Գրադարան
Աբրահամի գիրքը


«Աբրահամի գիրքը», Թեմաներ և հարցեր (2023)

Վերատպում թիվ 1

Եկեղեցու և Ավետարանի մասին հարցեր

Աբրահամի գրքի ծագումնաբանությունը

Մեր հարցերի պատասխանները փնտրելը կարող է մեզ ավելի մոտեցնել Հիսուս Քրիստոսին, եթե կիրառենք ողջամիտ սկզբունքներ։ Կարևոր է վստահելի աղբյուրների ուսումնասիրումը, երբ փնտրում ենք պատասխաններ՝ կապված ավետարանական հարցերի հետ։ Հարցերին պատասխանելու վերաբերյալ ավելի շատ խորհուրդներ փնտրելու համար տես «Խորհուրդներ փնտրեք վստահելի աղբյուրներում» թեման։

Ակնարկ

Աբրահամի գիրքը ոգեշնչված սուրբ գիրք է, որը տրվել է մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնությամբ։ Որոշ առումներով այն հետևում է հին հայրապետի աստվածաշնչյան պատմությանը և կարևոր տեղեկություններ է ավելացնում նրա կյանքի և ուսմունքների մասին։ Այն պարունակում է խորիմաստ ճշմարտություններ Աստծո էության, մեզ՝ որպես Իր զավակների հետ Նրա փոխհարաբերությունների մասին և այս կյանքի նպատակի մասին։

Այս սուրբ գիրքը Ջոզեֆ Սմիթին հայտնությամբ տրվեց 1835 թ., երբ նա ուսումնասիրում էր որոշ հին եգիպտական պապիրաթղթեր, որոնք գնվել էին Սրբերի կողմից։ Շատերը տեսել են պապիրաթղթերը, սակայն թարգմանության գործընթացի ոչ մի ականատես չկա։ Այսօր գոյություն ունեն Ջոզեֆի ձեռքում գտնվող երկար պապիրաթղթերից միայն փոքր մասը։ Այդ պապիրաթղթերի եգիպտական գրությունների և սուրբգրային տեքստի միջև կապը, որը մենք այսօր ունենք, հայտնի չէ։

Ջոզեֆ Սմիթը հավանաբար թարգմանել է Աբրահամի գիրքը պապիրաթղթերի այն հատվածներից, որոնք այժմ բացակայում են, կամ պապիրաթղթերի նրա ուսումնասիրությունը, հավանաբար, խթան է հանդիսացել Աբրահամի մասին հայտնություն ստանալու համար։ Երկու դեպքում էլ Ջոզեֆը գիրքը չի թարգմանել սովորական միջոցներով։ Խոսելով Մորմոնի Գրքի թարգմանության մասին՝ Տերն ասել է. «Դու չես կարող գրել այն, ինչը սրբազան է, եթե դա չտրվի ինձանից»։ Նույն սկզբունքը վերաբերում է նաև Աբրահամի գրքին։

Աբրահամի գրքի ճշմարտությունն ու արժեքը չի կարող որոշվել գիտական բանավեճի արդյունքում։ Դրա կարգավիճակը, որպես սուրբ գրություն, կայանում է այն հավերժական ճշմարտությունների մեջ, որոնք այն ուսուցանում է, և այն զորեղ հոգու մեջ, որը փոխանցում է։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ուսումնասիրել այդ ուսմունքները և աղոթել Սուրբ Հոգու հաստատման համար, որ այդ ուղերձը Աստծուց է։

Ավետարանի ուսումնասիրության համապատասխան ուղեցույցներ.

Ուսումնասիրենք ձեր հարցերը

Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս թարգմանեց Աբրահամի գիրքը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը չի բացատրել, թե ինչպես է թարգմանել Աբրահամի գիրքը։ Մենք գիտենք, որ նա և ուրիշներ մանրակրկիտ ուսումնասիրել են Եկեղեցու ձեռք բերած եգիպտական պապիրաթղթերը, սակայն նա չէր հասկանում հին եգիպտերեն կամ հնարավորություն չի ունեցել օգտվելու գործիքներից, որոնք կարող էին օգնել նրան թարգմանել տեքստը սովորական միջոցներով։ Ջոզեֆի ընկերները պարզապես հիշատակել են, որ թարգմանությունը հայտնի է դարձվել Աստծո կողմից։ Ինչպես նշել է Ջոն Ուիթմերը՝ «Ջոզեֆ Տեսանողը տեսավ այդ Հիշատակարան[ներ]ը և Հիսուս Քրիստոսի հայտնությամբ կարողացավ թարգմանել այդ հիշատակարանները»։ Աղբյուրները ենթադրում են, որ Ջոզեֆ Սմիթը հավանաբար օգտագործել է տեսանող քար, մինչ թելադրել է Աբրահամի գրքի տեքստը։

Ջոզեֆի ձեռքում եղած պապիրաթղթերի մեծ մասն այժմ կորել են, թեև որոշ պատառիկներ պահպանվել են։ Դրանք բաղկացած են Հորոսի Շնչառության վերաբերյալ գրքի երկու հատվածներից, Սեմինիսի մահացածների գրքի չորս հատվածներից և մի քանի նամակներից և Նեֆեր-իր-նեբուի Մահացածների գրքի մի հատվածից։ Թե Վերջին Օրերի Սրբերի և թե ոչ Վերջին Օրերի Սրբերի եգիպտագետները համաձայն են, որ այս հատվածների գրվածքը չի համապատասխանում Աբրահամի գրքում տրված թարգմանությանը։

Որոշ Վերջին Օրերի Սրբեր կարծում են, որ Աբրահամի գրքի տեքստը վերցված է պապիրաթղթերից, որոնք այժմ բացակայում են։ Ուրիշներն էլ եզրակացնում են, որ Ջոզեֆի կողմից պապիրաթղթերի ուսումնասիրության արդյունքում նրան տրվել է հայտնություն Աբրահամի կյանքի կարևոր իրադարձությունների և ուսմունքների մասին, ճիշտ ինչպես նա ավելի վաղ հայտնություն էր ստացել Մովսեսի կյանքի մասին՝ մինչ ուսումնասիրել էր Աստվածաշունչը։ Ըստ այս տեսակետի՝ պապիրաթղթերը խթան են հանդիսացել Աբրահամի մասին հայտնություն ստանալու համար։

Եկեղեցին այս տեսակետների վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում։ Այն պարզապես հաստատում է, որ թարգմանությունը կատարվել է հայտնությամբ։ Մորմոնի գրքի նման Աբրահամի գիրքն առաջ է եկել «Աստծո զորությամբ ու պարգևով»։

Ի՞նչ կապ կա Աբրահամի գրքի և եգիպտական փաստաթղթերի միջև։

1835 թվականի հուլիսից մինչև 1835 թվականի նոյեմբերը Ջոզեֆ Սմիթը և նրա դպիրները ստեղծեցին մի քանի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին եգիպտական պապիրաթղթերի պատկերներին։ Դրանցից են՝ «Եգիպտական այբուբենի փաստաթղթերը» և «Եգիպտական այբուբեն և քերականություն»։ Փաստաթղթերը, ըստ երևույթին, մաս են կազմում Ջոզեֆի և այլոց կողմից հնագույն լեզուներն ու հասկացությունները հասկանալու ձգտումների, որպեսզի նրանք կարողանային հասկանալ սուրբ անցյալը։ Ջոզեֆ Սմիթը և նրա դպիրները պապիրաթղթերից և այլ աղբյուրներից կրկնօրինակում էին այդ փաստաթղթերը և առաջարկում էին բազմաթիվ բացատրություններ (կոչվում էին «աստիճաններ») յուրաքանչյուր պատկերի համար։ Այս բացատրությունները հիմնականում չեն համընկնում գիտական մեկնաբանությունների հետ։

Ջոզեֆ Սմիթը և նրա ժամանակակիցները չեն բացատրել, թե ինչ առնչություն ունեն այդ փաստաթղթերը Աբրահամի գրքի հետ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ նրանք փորձել են սովորել եգիպտերեն՝ օգտագործելով Աբրահամի գրքի արդեն իսկ բացահայտված հատվածները։ Ուրիշներն էլ եզրակացնում են, որ Ջոզեֆը և նրա համախոհները ստեղծել են եգիպտերեն գրված փաստաթղթերը՝ որպես այն գործընթացի մաս, որի ընթացքում Ջոզեֆը հայտնություն է ստացել՝ նախ «քննե[լով] այն [իր] մտքում»։ Ուրիշներն էլ կարծում են, որ այս տեսություններից և ոչ մեկը ճշգրիտ չէ։

Արդյո՞ք Աբրահամի գրքում օգտագործվում է Աստվածաշնչի Հակոբ թագավորի տարբերակի լեզուն։

Աստվածաշնչի Հակոբ թագավորի տարբերակը (ՀԹՏ) մեծ ազդեցություն է թողել անգլերեն լեզվի վրա։ Դա հատկապես լավ հայտնի էր Ջոզեֆ Սմիթի ժամանակներում ապրող մարդկանց։ Վարդապետություն և Ուխտերի հայտնություններում հաճախ ներառված են արտահայտություններ ՀԹՏ-ից։ Նույնը կարելի է ասել Մորմոնի գրքի, Մովսեսի գրքի և Աբրահամի գրքի թարգմանությունների մասին։ Բնական է, որ ՀԹՏ լեզուն կամ նույնիսկ Ջոզեֆ Սմիթին հայտնի այլ աղբյուրներից եկած բառերն ու արտահայտությունները կհայտնվեն այս սուրբ գրություններում։ Տերը բացատրել է, որ հայտնություն է տալիս Իր ծառաներին «ըստ նրանց լեզվի, որ նրանք կարողանան հասկացողության գալ»։ Ջոզեֆի լեզվի վրա մեծ ազդեցություն է թողել այն մշակույթը, որում նա ապրում էր, և հատկապես ՀԹՏ-ին ծանոթ լինելը։

Աբրահամի պատմությունից մի քանի հատվածներ համընկնում են Ծննդոց գրքի հետ։ Թեև այս հատվածները ներառում են որոշ արտահայտություններ աստվածաշնչյան ծանոթ պատմությունից, դրանք նաև պարունակում են էական տարբերություններ, որոնք կարող են հարստացնել մեր հասկացողությունը։

Մենք ի՞նչ գիտենք Աբրահամի գրքի վերատպումների վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի բացատրությունների մասին։

Աբրահամի գիրքը ներառում է երեք տպագիր նկարազարդումներ, որոնք հայտնի են որպես վերատպումներ, որոնք հիմնված են պապիրաթղթերի պատկերների վրա։ Այս վերատպումները ներառվել են այն ժամանակ, երբ առաջին անգամ 1842 թ.-ին հրատարակվել է Աբրահամի գիրքը։ Պատկերների մասին Ջոզեֆ Սմիթի բացատրությունները հրապարակվել են վերատպումների հետ միասին։ Նկարազարդումները հիշատակված են Աբրահամի գրքի տեքստում։ Օրինակ՝ Աբրահամ 1․12-ը անդրադարձ է կատարում դեպի «այս հիշատակարանի սկզբում տրված պատկերը»՝ նկատի ունենալով Վերատպում 1-ը։

Ջոզեֆի հրապարակած վերատպումների բացատրությունների մեծ մասը չի համապատասխանում ժամանակակից եգիպտագետների մեկնաբանություններին։ Սակայն գիտնականները նկատել են որոշ ընդհանրություններ։ Օրինակ՝ Ջոզեֆ Սմիթը նկարագրել է Վերատպում 2-ի պատկեր 6-ի չորս պատկերները որպես՝ «երկիրն իր չորս կողմերով»։ Այլ գիտնականներ նույն կերպ են մեկնաբանել հին եգիպտական այլ տեքստերի նույնական պատկերները։ Վերատպում 1-ում պատկերված է կոկորդիլոսի կուռք աստվածը, որ լողում է մի վայրում, որը Ջոզեֆ Սմիթն անվանում է «հաստատություն մեր գլխավերևում»։ Գիտնականները նմանապես սահմանել են դրախտի եգիպտական հասկացությունը որպես «երկնային օվկիանոս»։

Մենք չգիտենք, թե վերատպումներն ինչ առնչություն ունեն տեքստի հետ։ Ապացույցներ կան, որ որոշ հրեա հեղինակներ այն դարաշրջանում, երբ ստեղծվել են պապիրաթղթերը, ադապտացրել և ներառել են եգիպտական գծանկարներ և պատմություններ իրենց սուրբ տեքստերում, այդ թվում՝ Աբրահամին վերաբերող նյութեր։ Հնարավոր է, որ այս նկարազարդումները նույն կերպ վերափոխված լինեն։

Արդյո՞ք եկեղեցին թափանցիկ է եղել այն ամենի վերաբերյալ, ինչ մենք գիտենք պապիրաթղթերի և դրանց բովանդակության մասին։

