրում» և «Ես անարժան եմ» մտքերը նվազեցնում են ճկուն լինելու մեր կարողությունը: Այդ մտքերը հաճախ կազդեն մեր զգացումների վրա (տես Առակաց 23.7, Վարդապետություն և Ուխտեր 6.36):
Ձեր բացասական մտքերը բացահայտելուց հետո մտածեք մի քանի առողջ, իրատեսական փոխարինող մտքեր և գրեք դրանք: Հիշեցրեք ինքներդ ձեզ այդ առողջ մտքերի մասին, երբ ձեր մտքում բացասական մտքեր են ի հայտ գալիս:
Դրա մասին ավելին իմանալու համար վերանայեք «Ուժ գտնել Տիրոջ մեջ. Զգացմունքային կայունություն» (2021) նյութի գլուխ 2-ը:
Դուք կարող եք նաև աղոթել, օրագիր գրել, խորհրդածել սուրբ գրությունների, գերագույն համաժողովի ելույթների (տես Հեսու 1.8) կամ այլ երևույթների շուրջ:
5. Փնտրեք օգնություն և աջակցություն
Երբեմն նպատակահարմար է հաշվի առնել օգնությունը, որը վեր է ձեր սեփական միջոցներից: Լյուսին օգնություն փնտրեց, ինչը նրան թույլ տվեց օգնել Սեմին: Մտածեք այն մարդկանց մասին, որոնք կարող են օգտակար լինել՝ ընտանիքի անդամները, ընկերները և ծխի ղեկավարները: Վնասվածքից ապաքինումը այն դեպքերից մեկն է, երբ ձեզ հարկավոր է օգտագործել ձեր կյանքի բոլոր հնարավոր միջոցները:
Ընդհանուր ձեռնարկը տրամադրում է ուղեցույց այն մասին, թե երբ է անհրաժեշտ արհեստավարժ խորհրդատուների աջակցությունը:8
Դժվար է չկենտրոնանալ տրավմատիկ իրադարձության վրա, բայց երբ մենք հետևում ենք մարգարեի խորհրդին՝ մեր ուշադրությունը կենտրոնացնելով Փրկչի և Նրա ավետարանի վրա, «մեր կասկածներն ու վախերը փախչում են»:9 Հիշեք, որ դուք սիրող Երկնային Հոր որդին կամ դուստրն եք: Երբ կենտրոնանաք Նրան ավելի մոտենալու վրա և օգտագործեք ձեզ հասանելի օգտակար միջոցները, աղբյուրները, նյութերը, Տերը կարող է օգնել, որ ցանկացած տրավմատիկ փորձառություն լինի ձեր օգտին: