Ընդունեք հայտնությունը որպես գործընթաց, Թեմաներ և հարցեր (2023)
Փնտրել ձեր հարցերի պատասխանները
Ընդունեք հայտնությունը որպես գործընթաց
Հեշտ է պատկերացնել, որ երբ Աստված ցանկանում է ինչ-որ բան հաղորդել, Նա պարզապես հաղորդում է Եկեղեցու ղեկավարներին: Սակայն Վերականգնման պատմությունը ցույց է տալիս, որ հայտնությունը Աստծո կամքը իմանալու ձգտման գործընթաց է և ամենից հաճախ ստացվում է խորհելուց և աղերսելուց հետո: Սա ճշմարիտ է՝ և մարգարեների, և մեզանից յուրաքանչյուրի համար: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բոլորիս հորդորում է «բարձրանալ անձնական վկայություն ստանալու մեր ներկա հոգևոր ունակությունից վեր»։1
Ահա մի քանի սկզբունք, որոնք կօգնեն ուսումնասիրել հայտնության երևույթը՝ ինչպես Եկեղեցում, այնպես էլ ձեր կյանքում.
-
Հիշեք, որ հայտնությունը սովորաբար սկսվում է հարցերից: Ջոզեֆ Սմիթի օրինակը ցույց է տալիս, որ մեր ազատ կամքը և անկեղծ հարցերը կենսական դեր են խաղում հայտնության գործընթացում: Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության գրեթե բոլոր բաժինները տրվել են որպես որևէ հարցի պատասխան: Տերը ուսուցանեց Ջոզեֆին քննել բաները իր մտքում և փնտրել հայտնության ոգին: Խնդիրներին դիմակայելու, հասկացողություն փնտրելու, տարբեր հնարավոր պատասխանների փորձարկման և ուղղորդման համար աղոթելու գործընթացը նախապատրաստում է մեր սրտերը և բացում մեր միտքը: Այն օգնում է մեզ ընդունել և հասկանալ հայտնությունը և գործել ըստ դրա։
-
Ընդունեք, որ հայտնությունը տրվում է տող առ տող։ «Մենք վերականգնման գործընթացի վկաներն ենք»,- ասել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: «Եթե դուք կարծում եք, որ Եկեղեցին լիովին վերականգնվել է, ապա դուք ընդամենը սկիզբն եք տեսնում»:2 Սա կենդանի Եկեղեցի է: Թեև ավետարանի հիմնական ճշմարտությունները անփոփոխ են, Եկեղեցու քաղաքականությունը, ծրագրերը, կազմակերպությունները և ուսմունքները տող առ տող հայտնվում են ամիսների, տարիների և տասնամյակների ընթացքում: Եվ այդ գործընթացը շարունակվում է։ Միշտ չէ, որ մենք կարող ենք սկզբից տեսնել վերջը, բայց կարող ենք վստահ լինել, որ Տերը կշարունակի Իր զավակներին ավելի շատ լույս բերել:
-
Հիշեք, որ Աստված խոսում է մեզ հետ մեր հասկացողության համաձայն: Բոլոր մարդիկ ձևավորվում են մշակույթի միջոցով` ընդհանուր համոզմունքների, սովորույթների, լեզվի և արժեքների: Մշակույթները տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում մեծապես տարբերվում են։ Մեր մշակույթի շրջանակում և մեր հասկացողությանը համաձայն հայտնություն տալու Աստծո պատրաստակամությունը սքանչելի ճշմարտություն է Հայտնության մասին։ Եթե սա հիշենք, ապա խոնարհությամբ կվերաբերվենք սուրբ գրություններին և անցյալի մարգարեների խոսքերին: Աստված խոսեց հին իսրայելացիների հետ՝ ըստ նրանց հին մերձարևելյան հասկացողության: Նա խոսեց Ջոզեֆ Սմիթի հետ՝ օգտագործելով 1800-ականների ամերիկյան մշակույթի խորհրդանիշներն ու լեզուն: Եվ Աստված այսօր հաղորդակցվում է մեզ հետ մեր սահմանափակ կարողությունների համաձայն՝ այն ձևով, որը մենք կարող ենք հասկանալ:
-
Եղեք հավատարիմ և հավատացեք Վերջին Օրերի Սրբերը հաճախ հայտարարում են՝ «ես գիտեմ», երբ կիսվում են իրենց վկայություններով: Այս ջերմ արտահայտությունները նկարագրում են անձնական հոգևոր փորձառությունները, որոնք ձեռք են բերվել ավետարանը ուսումնասիրելու և դրանով ապրելու միջոցով: Բայց մենք բոլորս այս կյանքում հավատք ունենք: Հիսուս Քրիստոսը պարզապես խնդրում է մեզ սկսել հավատալով: Նորմալ է, երբ անորոշություններ ունեք: Նորմալ է, երբ հենց հիմա ունեք միայն հավատալու ցանկություն: Ինչպես հայրը, որը խնդրեց Հիսուսին բժշկել իր երեխային, դուք կարող եք ասել. «Հավատում եմ, տեր, օգնիր իմ անհավատությանը»:3
-
Հիշեք, որ ամեն բարի բան գալիս է Աստծուց։ Երբ Մորոնի հրեշտակը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին, նա մեջբերեց Հովել մարգարեի խոսքերը, որ Տերը կթափի Իր Հոգին ամեն մարմնի վրա վերջին օրերին։4 Թեև աշխարհում շատ չարիք կա, այն նաև լցված է բարությամբ և ճշմարտությամբ: Դա վերաբերում է նաև գիտության և բժշկության ոլորտում հաջողություններին և մարդու հանդեպ հարգանքը մեծացնելու ջանքերին: Եկեղեցու ղեկավարներն ուսուցանել են, որ Աստված խոսում է յուրաքանչյուր մշակույթի անհատների հետ: Ինչպես մենք ենք հրավիրում ուրիշներին միանալ մեզ և «ձեզ հետ բերել այն ամենը, ինչ դուք ունեք», այդպես էլ մենք ընդունում ենք ճշմարտությունը, որտեղ էլ որ գտնենք այն։5
-
Իմացեք, որ հայտնությունը ստացվում է մաքառումների միջոցով: Թեև մեր հարցերի պատասխանները երբեմն գալիս են արագ և հեշտությամբ, հայտնություն ստանալը կարող է նաև տարիներ տևել: Մեր կյանքի իրավիճակը կարող է նաև մղել մեզ պայքարելու, երբ մենք անձնական հայտնություն ենք փնտրում: Օրինակ՝ մարդիկ ունենում են հիվանդություններ, ինչպես՝ դեպրեսիան, որոնք դժվարացնում են Աստծուն մոտ զգալու գործընթացը։ Մենք կարող ենք կատարել մեր բաժինը՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին՝ միաժամանակ շարունակելով վստահ մնալ, որ Տերը կօգնի մեզ խաղաղություն գտնել: Միայն այն, որ Աստծուց պատասխաններ չեք ստանում, չի նշանակում, որ դուք ինչ-որ բան սխալ եք անում: Եղեք համբերատար և զարգացրեք ձեր հավատքը, մինչ սպասում եք Տիրոջը:
-
Շարունակեք հայտնություն փնտրել: Մինչ ձեր խնդիրների լուծման հետ կապված խաղաղություն եք փնտրում, շարունակեք հիմնական անելիքները․ աղոթեք, ուսումնասիրեք սուրբ գրությունները, ճաշակեք հաղորդությունից, ձգտեք պահել պատվիրանները և երկրպագեք տաճարում: Բացի այդ, դուք կարող եք մոտենալ Տիրոջը՝ ծառայելով ձեր ընտանիքում, ձեր համայնքում, ժամանակ անցկացնելով բնության գրկում կամ կամ հոգևոր բաների մասին խորհրդածելով: Աստծուն ավելի մոտենալը կօգնի հայտնության ուղիները բաց պահել:
Հիմնական սուրբ գրություններ․ Հակոբոս 1․5-6, 2 Նեփի 28․30, 31․3, Ալմա 5․45-47, Վարդապետություն և Ուխտեր 1․24, 88․63։