Այո: Իր ողջ պատմության ընթացքում Եկեղեցին հրապարակայնորեն կիսվել է եգիպտական տեքստերի մասին ունեցած գիտելիքներով, որոնք կապված են Աբրահամի գրքի հետ։ Եկեղեցին 1835-1847 թվականներին ուներ երկու եգիպտական պապիրաթղթեր, իսկ երրորդից՝ հատվածներ։ Այդ ընթացքում պապիրաթղթերը պարբերաբար ցուցադրվել են հանրությանը։ Ջոզեֆ Սմիթի մահից հետո Էմմա Սմիթը և նրա երկրորդ ամուսինը վաճառել են դրանք Աբել Քոմբս անունով մի տղամարդու, որը բաժանել է դրանք առնվազն երկու հավաքածուի և վաճառել այլ կողմերի։ Շատերը կորել են։ Երբ 1967 թվականին Եկեղեցին ձեռք բերեց պապիրաթղթերի պահպանված պատառիկները Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից, հրապարակեց հայտարարություն դրանց ձեռքբերման մասին, ինչպես նաև պատառիկների պատկերներ Deseret News-ում և այդ ժամանակվա Եկեղեցու թերթում՝ Improvement Era։ Այդ հոդվածներում քննարկվել են պատառիկների ծագումը և այն ժամանակ որպես եգիպտական թաղումների վերաբերյալ Մահացածների գրքի հետ դրանց ունեցած կապը։

Այդ ժամանակից ի վեր Եկեղեցու ղեկավարները որոշ գիտնականների թույլ տվեցին ուղղակիորեն օգտվել պապիրաթղթերի պատառիկներից, և թե Վերջին Օրերի Սրբերի, թե ոչ Վերջին Օրերի Սրբերի գիտնականները հրատարակեցին դրանց թարգմանություններն ու վերլուծությունները։ Հայտնի է, որ Ջոզեֆ Սմիթի ունեցած երկու պապիրաթղթերի գլանափաթեթներից և տարբեր պապիրաթղթերի պատառիկներից միայն մի փոքր մասն է պահպանվել։ 2018 թվականին Ջոզեֆ Սմիթի թղթերում հրապարակվեցին այս բոլոր պատառիկների նոր պատկերներն ու վերլուծությունները։

Այսօր քանի՞ պապիրաթուղթ է բացակայում։

Գիտնականներն ընդհանուր առմամբ համաձայն են, որ այժմ գոյություն ունեցող պապիրաթղթերը ներկայացնում են Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու կողմից սկզբնապես ձեռք բերված երկու սկզբնական ձեռագրերի և այլ պատառիկների միայն մի փոքր մասը։ Հետազոտողները տարբեր մեթոդներ են կիրառել ձեռագրերի սկզբնական երկարությունը գնահատելու համար։ Նրանց հաշվարկներով մեր այսօրվա ունեցածը կազմում է Ջոզեֆի ունեցած պապիրաթղթերի 2,5 տոկոսից մինչև 30 կամ 45 տոկոսը։

Ինչո՞ւ է Աբրահամի գիրքը պնդում, որ այն գրվել է Աբրահամի սեփական ձեռքով։

Երբ 1842 թվականին առաջին անգամ լույս տեսավ Աբրահամի գիրքը, այն սկսվում էր բացատրությամբ, որտեղ ասվում էր. «Եգիպտական ստորերկրյա շիրիմներից մեր ձեռքն ընկած որոշ հին հիշատակարանների թարգմանությունը, որը, ենթադրվում է, Աբրահամի գրվածքներն են, երբ նա Եգիպտոսում էր, կոչվում է Աբրահամի գիրք, որ գրվել է նրա ձեռքով՝ պապիրաթղթերի վրա»։ Աբրահամի գրքի նախնական ձեռագիր տարբերակը պարունակում է նմանատիպ ձևակերպումով նախաբան։ Նախաբանը, որ ունենք այսօր, հավանաբար ստեղծվել է, երբ 1842 թվականին լույս է տեսել Աբրահամի գիրքը։ Նմանատիպ նախաբաններ ընդգրկվել են Ջոզեֆ Սմիթի մի քանի այլ հայտնությունների տեքստերի հրատարակման մեջ։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ պապիրաթղթերը գրվել են մ.թ.ա. երրորդ և երկրորդ դարերում՝ Աբրահամի օրերից շատ ժամանակ անց։ Այս թվագրումը չի հերքում Աբրահամի գրքի բովանդակությունը։ Այսօր գոյություն ունեցող շատ հին տեքստեր կրկնօրինակների կրկնօրինակներ են։ Նմանապես, Աբրահամի գիրքը կարող էր բազմիցս կրկնօրինակվել դարերի ընթացքում, բայց միևնույն ժամանակ պնդել, որ Աբրահամն է դրա հեղինակը։

Արդյո՞ք Աբրահամի գիրքը համապատասխանում է հին Մերձավոր Արևելքի մասին մեր ունեցած գիտելիքներին։

