«Մահկանացու կյանք», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Մահկանացու կյանք
Ձեր գոյության պատճառը
Մեր կյանքի ժամանակի մեծ մասը զբաղված է, և մենք իրականում չենք մտածում այն մասին, թե արդյոք այդ ամենում որևէ մեծ նպատակ կա: Մենք պարզապես փորձում ենք հաղթահարել մարտահրավերներով լի ևս մեկ օր: Այնուամենայնիվ, կարծես մեր ներսում ինչ-որ բան կա, որը ցանկանում է իմանալ «Ինչո՞ւ եմ ես այստեղ», կամ «Ո՞րն է կյանքի նպատակը»:
Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը հաստատապես հայտարարում է, որ ձեր կյանքն իսկապես նպատակ ունի, և դուք կարող եք դա իմանալ: Պարզ ասած, դուք այստեղ եք, քանի որ ձեր Երկնային Հայրը տվել է ձեզ այդ հնարավորությունը, և դուք ուրախությամբ ընդունեցիք դա: Այս կյանքում ձեր նպատակն է աճել, սովորել Աստծո մասին, ավելի նմանվել Նրան և մի օր ստանալ հավերժական կյանք՝ Նրա հետ: Այդ ճշմարտությունների ըմբռնումը կարող է հզոր ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե դուք ինչպես եք տեսնում կյանքի օրհնությունները և փորձությունները, վշտերն ու ուրախությունները:
Բաժին 1
Ֆիզիկական մարմին ստանալու հնարավորություն
Դժվար է պատկերացնել կյանքը առանց մեր մարմնի, քանի որ մեր իմացածի և զգացածի մեծ մասը ստանում ենք մեր ֆիզիկական զգայարաններով: Բայց դուք շատ ավելին եք, քան ձեր մարմինը: Դուք ունեք հոգի, որը գոյություն է ունեցել ձեր ծնվելուց շատ առաջ: Աստված՝ ձեր հոգու Հայրը, տվել է ձեզ այս ֆիզիկական մարմինը՝ որպես պարգև, որպեսզի օգնի ձեզ ապրել մահկանացու կյանքով և աճել՝ ավելի նմանվելով Իրեն: Ֆիզիկական մարմին ստանալը և երկրի վրա մահկանացու կյանքով ապրելը ձեր հավերժական երջանկության համար Նրա ծրագրի հիմնական մասն է:
Մտորելու հարցեր
-
Աստված ի՞նչ է ցանկանում, որ մենք հասկանանք մեր մարմնի մասին: Խորհեք այդ մասին, երբ կարդում եք Ծննդոց 1.26–27, Մովսես 2.27 և Ա Կորնթացիս 6.19–20: Աստծո տեսակետը ձեր ֆիզիկական մարմնի վերաբերյալ ինչպե՞ս է տարբերվում այն ուղերձներից, որոնք դուք տեսնում և լսում եք աշխարհում: Երբ տեսնում եք ձեր մարմինն այնպես, ինչպես Նա է տեսնում, ինչպե՞ս է փոխվում ձեր վերաբերմունքը ձեր մարմնի վերաբերյալ կատարած ձեր ընտրությունների հանդեպ:
-
Դիտեք «Աստծո մեծագույն ստեղծագործությունը» տեսանյութը (2:51) կամ կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Ձեր մարմինը հոյակապ պարգև է, գնահատեք այն»: Գրանցեք ձեր զգացմունքները ձեր մարմնի պարգևի վերաբերյալ: Ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ ցույց տալու ձեր երախտագիտությունը այդ պարգևի համար:
Սովորեք միասին
-
Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց ձեռնարկը ունի «Ձեր մարմինը սուրբ է» վերնագրով բաժինը (էջեր 22–29): Կարդացեք այդ միասին և երբեմն կանգ առեք՝ տալով նմանատիպ հարցեր. «Ի՞նչ է դա ձեզ համար նշանակում» կամ «Այս սկզբունքներն ինչպե՞ս կազդեն մեր մարմնի վերաբերյալ մեր կատարած ընտրությունների վրա»:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Որոշումներ հավերժության համար», Լիահոնա, նոյեմբեր 2013, 106–9
-
Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ձեր հրաշալի ճամփորդությունը դեպի տուն», Լիահոնա, մայիս 2013, 125-29
-
Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 211-13
Բաժին 2
Պատրաստվելու և ստուգվելու ժամանակը
Եթե դուք սովորել եք դպրոցում, ապա հավանաբար գիտեք, թե ինչ է թեստ կամ քննություն հանձնելը: Քննությունը ձեզ հնարավորություն է տալիս ցույց տալ, թե ինչ եք սովորել, որպեսզի կարողանաք անցնել հաջորդ դասարան կամ դասընթաց և ավելին իմանալ:
Կյանքը, որոշ առումներով, նման է քննության կամ թեստի: Մեր փորձառությունները և այդ փորձառություններին մեր արձագանքները մեզ հնարավորություն են տալիս, «որպեսզի տեսնենք, թե արդյոք [մենք] կանենք այն ամենը, ինչ Տերը՝ [մեր] Աստվածը, կպատվիրի [մեզ]» (Աբրահամ 3.25): Բայց, ի տարբերություն դպրոցական թեստերի մեծ մասի, կյանքի թեստը պարզապես գնահատվելու ժամանակ չէ. դա նաև դառնալու գործընթաց է: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ դուք կարող եք շտկել սխալները ապաշխարության միջոցով և աստիճանաբար ավելի նմանվել Աստծուն: Եթե մենք օգտագործում ենք մեր ժամանակը երկրի վրա՝ դեպի Քրիստոսը դառնալու և Նրա ավետարանն ընդունելու համար, Նա կարող է օգտագործել մահկանացու կյանքի մեր փորձառությունները, ներառյալ ցավալի, տխրալի փորձառությունները, որպեսզի պատրաստի մեզ հավերժության համար (տես Հռոմեացիներին 8.28):
Մտորելու հարցեր
-
Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցներ՝ «Ո՞րն է կյանքի նպատակը», ի՞նչ կպատասխանեիք: Մտածեք, թե սուրբ գրությունների այս հատվածներն ինչպես կարող են օգնել ձեր պատասխանին. Ալմա 12.24, 34.31–37, Վարդապետություն և Ուխտեր 84.43–48: Ինչպե՞ս եք «պատրաստվում հանդիպելու Աստծուն»։
-
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Այս կյանքն իսկապես այն ժամանակն է, երբ դուք պետք է որոշեք, թե ինչպիսի կյանքով եք ուզում ապրել հավերժ»: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչպիսի՞ կյանքով եմ ուզում ապրել հավերժ: Ի՞նչ ընտրություններ եմ ես կատարում, որոնք կհանգեցնեն այդ նպատակին: Կա՞ն արդյոք ճշգրտումներ, որոնք ես պետք է կատարեմ: Ինչպե՞ս կարող եմ հրավիրել Փրկչի զորությունը, որպեսզի օգնի ինձ կատարել այս փոփոխությունները:
Սովորեք միասին
-
«Դառնալու մարտահրավեր», տեսանյութում (1:23) նախագահ Դալլին Հ. Օուքսը առակ է պատմում մի հարուստ հոր մասին: Այս առակը կարող է մղել քննարկման՝ մեզ համար ունեցած Երկնային Հոր նպատակների մասին մահկանացու կյանքում: Դուք կարող եք խոսել այն մասին, թե ծնողներն ինչպես կարող են օգնել իրենց երեխաներին նախապատրաստվել իրենց ապագային: Ինչպե՞ս է Երկնային Հայրը նախապատրաստում ձեզ ապագա հավերժական օրհնությունների համար, որոնք Նա ցանկանում է տալ ձեզ: Կարող եք միմյանց հետ կիսվել որոշ փորձառություններով և ընտրություններով, որոնք օգնում են ձեզ պատրաստվել հավերժական կյանքին:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Հռոմեացիներ 5.3–5, Ա Պետրոս 1.6–7, Վարդապետություն և Ուխտեր 121․7-8, 122.5–7
-
Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ դրանով մենք նրանց կստուգենք», Լիահոնա, նոյեմբեր 2020, 8-11
Բաժին 3
Հիսուս Քրիստոսում ուրախություն զգալու ուղին
Լեքի մարգարեն ուսուցանել է. «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25): Բայց նույնիսկ Լեքիի կյանքը հեշտ չէր: Նա ուներ ամեն տեսակի անհանգստություններ և վիշտ. նա ստիպված էր փախչել տնից, որպեսզի փրկեր իր կյանքը, իսկ նրա երկու որդիները ապստամբեցին նրա դեմ: Կյանքի նպատակի Լեքիի նկարագրության մասին Նախագահ Նելսոնն ասել է. «Պատկերացրեք: Մեր մահկանացու կյանքի բնույթն ու նպատակը նկարագրող բոլոր բառերից [Լեքին] ընտրեց ուրախությունը»: Նույնիսկ մահկանացու կյանքի բոլոր փորձություններով և քրտնաջան աշխատանքով հանդերձ, մենք երբեք չպետք է մոռանանք, որ մեր Հայրն իսկապես ցանկանում է, որ մենք ի վերջո ստանանք այն ուրախությունը, որ Ինքն ունի:
Մտորելու հարցեր
-
Այն ժամանակներում, երբ առանձնապես ուրախ չենք, իսկ մենք բոլորս անցնում ենք դրա միջով, մեզ կարող է օգնել Եբրայեցիներին 4.14–16 սուրբ գրությունը: Այդ հատվածներից ի՞նչ ենք սովորում Փրկչի մասին: Ի՞նչն է Նրան որակավորում՝ առաջարկելու «օգնություն պատեհ ժամին»:
Սովորեք միասին
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սրբերի ուրախությունը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 15–18