«Ադամի և Եվայի անկումը», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Ադամի և Եվայի անկումը
Ադամի և Եվայի օրինազանցության պատճառով մեղքը և մահը աշխարհ եկան
Թեև Ադամի և Եվայի մասին աստվածաշնչյան պատմությունը շատերին է ծանոթ, այն հաճախ սխալ է ընկալվում: Մեր օրերում վերականգնված սուրբգրային ճշմարտությունները օգնում են մեզ ավելի լավ հասկանալ Եդեմի պարտեզի պայմանները և մեր առաջին ծնողների կատարած ընտրությունը, որի արդյունքում նրանք դուրս են մղվել պարտեզից: Այդ փորձառությունը հայտնի է որպես Անկում և առաջացրել է հետևանքներ, որոնք ազդել են Աստծո բոլոր զավակների վրա:
Ադամի և Եվայի անկումն անակնկալ չէր Երկնային Հոր համար: Անկումը Աստծո ծրագրի անհրաժեշտ մասն է Իր զավակների փրկության և վեհացման համար: Անկումից հետո Ադամն ու Եվան մահկանացու դարձան և երեխաներ ունենալու կարողություն ձեռք բերեցին, բայց նրանք նաև ենթարկվեցին մեղքի և մահվան:
Անկման պատճառով բոլոր կենդանի էակները ենթակա են դժվարությունների, հիվանդությունների և մահվան: Այդ հակադրությունը մեզ համար նախատեսված Աստծո ծրագրի մի մասն է, և այն նպաստում է մեր ուսումնառությանը, աճին և ուրախություն զգալու կարողությանը: Անկման հետևանքներից մեզ փրկելու համար Երկնային Հայրը տվեց Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսին: Քրիստոսը զորություն ունի փրկագնելու աշխարհը և նրանում գտնվող բոլոր մարդկանց Անկման հետևանքներից:
Բաժին 1
Ադամն ու Եվան գործադրեցին ազատ կամք
Ադամն ու Եվան Աստծո զավակներից առաջինն էին, որ եկան երկիր: Նրանք ապրում էին Եդեմի պարտեզում՝ անմեղության վիճակում, այսինքն՝ երեխաներ չունեին և չէին զգում ուրախություն, նաև չգիտեին, թե ինչ է թշվառությունը (տես 2 Նեփի 2.23): Հատկապես կարևոր էին պարտեզի երկու ծառերը՝ կենաց ծառը և բարու և չարի գիտության ծառը (տես Մովսես 3.9): Աստված պատվիրեց Ադամին և Եվային չուտել բարու և չարի գիտության ծառի պտուղը (տես Մովսես 3.17): Եթե նրանք հնազանդվեին այդ պատվիրանին, նրանք կարող էին մնալ պարտեզում: Եթե նրանք ճաշակեին պտղից, կդառնային մահկանացու։
Աստված նաև ընդգծեց, որ նրանք ունեին բարոյական ազատ կամք կամ ընտրելու զորություն (տես Մովսես 3.16–17): Սատանան եկավ, գայթակղեց Ադամին և Եվային՝ ուտելու պտուղը: Նա ասաց, որ նրանք չեն մահանա, այլ իմաստուն կդառնան Երկնային Հոր նման (տես Մովսես 4.10–11): Երբ Ադամն ու Եվան ընտրեցին ճաշակել պտուղը, նրանց աչքերը բացվեցին, և նրանք գիտելիք ձեռք բերեցին, բայց նրանք նաև զգացին հոգևոր մահ՝ ի վերջո վտարվելով Տիրոջ ներկայությունից (տես Վարդապետություն և Ուխտեր 29.40–41): Նրանք նաև մահկանացու դարձան՝ ենթակա ցավի, հիվանդության, մահվան և այս ընկած աշխարհի այլ փորձառությունների:
Մտորելու հարցեր
-
