«Մարգարեների դերը», Թեմաներ և հարցեր (2023)
Եկեղեցու և Ավետարանի մասին հարցեր
Մարգարեների դերը
Ակնարկ
Հին ժամանակներից ի վեր Աստված կանչել է մարգարեներին՝ վկայելու Հիսուս Քրիստոսի մասին և հռչակելու Նրա խոսքը: Աստված նախապատրաստում, կանչում և առաջնորդում է մարգարեներին՝ իրականացնելու Իր հավերժական նպատակները։ Սուրբ գրությունները պարունակում են շատ մարգարեների ուսմունքներ, ինչպիսիք են՝ Մովսեսը, Եսայիան, Եղիան և Նեփին։ Նրանցից յուրաքանչյուրը խոսում էր մարդկանց հետ իրենց լեզվով, ժամանակին և տարածքում՝ ոգեշնչված առաջնորդություն և պատեհաժամ նախազգուշացումներ տալով։
Աստված շարունակում է մարգարեներ կանչել մեր ժամանակներում։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը իշխանություն ստացավ Աստծուց՝ սպասավորելու ավետարանի ուխտերը և քահանայության արարողությունները և վերականգնելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցին։ Նա նաև հայտնություն ստացավ՝ պարզաբանելու կարևոր ճշմարտություններ Աստծո և Իր զավակների համար Նրա ծրագրի մասին։ Որպես Եկեղեցու նախագահ՝ նրա հաջորդները ունեցել են հայտնություն ստանալու նույն լիազորությունը՝ ավետարանական գիտելիքներն ավելացնելու և Եկեղեցին առաջնորդելու համար։ Շարունակվող հայտնության այս սկզբունքը վերականգնված ավետարանի առանցքային առանձնահատկությունն է։
Վերջին Օրերի Սրբերը հաստատում են Եկեղեցու նախագահին, նրա խորհրդականներին՝ Առաջին Նախագահությունում, և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ։ Եկեղեցու ուսմունքները հայտարարվում են այս կենդանի մարգարեների միասնական ձայնով։ Վարդապետությունը հայտարարվում և մեկնաբանվում է Եկեղեցու նախագահի կողմից և հաստատվում է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից, որոնք գործում են միաբան ձայնով՝ հետևելով Վարդապետության և Ուխտեր 107.27-31 հատվածներում տրված օրինաչափությանը։
Տերը կանչել է մահկանացու մարդկանց՝ լինելու Իր մարգարեները։ Ինչպես Աստծո բոլոր զավակները, նրանք ևս ունենում են մահկանացու կյանքի փորձություններ, սակայն Տերը գործում է նրանց միջոցով՝ կատարելու Իր գործը։ Նա պատվիրել է Եկեղեցուն հետևել նրանց խորհրդին՝ «ողջ համբերությամբ ու հավատքով»։ Եթե այդպես վարվենք, Նա խոստանում է, որ «[մեր] առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ [մեր] բարիքի համար»։
Ինչո՞ւ է ինձ համար կարևոր մարգարեներին լսելը։
Հիսուս Քրիստոսը վերջին օրերում վերականգնեց Իր Եկեղեցին՝ օգնելու Իրեն իրականացնել Իր սքանչելի գործը. Նա ցանկանում է ուսուցանել ուխտի օրհնությունները, դյուրին դարձնել մեղքի ներումը և փորձությունների ժամանակ օգնություն առաջարկել Աստծո բոլոր զավակներին, Իր ուսմունքների և օրինակի շուրջ միավորել պառակտված աշխարհը և մարդկային ընտանիքի բոլոր սերունդներին միացնել փրկության ու վեհացման արարողությունների միջոցով։
Տերը կանչում է մարգարեներին և իշխանություն է տալիս նրանց առաջնորդելու այս գործը։ Նա նրանց հայտնություն է տալիս, որպեսզի օգնի նրանց իմանալ, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ և ինչպես առաջ տանել Աստծո գործը։ Չնայած մարգարեները տարբեր ծագում և տաղանդներ ու հայացքներ ունեն, նրանք խոնարհաբար փնտրում և ստանում են Տիրոջ կամքը Նրա Եկեղեցու համար։
