«Պատվիրաններ», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Պատվիրաններ
Աստվածային ճշմարտություններ՝ մեզ Աստծո ուխտի արահետում առաջնորդելու համար
Երբևէ նկատե՞լ եք, թե քանի ցուցանակ է փակցված ճանապարհների և մայրուղիների երկայնքով: Որոշ ցուցանակներ տալիս են ուղղություններ, որոնք կօգնեն վարորդներին ուղևորվել այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են գնալ: Այլ նշանները նպաստում են անվտանգությանը՝ ցույց տալով արագության սահմանափակումներ կամ նախազգուշական ուղերձներ ճանապարհային պայմանների մասին: Եթե վարորդները որոշեն անտեսել ճանապարհային նշանները, նրանք կարող են վտանգի ենթարկել իրենց և մյուսներին: Երկնային Հոր պատվիրանները մի փոքր նման են ճանապարհային նշաններին: Երբ հնազանդվում եք, պատվիրանները ձեզ ուղղորդում են այն ճանապարհի վրա, որը տանում է դեպի Աստծո ներկայությունը: Նրանք ձեզ հրահանգում են, թե ինչպես գտնել խաղաղություն և ուրախություն այս կյանքում: Աստծո պատվիրանները կարող են նաև օգնել ձեզ խուսափել այս աշխարհի հոգևոր և նյութական շատ վտանգներից:
Պատվիրանները մեր հանդեպ ունեցած Աստծո սիրո վկայությունն են: Պատվիրանները պահելու ընտրությունը օրհնություններ և ուրախություն է բերում ձեր կյանք: Պատվիրաններին հնազանդվելը նաև կպատրաստի ձեզ վերադառնալ և հավիտյան ապրել Աստծո հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 82.8–10): Ինչպես ուսուցանել է Նախագահ Դալլին Հ. Օուքսը. «Աստծո համընդհանուր և կատարյալ սերը տեսանելի է Նրա ավետարանական ծրագրի բոլոր օրհնություններում, ներառյալ այն փաստը, որ Աստծո ամենաընտիր օրհնությունները պահված են նրանց համար, ովքեր հնազանդվում են Նրա օրենքներին»:
Բաժին 1
Պատվիրանները ավետարանով ապրելու կարևոր մասն են
Հիսուսն ուսուցանեց, որ երկու մեծագույն պատվիրաններն են՝ սիրել Աստծուն և սիրել ձեր մերձավորին: Մյուս բոլոր պատվիրաններն ուղղություն են տալիս, թե ինչպես կատարել այդ երկուսը: (Տես Մատթեոս 22.37–40:)
Սուրբ գրությունները ցույց են տալիս, որ Աստված ուսուցանել է պատվիրանները մարգարեների միջոցով՝ Ադամի և Եվայի օրերից սկսած (տես Մովսես 5.4–5): Ողջ աշխարհում շատ մարդիկ ծանոթ են Տասը պատվիրաններին, որոնք Եհովան հայտնեց Մովսեսին (տես Ելք 20.3–17): Այս աստվածային օրենքները կրկին շեշտադրվել են մեր օրերում՝ այլ կարևոր ճշմարտությունների հետ մեկտեղ (տես Վարդապետություն և Ուխտեր 42.19–29, 59.5–13): Աստծո պատվիրաններն արգելում են անբարոյական արարքները, ինչպիսիք են՝ անազնվությունը, շնությունը և սպանությունը։ Աստված նաև պատվիրաններ է տվել բարիք գործելու համար, ինչպես օրինակ՝ աղոթել, ներել, և հոգ տանել կարիքավորների համար:
Հնազանդությունը պատվիրաններին լավագույնս մոտիվացված է Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր սիրով: Երբ մենք պայքարում ենք Աստծո պատվիրաններին հնազանդվելու համար, Նա հրավիրում է մեզ ապաշխարել և դառնալ դեպի Իրեն:
Մտորելու հարցեր
-
Կարդացեք Մատթեոս 22.37–40 հատվածները: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հիսուսն ասաց, որ մեծագույն պատվիրաններն են՝ սիրել Աստծուն և սիրել ձեր մերձավորին: Ինչպե՞ս են մյուս պատվիրաններն արտացոլում այս երկու պատվիրանների իմաստը:
-
