2023
Ցանկանո՞ւմ ես ավելին իմանալ ավետարանի մասին
Սեպտեմբեր 2023


«Ցանկանո՞մ ես ավելին իմանալ ավետարանի մասին» Լիահոնա սեպտեմբեր 2023

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ցանկանո՞ւմ ես ավելին իմանալ ավետարանի մասին

Իմ վրանակիցներից մեկը տարբերվում էր մյուս զինվորներից, ուստի հարցրի, թե ինչու էր դա այդպես։

Նկար
մի տղամարդ մկրտվում է լճում

Թոմաս Սոլսբերին մկրտում է հեղինակին Վիետնամի Սոնգ Բե լճում

Լուսանկարները տրամադրել է հեղինակը

Ես երեք տարի ժամկետով զինվորագրվեցի Միացյալ Նահանգների բանակին և իմ 20-ամյակի օրը հասա Հարավային Վիետնամ: Ութ ամիս անց ես նշանակում ստացա Սայգոնից հյուսիս-արևմուտք գտնվող մի ստորաբաժանումում։ Երբ այնտեղ էի, ես արագ նկատեցի, որ իմ վրանակից ընկերներից մեկը՝ Թոմաս Սոլսբերին, տարբերվում էր բոլորից:

Տարբերությունն այնքան ապշեցուցիչ էր, որ ես, ի վերջո, հարցրի նրան. «Թոմ, ինչո՞ւ ես այդքան տարբերվում բոլորից»:

«Որովհետև ես Վերջին Օրերի Սուրբ եմ», - պատասխանեց նա:

«Ի՞նչ է Վերջին Օրերի Սուրբը», - հարցրի ես։

Նա հանդիպում կազմակերպեց իր և Հարոլդ Լյուիսի՝ վերադարձած միսիոների հետ, որը ծառայում էր որպես զորամասի քահանայի օգնական: Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ մի վրանում, որը ծառայում էր որպես փոքրիկ մատուռ: Եվ ես համաձայնեցի, որ եթե իսկապես հավատամ նրանց ասածներին, ես կմկրտվեմ: Ես նաև ստացա Մորմոնի Գրքի մի օրինակ, որը պահում էի իմ աշխատանքային տաբատի ներքևի գրպանում և կարդում էի, երբ ազատ ժամանակ էի ունենում:

Հետևեցին մի քանի քննարկումներ, և ես հասկացա, որ յուրաքանչյուր դաս պատասխանում էր այն հարցերին, որոնք ես ունեցել էի ճշմարտությունը փնտրելիս: Բայց երբ Թոմն ու Հարոլդն ինձ հարցրին՝ արդյոք ցանկանում եմ մկրտվել, ես ասացի՝ ոչ: Ես չգիտեի, թե ինչպես կարող եմ պահել բոլոր պատվիրանները, որոնք նրանք սովորեցրել էին ինձ:

Սայգոնում շրջանային համաժողովին մասնակցելուց հետո ես մի շաբաթով մեկնեցի Ավստրալիա հանգստանալու: Այնտեղ ես սկսեցի հասկանալ, թե որքան կարևոր էին ավետարանի ուսմունքներն ինձ համար: Վիետնամ վերադառնալուն պես ես անմիջապես հայտարարեցի Թոմին, որ ցանկանում եմ մկրտվել։

Շուտով Թոմը մկրտեց ինձ Սոնգ Բե լճում, Հարոլդը հաստատեց ինձ Եկեղեցու անդամ, իսկ Թիմոթի Հիլը՝ մեր Եկեղեցու խմբի ղեկավարը, ինձ սարկավագ ձեռնադրեց:

Երբ վեց շաբաթ անց վերադարձա տուն՝ Միացյալ Նահանգներ, ես ավետարանը ներկայացրի իմ ընկերուհուն, որը հետագայում դարձավ իմ կինը: Նա նույնպես ընդունեց ավետարանի հուսադրող ուղերձը:

Ես հավերժ երախտապարտ կլինեմ Թոմին, որն ինձ ուղղեց այդ հարցը. «Ուզո՞ւմ ես ավելին իմանալ ավետարանի մասին»: Նրա օրինակը և հրավերը պատասխանեցին ճշմարտությունը գտնելու և ավետարանի օրհնությունները վայելելու իմ փափագին:

Տպել