Մարգարեի աստվածային կոչումների վերաբերյալ հասկացողություն և հաստատում փնտրելը՝ նրանց ուսմունքները հավատարմորեն կիրառելու միջոցով, աշակերտության տարր է։ Մարգարեներին հետևելը կարող է պահանջել, որ մենք դա անենք «համբերությամբ ու հավատքով», քանի որ միշտ չէ, որ կարող ենք հասկանալ հայտնությունների և ուսմունքների աստվածային նպատակը, որ տրվում է մարգարեին։ Թեև մենք կարող ենք հարցեր ունենալ, Տերը խնդրում է մեզ հետևել Իր ծառաների առաջնորդությանը՝ հավատք գործադրելով Իր կատարյալ գիտելիքի և Իր Քավության զորության հանդեպ։
Երբ մենք ականջ ենք դնում մարգարեների խոսքերին, մենք Սուրբ Հոգուն հրավիրում ենք մեր կյանք։ Մենք միանում ենք Հիսուս Քրիստոսի աշակերտների համաշխարհային համայնքին, որ նվիրվածությամբ կառուցում են Աստծո արքայությունը երկրի վրա։ Երբ մենք հետևում ենք մարգարեների խորհրդին, մենք ստանում ենք աստվածային զորության և հավերժական խաղաղության օրհնությունները, որոնք խոստացվել են նրանց, ովքեր մտնում են ավետարանական ուխտերի մեջ և պահում են դրանք։
Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել վկայություն, որ Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին մարգարեների միջոցով։
Աստված ցանկանում է, որ Իր զավակները լսեն և վստահեն Իր մարգարեներին։ Երբ մենք փնտրում ենք իրական մտադրությամբ, մենք կարող ենք անձնական վկայություն ձեռք բերել, որ Նա առաջնորդում է Իր Եկեղեցին այսօր։
Մենք կարող ենք կիրառել Ալմա մարգարեի խորհուրդը։ «Իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ,- հորդորեց նա զորամացիներին,- գործադրեք հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանաք տեղ տալ իմ խոսքերի մի մասին»։
Ալման այնուհետև բացատրել է․ «Այժմ, մենք կհամեմատենք խոսքը սերմի հետ։ Այսպիսով, եթե դուք տեղ տաք, որ մի սերմ սերմանվի ձեր սրտում, ահա, եթե այն լինի մի ճշմարիտ սերմ կամ մի լավ սերմ» և «դուք դուրս չգցեք այն ձեր անհավատությամբ, … այն կսկսի ուռչել ձեր կրծքում» և դուք կասեք. «Պետք է որ անպայման սա լավ սերմ լինի կամ խոսքը լավն է, քանզի այն սկսում է մեծացնել իմ հոգին. այո, այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը, այո, այն սկսում է հրաշալի լինել ինձ համար»։
Ինչպես ուսուցանել է Ալման, մենք կարող ենք փորձարկել մարգարեների խոսքերը։ Օրինակ, հնարավորության դեպքում մենք կարող ենք գործել մարգարեի խորհրդի համաձայն՝ կանոնավոր կերպով այցելել երկրպագելու Տիրոջ տանը։ Այդ ընթացքում մենք կարող ենք կենտրոնանալ մարգարեի խոստացած օրհնությունների վրա։ Այդ օրհնությունները նկատելը ամրացնում է մեր հավատը կենդանի մարգարեների խոսքերի հանդեպ։
Սերմը մեր հավատքով մշակելը ողջ կյանքի ընթացքում շարունակվող գործընթաց է, սակայն մենք կարող ենք այսօր սկսել հոգևոր հավաստիացում ստանալ կենդանի մարգարեների մասին և համբերությամբ ու հավատքով ականջ դնել նրանց խորհրդին։
Արդյո՞ք Եկեղեցու ղեկավարներն անսխալական են։
Միայն Հիսուս Քրիստոսը կատարյալ կյանք վարեց։ Եկեղեցու առաջնորդները ձգտում են ապրել արդար կյանքով և մարդկանց բերել Հիսուս Քրիստոսի մոտ իրենց խոսքերով և գործերով, սակայն նրանք ենթարկա են մարդկային թուլության։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարներն անսխալական չեն։
Բայց մենք չպետք է անտեսենք նրանց կարևոր դերը։ Տերը Եկեղեցու Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին կանչում է լինելու «Քրիստոսի անվան հատուկ վկաները» և գործելու որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ մեր օրերում։ Հին մարգարեների նման՝ նրանք հաղորդակցվում են Աստծո հետ և հայտնում Նրա կամքը։ Նրանք աստվածային իշխանություն ունեն՝ առաջնորդելու Եկեղեցուն հայտնությամբ, սպասավորելու ավետարանի արարողությունները և ղեկավարելու Տիրոջ աշխատանքը երկրի վրա։ Սա չի նշանակում, որ նրանք ամեն ինչ գիտեն։ Նրանք աշխատում են ըստ Տիրոջ տված լույսի, ձգտում են լրացուցիչ գիտելիքներ ստանալ շարունակվող հայտնության միջոցով և ապավինում են ամրացնող զորությանը, որը նրանք ստանում են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով։
Տերը միշտ աշխատել է մահկանացու մարգարեների միջոցով՝ անկախ նրանց թուլություններից։ Ինչպես Հովնանը փախավ Նինվե կանչվելուց, Պետրոսը կտրեց զինվորի ականջը կամ Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գրքի թարգմանությունից էջեր տվեց Մարտին Հարրիսին, մարգարեները երբեմն կարող են սխալներ թույլ տալ։ Նման դեպքերում Տերը ուղղում է Իր ծառաներին, և նրանց ապաշխարությունից հետո Նա օրհնում է նրանց կատարելու այն աշխատանքը, որին կանչել էր նրանց։
Կարևոր է հիշել, թե ինչպես է հաստատվում Եկեղեցու վարդապետությունը։ Վարդապետությունը հայտարարվում և մեկնաբանվում է Եկեղեցու նախագահի կողմից և հաստատվում է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից, որոնք գործում են միաբան ձայնով՝ հետևելով Վարդապետության և Ուխտեր 107.27-31 հատվածներում տրված օրինաչափությանը։ «Միաբան ձայնի այս պահանջը նախատեսում է կանխակալ կարծիքների և անհատական մտածելակերպի վերանայում։ Այն երաշխավորում է, որ Աստված կառավարում է Հոգու միջոցով, ոչ թե մարդը՝ մեծամասնության կամ փոխզիջման միջոցով»։ Եկեղեցու առանձին ղեկավարի ուսմունքը կարող է ներկայացնել «անձնական, թեև լավ մտածված կարծիք, նկատի չունենալով, որ այն կդառնա պաշտոնական կամ պարտավորեցնող՝ ողջ Եկեղեցու համար»։
Սուրբ Հոգու միջոցով մեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ անձնական հավաստիացում, որ մարգարեները կանչված են Աստծո կողմից, և որ Նա ղեկավարում է Իր աշխատանքը նրանց միջոցով։
Ի՞նչ է նշանակում, որ մարգարեն երբեք չի մոլորեցնի Եկեղեցին։
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ասել է. «Տերը երբեք թույլ չի տա, որ ես կամ որևէ այլ մարդ, որը կանգնած է որպես այս Եկեղեցու նախագահ, մոլորեցնի ձեզ»։ Մարգարեներն ու առաքյալները վերահաստատել են այս ուսմունքը սերնդեսերունդ։ Վարդապետությունը հայտարարվում և մեկնաբանվում է Եկեղեցու նախագահի կողմից և հաստատվում է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից, որոնք գործում են միաբան ձայնով՝ հետևելով Վարդապետության և Ուխտեր 107.27-31 հատվածներում տրված օրինաչափությանը։
Վերջին Օրերի Սրբերը հավատում են, որ վերականգնված ավետարանի լրիվությունը և քահանայության իշխանությունը այլևս երբեք չեն վերցվի երկրից։ Սա նշանակում է, որ Աստված միշտ կառաջնորդի մարգարեներին՝ ապահովելով, որ Եկեղեցին կատարի իր առաքելությունը՝ նախապատրաստելու Իր զավակներին հավերժական կյանքի օրհնություններին։ Նա կշարունակի հայտնել Իր կամքը մարգարեներին տող առ տող՝ մեծացնելով մեր հասկացողությունը և վերացնելով սխալը՝ որպես ավետարանի սկիզբ առած Վերականգնման մի մաս։
Ինչո՞ւ են Եկեղեցում որոշ բաներ ժամանակի ընթացքում փոխվում։
Տերը Վարդապետություն եւ Ուխտեր 1.30 հատվածում հայտարարել է, որ սա է «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա»։ Սակայն բոլոր կենդանի օրգանիզմները զարգանում և փոխվում են։ Եկեղեցու գործելակերպն այսօր տարբերվում է նույնիսկ մի քանի տարի առաջ ծավալած գործունեությունից։ Սա Եկեղեցու էական առանձնահատկությունն է, որը հիմնված էր շարունակվող հայտնության սկզբունքի վրա։ Վերջին Օրերի Սրբերը հավատում են, որ Աստված «դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու»։
Շարունակվող հայտնությունը կարող է ընդլայնել կամ կատարելագործել մեր հասկացողությունը, առաջնորդել մեզ փոխել մեր որոշ ավանդույթներ և օգնել մեզ ավելի մոտենալ Սիոնի իդեալին։ Համաշխարհային Եկեղեցում կարգավորումներ են կատարվում, որպեսզի իր քաղաքականությամբ կարողանա բավարարել հատուկ ժամանակների և վայրերի կարիքները։ Ի վերջո, 19-րդ դարում Ամերիկայում սկիզբ առած Սրբերի կարիքները շատ առումներով շատ տարբեր են Եկեղեցու միլիոնավոր անդամների կարիքներից, որոնք այսօր սփռված են աշխարհով մեկ։
Փոփոխությունների մեծ մասը, որ մենք ունենում ենք Եկեղեցում, ներառում են ավետարանի սկզբունքների գործնական կիրառումը, ինչպես օրինակ, թե ինչպես ենք մենք վարում Հանգստության օրվա երկրպագությունը կամ սպասավորում միմյանց մեր ծխերում և ճյուղերում։ Երբեմն հայտնությունը հանգեցրել է Եկեղեցու ուսմունքների և գործելակերպի ավելի զգալի փոփոխությունների։ Օրինակները ներառում են Վարդապետություն և Ուխտերում գտնվող պաշտոնական հայտարարությունները, որոնք հանգեցրին բազմամուսնության գործելակերպի ավարտին և քահանայության և տաճարային օրհնությունների տարածմանը բոլորի վրա՝ անկախ ռասայից։
Արդյո՞ք կենդանի մարգարեների ուսմունքներն ավելի կարևոր են, քան սուրբ գրությունների կամ եկեղեցու նախկին ղեկավարների ուսմունքները։
Կենդանի մարգարեները, սուրբ գրությունները և Եկեղեցու նախկին ղեկավարները բոլորն էլ կարևոր են։ Ճշմարտության այս երեք աղբյուրների հիմնական նպատակն է վկայել Հիսուս Քրիստոսի փրկագնող առաքելության մասին։ Մենք պետք է ձգտենք հասկանալ յուրաքանչյուր աղբյուրի կարևոր դերը և դրանց առնչությունը միմյանց հետ։
Սուրբ գրությունները հազարավոր տարիների ընթացքում և բազմաթիվ մշակութային միջավայրերում հայտնությամբ տրված կարևոր ճշմարտությունների աղբյուր են։ Դրանք ավետարանի կարևոր ճշմարտությունները միշտ պահում են մեր աչքի առաջ։ Դրանք վկայում են Քրիստոսի մասին և առիթ տալիս, որ Հոգին խոսի մեզ հետ։ Վերականգնման նախորդ շրջանների մարգարեների ուսմունքները նմանատիպ հոգևոր ռեսուրս են հանդիսանում։ Մենք պետք է ձգտենք հասկանալ սուրբ գրությունները և նախորդ մարգարեների ուսմունքները այն համատեքստում, որում դրանք տրվել են և երախտագիտությամբ ընդունել նրանց հայտնած ճշմարտությունները։
Կենդանի մարգարեները կրում են քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ են Եկեղեցին առաջնորդելու և ավետարանի արարողությունները մեր օրերում սպասավորելու համար։ Քրիստոսի մասին իրենց վկայությունը նրանք ավելացնում են նախորդ մարգարեների կողմից տրված վկայությանը։ Դրանք օգնում են մեզ տեսնել, թե ինչպես են ավետարանի ճշմարտությունները վերաբերում մեր ներկա հանգամանքներին։ Նրանք նոր հայտնություն են ստանում Եկեղեցու համար՝ համապատասխանեցնելով անցյալում ստացված ցուցումները ներկա հանգամանքներին, ինչպես հրահանգվում է Տիրոջ կողմից։ Երբեմն նրանց ուսմունքները փոխարինում են նախորդ մարգարեների ուսմունքներին։ Հաճախ նրանց խոսքերն ամրապնդում են սուրբ գրությունների ուսմունքները և նախորդ մարգարեների խոսքերը։