Գրադարան
Փրկության ծրագիրը


«Փրկության ծրագիրը», Թեմաներ և հարցեր (2023)

Ծովափնյա ալիքներում զբոսնող մարդը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Փրկության ծրագիրը

Երկնային Հոր ծրագիրը՝ Իր մոտ մեր ապահով ու երջանիկ վերադարձի համար

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու եք գտնվում Երկրի վրա կամ որն է ձեր կյանքի նպատակը: Երբեմն մտածո՞ւմ եք, թե ինչու է կյանքը այսքան դժվար: Անհանգստանո՞ւմ եք, երբ մտածում եք, թե ինչ կլինի, երբ մահանաք կամ երբ ձեզ սիրելի անձը մահանա: Երբ դուք բախվում եք նման դժվարին հարցերի, ինչպես բոլորս, օգտակար է հիշել, որ Երկնային Հայրը ծրագիր ունի ձեզ համար, բոլորիս համար: Այդ ծրագրի ըմբռնումը կարող է օգնել ձեզ ստանալ այդ հարցերի պատասխանները և գտնել իսկական երջանկություն՝ անկախ նրանից, թե ինչ կարող է տեղի ունենալ ձեր կյանքում:

Ի՞նչ է փրկության ծրագիրը

Փրկության ծրագիրը՝ կամ երջանկության ծրագիրը, Երկնային Հոր ծրագիրն է, որի նպատակն է օգնել մեզ նմանվել Իրեն և վերադառնալ Իր մոտ: Երկրի արարումը, Ադամի և Եվայի անկումը, մեր ծնունդն ու մահը, Հիսուս Քրիստոսի Քավությունը, մեր հարությունը և Վերջին դատաստանը, Աստծո բոլոր օրենքները, պատվիրանները և պարգևները Նրա ծրագրի մասերն են: Հիսուս Քրիստոսը կենտրոնական դեր ունի Երկնային Հոր զավակների փրկությունն իրականացնելու գործում: Իր Քավության միջոցով Նա հնարավոր է դարձնում ծրագրի իրականացումը՝ հնարավորություն տալով մեզ իրագործել ծրագրի նպատակը՝ ստանալ հավերժական կյանք Աստծո հետ:

Թեմայի ակնարկ․ Փրկության ծրագիրը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ․ Նախաերկրային կյանք, Մահկանացու կյանք, Հավերժական կյանք

Բաժին 1

Երկնային Հայրը պատրաստել է Իր ծրագիրը, որպեսզի դուք կարողանաք նմանվել Իրեն

Մենք բոլորս՝ յուրաքանչյուրս, ով երբևէ ապրել է կամ երբևէ ապրելու է Երկրի վրա, ծնվելուց առաջ ապրել է երկնային ծնողների հետ: Մենք Նրանց հոգևոր որդիներն ու դուստրերն էինք, սակայն նրանց նման դառնալու համար դեռ շատ փորձությունների կարիք ունեինք: Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում է, որ բոլորս ապրենք այնպես, ինչպես Նա է ապրում՝ հավերժական փառքի մեջ՝ մեր սիրելիների հետ միասին: Ահա թե ինչու Նա պատրաստեց փրկության ծրագիրը:

աղոթող կինը

Աստծո գործը և փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39)։ Այլ կերպ ասած, ծրագրի ողջ նպատակն այն է, որ մենք նմանվենք Աստծուն և հավերժ ապրենք Նրա հետ: Ծրագրի մասին իմանալը կարող է օգնել ձեզ հասկանալ ձեր աստվածային ինքնությունը և հավերժական ներուժը:

Մտորելու հարցեր

  • Կարդացեք կամ դիտեք նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Դու կարևոր ես Նրա համար» ելույթը։ Անձամբ ձեզ համար, ի՞նչ է նշանակում գիտելիքը, որ Աստված «տեսնում է ձեզ որպես էակ, որը դուք կարող եք և նախատեսված եք դառնալ»: Ինչպե՞ս կարող է այդ գիտելիքը փոխել այն, թե ինչպես եք մտածում և վերաբերվում ինքներդ ձեզ և ուրիշներին:

Սովորեք միասին

  • Իր օրինակի միջոցով Հիսուս Քրիստոսը ցույց տվեց մեզ, թե ինչպես կարող ենք նմանվել Աստծուն: Կազմեք որոշ հատկանիշների ցանկ, որոնք ձեր միտքն են գալիս, երբ մտածում եք Նրա մասին: (Լրացուցիչ մտքերի համար կարող եք վերանայել գլուխ 6, Քարոզիր Իմ ավետարանը։) Քննարկեք, թե ինչպես եք տեսնում այդ հատկանիշները միմյանց մեջ: Հրավիրեք յուրաքանչյուրին ընտրել որևէ հատկանիշ, որը կցանկանար զարգացնել, և խնդրեք ծրագիր կազմել այդ հատկանիշն ամրապնդելու համար: Կիսվեք ձեր ծրագրերով միմյանց հետ և քաջալերեք միմյանց՝ ձեր նպատակների ուղղությամբ աշխատելիս:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 2

