2023
Ուղղորդումներ բանտում
Սեպտեմբեր 2023


«Ուղղորդումներ բանտում», Լիահոնա, սեպտ. 2023 թ.

Դիմանկարներ հավատքի թեմայով

Ուղղորդումներ բանտում

Բանտի ներսում քույր Լանոսը՝ որպես Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչ, երբեք չմոռացավ իր նպատակը և իր խցակիցներին ուսուցանեց նրանց աստվածային ինքնության մասին, նաև թե ինչպես աղոթել:

Նկար
քույր միսիոներ միսիայի նախագահի և նրա կնոջ հետ

Լուսանկարները՝ Ամելիա Լիոնի

Քույր Ակեթզալի Լանոսը օրինակելի միսիոներ էր՝ ամուր վկայությամբ: Նա ի սկզբանե նշանակված էր Կոստա Ռիկայի Սան Խոսե Արևելյան միսիայում, բայց նա իմ կնոջ՝ Ջանինի և ինձ հետ ծառայեց Մեքսիկայի Ագուասկալիենտես միսիայում մեկ տարի, մինչև վիզա ստացավ Կոստա Ռիկա:

2022 թվականի ապրիլին մենք հրաժեշտ տվեցինք քույր Լանոսին, երբ նա ինքնաթիռ նստեց դեպի Մեխիկո Սիթի, որտեղից էլ թռչելու էր Կոստա Ռիկա: Մեր հրաժեշտից 24 ժամ չանցած՝ Մեխիկոյի ոստիկանությունը զանգահարեց մեզ։

«Մենք օդանավակայանում ձերբակալել ենք Ակեթզալի Լանոսին՝ ռազմական կարգի փամփուշտ ունենալու համար», - ասացին նրանք: «Սա դաշնային հանցագործություն է, և նա դատական կարգով կհետապնդվի»:

Ես անմիջապես կապ հաստատեցի Եկեղեցու տարածքի իրավաբանական գրասենյակի հետ, և նրանք փաստաբան վարձեցին՝ քույր Լանոսին ազատելու համար: Այդ փաստաբանը Եկեղեցու անդամ չէր: Նա պարտավորվեց օգնել մեզ, բայց հոռետեսություն արտահայտեց: Նա բացատրեց, որ ոչ զինվորական անձնակազմի կողմից միայն ռազմական փամփուշտ պահելը լուրջ հանցագործություն է՝ անկախ անձի մտադրությունից:

Ավելի ուշ քույր Լանոսը մեզ ասաց, որ փամփուշտը վերցրել է փողոցից՝ իր վերջին տարածքում: Նա կարծում էր, որ դա հուշանվեր է: Ի վերջո, փամփուշտը հիշեցնում էր հուշանվեր բանալիների շղթաները, որոնք վաճառվում էին հին արծաթի հանքավայրից դուրս՝ նրա նախկին տարածքներից մեկում: Կառավարության քննիչները, սակայն, նրան վերաբերվել էին որպես ահաբեկչի։ Մի քանի օրվա ընթացքում քույր Լանոսին օդանավակայանի բանտից տեղափոխեցին խիստ ռեժիմի բանտ, որտեղ տեղավորված էին ամենավատ կին հանցագործները:

Հավատքով աղոթքները

Քույր Լանոսի արագ ազատման համար աղոթքները սկսվեցին անմիջապես: Ջեյնը և ես հրավիրեցինք մեր միսիայում ծառայող 115 միսիոներներին հավատք դրսևորել, որ մենք կարող էինք հրաշք տեսնել, եթե դա լիներ Տիրոջ կամքը: Ես կապ հաստատեցի միսիայի նախագահների հետ Մեխիկոյում, Կոստա Ռիկայի Սան Խոսե Արևելյան միսիայի և Մեքսիկայի միսիոներների ուսուցման կենտրոնի հետ, և նրանք հրավիրեցին իրենց միսիոներներին միանալ մեզ աղոթելու համար:

Նկար
քույր միսիոներ

Բանտի պատերի ներսում քույր Ակեթզալի Լանոսը՝ որպես Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչ, երբեք չմոռացավ իր նպատակը:

Բանտի պատերի ներսում քույր Լանոսը՝ որպես Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչ, երբեք չմոռացավ իր նպատակը: Իր ինը խցակիցներին նա ուսուցանեց ամեն օր խմբով աղոթել՝ առավոտյան և երեկոյան: Նա նաև ուսուցանեց նրանց իրենց աստվածային ինքնության մասին:

Նրա խցակիցներից մեկը հայտարարեց. «Ես իսկապես վատ մարդ եմ այն ամենի համար, ինչ արեցի այստեղ մտնելու համար, և Աստված ատում է ինձ»։ Քույր Լանոսը նայեց նրա աչքերի մեջ և ասաց. «Ոչ: Դու վատ մարդ չես։ Դու ինչ-որ մեկն ես, որը վատ բան է արել: Բայց դու Աստծո դուստրն ես, և Նա սիրում է քեզ»:

Մեկ այլ խցակից պատմեց մի երազ, որը տեսել էր քույր Լանոսի ձերբակալությունից մի քանի շաբաթ առաջ: Խցակիցուհին երազում տեսել էր, որ կետցալ թռչունը թռավ մտավ բանտ՝ իրեն օգնելու։ Նախքան Եկեղեցուն միանալը՝ քույր Լանոսի մեջքին դաջված էր կետցալ թռչնի պատկերը: Երբ խցակիցուհին տեսավ դաջվածքը, նա հասկացավ, որ պետք է լսի քույր Լանոսի միսիոներական ուղերձը:

