Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հիսուս Քրիստոսի Քավությունը
Մեր Փրկչի զոհաբերությունը և մեր միակ ճանապարհը դեպի Երկնային Հայրը
Եթե դուք երբևէ բաժանվել եք մեկից, ում սիրում եք, ապա փոքր-ինչ հասկանում եք, թե ինչու է Հայր Աստվածը ցանկանում, որ մենք վերադառնանք և հավերժ ապրենք Իր հետ: Աստված սիրում է մեզ, և Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի լինի մեր Փրկիչը: Հիսուսը եկավ երկիր, որպեսզի մեզ վերադարձնի Աստծո մոտ:
Հիսուսը դա իրականացրեց Իր տառապանքի և զոհաբերության միջոցով, ինչը սուրբ գրություններն անվանում են Հիսուս Քրիստոսի Քավություն: Իր Քավության միջոցով Հիսուսը հաղթահարեց Ադամի Անկման բոլոր հետևանքները՝ ցավն ու տառապանքը, ինչպես նաև ֆիզիկական և հոգևոր մահը: Նա մեզ համար ճանապարհ պատրաստեց ոչ միայն Աստծո ներկայությունը վերադառնալու, այլև Աստծուն նմանվելու համար: Այդ առումով Հիսուսը կարող է մեզ ավելի մոտեցնել մեր Երկնային Հորը, քան մենք երբևէ եղել ենք նախկինում:
Հիսուս Քրիստոսի Քավության հետ կապված իրադարձություններն ուսումնասիրելու համար վերանայեք «Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայությունը» թեման:
Բաժին 1
Մենք Փրկչի կարիք ունենք, որն է Հիսուս Քրիստոսը
Որպեսզի հասկանանք, թե Հիսուս Քրիստոսը ինչպես է փրկում մեզ Իր Քավության միջոցով, քննարկենք, թե մենք ինչու փրկվելու կարիք ունենք: Ինչի՞ց է Հիսուսը փրկում մեզ։ Այլ կերպ ասած, ինչո՞վ է պայմանավորված բաժանումը մեր և Աստծո միջև:
Աստված կատարյալ է, ամենակարող և անմահ: Մենք անկատար ենք, թույլ և ենթակա ենք մահվան։ Դա մասամբ մեր մեղքն է` մեր մեղքերի և վատ ընտրությունների արդյունքը: Բայց դա նաև ընկած աշխարհում ապրելու արդյունք է։ (Այդ թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես «Ադամի և Եվայի անկումը»։ Ուսումնասիրելով Անկումը՝ մենք ավելի ամբողջական գաղափար կկազմենք Հիսուս Քրիստոսի Քավության նպատակի ու կարիքի մասին:)
Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել մեզ մեղքից և հարություն տալ մեզ մեռելներից: Նա կարող է մեզ տալ «[մեր] ուժերից վեր ուժ»: Հիսուս Քրիստոսն ընտրվել է Աստծո կողմից, նախքան աշխարհի ստեղծումը՝ լինելու մեր Փրկիչը (տես Մովսես 4.1–2, Աբրահամ 3.26–27): Իրականում, Նա միակն էր, ով կարող էր լինել մեր Փրկիչը:
Մտորելու հարցեր
-
Եթե ինչ-որ մեկը հարցնի ձեզ «Ինչո՞ւ ես ունեմ Փրկչի կարիք», ի՞նչ կպատասխանեիք: Կարդացեք, թե ինչպես է նախագահ Դալլին Հ. Օուքսը պատասխանել նմանատիպ հարցին իր «Ի՞նչ է արել մեր Փրկիչը մեզ համար» ուղերձում։ Ապա գրի առեք ձեր զգացմունքներն այն մասին, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը ձեզ համար:
-
Մարգարե Լեքին ուսուցանել է, որ մենք կարող ենք ապրել Աստծո հետ միայն Հիսուս Քրիստոսի «արժանիքների, ողորմության և շնորհի» միջոցով (2 Նեփի 2.8): Երբևէ մտածե՞լ եք, թե որոնք են այդ արժանիքները: Ի՞նչն է Հիսուս Քրիստոսի մեջ Նրան դարձնում է այն միակը, որը կարող է լինել մեր Փրկիչը: Խորհեք դրա շուրջ, երբ կարդաք սուրբ գրությունների այս հատվածները. Եբրայեցիս 4.15, 2 Նեփի 2.6–9, Վարդապետություն և Ուխտեր 20.21–25:
Սովորեք միասին
-
Առարկայական դասը կարող է օգնել ձեզ ցույց տալ, թե մենք որքան շատ ունենք Փրկչի կարիքը: Օրինակ՝ դուք կարող եք ստեղծել խոչընդոտներով լի ճանապարհ և համեմատել այն մեր կյանքի հետ: Կամ կարող եք կիսվել փորձառություններով, երբ անօգնական էիք կամ վտանգի մեջ էիք և կարիք ունեիք, որ ինչ-որ մեկը ձեզ փրկի: (Տեսանյութ. «Այնտեղ, որտեղ հանդիպում են արդարությունը, սերն ու ողորմությունը» [5:36], լավ օրինակ է տալիս:) Սա կարող է հանգեցնել զրույցի այն մասին, թե ինչու մենք բոլորս ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը՝ մեզ փրկելու համար:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Թեդ Ռ. Քալիսթեր, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, մայիս 2019, 85-87
-
«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը» (տեսանյութ), Ավետարանի գրադարան
-
«Օրհնություններ Հիսուսից», Ընկեր, փետրվար 2020, 8
Բաժին 2
Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին մեզ համար
Կա առնվազն մեկ ընդհանուր բան, որ բոլոր մարդիկ ունեն երկրի վրա՝ ի վերջո մենք բոլորս կմահանանք: Իր մոր՝ Մարիամի միջոցով Հիսուսը ժառանգեց մահանալու ունակությունը: Բայց որպես Աստծո Որդի, Նա նաև իշխանություն ուներ մահվան վրա: Նա հարություն առավ մեռելներից և դրանով իսկ կոտրեց մահվան շղթաները, որոնք գերության մեջ էին պահում բոլորիս: Քանի որ Նա հարություն առավ, մենք բոլորս նույնպես հարություն կառնենք և կդառնանք անմահ (տես Ա Կորնթացիս 15.20–22): Դրանով մենք ավելի շատ նմանվում ենք Երկնային Հորը, որն ունի փառավորված, անմահ մարմին:
Մտորելու հարցեր
-
Մորմոնի Գրքում Ամուղեկի ուսմունքները հարության մասին փոխեցին Զիզրոմի կյանքը: Կարդացեք Ալմա 11.42–46 հատվածները և իմացեք, թե ինչ ասաց Ամուղեկը, ապա խորհեք, թե այս ճշմարտությունների ըմբռնումն ինչպես կարող է ազդել ձեր կյանքի վրա:
-
Ավետարանի գրադարանն ունի Զատիկի տեսանյութերի հավաքածու, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի Հարության և այն հույսի ու ուրախության մասին, որը Նա առաջարկում է մեզ: Դիտեք այդ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը: Ի՞նչ զգացումներ եք ունենում Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ դիտում եք այդ տեսանյութերը:
Սովորեք միասին
-
Շատ մարգարեներ խոսել են մահվան «խայթոցի» մասին (տես Ա Կորնթացիներ 15.55–57, Մոսիա 16.7–8, Ալմա 22.14, Մորմոն 7.5): Ինչո՞ւ է «խայթում», երբ մահանում է մեր սիրելիներից մեկը։ Խոսեք այն մասին, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքն ինչպես է մեղմացնում մահվան խայթոցը ձեզ համար:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Լիահոնա, մայիս 2014, 111-114
-
Ռեյնա Ի. Ըբարթո, «Գերեզմանը հաղթանակ չունի», Լիահոնա, մայիս 2021, 85-86
Բաժին 3
Հիսուս Քրիստոսը հաղթահարեց մեղքը մեզ համար
Մեզանից շատերը փորձում են լավ մարդիկ լինել: Բայց որքան էլ մենք ջանում ենք, մենք բոլորս անում ենք բաներ, որոնք գիտենք, որ չպետք է անենք: Մենք բոլորս մեղք ենք գործում, և դա մեզ հետ է պահում Աստծո ներկայության մեջ սրբության և մաքրության մեջ ապրելու հնարավորությունից, դա արդար չէր լինի (տես Ալմա 42.12–15): Բայց Աստված ցանկանում է, որ մենք հավիտյան ապրենք Իր ներկայության մեջ, ուստի Նա ողորմածաբար մեզ համար ճանապարհ պատրաստեց՝ հաղթահարելու մեղքի հետևանքները. Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որ այդ մեղքերն Իր վրա վերցնի: Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն ապաշխարում են, կարող են ներվել և վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր հետ:
