«Վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում սիրված լինել Աստծո կողմից», Լիահոնա, սեպտ. 2023:
Չափահաս երիտասարդներ
Վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում սիրված լինել Աստծո կողմից
Ես անտեսել էի իմ աստվածային ինքնությունն իմանալու զորությունը:
Երբ ես երիտասարդ էի, իմ ընտանիքը Հունգարիայից տեղափոխվեց Գերմանիա։ Ես ոգևորված էի այնտեղ տեղափոխվելու համար, բայց պարզվեց, որ դրանք իմ կյանքի դժվարագույն ինը տարիներն էին։
Ես դժվարությամբ էի սովորում գերմաներենը, և միշտ բավականին զգայուն եմ եղել: Այս երկու հանգամանքը ինձ դարձրին ծաղր ու ծանակի թիրախ: Իմ ինքնագնահատականը իսկապես կտրուկ ընկավ: Ժամանակի ընթացքում ես զգացի, որ ինձ չեն սիրում, և ես քիչ հույս ունեի ապագայի համար: Ես մտածում էի՝ արդյո՞ք աշխարհն ավելի լավը կլիներ առանց ինձ, և երբեմն նույնիսկ ինքնասպանության մտքեր էի ունենում:
Բայց ինչ-որ կերպ, իմ ողջ տառապանքով հանդերձ, ես գիտեի, որ կյանքն ինձ տրվել է ինչ-որ պատճառով, նույնիսկ, եթե ես լիովին չէի հասկանում, թե ինչու: Ես գիտեի, որ կարող եմ գտնել Փրկչի լույսը՝ նույնիսկ ամենամութ ժամանակներում (տես Եթեր 12.4): Երբ թվում էր, թե աշխարհը շրջվում է իմ դեմ, ես գիտեի, թե որտեղ կարող եմ գտնել Նրան, և Նա ինչ կարող է անել ինձ համար, եթե ես փնտրեի Նրան սուրբ գրությունների, աղոթքի միջոցով և ամեն ինչ անեի՝ Նրա աշակերտը լինելու համար: Հիրավի Նրա ավետարանով ապրելն էր, որ ինձ տվեց ցանկացած տեսակի խաղաղություն և օգնեց ինձ շարունակել առաջ գնալ այդ սարսափելի ժամանակաշրջանում:
Ճշմարտություն, որը ես կորցրել էի իմ տեսադաշտից
Ի վերջո, ես և իմ ընտանիքը տեղափոխվեցինք Հունգարիա: Ես ավարտել էի միջնակարգ դպրոցը, և չնայած ավարտվել էին այն օրերը, երբ ինձ ծաղր ու ծանակի էին ենթարկում, ես դեռևս ունեի ինքնագնահատականի պակաս: Այդ վատ վերաբերմունքի հետևանքներն իսկապես ազդեցին ինձ վրա, և ես դեռևս կասկածի տակ էի դնում իմ ինքնագնահատականը:
Ես՝ որպես չափահաս երիտասարդ, իսկապես ցանկանում էի վստահ լինել կյանքի կարևոր որոշումներ կայացնելիս և որոշել, թե ինչի եմ ուզում հասնել կյանքում:
Մինչ ես պայքարում էի դրա դեմ, հուշում զգացի մասնակցելու արևելյան Եվրոպայում երիտասարդ ամուրիների համար նախատեսված համաժողովին: Ես իմ կյանքում հոգևոր ուղղության կարիք ունեի, որը կօգներ ինձ խորացնել իմ ինքնագնահատականը, և աղոթեցի՝ այնտեղ պատասխաններ գտնելու համար:
Համաժողովում մի երեկո ձեռքերիս մաշկը փշաքաղվեց, երբ հավաքի մի մասնակից սկսեց խոսել այն մասին, թե ինչպես են իրեն ծաղր ու ծանակի ենթարկել մանկության տարիներին: Նա խոսեց այն մասին, թե ինչպես է մի ժամանակ իրեն անարժեք ու անտեսանելի զգացել։ Ես անմիջապես սկսեցի լաց լինել։
Նա նկարագրեց այն, ինչ ես էի զգացել։
Ելութ ունեցողը շարունակեց և կիսվեց ճշմարտությամբ, որին նա կառչել էր իր մարտահրավերների ընթացքում, մի ճշմարտություն, որը ես կորցրել էի տեսադաշտից.
