Գրադարան
Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին


«Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին», Թեմաներ և հարցեր (2023)

համայնքը օրհներգ է երգում

Եկեղեցու և ավետարանի մասին հարցեր

Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին

Մեր հարցերի պատասխանները փնտրելը կարող է մեզ ավելի մոտեցնել Հիսուս Քրիստոսին, եթե կիրառենք ողջամիտ սկզբունքներ։ Կարևոր է հասկանալ, թե ինչպես ստանալ հայտնություն պատասխաններ փնտրելիս։ Տես «Իմացեք, որ հայտնությունը գործընթաց է» թեման, որտեղ կգտնեք հարցերին պատասխանելու ավելի շատ խորհուրդներ։

Ակնարկ

Ավետարանի Վերականգնման սկզբից մինչ օրս Եկեղեցու ղեկավարները հաստատել են, որ բոլոր մարդիկ Աստծո զավակներն են։ Մեր Երկնային Հայրը սիրում և ցանկանում է օրհնել Իր բոլոր զավակներին։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին չի հավակնում բարության և ճշմարտության մենաշնորհի։ Ամբողջ աշխարհում կան անհամար մարդիկ, ովքեր ազնվության և բարյացակամության օրինակներ են։ Եվ ճշմարիտ, և օգտակար սկզբունքներ կարելի է գտնել աշխարհի տարբեր կրոններում և բարոյագիտական համակարգերում։ Մեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի հավատալու և երկրպագելու, ինչպես մեր իսկ խիղճն է թելադրում մեզ (տես Հավատո Հանգանակը 1.11

Միևնույն ժամանակ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծուց եզակի հանձնարարություն ունի՝ աշխարհին առաջարկելու Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը։ Տերն անձամբ է հայտարարել, որ սա է «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 1․30)։ Ավետարանի ուղերձը, որը մենք կիսում ենք, ներառում է Աստծո և Նրա հետ մեր հարաբերությունների մասին թանկարժեք վերականգնված ճշմարտություններ, որոնք հնարավոր չէ գտնել այլ տեղ։ Եկեղեցին նաև ունի քահանայության իշխանություն Աստծուց՝ սպասավորելու արարողությունները, որոնցով մենք ուխտի հարաբերությունների մեջ ենք մտնում Նրա հետ։

Վերջին Օրերի Սրբերը հավատում և վկայում են, որ վերականգնված ավետարանով ապրելը բերում է հարատև ուրախություն, բուժում է մեղքի հետևանքները և պատրաստում Աստծո զավակներին նորից ապրելու Նրա ներկայության մեջ։

Ավետարանի ուսումնասիրության հետ կապված ուղեցույցներ.

Ուսումնասիրենք ձեր հարցերը

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին վերաբերվում այլ կրոնական ավանդույթներին։

Մենք հավատում ենք, որ Աստված ոգեշնչում է բոլոր կրոնների և համոզմունքների լավ մարդկանց։ 1978 թվականին Եկեղեցու Առաջին Նախագահությունը հայտարարել է․ «Աշխարհի մեծ կրոնական առաջնորդները, ինչպիսիք են՝ Մոհամմեդը, Կոնֆուցիուսը և Բարեփոխիչները, ինչպես նաև այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք են՝ Սոկրատեսը, Պլատոնը և ուրիշները, ստացել են Աստծո լույսից մի բաժին։ Նրանց տրվել են բարոյական ճշմարտություններ Աստծո կողմից, որպեսզի լուսավորեն բոլոր ազգերին և անհատներին բերեն ավելի բարձր մակարդակի հասկացողություն»։ Մենք միանում ենք հավատքի և բարի կամքի տեր մարդկանց ողջ աշխարհում, որպեսզի ամրապնդենք համայնքները, հոգ տանենք կարիքավորների մասին և կատարենք Աստծո աշխատանքը երկրի վրա։

Վերջին Օրերի Սրբերը գնահատում են «առաքինի, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի» ցանկացած բան, որ կան այլ եկեղեցիներում և համաշխարհային կրոնական ավանդույթներում։ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Մենք ասում ենք սիրո ոգով, բերեք ձեզ հետ ձեր ունեցած ամեն բարին և ճշմարտությունը, որ ստացել եք ցանկացած աղբյուրից, և եկեք տեսնենք, արդյոք մենք կարող ենք ավելացնել դրան»։

Ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին» է։

Եկեղեցին առաջնորդվում է Հիսուս Քրիստոսի կողմից, ով մեր օրերում հայտնում է Իր կամքը կենդանի մարգարեներին և ոգեշնչված այլ ղեկավարներին։ Փրկչի կողմից շարունակվող հայտնությունը թույլ է տալիս Եկեղեցուն ներդաշնակ լինել երկնքի հետ, ինչպես նաև աճել ու առաջադիմել՝ լինել և ճշմարիտ, և կենդանի եկեղեցի։ Բոլոր կենդանի օրգանիզմները աճում և փոխվում են։ Ինչպես ասել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը. «Մենք վերականգնման գործընթացի ականատեսներն ենք։ Եթե դուք կարծում եք, որ Եկեղեցին լիովին վերականգնվել է, ապա դուք ընդամենը սկիզբն եք տեսնում: Դեռ շատ ավելին է սպասվում»:

Վերականգնված ավետարանը, որը գտնվում է Տիրոջ Եկեղեցում, տալիս է գիտելիք և ճշմարտություն, որը չկա այլ տեղ։ Այն անհատական հնարավորություն է ընձեռում Սուրբ Հոգու միջոցով հաղորդակից դառնալ Աստծո սրբացնող զորությանը և քահանայության արարողությունների միջոցով՝ որպես Աստծո ընտանիք՝ փրկությանն ու վեհացմանը։ Վարդապետություն և Ուխտեր 1.30-ում Տերը հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա, որը, ես՝ Տերս, հավանում եմ, խոսելով եկեղեցու մասին հավաքապես և ոչ անհատապես»։

Պե՞տք է արդյոք լինել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ՝ փրկվելու համար։

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, հավատում ենք, որ Աստված ճանապարհ է նախապատրաստել Իր բոլոր զավակների համար, որպեսզի փրկություն ստանան Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։ Հիսուս Քրիստոսի Հարության միջոցով բոլորը կփրկվեն մահից։ Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված փառահեղ տեսիլքը ուսուցանում է, որ Աստծո գրեթե բոլոր զավակները հարությունից հետո կժառանգեն փառքի արքայություն։

Այս ուսմունքները հաստատում են մեր սիրառատ Աստծո փրկելու մեծ զորությունը և դա անելու Նրա մեծ ցանկությունը։ Աստված մեզ առաջարկում է այն ամենը, ինչ Նա ունի։ Բայց մենք պետք է ընտրենք ընդունել այդ օրհնությունները։ Վեհացումը՝ փառքի լրիվությունը, որը Աստված առաջարկում է, ստանալու համար, մենք պետք է ուխտեր կապենք Նրա հետ, ընդունենք Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը, ձգտենք ապրել Հիսուսի ուսմունքների և օրինակի համաձայն, և խոնարհաբար ապաշխարենք մեր մեղքերը, երբ թերանում ենք։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին իշխանություն ունի Աստծուց՝ առաջարկելու Հիսուս Քրիստոսի ավետարանի ուխտերն ու արարողությունները, որոնք մեզ նախապատրաստում են Աստծո սելեստիալ արքայությունում փառքի բարձրագույն աստիճանին։

Իհարկե, աշխարհի ողջ պատմության ընթացքում Աստծո զավակների մեծ մասը երբեք չեն եղել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ։ Իրականում, երկրի վրա ապրած մարդկանց մեծ մասը չեն լսել Հիսուս Քրիստոսի մասին։ Սակայն կան անհամար լավ մարդիկ՝ աշխարհի բոլոր դարաշրջաններում, կրոններում և մշակույթներում, որոնք իրենց կյանքում աստվածապաշտության օրինակ են հանդիսանում։ Յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենա, լինի դա այս կյանքում կամ հաջորդ կյանքում, ուսուցանվելու ավետարանի լրիվությունը և ընդունելու կամ մերժելու դրա արարողություններն ու ուխտերը (տես Վարդապետություն և Ուխտեր 138.30-35, 57-59