Մտորելու հարցեր
-
Ինչպե՞ս է Աստծո ծրագիրը հնարավորություն տալիս Հիսուսին վճարել գինը մեր մեղքերի համար: Ուսումնասիրեք Ալմա 42.9–27 հատվածները՝ նկատի ունենալով այդ հարցը: Ի՞նչ մտքեր և հոգևոր տպավորություններ եք ունենում:
Սովորեք միասին
-
Մի քանի օրհներգեր վկայում են մեզ մեր մեղքերից փրկելու Հիսուս Քրիստոսի զորության մասին: Հաղորդության օրհներգերը դա հատկապես լավ են անում (օրինակ՝ «Reverently and Meekly Now» կամ «I Stand All Amazed»): Դուք կարող եք միասին երգել կամ լսել ձեր նախընտրածներից մի քանիսը: Կա՞ն արտահայտություններ այս օրհներգերում, որոնք կերտում են ձեր հավատքը Փրկչի և Նրա Քավության հանդեպ:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դալլին Հ․ Օուքս, «Մաքրված ապաշխարությամբ», Լիահոնա, մայիս 2019, 91-94։
Բաժին 4
Հիսուս Քրիստոսը հասկանում է և կարող է օգնել մեզ
Ձեր փորձառությունները, ներառյալ ձեր ամենադժվար փորձառությունները, ձերն են: Մյուսները կարող են նման բաների միջով անցել, բայց կա միայն մեկ մարդ, որը հիանալի գիտի, թե ինչ եք զգում: Հիսուս Քրիստոսը տարավ «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»: Նա իր վրա վերցրեց «իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները» (Ալմա 7.11): Ինչո՞ւ էր Նա դա անում: Այսպիսով, «որպեսզի նա իմանա ըստ մարմնի, թե ինչպես սատարել [կամ օգնել] իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12)։ Նա դա արեց, որպեսզի դուք ունենաք այն մեկին ում կարող եք դիմել, ով հասկանում է, ով ունի օգնելու կարողություն և ուժ, անկախ նրանից, թե ինչից եք տառապում (տես Եբրայեցիներ 4.14–16):
Մտորելու հարցեր
-
Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Փրկիչը «վեր առավ [ձեր] և [ձեր] վշտերը բեռնեց իր վրա»: (Եսայիա 53․4) Սուրբ գրությունների այս հատվածները կարող են օգնել ձեզ խորհել այս հարցի շուրջ. Եսայիա 41.10, Հովհաննես 14.18, 27, Վարդապետություն և Ուխտեր 122.5–9:
Սովորեք միասին
-
Երբևէ մտածե՞լ եք, թե Փրկչի համար ինչ էր նշանակում տանել «բոլոր մարդկանց ցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը՝ և տղամարդկանց, և կանանց, և երեխաների»: (2 Նեփի 9.21): Գուցե ուրիշների հետ մտածեք որոշ ցավերի մասին, որոնք կներառեն օրինակ՝ ֆիզիկական և էմոցիոնալ ցավերը, որոնք զգացել եք դուք և ձեր սիրելի մարդիկ, և որոնց մասին գուցե լսել եք ուրիշներից: Ձեր ցուցակը երբեք ամբողջական չի լինի, բայց ինչպե՞ս է ձեր մասնակի ցուցակն ազդում Ալմա 7.11–13 հատվածները կարդալու ձեր եղանակի վրա: Հիսուս Քրիստոսի կրած տառապանքների իմացությունն ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դալլին Հ. Օուքս «Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Լիահոնա, նոյեմբեր 2015, 61-64)
-
Նիլ Լ. Անդերսեն, «Խոցվածը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 83–86, տես նաև «Խոցվածները կբժշկվեն» տեսանյութը (Ավետարանի գրադարան)
-
“Where Can I Turn for Peace?,” Hymns, no. 129