«Ես Աստծո զավակն եմ»:
Ընդունելով իմ աստվածային ինքնությունը
Երբ երեկոն ավարտվեց, դեմքս դեռ ծածկված էր արցունքներով: Խոսնակը նկատեց, մոտեցավ ինձ և ձեռքը դրեց ուսիս։ Նա ասաց, որ ինքը սովորաբար անձամբ չի գալիս երեկոներին ելույթ ունենալու, բայց հուշում էր ստացել, որ կա մեկը, ով պետք է ուղղակիորեն լսի իր ուղերձը:
Ես այդ մարդն էի։
Այս փորձառությունը ցույց տվեց ինձ, որ Երկնային Հայրը լիովին տեղյակ է Իր զավակներից, և Նա հստակ գիտի, թե ինչպես օգնել մեզ, որպեսզի մենք կարողանանք զգալ Իր կատարյալ ծնողական սիրո թեկուզ մի շող: Նա գիտեր, որ ես պետք է լսեի այդ խոսնակի ուղերձը և ինձ ուղղորդեց ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել:
«Ես Աստծո զավակն եմ» արտահայտությունը ես գիտեի իմ ամբողջ կյանքում, բայց դրա ճշմարտացիությունը միայն այն ժամանակ լիովին արձագանքեց իմ հոգում: Ես իսկապես հասկացա, թե ինչ է նշանակում լինել կատարյալ Աստծո զավակ, ով սիրում է մեզ այնքան, որ Նա պատրաստ էր զոհաբերել իր սեփական Որդուն, որպեսզի մենք կարողանանք նորից ապրել և ազատվել մեր մեղքերից: Նա ինձ այնքան շատ է սիրում, որ թեև չի կարող ինձ միշտ պաշտպանել ցավից, Նա ինձ հետ է դրա միջոցով անցնելիս և կարող է օգնել ինձ վեր բարձրանալ դրանից, աճել դրանից և վերադառնալ Իր մոտ:
Նա սիրում է ինձ այժմ, և անսահման սիրում էր այն տարիներին, երբ ինձ ծաղր ու ծանակի էին ենթարկում, երբ ես զգում էի, որ ոչ ոք ինձ չի սիրում: Ես հիմա գիտեմ, որ որոշեցի շարունակել ապրել այն պատճառով, որ խորապես գիտեի այդ ճշմարտությունը:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս ուսուցանեց մեր աստվածային ինքնությունն իմանալու զորության մասին: Նա ասել է. «Իմ սիրել՛ ընկերներ, դուք բառացիորեն Աստծո հոգևոր զավակներն եք:… Բայց արդյո՞ք այդ հավերժական ճշմարտությունը դրոշմված է ձեր սրտում:
Սխալ մի հասկացեք․ ձեր ներուժն աստվածային է: Երբ ջանասիրաբար փնտրեք, Աստված ձեզ հուշումներ կտա, թե ինչ կարող եք դառնալ»:1
Այժմ, երբ ես կասկածի տակ եմ դնում իմ ինքնագնահատականը, ես ինքս ինձ միշտ հիշեցնում եմ այն փաստի մասին, որ ես Աստծո զավակն եմ, և իմ կյանքը Նրա նվերն է:
Հիշեք, որ դուք Աստծո զավակն եք: Եվ երբեք մի մոռացեք պահպանող, կյանքը փոխող և արտասովոր հոգևոր ուժը, որը գալիս է այդ ճշմարտությունն ընդունելուց:
Հեղինակն ապրում է Սեգեդում (Հունգարիա):