«Աստծո զավակներ», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Աստծո զավակներ
Երկրի վրա գտնվող յուրաքանչյուր մարդու որոշիչ հատկանիշը
Պատկերացրեք, որ դուք առաջին անգամ եք հանդիպում ինչ-որ մեկին, և նա ասում է. «Պատմեք ինձ ձեր մասին»: Ի՞նչ կասեիք դուք: Դա, իհարկե, կախված կլինի միջավայրից, բայց փաստերը, որոնցով դուք ընտրում եք կիսվել, կարող են շատ բան ասել այն մասին, թե ինչպես եք տեսնում ինքներդ ձեզ և ինչպես եք ցանկանում, որ ուրիշները տեսնեն ձեզ:
Ձեր մասին կա մի փաստ, որն ավելի կարևոր է, քան մյուսները։ Եվ չնայած դուք կարող եք չբարձրաձայնել դա ինքներդ ձեզ ներկայացնելիս, այն ավելի հիմնարար է ձեր ինքնության համար, քան ձեր անունը, ձեր հայրենի քաղաքը կամ ձեր անձնական շահերը: Դա այն փաստն է, որ դուք Աստծո զավակ եք: Նա ձեր Հայրն է: Ինչպես դուք երկրի վրա ունեք ծնողներ, որոնցից ժառանգել եք ֆիզիկական հատկություններ, դուք նաև «երկնային ծնողների սիրելի ոգեղեն որդին կամ դուստրն եք, և, որպես այդպիսին, [ունեք] աստվածային բնույթ և ճակատագիր»: Ինչպե՞ս կարող է այս փաստը ազդել ձեր մասին ունեցած ձեր պատկերացման վրա: Ինչպե՞ս կարող է դա փոխել ձեր մոտեցումը կյանքի մարտահրավերներին և հնարավորություններին:
Բաժին 1
Աստված միայն ձեր Արարիչը չէ. Նա ձեր Հայրն է
Բոլորն էլ ունեն երկրային հայր, և այդ հայրերից ոչ մեկը կատարյալ չէ: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպիսին կարող է լինել մեր փորձառությունը հայրերի և հայրության հետ երկրի վրա, մենք նաև ունենք Երկնային Հայր, որն այն ամենն է, ինչ հայրը պետք է լինի՝ սիրող, աջակցող, իմաստուն, անձնուրաց, ձեր հաջողությանը նվիրված: Տիեզերքի ամենահզոր և փառավոր Էակը սիրում է ձեզ որպես Իր թանկագին զավակ: Նա հիանալի հասկանում է ձեզ և հստակ գիտի, թե ինչ է ձեզ անհրաժեշտ աճելու, առաջադիմելու և հավերժական ուրախություն գտնելու համար: «Գերագույն Էակ», «Արարիչ» և «Ամենազոր Աստված» կոչումները, անշուշտ, վերաբերում են Նրան: Բայց, ամեն ինչից առաջ, Նա ցանկանում է, որ դուք ճանաչեք Իրեն որպես «Հայր»:
Մտորելու հարցեր
-
Մովսեսը երկնային տեսիլքում իմացավ, որ ինքը Աստծո որդի է: Կարդացեք նրա փորձառության մասին Մովսես 1.1–11 հատվածներում: Նաև 12–18 հատվածներում նշեք, թե այս գիտելիքն ինչպես օգնեց Մովսեսին, երբ սատանան փորձեց գայթակղել նրան: Խորհեք, թե գայթակղությունների ժամանակ ձեզ ինչպես կարող է օգնել հիշելը, որ դուք Աստծո զավակն եք:
-
Երեց Բրայան Կ. Թեյլորը մի պատմություն է պատմել մի երիտասարդ կնոջ մասին, որն ասել է. «Այն, որ ես Աստծո զավակն եմ, իմ ունեցած ամենազորեղ գիտելիքն է»։ Կարդացեք նրա մասին «Արդյո՞ք զավակն եմ ես Աստծո» ելույթում, պարզելու, թե ինչու է նա դա ասել: Իմացությունը, որ Աստված իր Հայրն է, ի՞նչ փոփոխություն առաջացրեց Նրա կյանքում: Ինչ տարբերություն կարող է առաջացնել դա ձեր կյանքում:
-
Երբևէ ստեղծե՞լ եք արվեստի որևէ գործ: Կամ գուցե դուք ստեղծել եք այնպիսի բան, ինչպիսին է ժամանակացույցը, բյուջեն կամ կերակուրը: Մտածեք, թե ձեր ստեղծած իրի հետ ձեր հարաբերությունները ինչպե՞ս են տարբերվում ծնողի և երեխայի հարաբերություններից: Մտածեք այդ մասին, երբ խորհեք այս սուրբ գրությունների շուրջ. Գաղատացիս 4.6–7; Ա Հովհաննես 3.2: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ դուք Աստծո դուստրն եք կամ որդին, այլ ոչ միայն Աստծո ստեղծագործությունը:
Սովորեք միասին
-
Որպես Աստծո զավակներ մեր ներուժի մասին ուսուցանելու համար մտածեք, թե ինչպես կարող եք ցույց տալ, որ ծնողներն ու նրանց երեխաները ունեն ֆիզիկական հատկություններ: Գուցե կարող եք ցույց տալ ծնողների և նրանց երեխաների նկարները և փնտրել նմանություններ: Այնուհետև դուք կարող եք կարդալ մի քանի սուրբ գրություններ Երկնային Հոր հատկությունների մասին, ինչպիսիք են.
