Կենտրոնացրեք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի շուրջ․ Նախաբան Թեմաներ և հարցեր (2023)
Փնտրել ձեր հարցերի պատասխանները
Կենտրոնացրեք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի շուրջ
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը առանցքային է կյանքի առավել դժվար հարցերի պատասխանները փնտրելու մեր ջանքերում։ Մենք հաճախ ենք մտածում հավատքի մասին՝ որպես ամուր համոզմունքի։ Սակայն հավատքն ավելին է, քան միայն համոզմունք: Այն նաև ապավինում, վստահություն և նվիրում է։ Երբ ունենում ենք դժվարին հարցեր կամ մտահոգություններ, միշտ էլ կարող ենք օգնություն խնդրել Հիսուս Քրիստոսից։ Մեր հավատքն աճում է, երբ մենք ականջալուր ենք Նրա խոսքերին, հետևում Նրա ուսմունքներին և աշխատում սիրել մյուսներին այնպես, ինչպես Ինքն էր սիրում։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ խաղաղությունը կարող է հասնել մեր հոգուն, երբ հավատք ենք կերտում Խաղաղության Իշխանի հանդեպ։1 Ահա, թե ինչը պետք է հիշենք․
-
Հիսուս Քրիստոսը մեր հավատքի հիմքն է։ Մեր առօրյա կյանքում մենք հավատք ենք ունենում շատ մարդկանց և կազմակերպությունների հանդեպ։ Դրանց թվում են՝ ընտանիքի անդամները, ընկերները, կառավարությունները և գործատուները։ Սակայն Հիսուս Քրիստոսն է միակ անձը, որին մենք կարող ենք վստահել մեր խաղության և փրկության հույսը։ Եկեղեցին ստեղծվել է մարդկանց Նրա մոտ բերելու նպատակով։ Դուք կարող եք լիովին վստահել Հիսուս Քրիստոսին, անգամ եթե որևէ առումով դժվարություններ ունեք ձեր հավատքի հետ։
-
Հիսուս Քրիստոսը կատարյալ կարեկցանք ունի։ Մեր ամենամեծ փորձությունները կարող են մեզ ավելի մոտեցնել Փրկչին: Քրիստոսից լավ ոչ ոք չի կարող հասկանալ մեր պայքարները։ Նա արտասվեց նրանց հետ, ում ծառայում էր: Նա զգաց մենակություն, հոգու հուսահատություն և անգամ հեռացում՝ Իր Հոր ներկայությունից։ Դուք կարող եք դիմել Նրան և գտնել ըմբռնում ու կարեկցանք:
-
Աստծո փրկության ծրագիրը հեռանկար է տրամադրում։ Շատ հարցեր այլ են թվում, երբ մենք հաշվի ենք առնում Երկնային Հոր ծրագիրը։ «Այս ծրագրի մեր իմացության շնորհիվ մեր ենթադրությունները տարբերվում են այն մարդկանց ենթադրություններից, որոնք չունեն մեր գիտելիքները», - ուսուցանել է է Նախագահ Դալլին Հ. Օուքսը։ Արդյունքում մենք տարբեր եզրահանգումների ենք գալիս կարևոր թեմաների շուրջ»։2 Տեսադաշտում ունենալով փրկության ծրագիրը՝ այդ հարցերը քննելիս մենք կարող ենք տեսնել մեր մտահոգությունները հավերժության հեռանկարից։
-
Կան առաջնային հարցեր և երկրորդական հարցեր։ Երբեմն մենք հարցեր կամ մտահոգություններ ենք ունենում՝ կապված պատմական իրադարձությունների, Եկեղեցու ուսմունքների և քաղաքականության, կամ մարդկային անհաջողությունների հետ։ Այդ հարցերի վերաբերյալ հանգստություն գտնելը մեզանից անկեղծ ջանք է պահանջում։ Սակայն կարևոր է տարբերակել ավետարանի առանցքային ճշմարտությունները ոչ էական բաներից։ Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «մնացած բոլոր բաները միայն հավելումներ են» Փրկչի փրկարար առաքելության հետ կապված ճշմարտություններին։3
-
Ընտրեք հավատքը Հոգևոր իմացությունը պահանջում է, որ մենք «հավատքով գնանք, և ոչ թէ երևույթով»:4 Եթե մենք սպասենք, մինչև որ շոշափելի ապացույց ունենանք հոգևոր բաների մասին, երբեք չենք է սկսի առ Հիսուս Քրիստոսը հավատք զարգացնելու գործընթացը։ Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է․ «Որպեսզի հավատքը աճի, մարդը պետք է որոշի հավատք ունենալ: Մարդը պետք է ցանկանա հավատք ունենալ: Մարդը պետք է գործի հավատքով»:5
-
Ամուր բռնվեք արդեն ունեցած գիտելիքից։ Եթե վստահ չեք ձեր հավատքում, «ամուր կառչեք նրանից, ինչ արդեն գիտեք և ամուր կանգնեք այնքան ժամանակ, մինչև լրացուցիչ գիտելիք կստանաք», - խորհուրդ է տվել Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը:6 Ապավինեք ձեր անցյալ հոգևոր փորձառություններին։ Դրանք վկայում են այն մասին, որ Աստված հատուցում է Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը հոգևոր վստահությամբ։
Հիմնական սուրբ գրություններ․ Հռովմայեցիս 8․35, 37–39, 2 Նեփի 4․34–35, Մոսիա 4․9, Հելաման 5․12