«Նախամահկանացու կյանք», Թեմա և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Նախամահկանացու կյանք
Մեր կյանքը Աստծո հետ՝ նախքան մեր ծնվելը
Ինչ-որ պահի մարդկանց մեծամասնությունը կմտածի, թե ինչ կլինի, երբ իրենք մահանան: Բայց երբևէ մտածե՞լ եք, թե արդյոք դուք գոյություն ունեիք նախքան ծնվելը և, եթե այո, ապա ով էիք այն ժամանակ:
Մենք սուրբ գրություններից գիտենք, որ նախքան երկիր գալը մենք ապրել ենք Աստծո հետ և երկրպագել Նրան որպես մեր Հավիտենական Հոր: Մենք նաև հրահանգ և նախապատրաստություն ստացանք մեր մահկանացու կյանքի համար և ընտրեցինք հետևել մեր փրկության համար նախատեսված մեր Հոր ծրագրին:
Փրկության այս ծրագիրը ներառում էր մեր գալը երկիր: Որպես մահկանացու փորձառության մաս, մենք կստանայինք մահկանացու մարմիններ, և վարագույրը կծածկեր մեր նախամահկանացու կյանքի հիշողությունները: Այստեղ՝ երկրի վրա, մենք պետք է գործադրենք մեր բարոյական ազատ կամքը կամ ընտրելու մեր կարողությունը: Մեր նախամահկանացու կյանքի ընթացքում տեղի ունեցած Մեծ Խորհրդի ժամանակ Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին, որպեսզի վճարի մեր մեղքերի գինը և հաղթի մահին, և Հիսուսը պատրաստակամորեն ընդունեց այդ դերը: Մենք իմացանք, որ մեր Երկնային Հորը նմանվելու մեր առաջընթացը կպահանջի մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և հնազանդությունը Աստծո պատվիրաններին:
Բաժին 1
Դուք ապրել եք Աստծո հետ նախքան ծնվելը
Նախքան ծնվելը մենք ունեինք հոգևոր մարմիններ և ապրում էինք Աստծո հետ որպես երկնային ծնողների հոգևոր դուստրեր և որդիներ (տես Մովսես 3.4–5): Այնտեղ մենք «ճանաչում և երկրպագում էին[ք] Աստծուն, որպես [մեր] Հավերժական Հորը»։ Դա սովորելու և նախապատրաստվելու ժամանակ էր, և Աստված ընտրեց մեզ (տես Երեմիա 1.5) ու օգնեց մեզ պատրաստվել մեր կյանքին երկրի վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 138.56):
Մտորելու հարցեր
-
«Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում ուսուցանված ճշմարտություններն օգնում են մեզ հասկանալ, թե մեր նախամահկանացու կյանքն ինչպես է համապատասխանում մեզ համար նախատեսված Երկնային Հոր երջանկության ծրագրին: Կարդացեք հռչակագրի առաջին երեք պարբերությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով մեր նախամահկանացու կյանքի հղումներին: Մեր նախամահկանացու կյանքի ձեր հասկացողությունը ինչպե՞ս է օգնում, երբ դուք բախվում եք մարտահրավերների: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստված հայտնել այս ճշմարտությունները նախամահկանացու կյանքի մասին:
-
Մենք շատ բան չգիտենք մեր նախամահկանացու կյանքի մասին: Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ «շատերը … ստացել էին իրենց առաջին դասերը հոգիների աշխարհում և պատրաստվել էին՝ առաջ գալու Տիրոջը հարմար ժամանակ» (Վարդապետություն և Ուխտեր 138.56): Նկատի ունենալով, թե ինչ գիտեք Աստծո փրկության և վեհացման ծրագրի և Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, ի՞նչ դասեր կարող ենք սովորել այդ ժամանակի ընթացքում: Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 138.53–57 հատվածները՝ հատուկ ուշադրություն դարձնելով (հատված 56): Եթե դուք ունեք ձեր հայրապետական օրհնությունը, դրա ընթերցումը նույնպես կարող է օգտակար լինել: Գիտելիքը, որ դուք պատրաստ եք եղել ձեր մահկանացու կյանքին, ինչպե՞ս կարող է վստահություն տալ ձեզ դժվարին ժամանակներում:
Սովորեք միասին
-
Նախագահ Ռասել Մ. Նելսոնը հիշեցրեց Եկեղեցու անդամներին. «Ո՞վ եք դուք: Առաջին հերթին դուք Աստծո զավակն եք»: Հրավիրեք բոլորին կիսվել, թե ինչու է նրանց համար կարևոր իրենց ինքնությունը որպես Աստծո զավակներ: Ապա կարդացեք Եբրայեցիս 12.9, Վարդապետություն և Ուխտեր 76.24, Գործք Առաքելոց 17.29 և Հռոմեացիներ 8.16 հատվածները միասին։ Ի՞նչ գաղափարներ եք ձեռք բերում այս սուրբ գրություններից: Ի՞նչ եք սովորում այս սուրբ գրություններից այն մասին, թե ինչ է նշանակում լինել Աստծո զավակ: Կիսվեք ձեր գաղափարներով խմբի հետ:
