Գրադարան
Օգտվեք վստահելի աղբյուրներից


Օգտվեք վստահելի աղբյուրներից, Թեմաներ և հարցեր (2023)

Աղջիկը և տղան կարդում են սուրբ գրությունները

Փնտրել ձեր հարցերի պատասխանները

Օգտվեք վստահելի աղբյուրներից

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է․ «Աշխարհի պատմության մեջ մենք երբևէ հնարավորություն չենք ունեցել ստանալու ավելի շատ տեղեկություն. սակայն դրա մի մասը հավաստի է, մի մասը՝ կեղծ, իսկ մեծ մասը` մասամբ ճիշտ»:1 Այս անորոշ միջավայրում Եկեղեցին հորդորում է անդամներին «փնտրել և կիսվել տեղեկատվության միայն վստահելի, հավաստի և փաստացի աղբյուրներով»։2 Մենք պետք է խուսափենք այն աղբյուրներից, որոնք հիմնված են ասեկոսեների վրա կամ վեճ կամ զայրույթ են առաջացնում:

Տեղեկատվական աղբյուրների որակը գնահատելու ունակությունը հոգևոր և մտավոր աշխատանք է պահանջում։ Ահա տեղեկությունը գնահատելու մի քանի հուշում։

  • Ստուգեք աղբյուրների հուսալիությունը։ Ոչ բոլոր աղբյուրներն են հավասարարժեք բոլոր թեմաներով: Լավագույն աղբյուրները թեմայի վերաբերյալ անմիջական գիտելիք ունեն և հիմնված չեն ասեկոսեների, բամբասանքի կամ ենթադրությունների վրա։ Դրանք հանդես են գալիս անմիջական գիտելիքի կամ փորձագիտության դիրքերից: Դրանք հղում են կատարում հեղինակավոր այլ աղբյուրների, որպեսզի հնարավոր լինի ստուգել իրենց պնդումները: Վստահելի աղբյուրները միշտ չէ, որ հաստատում են այն, ինչին դուք արդեն հավատում եք։ Դրանք կարող են հարցականի տակ դնել ձեր տեսակետները: Եթե հարցեր ունեք Եկեղեցու պաշտոնական ուսմունքների վերաբերյալ, նախ տեսեք, թե Եկեղեցու ներկայիս ղեկավարները ինչ են ասում և ինչ չեն ասում։ Սա կօգնի ձեզ գնահատել այլ, ավելի վաղ հայտարարությունները:

  • Սովորեք ճանաչել կողմնակալությունը: Գրեթե բոլոր աղբյուրներն ունեն որոշակի կողմնակալություն: Դա ինքնաբերաբար դրանք անվստահելի չի դարձնում, բայց կարևոր է հաշվի առնել աղբյուրը ստեղծողի նպատակները: Ուսումնասիրեք ձեր աղբյուրի շարժառիթներն ու նախապատմությունը: Զգուշացեք աղբյուրներից, որոնք պնդում են, որ անաչառ են կամ բորբոքող կարծիքներ են արտահայտում:

  • Վերահաստատեք ձեր սովորածը: Կարևոր է, երբ բազմակի վստահելի աղբյուրներ համաձայնում են կամ հստակորեն խոսում են թեմայի շուրջ: Սա հատկապես ճիշտ է Եկեղեցու պատմությունն ու ուսմունքները քննարկող աղբյուրներն ուսումնասիրելիս: Թեև միշտ չէ, որ հնարավոր է գտնել նման համաձայնություն աղբյուրների միջև, օգտակար է համեմատել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը, որպեսզի կարողանաք ավելի լավ գնահատել դրանց որակը:

  • Զանազանեք փաստերը մեկնաբանությունից: Տեղեկության որոշ մասեր փաստեր են: Սակայն համացանցում և այլ հրապարակումներում հանդիպած տեղեկության մեծ մասը բաղկացած է ինչ-որ մեկի կողմից փաստերի մեկնաբանությունից: Լավագույն մեկնաբանությունը փորձում է հաշվի առնել բոլոր փաստերը: Դրանք դիտարկում են որոշակի մանրամասներ կամ փաստեր ավելի լայն համատեքստում և պատշաճ կշիռ են տալիս դրանց: Դրանք չեն մերժում տեղեկությունը միայն այն պատճառով, որ այն չի համապատասխանում որոշակի տեսակետի: Ստուգեք աղբյուրները, որոնք օգտագործվում են որոշակի մեկնաբանության համար՝ համոզվելու համար, որ դրանք հիմնավորում են ներկայացված պնդումները և չեն հանվում համատեքստից:

  • Ծանոթացեք Եկեղեցու ռեսուրսներին: Վարդապետության և Եկեղեցու քաղաքականության հարցերում լավագույն աղբյուրներն են սուրբ գրությունները, կենդանի մարգարեների ուսմունքները և Ընդհանուր Ձեռնարկը։ Եկեղեցին հրապարակել է նաև լրացուցիչ նյութեր, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ Եկեղեցու պատմության և մշակույթի վերաբերյալ Վերջին Օրերի Սրբերի ամենատարածված հարցերը: Դրանք կարող են դառնալ օգտակար ելակետեր, երբ ուսումնասիրում եք ձեր հարցերը:

  • Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը։ Նոր տեղեկությունը երբեմն կարող է ապակողմնորոշել: Այդ զգացումը չի նշանակում, որ տեղեկությունը ճիշտ չէ: Վերը նշված հմտությունների հետ մեկտեղ փնտրեք Սուրբ Հոգու ազդեցությունը: Նա կարող է օգնել ձեզ զանազանել ճշմարտությունը: Նա «կլուսավորի ձեր միտքը» 3 և կօգնի ձեզ ձեր տեսանկյունը շրջել նոր ճշմարտութունների լույսի ներքո։ Աղոթեք օգնություն ստանալու համար։ Ապրեք այնպես, որպեսզի Հոգին կարողանա խոսել ձեզ հետ: Բաց եղեք հոգևոր հուշումների համար, երբ փորձում եք փարատել ձեր մտահոգությունները։

Հիմնական սուրբ գրություններ․ Բ Տիմոթեոս 3.14-16, Հակոբ 4.13, Վարդապետություն և Ուխտեր 19.38։