Ինչո՞ւ Եկեղեցին չի ընդունում այլ քրիստոնյաների մկրտությունները։

1830 թ․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումից կարճ ժամանակ անց ապագա անդամները, որոնք նախկինում մկրտվել էին, մտածում էին, թե արդյոք կարիք կա կրկին մկրտվելու նոր վերականգնված Եկեղեցում։ Ի պատասխան՝ Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտնեց, որ անհրաժեշտ է մկրտվել քահանայության իշխանությամբ, որը Նա վերականգնել էր։ Մինչ Եկեղեցին հարգում է մյուս քրիստոնյաների արդար մտադրությունը իրենց նախորդ մկրտության ժամանակ, մենք այսօր հետևում ենք այս ուսուցմանը։

Աստված ունի՞ «ընտրյալ ժողովուրդ»։

Մեզանից յուրաքանչյուրը Աստծո սիրելի զավակ է։ Սուրբ գրություններն ուսուցանում են, որ Աստված ուխտեր է կապում Իր զավակների հետ՝ հրավիրելու նրանց Իր հետ հավերժ կապող հարաբերություններ հաստատել։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստված հաստատեց Իր ուխտը Աբրահամի հետ՝ հայտարարելով, որ Աբրահամի ընտանիքի միջոցով ամբողջ աշխարհը կօրհնվի (տես Ծննդոց 17.1-7, 22.17-18)։ Այս ուխտը վերահաստատվեց Իսրայելի զավակների՝ Աբրահամի հետնորդների հետ (տես Ծնունդ 28.10-15)։ Չնայած պատմության ընթացքում տարբեր ժամանակներում մարդիկ հասկացել են, որ այս ուխտը սահմանափակված է որոշակի շառավղով, Տերն Իր առաքյալներին հայտնել է, որ «Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան»:

Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի Վերականգնումը Աստծո հավիտենական ուխտի վերականգնումն էր վերջին օրերում։ Նա, ով որոշում է Տիրոջ հետ ուխտի մեջ մտնել պատշաճ իշխանությամբ, Նրա ուխտի ժողովրդի մի մասն է։ Ինչպես Աստված ասել էր Աբրահամին՝ «բոլոր նրանք, ովքեր կընդունեն այս Ավետարանը, ․․․ կհամարվեն քո սերունդը»։ Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրության արդյունքում նրանք դառնում են «ընտիր ցեղ, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական [պահպանված] ժողովուրդ»։

Որո՞նք են եկեղեցու տեսակետները կրոնի ազատության վերաբերյալ։

Մեր Երկնային Հոր փրկության ծրագիրը կախված է մեր սեփական ընտրությունը կատարելու մեր ունակությունից՝ կրոնի ազատությունը դարձնելով Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական սկզբունք։

Վերջին Օրերի Սրբերը Եկեղեցու վաղ օրերից ի վեր գնահատել են կրոնի ազատությունը։ Ջոզեֆ Սմիթի՝ որպես հալածանքի և բռնության զոհի փորձառությունը նրան սովորեցրել է պաշտպանել կրոնի ազատությունը ոչ միայն Վերջին Օրերի Սրբերի, այլ բոլոր մարդկանց համար։ Նա հորդորել է Սրբերին «[հեռացնել] մեզանից մոլեռանդության և անհանդուրժողականության յուրաքանչյուր ոգի, որն ուղղված կլինի մարդու կրոնական զգացմունքների դեմ»։ Նա ուսուցանել է, որ «մարդու անխախտելի իրավունքն է մտածել այնպես, ինչպես ինքն է ցանկանում [և] երկրպագել, ինչպես ինքն է ցանկանում», որն «ամեն սրբության առաջին օրենքն է»։

Եկեղեցու ղեկավարներն այսօր հաստատում են, որ անչափ կարևոր է թույլ տալ բոլոր մարդկանց «երկրպագեն ինչպես, որտեղ կամ ինչ որ կամենում են»։ Խոսելով հավատքի բոլոր մարդկանց հետ՝ նախագահ Դալլին Հ․ Օուքսը հորդորել է. «Աստվածային պատվիրաններով ուսուցանվող սիրով և փոխադարձ հարգանքով մենք պետք է ուղիներ գտնենք միմյանցից սովորելու համար և ամրապնդենք ընդհանուր պարտավորությունները, որոնք մեզ միավորում են և նպաստում ունենալ կայուն բազմակարծիք հասարակություն։ Մենք պետք է ուս ուսի քայլենք բոլորի համար նախատեսված կրոնական ազատության ճանապարհով և միևնույն ժամանակ այդ ազատությունը գործադրենք մեր առանձնահատուկ համոզմունքներին հետևելու համար»։

Իմացեք ավելին