Այս հատկանիշների ի՞նչ ապացույցներ ենք մենք տեսնում միմյանց մեջ: Ինչպե՞ս կարող ենք դրանք ավելի զարգացնել և ավելի նմանվել մեր Երկնային Հորը:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022), Ավետարանի գրադարան
-
Դոնալդ Լ. Հոլսթրոմ, «Ես Աստծո զավակն եմ», Լիահոնա, մայիս 2016, 26–28
-
Ռոզմարի Մ. Վիքսոմ, «Բացահայտել աստվածությունը մեր մեջ», Լիահոնա, նոյեմբեր 2015, 6-8
Բաժին 2
Բոլորին վերաբերվեք որպես Աստծո զավակի
Սովորական է լսել, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները միմյանց անվանում են «եղբայր» և «քույր»: Ինչպես բացատրել է նախագահ Հենրի Բ. Այրինգը, այս խոսքերը «ոչ միայն բարեկամական ողջույնի կամ քաղցր վերաբերմունքի բառեր են մեզ համար: Դրանք արտահայտում են հավերժական ճշմարտություն. Աստված բառացիորեն ողջ մարդկության Հայրն է, մենք բոլորս Նրա հավերժական ընտանիքի մասն ենք»: Այս պարզ ճշմարտությունն ուժ ունի փոխելու մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ: Մենք կարող ենք տարբեր լինել մեր մտքերով, արարքներով և ֆիզիկական տեսքով, բայց այդ տարբերությունները շատ ավելի հեշտ է գնահատել և հարգել, երբ հիշում ենք, որ հոգևոր առումով մենք բոլորս ընտանիք ենք:
Մտորելու հարցեր
-
Մորմոնի Գիրքը պատմում է մարդկանց երկու խմբի՝ նեփիացիների և լամանացիների մասին, որոնք կատաղի թշնամիներ էին շատ սերունդների ընթացքում: Բայց կային պահեր, երբ այս խմբերը հաղթահարեցին իրենց ատելությունը և միմյանց վերաբերվեցին ինչպես եղբայրների ու քույրերի: Կարդացեք այս փորձառությունների մասին Մոսիա 28.1–3, Ալմա 26.23–31, 27.20–24, 4 Նեփի 1.1–3, 14–18 հատվաշներում: Երբ կարդաք, խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք Փրկչին խաղաղություն բերել Աստծո ընտանիքին:
-
Մարդիկ, որոնց հանդիպում եք, հավանաբար իրենց չեն ներկայացնի որպես Աստծո զավակ, բայց դուք կարող եք նրանց մասին այդպես մտածել, երբ հանդիպեք նրանց: Փորձեք: Եվ երբ դուք գայթակղվում եք ինչ-որ մեկի մասին վատ մտածել, փոխարինեք այդ միտքը «Այս մարդը Աստծո զավակն է» արտահայտությամբ: Ուշադրություն դարձրեք, թե դա ինչպես է ազդում մարդկանց հանդեպ ձեր վերաբերմունքի և այն եղանակի վրա, որով դուք վերաբերվում եք նրանց:
Սովորեք միասին
-
Ցույց տվեք տարբեր ռասաների, մշակույթների և ծագում ունեցող մարդկանց լուսանկարներ: Խոսեք այն բազմաթիվ ձևերի մասին, որոնցով մարդիկ նման են միմյանց: Քննարկեք, թե ինչու է Աստված ցանկանում, որ մենք միշտ հարգենք և բարությամբ վերաբերվենք ուրիշներին:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Մաղաքիա 2.10, Գործք Առաքելոց 17.24–29, Վարդապետություն և Ուխտեր 18.10, 76.24
-
Դալին Հ. Օուքս, «Սիրեք ձեր թշնամիներին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 26–29