Քույր Լանոսն ուսուցանեց նրան Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին և տվեց նրան Մորմոնի Գրքի օրինակը, որը նա իր հետ բանտ էր բերել. նույն օրինակը քույր միսիոներները տվել էին քույր Լանոսին հինգ տարի առաջ, երբ նա ուսումնասիրում էր Եկեղեցին:

Մեխիկոյում արագ նախնական դատավարություն նշանակվեց։ Ես և Ջեյնը գնացինք անձամբ ցուցմունք տալու: Երբ դատարանի շենքի մոտ հանդիպեցինք փաստաբանական խմբին, փաստաբանը նկատելիորեն նյարդայնացած՝ մայթով վեր ու վար էր քայլում:

Ես նրան մի կողմ տարա և ասացի. «Այսօր դուք ձեզ ավելի հանգիստ և խաղաղ կզգաք, քան երբևէ զգացել եք դատարանի դահլիճում։ Թույլ տվեք ասել թե ինչու: Ավելի քան 500 միսիոներներ և նրանց ընտանիքները այսօր աղոթում են ձեզ համար և ձեր հաջողության համար: Նրանք նաև աղոթում են, որ դատավորի սիրտը փափկի, և նա բանտից ազատի քույր Լանոսին»։

Փաստաբանի աչքերը լցվեցին արցունքներով, և նա իր անունից երախտագիտություն հայտնեց այդքան շատ մարդկանց հավատքի և աղոթքների համար:

Առավոտյան 10:00-ին դատավարությունը սկսվեց, բայց ինձ խնդրեցին դրսում սպասել, մինչև ցուցմունք տալու իմ հերթը: Անցավ երկու երկար ժամ։ Հետո դահլիճի պահակը դուրս եկավ և ասաց, որ դատավորը իմ ցուցմունքը լսելու կարիք չունի, նա արդեն կայացրել է իր որոշումը:

Անհանգստացած մտա նիստերի դահլիճ, և դատավորը սկսեց խոսել։ Նա խոսեց այն օրենքի մասին, որը խախտել էր քույր Լանոսը, և այն ծանր մեղադրանքների մասին, որոնց նա բախվում էր։

«Անտեսելով այդ ամենը, - շարունակեց նա, - ես հավատում եմ այն ապացույցներին, որոնք ներկայացվել են քույր Լանոսի լավ բնութագրի մասին»։ Հետո նա մեջբերեց օրենքի անհասկանալի հատվածը, որը թույլ էր տալիս իրեն ողորմություն շնորհել, ապա անմիջապես ազատ արձակեց նրան։

Նկար
քույր միսիոները և միսիայի նախագահի կինը

Քույր Լանոսը քույր Ջեյն Ռեդի հետ, որի գիրկն ընկավ քույր Լանոսը բանտից ազատվելուց հետո

«Աստված իմ կողքին»

Սա այն հրաշքն էր, որը մենք փնտրում էինք: Չորս կամ ավելի տարվա ազատազրկման դատապարտվելու փոխարեն քույր Լանոսը ազատ էր: Նիստից հետո նրա փաստաբանն ասաց, որ այդ օրը իր մասնագիտական կարիերայի ամենանշանակալի օրերից մեկն էր։

«Ես իսկապես զգում էի, որ Աստված իմ կողքին է», - ասաց նա: «Ես ցանկանում եմ ավելին իմանալ ձեր համոզմունքների մասին»:

Ես նրան հրավիրեցի Մեխիկո Սիթիի (Մեքսիկա) տաճարի այցելուների կենտրոն: «Դուք այնտեղ կտեսնեք այլ միսիոներների, որոնք նույնքան բարի են, որքան քույր Լանոսը», - ասացի նրան: «Դուք կտեսնեք նրանց աչքերի փայլը և ինքներդ ձեզ կհարցնեք՝ ինչու»:

Տասներկու ժամ անց քույր Լանոսը ազատ արձակվեց՝ դեռևս բանտային հագուստով։ Նա ընկավ Ջեյնի գիրկը։ Երբ մենք բոլորս դադարեցինք լաց լինել և խոսել, քույր Լանոսը բացականչեց. «Նախագահ, ես մի քանի ուղղորդումներ ստացա բանտում»:

Այս ամբողջ փորձառությունը հաստատեց, որ «Աստված չի դադարել հրաշքների Աստված լինել» (Մորմոն 9.15): Ես կասկած չունեմ, որ շատ լավ մարդկանց հավատքն ու աղոթքները օգնեցին փաստաբանին վիճարկել իր գործը և փափկացնել դատավորի սիրտը:

Քույր Լանոսի ձերբակալության շնորհիվ մի քանի բանտարկյալ կանայք հույս ստացան Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով, փաստաբանի սրտում հավատքի սերմը ծիլ տվեց, իսկ մենք ամրապնդվեցինք մեր համոզման մեջ, որ Աստված կարող է օգտագործել մեզ՝ առաջ տանելու Իր աշխատանքը, անկախ նրանից, թե որտեղ ենք մենք:

Նկար
քույր միսիոներ՝ տաճարի դիմաց կանգնած

Քույր Լանոսը Տիխուանայի (Մեքսիկա) տաճարում:

Տպել