Աբրահամի գիրքը պարունակում է մանրամասներ, որոնք չկան Աստվածաշնչում, բայց համապատասխանում են հին աշխարհի գրականությանը։ Օրինակ՝ մարդկանց և վայրերի որոշ անուններ նման են այն անուններին, որոնք հայտնաբերվել են հին գրառումներում։ Օրինակ՝ «Օլիշեմի հարթավայրը» որոշ գիտնականների կողմից կապված է եղել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մի քաղաքի հետ, որը կոչվում էր Ուլիսում։ Սա շատ հավանական համընկնում է Օլիշեմի հետ, եթե հետևենք ստանդարտ լեզվական պրակտիկային։ Նմանապես, որոշ Վերջին Օրերի Սրբերի կողմից առաջարկվել է, որ Եղկենայի աստվածը ներկայացնում է աստվածային տիտղոսի կրճատված ձևը՝ «Էլ Կոնեհ Արթզու», որը հայտնի է հյուսիսարևմտյան սեմական մի շարք արձանագրություններից և նշանակում է «Էլ, Երկրի Արարիչ»։

Աբրահամի գրքի որոշ ընդհանրական թեմաները և պատմողական կառուցվածքը նմանատիպ պատմություններ են հնագույն ոչ աստվածաշնչյան աղբյուրներից։ Դրանք ներառում են Աբրահամի հայր Թարայի պատմությունը, որ կռապաշտ էր, Աբրահամի հայրենի քաղաքը պատուհասած սովի մասին և եգիպտական փարավոնի ձեռքով Աբրահամին մարդկային զոհաբերությունից մի հրեշտակի կողմից փրկելու պատմությունները։ Հնագույն տեքստերը նույնպես պատմում են Աբրահամի մասին, որ եգիպտացիներին ուսուցանում էր երկնքի վերաբերյալ։ Օրինակ՝ Էվպոլեմուսը, որը մ.թ.ա. երկրորդ դարում ապրել է եգիպտական տիրապետության տակ, գրել է, որ Աբրահամը աստղագիտություն և այլ գիտություններ է սովորեցրել եգիպտացի քահանաներին։ Եգիպտական տաճարի գրադարանում կա մ.թ.ա. երրորդ դարի պապիրաթուղթ, որտեղ հիշատակվում է Աբրահամ անունը՝ Աբրահամի գրքի Վերատպում 1-ին նման պատկերով։ Աբրահամի կյանքի այս մանրամասներից մի քանիսը Ջոզեֆ Սմիթի օրերում ընդհանուր առմամբ անհայտ էին։

Չնայած այս օրինակները համոզիչ են, կան նաև Ջոզեֆ Սմիթի վերատպումների մեկնաբանությունների բազմաթիվ օրինակներ, որոնք համահունչ չեն այն ամենին, ինչ մենք ներկայումս գիտենք հին աշխարհի մասին։ Թեև ընդունում ենք, որ թարգմանության գործընթացի վերաբերյալ շատ բան չենք հասկանում, սակայն կարևոր է հիշել, որ Աբրահամի գրքի ճշմարտությունն ու արժեքը հնարավոր չէ գնահատել գրքի թարգմանության վերաբերյալ գիտական բանավեճով։ Աբրահամի գիրքը կարդալը, բովանդակության մասին խորհելը և ուսմունքների մասին աղոթելը կարող են օգնել ձեզ հոգևոր վկայություն ձեռք բերել դրա հավերժական արժեքի վերաբերյալ։

Ինչպե՞ս կարող եմ վկայություն ստանալ Աբրահամի գրքի և այլ սուրբ գրությունների մասին, որոնք տրվել են Ջոզեֆ Սմիթի կողմից։

Մենք շատ բան չգիտենք այն մասին, թե Աբրահամի գիրքն ինչպես հայտնությամբ տրվեց Ջոզեֆ Սմիթին։ Սակայն շատ առումներով այս գործընթացի վերաբերյալ մեր հարցերն ավելի քիչ կարևոր են, քան այն հարցը, թե արդյոք Աստված նոր սուրբ գրություն է հայտնել Ջոզեֆ Սմիթին։ Դա հավատքի հարց է։ Այս հարցի վերաբերյալ հոգևոր հաստատում ստանալու լավագույն միջոցը Աբրահամի գիրքը կարդալն է, բացահայտած ճշմարտությունների մասին խորհելը, ուսմունքները գործնականում կիրառելը և Սուրբ Հոգու վկայությունը փնտրելը։ Այս գործընթացը կարող է օգնել մեզ մոտենալ Հիսուս Քրիստոսին։ Սա Աբրահամի գրքի արժեքի վերջնական փորձությունն է։

Իմացեք ավելին

  • Ավետարանական թեմաների ակնարկ․ «Աբրահամի գրքի թարգմանությունը և պատմությունը»