«Արարում», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Արարում
Աստծո նպատակը՝ բոլոր բաները Իր զավակների համար ստեղծելու գործում
Ե՞րբ եք վերջին անգամ դիտել աստղերը գիշերային երկնքում, լսել ալիքների ձայնը լողափին նստած կամ քայլել դրսում: Մենք ապրում ենք գեղեցիկ աշխարհում: Թեև մենք շատ մանրամասներ չգիտենք այն մասին, թե ինչպես է ստեղծվել երկիրը, սակայն գիտենք, որ այն ստեղծվել է Հիսուս Քրիստոսի կողմից՝ Հայր Աստծո ղեկավարությամբ: Եվ մենք գիտենք, թե ինչու է այն ստեղծվել: Մովսես մարգարեն մի անգամ երկնային տեսիլքում իմացավ, որ Աստված ստեղծել է անթիվ աշխարհներ (տես Մովսես 1.7–8, 27–29): Աստված բացատրեց Մովսեսին, որ Ինքը ստեղծել է երկիրը, որպեսզի «իրականացնի մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Երբ մենք հասկանում ենք, որ Արարումն իրականացվել է հենց Աստծո ղեկավարությամբ և զորությամբ, մենք սկսում ենք տեսնել, թե այն որքան կարևոր է մեր փրկության համար նախատեսված Նրա ծրագրում:
Բաժին 1
Հիսուս Քրիստոսը ստեղծեց աշխարհը Երկնային Հոր ղեկավարությամբ
Երկնքի նախամահկանացու խորհրդում Հայր Աստվածը հայտարարեց երկիր ստեղծելու Իր ծրագիրը, որտեղ Իր զավակները կարող են ապրել մահկանացու կյանքով (տես Աբրահամ 3.24–25): Սուրբ գրությունները ցույց են տալիս, որ Հիսուս Քրիստոսն իրականացրել է Արարումը Հայր Աստծո ղեկավարությամբ (տես Մովսես 2.1): Արարումը տեղի ունեցավ վեց փուլերով, որոնք սուրբ գրություններն անվանում են «օրեր» (տես Մովսես 2.1–31, Ծննդոց 1.3–31, Աբրահամ 4.1–31): Տերը չի հայտնել, թե որքան երկար է եղել յուրաքանչյուր «օրը» (տես Վարդապետություն և Ուխտեր 101.32–34): Սուրբ գրությունները կենտրոնանում են Արարման նպատակի վրա, այլ ոչ թե այն գործընթացների վրա, որոնք Աստված օգտագործել է դրա իրականացման համար: Արարման վերաբերյալ ամեն ինչ վկայում է դրա ստեղծողի՝ Հիսուս Քրիստոսի մասին (Մովսես 6․63):
Մտորելու հարցեր
-
Կարդացեք աշխարհի ստեղծման երեք հիմնական սուրբգրային պատմությունները. Ծննդոց 1.1–25; Մովսես 2.1–25; և Աբրահամ 4.1–25: Ի՞նչ կարող եք սովորել՝ համեմատելով այս պատմությունները:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․32-34 հատվածները: Իմանալով, որ դեռ շատ բան կա բացահայտվելու, ինչպե՞ս եք դուք օգտագործում այն, ինչ բացահայտվել է Արարման մասին՝ ձեր հավատքն այսօր ամրացնելու համար:
Սովորեք միասին
-
Ուսանողներից յուրաքանչյուրին տվեք մեկական թերթիկ։ Թող երեք անգամ կիսով չափ ծալեն, այնուհետև բացեն, որպեսզի բաժանվի ութ մասի: Հանձնարարեք նրանց գրել կամ նկարել իրենց թղթի վրա, թե ինչ է տեղի ունեցել Արարման յուրաքանչյուր օրվա ընթացքում, մեկ օր յուրաքանչյուր բաժնի համար՝ համարակալելով օրերն ըստ հերթականության: Ութերորդ քառակուսու մեջ թող գրեն կամ նկարեն Արարման մասին ինչ-որ բան, որի համար նրանք հատկապես երախտապարտ են (օրինակ՝ իրենց ընտանիքը, օվկիանոսը, կենդանիները, ձյունը և այլն):
Լրացուցիչ աղբյուրներ
-
Կողոսացիներ 1.9–17, Վարդապետություն և Ուխտեր 76․22-24, Մովսես 1.27–39
-
Ռասսել Մ. Նելսոն, «Արարում», Ensign,մայիս 2000, 84–86
-
Բրյուս Ռ. ՄակՔոնկի, «Քրիստոսը և արարումը», Ensign, հունիս 1982, 9–15
-
Թոմաս Ռ. Վալետտա, «Արարման տևողությունը», Լիահոնա, մարտ 1998, ChurchofJesusChrist.org
-
Ալիսիա Կ. Սթենթոն, «Գիտությունը և ճշմարտության մեր որոնումը», Լիահոնա, հուլիս 2016, 54–57
-
«Մենք ապրել ենք Աստծո հետ» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org
Բաժին 2
Ամենամեծ ստեղծագործությունը մարդկությունն էր
Ադամն ու Եվան՝ երկրի վրա առաջին տղամարդն ու կինը, ստեղծվել են Աստծո կողմից և ստացել մարմիններ, որոնք նման են մեր երկնային ծնողների մարմիններին (տես Ծննդոց 1.27): Ադամն ու Եվան ամուսնացան, երբ օրհնվեցին Տիրոջ կողմից (տես Մովսես 2.27–28): Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունը բացահայտում է, որ երկրի մեկ աստվածային նպատակը կապված է Աստծո ծրագրի հետ, որ Իր զավակները մասնակցեն ամուսնությանը և ընտանիքին (տես Վարդապետություն և Ուխտեր 49.15–17): Արարման շնորհիվ Աստծո հոգևոր զավակները կարող են ձեռք բերել ֆիզիկական մարմիններ և ապրել մահկանացու կյանքով:
Մտորելու հարցեր
-
Կարդացեք Ծննդոց 1.27, Հռոմեացիներ 8.16–17, Եբրայեցիս 12։9, Վարդապետություն և Ուխտեր 20.17–18, Մովսես 2.26–27, 6.8–9։ Գիտելիքն այն մասին, որ մենք Աստծո զավակներն ենք, ինչպե՞ս կարող է փոխել ձեզ։ Դուք կարող եք նաև կարդալ Եթեր 3.6–16, Վարդապետություն և Ուխտեր 110.1–4, 130.22։
-
Կարդացեք այս պարբերությունը «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրից. «Առաջին պատվիրանը, որ Աստված տվեց Ադամին և Եվային, վերաբերում էր որպես ամուսին և կին ծնող դառնալու նրանց ներուժին: Մենք հայտարարում ենք, որ դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված՝ շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը: Մենք հայտարարում ենք նաև Աստծո այն պատվիրանը, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին»: Ինչպե՞ս կարող է Արարման աստվածային նպատակի իմացությունը օգնել ձեզ հասկանալու, թե ինչու Աստված ունի օրենքներ, որոնք կարգավորում են ծնունդ տալու զորությունը:
Սովորեք միասին
-
Դիտեք «Աստծո մեծագույն ստեղծագործությունը» տեսանյութը (2։51)։ Քննարկեք որոշ ապացույցներ, որ մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Որոշումներ հավերժության համար», Լիահոնա, նոյեմբեր 2013, 106–9
-
The First Presidency (1909), “The Origin of Man,” Ensign, Փետրվար 2002, 26–30
-
Եկեղեցու պատմության թեմաներ, «Օրգանական էվոլյուցիա», Ավետարանի գրադարան
Բաժին 3
Երկիրը պարգև է, և մենք դրա խնամակալներն ենք
Աստված Ադամին տվել է «իշխանություն» երկրի արարածների վրա (Մովսես 2.28, 5.1): Ժամանակակից հայտնության մեջ Տերն ասել է, որ «բոլոր բաները, որ բխում են երկրից», «ստեղծված են մարդու օգտի և գործածության համար» (Վարդապետություն և Ուխտեր 59.18): Բայց Տերն ասել է, որ երկրագնդի ռեսուրսները պետք է օգտագործվեն «դատողությամբ, ոչ շռայլորեն, ոչ էլ բռնի կորզելով» (Վարդապետություն և Ուխտեր 59.20):
Եպիսկոպոս Ժերալդ Կոսեն ուսուցանել է. «Արարման աստվածային պարգևը չի տրվում առանց պարտականությունների և պատասխանատվության: Այս պարտականությունները լավագույնս նկարագրված են տնտեսներ լինելու կոչման գաղափարով: Ավետարանի մեջ տնտես լինելու կոչում եզրույթը նշանակում է, որ մենք հոգևոր կամ նյութական սուրբ պատասխանատվություն ունենք՝ հոգ տանելու Աստծուն պատկանող ցանկացած բանի մասին, որի համար մենք հաշվետու ենք»:
Մտորելու հարցեր
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59․16–20 հատվածները և կազմեք այն պատճառների ցուցակը, թե ինչու է Տերը տվել մեզ երկիրը և դրա վրա եղած ամեն բան։ Մտածեք, թե Տիրոջ ստեղծագործությունների որ կողմերն են ձեզ ուրախացրել:
-
Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ ամեն մարդու՝ «իբրև տնտեսի պատասխանատու [կ]դարձնեմ երկրային օրհնությունների վրա, որոնք ես արարել եմ և պատրաստել իմ արարածների համար» (Վարդապետություն և Ուխտեր 104.13): Ինչպե՞ս կարող եք լինել Աստծո ստեղծագործությունների լավ տնտեսը կամ խնամակալը: Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Տերը, երբ ասում էր՝ զգուշությամբ օգտագործել այս բաները «դատողությամբ, ոչ շռայլորեն, ոչ էլ բռնի կորզելով»: (Վարդապետություն և Ուխտեր 59․20)
Սովորեք միասին
-
Զբոսնեք ձեր տան մոտ: Բնության մեջ փնտրեք այնպիսի բաներ, որոնք գեղեցիկ են կամ ձեզ երջանկություն են բերում: Ինչո՞ւ եք կարծում, որ Աստված աշխարհը գեղեցիկ է ստեղծել:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ժերալդ Կոսե, «Տնտեսներ լինելու մեր երկրային պարտականությունը», Լիահոնա, նոյեմբեր 2022, 57–59
-
Topics and Questions, “Environmental Stewardship and Conservation,” Gospel Library