Ծրագրի ըմբռնումը կօգնի ձեզ դժվար իրավիճակներում

Երբ հասկանում եք, որ այս կյանքը ձեր գոյության միայն մի փոքր մասն է, ավելի մեծ հույս եք ունենում փորձությունների ժամանակ: Դա չի նշանակում, որ դուք միշտ կկարողանաք պատասխանել նմանատիպ հարցերի՝ «Ինչու՞ դա տեղի ունեցավ»: Բայց նույնիսկ երբ ձեր հասկացողությունը սահմանափակ է, դուք կարող եք վստահ լինել, որ Աստված սիրում է ձեզ (տես 1 Նեփի 11․17), և ձեր դժվարությունները հավերժ չեն: Դուք կարող եք նաև իմանալ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մահը վերջը չէ. դա ընդամենը քայլ է Աստծուն նմանվելու ճանապարհին:

կինը ծնկի է իջել գերեզմանաքարի մոտ

Մտորելու հարցեր

  • Դիտեք «Plan of Salvation—We’re Still a Family» (4:47)։ Տեսանյությում երիտասարդ տղամարդը հարցնում է. «Ի՞նչ է նշանակում ունենալ հավերժական հեռանկար»: Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք այդ հարցին։ Կարող եք ձեր մտքերով կիսվել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ, կամ գրի առնել դրանք օրագրում։

  • Կարդացեք հետևյալ սուրբ գրությունները, փնտրելով փրկության ծրագրի տարբեր անվանումները․ 2 Նեփի 9․6, 13, 11․5, Ալմա 34․16, 41․2, 42․8, 31։ Այդ անուններն ի՞նչ են ուսուցանում ձեզ Աստծո ծրագրի մասին։

Սովորեք միասին

  • Ինչպե՞ս կարող եք կենտրոնանալ Երկնային Հոր ծրագրի վրա՝ կյանքի փորձություններով անցնելիս: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ նրանից՝ մեր կյանքում ինչ-որ բան պատահում է, թե՝ ոչ»: Միասին խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք Քրիստոսին և Նրա ավետարանը դարձնել ձեր կյանքի կիզակետը: Դուք կարող եք հերթով լուսանկարել սենյակը: Ապա թող յուրաքանչյուրն ընտրի, թե սենյակի որ հատվածի վրա է կենտրոնանալու: Միասին նայեք լուսանկարներին և խոսեք այն մասին, թե ինչպես է սենյակը տարբերվում, երբ նայում եք տարբեր տեսանկյուններից: Խոսեք այն մասին, թե Քրիստոսի վրա կենտրոնանալն ինչպես կարող է օգնել մեզ տեսնել մեր կյանքը հավերժության հեռանկարից:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 3

Հիսուս Քրիստոսը Ծրագիրը հնարավոր է դարձնում բոլորի համար

Միգուցե դուք զգում եք, որ անչափ շատ սխալներ եք գործել կամ երբեք բավական լավը չեք լինի, որ ստանաք Աստծո խոստացած բոլոր օրհնությունները: Այդպես կլիներ, եթե Աստծո ծրագրի հաջողությունը կախված լիներ բացառապես ձեր անձնական ջանքերից։ Բայց Հիսուս Քրիստոսը Աստծո հավերժական ծրագիրը հնարավոր է դարձնում բոլորի համար: Նրա քավող զոհաբերության շնորհիվ մենք պարտավոր չենք ինքներս անել այդ ամենը: Նա հրավիրում է բոլորին սովորել ծրագրի մասին, ապաշխարել, Իր հետ ուխտեր կապել և պահել ու վայելել ծրագրի խոստացված օրհնությունները: Եթե մենք անենք հնարավոր ամեն ինչ Նրա հանդեպ հավատք գործադրելու, ապաշխարելու և մեր ուխտերը պահելու համար, Նա կանի մնացածը և կամրացնի մեզ ճանապարհին: Մենք կարող ենք երջանկություն գտնել ծրագրում՝ իմանալով, որ Նրա խոստումներն անսասան են:

Մտորելու հարցեր

  • Կարդացեք կամ դիտեք երեց Ադրիան Օչոայի ուղերձը 2022թ․ ապրիլյան համաժողովից․ «Արդյո՞ք Ծրագիրն աշխատում է։» Երեց Օչոան նկարագրում է երեք սկզբունքներ, որոնք կարող են օգնել, երբ զգաք, որ փրկության ծրագիրը չի գործում ձեր կյանքում: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը անբաժանելի այդ բոլոր սկզբունքներից: Նպատակ դրեք ավելի շատ կենտրոնանալ Նրա վրա: Ձեր նպատակի վրա աշխատելիս գրի առեք, թե ինչպես է երջանկության ծրագիրը գործում ձեր կյանքում և ինչ եք զգում:

Լրացուցիչ աղբյուրներ

Այլ աղբյուրներ փրկության ծրագրի մասին