Պատկերացրեք, որ ինչ-որ մեկն առաջարկել է, որ Աստծո յուրաքանչյուր պատվիրանին հետևելը կարևոր չէ: Ինչպե՞ս կարձագանքեիք: Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք մեծացնում են ձեր երախտագիտությունն Աստծո պատվիրանների հանդեպ:
-
Կարդացեք Մարկոսի 10.17–22 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե հարուստ երիտասարդն ինչպես էր վերաբերվում պատվիրաններին: Ի՞նչ եք սովորում պատվիրաններին հնազանդվելու մասին Հիսուս Քրիստոսի հետ նրա շփումից: Եթե դուք ձեզ դնեք այս մարդու դիրքում, ձեր կարծիքով Հիսուսը ի՞նչ փոփոխություն կխնդրեր ձեզ անել:
Սովորեք միասին
-
Դիտեք «Ինչո՞ւ է Աստված մեզ պատվիրաններ տալիս» (0:39) տեսանյութը: Տեսանյութը դիտելուց հետո դուք կարող եք կազմել պատվիրանների ցանկը, որոնցով ապրել եք, նաև կազմել ձեր հնազանդության համար ստացած օրհնությունների ցանկը: Կարող եք նաև խոսել այն մասին, թե ինչու է կարևոր պատվիրանները դիտարկել Աստծո տեսանկյունից:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ժողովող 12.13, Մոսիա 2.41, 12.33–37, 13.11–26, Վարդապետություն և Ուխտեր 130.20–21
-
Լ. Ուիթնի Քլեյթոն, «Ինչ որ ասէ ձեզ, արէք», Լիահոնա, մայիս 2017, 97–99,
-
«Մեծագույն պատվիրանը» (տեսանյութ), Ավետարանի գրադարան
Բաժին 2
Պատվիրանները մեզ մոտեցնում են Հիսուս Քրիստոսին
Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին. «Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները» (Հովհաննես 14.15, տես նաև հատված 21): Հնազանդության յուրաքանչյուր քայլ Աստծո հանդեպ ձեր սիրո դրսևորումն է և ձեզ ավելի է մոտեցնում Հիսուս Քրիստոսին: Երբ մկրտվեցիք, դուք ուխտ կապեցիք կամ խոստում տվեցիք Աստծո պատվիրանները պահելու համար: Բայց երբեմն, դուք գուցե պայքարեք դա անելու համար: Քանի որ Աստված սիրում է ձեզ, Նա հրավիրում է ձեզ հաճախակի ապաշխարել և վերադառնալ Իր մոտ: Կարող են լինել նաև դեպքեր, երբ պարզ չէ, թե Աստված ինչու է տվել որոշակի պատվիրանը: Այդ դեպքում Աստված ցանկանում է, որ դուք հավատք գործադրեք Իր հանդեպ: Բոլոր բաները կգործեն ձեր օգտի համար, երբ վստահեք Աստծուն և ձգտեք հնազանդվել Նրա պատվիրաններին (տես Վարդապետություն և Ուխտեր 100․15)։
Մտորելու հարցեր
-
Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Աստծո բոլոր պատվիրաններից ամենակարևորն այն է, որը դուք դժվարանում եք պահել այսօր»: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի կենտրոնանաք այդ պատվիրանին հնազանդվելու ձգտման վրա:
-
Երբեմն պատվիրաններին հնազանդվելը կարծես մեր հավատքի փորձությունը լինի: Կարդացեք 1 Նեփի 3.7։ Ինչպե՞ս կարող է այս հատվածը օգնել, եթե դուք մաքառում եք հնազանդվել Աստծո պատվիրաններից մեկին, ինչպես օրինակ՝ վճարել տասանորդ կամ պահել Իմաստության Խոսքը:
Սովորեք միասին
-
Դուք կարող եք օգտագործել «Հետևել Աստծուն» (1։25) տեսանյութը՝ քննարկելու, թե կանոնավոր ապաշխարությունը ինչպես է Աստծո պատվիրաններին հնազանդվելու ձգտման կարևոր մասը հանդիսանում։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սրբերի ուրախությունը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 15–18
-
Քերոլ Մ. Սթեֆենս, «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները», Լիահոնա, նոյեմբեր 2015, 118–20