Կարդացեք 2 Նեփի 2.15–16 հատվածները։ Ի՞նչ եք սովորում ազատ կամքի մասին՝ ավելի շատ հասկանալով Անկման հանգամանքների վերաբերյալ: Ի՞նչ եք սովորում չարի դեմ բարին ընտրելու մեր կարիքի կարևորության մասին: Ուշադրություն դարձրեք այս հատվածներում Լեքիի կողմից «գայթակղված» բառի օգտագործմանը: Ինչպե՞ս են այսօր մեզ հրապուրում և բարին, և չարը: Ի՞նչ է սա ձեզ ուսուցանում այն մասին, որ մենք Փրկչի կարիք ունենք:
Սովորեք միասին
-
Նախագահ Դալլին Հ. Օուքսն ասել է․
«Հայր Լեքին ուսուցանել է, որ եթե Անկումը տեղի չունենար, Ադամն ու Եվան «մնացած կլինեին անմեղության վիճակում, չունենալով ուրախություն, քանզի չգիտեին թշվառություն» (2 Նեփի 2.23): Առանց մահկանացու կյանքում հակադրության փորձի, «բոլոր բաները պետք է որ բաղադրված լինեին մեկում», որի դեպքում չէր լինի ոչ երջանկություն, ոչ էլ թշվառության (հատված 11): …
«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն [հատված 25]»:
Ի՞նչ եք սովորում Նախագահ Օուքսի և Լեքիի ուսմունքներից Մորմոնի Գրքում՝ հակադրության անհրաժեշտության մասին:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դալլին Հ. Օուքս, «Երջանկության մեծ ծրագիրը», Լիահոնա, նոյեմբեր 1993, 72–75
-
«Ադամի և Եվայի անկումը և ազատ կամքի պարգևը», Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի նյութ (2021), 32–38
Բաժին 2
Հիսուս Քրիստոսը հաղթահարեց անկման հետևանքները
Ադամի և Եվայի անկումը նրանց և Աստծո միջև ստեղծեց բաժանում, որը հայտնի է որպես հոգևոր մահ: Քանի որ նրանց մարմինները մահկանացու դարձան, նրանք նույնպես ենթարկվեցին ֆիզիկական մահվան և դրվեցին հակադրության մեջ այս աշխարհում, որտեղ հնարավոր կլիներ մեղք գործել: Հոգևոր և ֆիզիկական մահը և վերջնական մեղքը կխանգարեին Ադամին և Եվային ու նրանց սերունդներին վերադառնալ Աստծո ներկայություն:
Իր զավակների հանդեպ անսահման սիրուց մղված՝ Երկնային Հայրը տվեց մի Փրկիչ, որը հնարավոր դարձրեց Ադամի և Եվայի, նաև բոլորիս համար՝ ապաշխարել մեղքից: Հիսուսը կվճարեր մեր մեղքերի գինը: Նա նաև կկրեր յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի ցավերը, որոնք երբևէ կապրեն, ներառյալ մեր մեղքերի, վնասվածքների, հիվանդությունների և կորուստների ցավը: Նա կմահանար և հարություն կառներ, որպեսզի մենք կարողանայինք նորից ապրել: Հիսուս Քրիստոսի անզուգական պարգևի միջոցով Աստված մեզ հնարավորություն տվեց ապաշխարել մեղքերից, սովորել, առաջադիմել և ի վերջո վերադառնալ ապրելու Իր հետ:
Եդեմի պարտեզից հեռանալուց հետո Ադամն ու Եվան հնազանդվեցին Տիրոջ պատվիրաններին՝ իրենց հոտերի առաջնեկներին որպես զոհ մատուցելով Տիրոջը: Նրանք ավելի ուշ իմացան, որ այս զոհաբերության նպատակն էր օգնել իրենց հիշել, որ Հիսուս Քրիստոսը կտա Իր կյանքը՝ որպես զոհ բոլորիս համար: (Տես Մովսես 5․4-8։)
Մտորելու հարցեր
-
Կարդացեք Մովսես 5.11 հատվածը: Այս հատվածում Եվան ամփոփել է այն, ինչ սովորեց Անկման հետ կապված իրենց փորձառությունից: Թեև մենք հաճախ անկումը տեսնում ենք որպես ցավի և տառապանքի ներմուծում երկիր, նա հատկապես չի նշում այս բաները: Ձեր կարծիքով, Եվան ինչո՞ւ նախընտրեց այդպես խոսել Անկման մասին: Ի՞նչ կարող ենք սովորել Եվայից մեր կյանքի նպատակների մասին:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
«Քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթեց այս անկում ապրած աշխարհին, և քանի որ Նա քավություն գործեց յուրաքանչյուրիս համար, դուք ևս կարող եք հաղթել մեղքով հագեցած, եսակենտրոն և հաճախ հոգնեցնող այս աշխարհին:
Քանի որ Փրկիչը, Իր անսահման Քավության միջոցով, փրկագնեց մեզանից յուրաքանչյուրին թուլությունից, սխալներից և մեղքից, և քանի որ Նա զգաց ամեն ցավ, անհանգստություն և բեռ, որ երբևէ ունեցել եք, ապա երբ դուք իսկապես ապաշխարեք և փնտրեք Նրա օգնությունը, դուք կարող եք վեր բարձրանալ այս ներկա անկայուն աշխարհից»:
Մենք ինչպե՞ս կարող ենք հաղթել այս ընկած մահկանացու աշխարհին: Ե՞րբ եք զգացել Փրկչի օգնությունը՝ աշխարհին հաղթելու համար:
Սովորեք միասին
-
Խմբով կարդացեք Հովհաննես 3.16 հատվածը, այնուհետև հրավիրեք խմբի անդամներին կիսվել, թե իրենց կարծիքով, ինչ է նշանակում այս հատվածը: Այնուհետև կարդացեք Մովսես 5.9 հատվածը, որը նկարագրում է Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես մեր Քավիչ: Հրավիրեք խմբի անդամներին կիսվել, թե ինչ են նրանք սովորում այս հատվածներից Աստծո սիրո և Քրիստոսի զոհաբերության և Հարության պարգևի մասին, որը թույլ է տալիս մեզ հաղթահարել Անկման հետևանքները:
-
Խմբով կարդացեք Ալմա 7.11–13 հատվածները, նշելով յուրաքանչյուր բառը, որը նկարագրում է մի բան, որը մենք զգում ենք այս ընկած աշխարհում: Օրինակ՝ կարող եք նկատել «փորձություններ» և «հիվանդություններ» բառերը։ Կազմեք այս բառերի ցուցակը, որպեսզի խմբի անդամները տեսնեն: Այնուհետև նորից կարդացեք հատվածը՝ այս անգամ ուշադրություն դարձնելով այն բառերին, որոնք նկարագրում են այն ամենն ինչ Քրիստոսն արել է մեզ համար: Գրեք այս բառերը երկրորդ ցուցակում՝ առաջին ցուցակի կողքին: Ի՞նչ է ձեզ սովորեցնում այս վարժությունը Ադամի և Եվայի անկման և որպես մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի դերի միջև փոխհարաբերությունների մասին:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերն ու ողորմածությունը», Լիահոնա, մայիս 2015, 104–6
-
Ռոբերտ Դ. Հեյլս, «Փրկության ծրագիր. Գիտելիքի սուրբ գանձ, որը կառաջնորդի մեզ», Ensign, հոկտեմբեր 2015, 24–31
Բաժին 3
Ադամի և Եվայի անկումը էական էր Աստծո ծրագրի համար
Ադամի և Եվայի Անկման պատճառով մենք բոլորս հնարավորություն ունենք ստանալու ֆիզիկական մարմին և զգալու մահկանացու կյանքի ուրախությունն ու դժվարությունները: Մենք նաև հնարավորություններ ունենք ամեն օր կիրառելու մեր բարոյական ազատ կամքը: Քանի որ մենք բաժանված ենք Աստծուց՝ առանց մեր նախաերկրային կյանքի մասին հիշելու, մենք պետք է սովորենք և աճենք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և մեր սեփական փորձառությունների միջոցով:
Այս ամենը էական նշանակություն ունի մեր հավերժական երջանկության համար ունեցած Աստծո ծրագրում: Որպեսզի վերադառնանք Նրա մոտ և դառնանք այնպիսին, ինչպիսին Նա կա, մենք պետք է օգտագործենք մեր ազատ կամքը՝ ընտրելու բարին չարի փոխարեն: Երբ մենք անցնում ենք այս ուսուցման գործընթացով, մենք սխալներ ենք թույլ տալիս: Բայց Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը հնարավորություն են տալիս մեզ հաղթահարել մեր մեղքերը և ներվել ու մաքրվել՝ թույլ տալով մեզ մի օր վերադառնալ Աստծո ներկայություն և դառնալ Նրա նման:
Մտորելու հարցեր
-
Կարդացեք 2 Նեփի 2.11, 15 հատվածները, ուշադրություն դարձնելով Աստծո ծրագրում հակադրության դերին: Ի՞նչ եք սովորում այս հատվածներից հակադրության անհրաժեշտության մասին: Հակադրության նպատակի ըմբռնումն ինչպե՞ս է ազդում ձեր փորձությունների մասին ունեցած ձեր մտածելակերպի վրա:
-
Անկումն աշխարհ բերեց և տառապանք, և ուրախություն: Կարդացեք 1 Կորնթացիս 15.21–22 և 2 Նեփի 2.19–25 հատվածները՝ փնտրելով այն օրհնությունները, որոնք հասանելի դարձան բոլոր մարդկանց Անկումից հետո: Ի՞նչ եք սովորում այս սուրբ գրություններից կյանքի նպատակի մասին:
Սովորեք միասին
-
Ժամանակակից սուրբ գրություններից մենք գիտենք, թե Ադամն ու Եվան ինչպես էին վերաբերվում իրենց օրինազանցությանը: Խմբով կարդացեք Մովսես 5.10–11 հատվածները: Արդյունավետ կլինի ընտրել որևէ տղամարդու՝ կարդալ հատված 10, իսկ կինը՝ հատված 11, օգնելով խմբի անդամներին պատկերացնել, որ Ադամն ու Եվան են խոսում: Ձեր խմբի հետ կիսվեք այս հատվածների վերաբերյալ ձեր զգացմունքներով: Ինչպե՞ս կարող էր Հիսուս Քրիստոսի հանդեպ Ադամի և Եվայի հավատքն օգնել նրանց իրենց օրինազանցությունը տեսնել այնպես, ինչպես տեսնում էին:
-
Ի՞նչն է ձեզ ուրախություն պարգևում Հրավիրեք խմբի անդամներին կիսվել այս հարցի իրենց պատասխաններով: Ապա միասին կարդացեք 2 Նեփի 2.25 հատվածը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Լեքին ուսուցանեց իր որդուն, որ «մարդիկ կան, որպեսզի նրանք ուրախություն ունենան»: Ի՞նչ կապ ունի Ադամի և Եվայի անկումը ուրախության հետ: Հրավիրեք խմբի անդամներին կիսվել իրենց գաղափարներով:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ծննդոց 2–4, 2 Նեփի 2.15–26, 9.6–21, Մոսիա 3.11–16, Ալմա 12.21–35, 22.12–14, 42.2–15, Վարդապետություն և Ուխտեր 29.34–44, Մովսես 3–5, 5.9–13
-
Dallin H. Oaks, “The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 72, -75.
-
Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերն ու ողորմածությունը», Լիահոնա, մայիս 2015, 104–6
-
«Ավետարանի լրիվությունը. Ադամի և Եվայի անկումը», Ensign, հունիս 2006, 48–49