Սեմինարիա
Դաս 190․ Կառուցենք առողջ հարաբերություններ. Ամուր կապեր ստեղծենք ընտանիքի և ընկերների հետ


«Դաս 190. Կառուցենք առողջ հարաբերություններ. Ամուր կապեր ստեղծենք ընտանիքի և ընկերների հետ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Կառուցենք առողջ հարաբերություններ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 190. Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Կառուցենք առողջ հարաբերություններ

Ամուր կապեր ստեղծենք ընտանիքի և ընկերների հետ

ընկերների խումբ

Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք սիրենք Իրեն և մեզ շրջապատող մարդկանց: Ընտանիքի և ընկերների հետ սերտ կապեր զարգացնելով՝ մենք կարող ենք օրհնվել անհրաժեշտ մխիթարությամբ, զորությամբ և աջակցությամբ՝ թե հանգիստ, թե դժվար ժամանակներում: Այս դասը կօգնի ուսանողներին խնդրել Տիրոջ օգնությունը՝ այնպիսի հարաբերություններ հաստատելու համար, որոնք կնպաստեն իրենց ընդհանուր առողջության ու բարեկեցության բարելավմանը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչն է առավել կարևոր

Ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել այն բաները, որոնք, ըստ իրենց, առավել կարևոր են իրենց կյանքում:

Ցուցադրեք հետևյալ ուղերձը և առաջարկեք ուսանողներից մեկին կարդալ այն:

Առաջին Նախագահության նախկին անդամ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է ամենակարևոր բաների վերաբերյալ․

2:3

Of Things That Matter Most

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Երբ մենք դառնում ենք դեպի Երկնային Հայրը և փնտրում Նրա իմաստությունն ամենակարևոր բաների վերաբերյալ, մենք կրկին ու կրկին սովորում ենք չորս հիմնական հարաբերությունների կարևորության մասին՝ մեր Աստծո, մեր ընտանիքների, մեր մերձավորների և ինքներս մեզ հետ: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ամենակարևոր բաների մասին», Լիահոնա, նոյեմբեր 2010, 21)

  • Ի՞նչ սովորեցիք նախագահ Ուխդորֆի խոսքերից:

Ուսանողներին առաջարկեք շրջանակի մեջ վերցնել գրատախտակին գրված այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ մեր հարաբերություններն Աստծո և մարդկանց հետ ամենակարևոր բաներից են կյանքում: Անհրաժեշտության դեպքում գրատախտակին ավելացրեք «մեր հարաբերություններն Աստծո և մարդկանց հետ» արտահայտությունը:

Բացատրեք, որ այս դասը նվիրված է մարդկանց հետ մեր հարաբերություններին: Ուսանողներին առաջարկեք մտածել իրենց ներկայիս հարաբերությունների և այն մասին, թե արդյոք այդ հարաբերությունները նրանց ավելի են մոտեցնում Աստծուն, և տալիս են իրենց կյանքում անհրաժեշտ ուժն ու աջակցությունը: Նրանք կարող են նաև խորհել, թե ինչպես է Տերը ցանկանում, որ իրենք ամրացնեն արդեն գոյություն ունեցող հարաբերությունները կամ զարգացնեն նորերը:

Մեր հարաբերությունները

աշխատաթերթի պատկերակՈւսանողներին բաժանեք «Եկեղեցու պատմության մեջ և Վարդապետություն և Ուխտեր գրքում առկա իմաստալից հարաբերությունների օրինակներ», վերնագրով աշխատաթերթը և առաջարկեք նրանց փնտրել հետևյալ ճշմարտության վկայությունները. Աստված կարող է օրհնել մեր կյանքը և ամրացնել մեր հավատքը՝ այլ մարդկանց հետ իմաստալից հարաբերությունների միջոցով: (Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին։)

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին օգտվել աշխատաթերթից: Կարող եք նրանց բաժանել երեք հոգանոց խմբերի և խմբի յուրաքանչյուր անդամի հանձնարարել ուսումնասիրել աշխատաթերթում առկա օրինակներից մեկը: Երբ ուսանողներն ավարտեն օրինակների ուսումնասիրությունը, խրախուսեք նրանց իրենց խմբերում հերթով կիսվել իրենց սովորածով, թե Աստված ինչպես կարող է օրհնել մեզ՝ ուրիշների հետ մեր հարաբերությունների միջոցով:

Իմաստալից հարաբերությունների օրինակներ Եկեղեցու պատմությունից և Վարդապետություն և Ուխտեր գրքից

Օրինակ 1

1823 թ. սեպտեմբերին Կումորա բլուր կատարած իր այցից հետո Ջոզեֆ Սմիթն իր ընտանիքի հետ կիսվեց իր փորձառության և Մորոնի հրեշտակի այցելությունների մասին մանրամասներով: Ջոզեֆը կիսվեց իր փորձառություններով և տեսիլքներով ամենամտերիմ մարդկանց հետ: Հիշելով այս սրբազան հանդիպումները՝ Մարգարեի մայրը՝ Լյուսի Մաք Սմիթը, գրել է հետևյալը.