-
Հիշեք ուրիշների պատմած պատմությունները ձեր մանկության մասին: Թեև դուք չեք հիշում ձեր վաղ մանկությունը և ինչ է պատահել ձեզ հետ այն ժամանակ, սակայն դա կարող է ազդել ձեզ վրա ձեր ողջ կյանքի ընթացքում: Հրավիրեք խմբին կիսվել մի քանի օրինակներով: Ինչպես մենք չենք կարող հիշել մեր վաղ մանկությունը, այնպես էլ չենք կարող հիշել մեր նախամահկանացու կյանքը: Ինչպե՞ս է այս փաստն ազդում մեր նախամահկանացու կյանքի մասին մեր մտածելակերպի վրա:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ձեր հրաշալի ճամփորդությունը դեպի տուն», Լիահոնա, մայիս 2013, 125–29
-
Neal A. Maxwell, “Premortality, a Glorious Reality,” Ensign, Nov. 1985, 15–18
-
«Գլուխ 6. Մեր նախամահկանացու կյանքը», Doctrines of the Gospel Student Manual (2010), 13–15:
Բաժին 2
Հիսուս Քրիստոսը նախամահկանացու կյանքում ընտրվեց՝ լինելու մեր Փրկիչը
Նախամահկանացու կյանքում Երկնային Հայրը հրավիրեց Մեծ Խորհուրդ՝ ներկայացնելու Իր ծրագիրը մեր հավերժական առաջընթացի համար: Մենք սովորեցինք, որ գալու ենք երկիր, որտեղ կարող ենք գործադրել մեր բարոյական ազատ կամքը և ավելի շատ նմանվել Աստծուն (տես Աբրահամ 3.23–26): Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին որպես աշխարհի Փրկիչ և Քավիչ, և Նա պատրաստակամորեն ընդունեց այդ դերը (տես Ա Պետրոս 1.19–20): Որպես մեր Քավիչը, Նա հնարավոր կդարձնի մեր վերադարձը Աստծո ներկայություն՝ հաղթահարելով մահն ու մեղքը:
Այնուամենայնիվ, Լյուցիֆերը (սատանան) ձգտում էր ոչնչացնել այն ազատությունը, որն Աստված տվել էր Իր զավակներին (տես Մովսես 4.1–3): Նա նաև ցանկանում էր ստանալ Աստծո փառքը (տես Եսայիա 14.12–15, Վարդապետություն և Ուխտեր 76.25–29): Սա մեծ պառակտում առաջացրեց Աստծո զավակների միջև (տես Աբրահամ 3.27–28, Հայտնություն 12.7): Նրանք, ովքեր հետևեցին Լյուցիֆերին, նրա հետ վռնդվեցին երկնքից (տես Հայտնություն 12.8–9, Վարդապետություն և Ուխտեր 29.36–37): Բոլոր նրանք, ովքեր ընդունեցին Հիսուս Քրիստոսին որպես Փրկիչ, կարողացան առաջադիմել և ստանալ ֆիզիկական մարմին երկրի վրա:
Աստված մեզ տվել է բարոյական ազատության պարգևը: Կարդացեք 2 Նեփի 2.27–29 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն դերին, որ ազատ կամքն ունի մեր կյանքում: Ինչո՞ւ է ազատ կամքի պարգևը Երկնային Հոր ծրագրի և մեր մահկանացու փորձառության կարևորագույն մասը: Ի՞նչ է ձեզ սովորեցնում Լյուցիֆերի և նրա հետևորդների հեռացումը ազատ կամքի կարևորության մասին:
Հիսուս Քրիստոսը նախակարգված էր լինելու մեր Փրկիչը Ի՞նչ է նշանակում «Փրկիչ» տիտղոսը: Կարդացեք Հովհաննես 3.17, Գործք Առաքելոց 2.21, Հելաման 14.15 և Մովսես 1.6 հատվածները: Ի՞նչ եք սովորում այս հատվածներից Հիսուս Քրիստոսի դերի մասին:
Սովորեք միասին
Մեր նախամահկանացու կյանքի ընթացքում մենք ճանաչում էինք Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Մահկանացու կյանքում մենք այս ժամանակի մասին չենք հիշում և պետք է «հավատով ընթանանք և ոչ թե տեսողությամբ» (Բ Կորնթացիս 5.7): Եթե դուք սովորեցնում եք փոքր երեխաներին, կարող եք հրավիրել նրանց աչքերը կապած քայլել սենյակով, որպեսզի օգնեք նրանց հասկանալ, թե դա ինչ է նշանակում: Խմբով ուսումնասիրեք սուրբ գրություններից մի քանիսը, որոնք թվարկված են Սուրբ գրությունների ուղեցույցի «Հավատք» բաժնում: Այնուհետև քննարկեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի դերը մեր երկնային տուն վերադառնալու ճանապարհին:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դալլին Հ․ Օուքս, «Մեծ ծրագիրը», Լիահոնա, մայիս 2020, 93–96
-
Սուրբ գրքերի ուղեցույց. «Երկնային խորհուրդ», Ավետարանի գրադարան
-
Սուրբ Գրքերի ուղեցույց, «Փրկիչ», Ավետարանի գրադարան