Հասկացեք անցյալը, Թեմաներ և հարցեր (2023)
Փնտրել ձեր հարցերի պատասխանները
Հասկացեք անցյալը
Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելը կարող է օգնել մեզ տեսնել Աստծո ձեռքը Նրա զավակների կյանքում: Այն հարուստ է անցյալում Վերջին Օրերի Սրբերի հավատքի, քաջության և բարության պատմություններով: Երբեմն այն նաև բացահայտում է նրանց մարդկային թուլությունները և արտացոլում է այն դժվարությունները, որոնց մենք բոլորս բախվում ենք, երբ ձգտում ենք հետևել Հիսուս Քրիստոսին: Եկեղեցու պատմության բարդություններին հանդիպելը կամ անցյալում եղած բաների մասին սովորելը, որոնք չեն համապատասխանում մեր ակնկալիքներին, կարող է հարցականի տակ դնել մեր հավատքը:
Մեզանից յուրաքանչյուրը տարբեր կերպ է արձագանքում պատմության մասին նոր տեղեկություններին: Հարցերը, որոնք մեկին անհանգստացնում են, կարող են մյուսին արթնացնել: Հասկանալու ճանապարհին դեր են խաղում բոլորիս տարբեր ենթադրությունները, ակնկալիքները, կյանքի փորձը և գիտելիքները: Պատմությունն ուսումնասիրելիս հետևյալ սկզբունքները կիրառելը կարող է օգնել մեզ ավելի պարզ և կառուցողական տեսնել անցյալը.
-
Ճանաչենք մեր իմացության սահմանները: Պատմությունը անցյալի մասին մեզ հասած սահմանափակ աղբյուրների վրա հիմնված մեկնաբանություններ են: Շատ բաներ կան, որ մենք կարող ենք վստահորեն ասել անցյալի մասին: Բայց կան շատ բաներ, որոնք մենք պարզապես չգիտենք: Մեր ունեցած տեղեկությունը գրեթե միշտ թույլ է տալիս տարբեր մեկնաբանություններ անել: Երբ մենք խոնարհաբար ընդունենք այն, որ մեր գիտելիքը կարող է հիմնված լինել մեր ենթադրությունների վրա, ապա ավելի բաց կլինենք ընդունելու նոր բացատրություններ, որը գալիս է նոր հայտնաբերված աղբյուրից։ Հիշեք, որ երբեմն մենք պետք է ապրենք որոշ երկիմաստության կամ անորոշության մեջ, նույնիսկ այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են թվում:
-
Ակնկալեք փոփոխություն Երբ մենք ուսումնասիրում ենք անցյալը, երբեմն հայտնաբերում ենք, որ գործելակերպը, ուսմունքները և գաղափարները, որոնք մենք անփոփոխ էինք համարում, իրականում բավականին փոխվել են: Ավետարանի հիմնական սկզբունքները հավերժական են, բայց ժամանակի ընթացքում դրանք հասկանալու և արտահայտելու եղանակները արտացոլում են հայտնությունը տող առ տող ստանալու բնույթը և մարդկային մշակույթի մշտական փոփոխությունը: Հայտնության շարունակելիության սկզբունքն օգնում է մեզ կողմնորոշվել այս փոփոխությունների մեջ: Դուք կարող եք սովորել, որ փոխված բաների մասին ավելին իմանալով ավելի հեշտ եք տարբերակում այն բաները, որոնք հարատև են:
-
Ամեն ինչ իր համատեքստում դիտարկեք։ Ինչ-որ մեկն ասել է. «Անցյալը օտար երկիր է. այնտեղ այլ կերպ են ամեն ինչ անում»։1 Անցյալում մարդիկ այլ տեսակետներ ունեին աշխարհի մասին: Նրանք տարբեր պատկերներ և բառեր էին օգտագործում իրենց փորձը նկարագրելու համար: Եթե մենք ցանկանում ենք ավելի լավ հասկանալ անցյալի մարդկանց խոսքերն ու գործողությունները, մենք պետք է հասկանանք նաև այդ ժամանակի մշակույթն ու համատեքստը: Դա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք անցյալի մշակույթի հետ կապված ցանկացած բան: Իրականում, կան բաներ անցյալից, որոնք ավետարանը կոչ է անում մերժել: Սակայն պատմական համատեքստի ըմբռնումը օգնում է մեզ չկիրառել մեր ներկա տեսակետները այդ ժամանակի մարդկանց վերաբերյալ, դրանով չխանգարելով լավ հասկանալ:
-
Հիշեք, որ մարդիկ սխալներ են գործում։ Երբ Եկեղեցու պատմությունից ենք խոսում, մենք հակված ենք կենտրոնանալ հերոսական գործողությունների և երջանիկ ավարտի վրա: Լավ է հիշել մարդկանց լավագույն արարքները։ Բայց մենք երբեմն մոռանում ենք, որ անցյալի Վերջին Օրերի Սրբերը, ներառյալ Եկեղեցու վաղ առաջնորդները, մարդիկ էին: Մարդիկ թուլություններ ունեն։ Նրանք սխալներ են գործում։ Նրանք մեղքեր են գործում։ Հիշեք, որ Աստված օգտագործում է անկատար մարդկանց՝ Իր աշխատանքը կատարելու համար: Մենք կարող ենք դասեր քաղել և նրանց ներդրումներից, և նրանց սխալներից: Եվ թեև լավ է ազնվորեն նայել Եկեղեցու պատմության դժվարին կողմերին, մի կենտրոնացեք դրանց վրա այնպես, որ կորցնեք լավն ու գեղեցիկը:
-
Ուշադիր եղեք, երբ հանդիպում եք կասկածելի մեկնաբանությունների: Անցյալ իրադարձությունների ոչ բոլոր մեկնաբանություններն են հավասարապես հավաստի: Մարդիկ Եկեղեցու պատմության վերաբերյալ բազմաթիվ պնդումներ են անում՝ դրական և բացասական, սակայն դրանք միշտ չէ որ համապատասխանում են ճշգրտության, հուսալիության և արդարության չափանիշներին: Սա հատկապես ճիշտ է այն դարաշրջանում, երբ յուրաքանչյուրը կարող է հրապարակել իր տեսակետները կոճակի սեղմումով: Տերը մեզ հորդորում է իմաստության փնտրել «լավագույն գրքերից»:2 Որպես Եկեղեցու պատմություն ուսումնասիրող դուք կարող եք օգտվել և գիտության գործիքներից և Սուրբ Հոգու պարգևից։
Հիմնական սուրբ գրություններ․ 1 Նեփի 11․17, Վարդապետություն և Ուխտեր 88․118։