Լյուսի Մաք Սմիթ

Ամեն երեկո մենք հավաքում էինք մեր երեխաներին։ Կարծում եմ, որ մենք երկրի վրա երբևէ ապրած ընտանիքներից ամենայուրահատուկն էինք․ բոլորը նստած էին շրջանաձև՝ հայրը, մայրը, որդիներն ու դուստրերը՝ շունչները պահած լսում էին տղայի կրոնական ուսմունքները: …

… Ամենաքաղցր միությունն ու երջանկությունը համակել էին մեր տունը: Ոչ մի ցնցում կամ տարաձայնություն չէր խախտում մեր խաղաղությունը, և անդորրը տիրում էր մեր մեջ: (Լյուսի Մաք Սմիթ Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 486)

  • Սմիթերի ընտանիքի մասին այս պատմությունից ի՞նչն է առավել տպավորիչ ձեզ համար։

  • Ինչպե՞ս կարող էր այն սերը, որը Ջոզեֆը զգում էր տանը, օգնել նրան կատարել իր կարևոր կոչումը:

  • Ի՞նչ սովորեցիք այս օրինակից այն մասին, թե Աստված ինչպես կարող է օրհնել ձեզ կամ ինչպես կարող եք օգնել ուրիշներին օրհնվել իմաստալից հարաբերությունների միջոցով:

Օրինակ 2

Նավուում ապրելիս (Իլինոյս նահանգ), Ջոզեֆ Սմիթն անդրադարձավ իմաստալից հարաբերությունների օգտակարությանը.

Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Եթե ես պետք է տառապեմ այս աշխարհում, իմ ամենամեծ օրհնություններից մեկը ես կհամարեի այն, որ ճակատագիրս այնպես դասավորվի, որ ես կարողանամ եղբայրներ և ընկերներ գտնել շուրջբոլորս: (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 466)

  • Ինչպե՞ս կարող են ընտանիքն ու ընկերներն օգնել մեզ, երբ մենք դժվար փորձությունների միջով ենք անցնում:

  • Ինչպե՞ս կարող են ընտանիքը և ընկերներն օրհնել մեր կյանքը:

Օրինակ 3

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 108.7 հատվածը՝ փնտրելով այն խորհուրդը, որը Տերը տվեց Յոթանասունից Լայման Շերմանին:

  • Ինչո՞ւ է երբեմն դժվար լինում հնազանդվել այդ խորհրդին:

  • Ե՞րբ եք ձեզ ամրացած կամ ոգեշնչված զգացել մեկ այլ անձի հետ շփումից:

Ուսանողներին առաջարկեք կիսվել դասարանի հետ իրենց սովորածով և, թե ինչպես Աստված կարող է օրհնել մեզ մեր հարաբերությունների միջոցով:

  • Ի՞նչ սովորեցիք՝ ձեր կյանքում այլ մարդկանց հետ իմաստալից հարաբերություններ զարգացնելու արժեքի մասին:

  • Մարդկանց հետ հարաբերություններ կառուցելն ու ամրապնդելն ինչպե՞ս կարող է ազդել Աստծո հետ մեր հարաբերությունների, ինչպես նաև մեր ընդհանուր առողջության և բարեկեցության վրա:

Կառուցենք հարաբերություններ

Կարող եք ժամանակ տրամադրել՝ քննարկելու հարաբերություններ կառուցելու հմտությունները: Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք մեկական դատարկ թուղթ։ Խրախուսեք նրանց գրել առնվազն մեկ բան, որը կարող է օգնել որևէ մեկին զարգացնել կամ ամրապնդել հարաբերությունները մեկ այլ անձի հետ: Հավաքեք թղթերը և գրառումներից մի քանիսը բարձրաձայն կարդացեք դասարանի անդամների համար: Անհրաժեշտության դեպքում ուսանողների հետ կիսվեք հետևյալ գաղափարներից մի քանիսով կամ բոլորով:

  • Փնտրեք ընդհանուր հետաքրքրություններ:

  • Սովորեք և օգտագործեք մարդկանց անունները:

  • Ժպտացեք:

  • Ուշադիր լսեք, երբ մարդիկ խոսում են:

  • Անկեղծորեն գովեք և հաճոյախոսեք մարդկանց:

  • Խուսափեք մարդկանց դատելուց կամ նրանց սխալները փնտրելուց:

  • Ցուցաբերեք անկեղծ հետաքրքրություն:

  • Աղոթեք մարդկանց համար՝ նրանց անունները տալով:

  • Փնտրեք գթություն:

  • Եղեք համբերատար։

  • Փնտրեք մարդկանց ծառայելու հնարավորություններ:

Դասի ընթացքում ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ կիրառելու հարաբերություններ կառուցելու այդ հմտություններից մի քանիսը: Հետևյալ օրինակն օգտակար կլինի, եթե ուսանողները լավ չգիտեն միմյանց անունները: Եթե ձեր ուսանողներն արդեն գիտեն միմյանց անունները, կարող եք կիրառել այլ հմտություններ:

Սահմանում․ Ուսանողներին բացատրեք, որ մարդկանց անուններն օգտագործելը օգտակար հմտություն է առողջ հարաբերություններ կառուցելու համար: Բացատրեք, որ Տերը դիմում է մեզ մեր անուններով (տես Ծնունդ 35.10, Ղուկաս 19.5, Ենովս 1.5, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17): Ուսանողներին հարցրեք, թե ինչ են իրենք զգում, երբ մարդիկ գիտեն իրենց անունը և իրենց դիմում են անունով:

Մոդել․ Տեղեկացրեք ուսանողներին, որ իրենց կառաջարկվի սովորել միմյանց անունները և միմյանց դիմել անունով: Բացատրեք, որ մարդկանց անունները հիշելու եղանակներից մեկը դրանք գրելն ու պարբերաբար վերանայելն է: Տվեք դասարանի յուրաքանչյուր անդամի անունը՝ առաջարկելով ուսանողներին գրել իրենց համար անծանոթ անունները:

Նաև օգտակար կլինի ուսանողներին հարցնել, թե ինչն է խանգարում իրենց հիշել մարդկանց անունները և ինչպես իրենք կարող են հաղթահարել այդ խոչընդոտները:

Կիրառում․ Ուսանողներին մի քանի րոպե տրամադրեք՝ վերանայելու իրենց գրած անունները: Ապա հնարավորություն տվեք նրանց կիրառել դրանք: Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և տեսնել, թե արդյոք նրանք կարող են միասին աշխատել, որպեսզի անուններով դիմեն դասարանի բոլոր անդամներին: Հարցրեք, թե ով կարող է ինքնուրույն դիմել դասարանի բոլոր անդամներին իրենց անուններով, և եթե որևէ մեկը կարող է, առաջարկեք նրան անել դա: Եթե ցանկանում եք մի փոքր դժվարացնել խնդիրը, ուսանողներին առաջարկեք փոխել իրենց տեղը, այնուհետև տեսնել, թե արդյոք նույն ձևով կարող են դիմել բոլորին իրենց անուններով:

Եթե ժամանակը թույլ տա, ընտրեք լրացուցիչ հմտություն: Օրինակ՝ ուսանողներին առաջարկեք գտնել, թե իրենք ինչ ընդհանուր բաներ ունեն ուրիշների հետ: Նրանք կարող են սենյակում աշխատել այն ուսանողի հետ, որի հետ սովորաբար չեն աշխատել և միմյանց տալ հարցեր՝ իրենց ընդհանուր հետաքրքրությունները բացահայտելու համար: Այնուհետև նրանք կարող են տեղափոխվել մեկ այլ ուսանողի մոտ՝ կրկին կիրառելով հմտությունը: (Երկու հմտությունները համատեղելու համար խրախուսեք ուսանողներին այդ ընթացքում դիմել միմյանց անունով։)

Անձնական կիրառություն

Վկայեք յուրաքանչյուր ուսանողի հանդեպ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ունեցած սիրո մասին: Վկայեք, որ Աստված կարող է օրհնել և ամրացնել նրանց կյանքն իմաստալից հարաբերությունների միջոցով, որոնք իրենք ձգտում են զարգացնել։ Կարող եք նաև կիսվել ձեր կյանքում հարաբերությունների միջոցով օրհնված և ամրացված լինելու օրինակով:

Ուսանողներին առաջարկեք փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ հետևյալը կատարելու համար․

Մտածեք, թե Տերը ինչպես կարող է ցանկանալ օգնել ձեզ ամրացնել գոյություն ունեցող հարաբերությունները կամ զարգացնել նորը: Օգտագործելով այն, ինչ սովորեցիք այսօր, ծրագիր կազմեք այդ մարդու հետ ձեր կապը խորացնելու համար: Ծրագրում ներառեք, թե ինչպես եք Տիրոջից օգնություն խնդրելու այս գործընթացի համար: