«Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայությունը», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայությունը
«Եվ նա կկոչվի Հիսուս Քրիստոս` Աստծո Որդի» (Մոսիա 3․8)
Երկնային Հոր հոգևոր զավակներից մեծագույնը Նրա Առաջնեկն է՝ Հիսուս Քրիստոսը: Իր մահկանացու ծնունդից առաջ Հիսուսը հայտնի էր բազմաթիվ կոչումներով, ինչպես օրինակ՝ Մեծ Եհովա և Ամենակարող Տեր: Հայր Աստված ուղարկեց Իր Որդուն ապրելու Երկրի վրա և առաջարկեց Իրեն որպես անսահման քավող զոհաբերություն՝ Աստծո բոլոր զավակների փրկագնումը հնարավոր դարձնելու համար: Իր մահկանացու կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Իր ավետարանը, հզոր հրաշքներ գործեց և հիմնեց Իր Եկեղեցին: Նրա կյանքի մասին սուրբ գրությունների պատմություններից մենք սովորում ենք, որ Նա կատարելապես հնազանդ էր Իր Հորը: Հիսուս Քրիստոսը բժշկում էր հիվանդներին և տառապյալներին, հույս էր տալիս նրանց, ովքեր տառապում էին, ուսուցանում էր ապաշխարության կարևորությունը և հնարավոր դարձնում ներումը: Նրա մահկանացու կյանքը կատարյալ օրինակ է, որին պետք է հետևեն Երկնային Հոր բոլոր զավակները:
Բաժին 1
Հիսուս Քրիստոսը միշտ կատարում էր Իր Հոր կամքը
Հիսուս Քրիստոսի ծննդյան հետ կապված հրաշալի իրադարձությունները լավ փաստագրված են սուրբ գրություններում (տես, օրինակ, Ղուկաս 2․1-19)։ Նրա մանկության վերաբերյալ սուրբ գրությունները միայն ասում են, որ «մանուկն աճում էր ու զորանում՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհը նրա վրա էր», և որ «Հիսուսն Աստծու ու մարդկանց առաջ զարգանում էր իմաստությամբ, հասակով ու շնորհով» (Ղուկաս 2․40, 52)։
Երբ Հիսուսը 12 տարեկան էր, Նա Իր ընտանիքի հետ մեկնեց Երուսաղեմ՝ նշելու Պասեքի տոնը: Դեպի Նազարեթ՝ իրենց տունը գնալիս Մարիամն ու Հովսեփը հասկացան, որ Հիսուսն իրենց հետ չէր: Նրանք ի վերջո գտան Նրան Երուսաղեմի տաճարում, որտեղ ուսուցանում էր մարդկանց և պատասխանում նրանց հարցերին (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն, Ղուկաս 2․46 [ Ղուկաս 2․46, ծանոթագրություն գ])։ Երբ Մարիամը իր անհանգստությունը հայտնեց Նրան իրենց հետ չգնալու համար, Նա պատասխանեց. «Չգիտեի՞ք, որ ես պետք է իմ Հոր տանը լինեմ» (Ղուկաս 2.49)։ Նույնիսկ պատանի հասակում Հիսուսը կենտրոնանում էր Իր Հոր գործը կատարելու վրա:
Իր մահկանացու կյանքի ընթացքում Հիսուսը սիրում և ծառայում էր Հայր Աստծուն։ Նա ասաց. «Որովհետեւ ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես 6.38): Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ յուրաքանչյուրս անի նույնը։ Նա խոստացել է, որ նա, ով «կատարում է իր Հօր կամքը, որ երկնքումն է», կմտնի Աստծո արքայությունը (Մատթեոս 7․21):
Մտորելու հարցեր
-
Կարդացեք Հովհաննես 8․25-30, որտեղ Հիսուս Քրիստոսը բացատրում է․ «Ես միշտ նորան [Հորը] հաճելի բաներն եմ անում» (հատված 29)։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ հասկանաք Աստծո կամքը և հետևեք դրան ձեր կյանքում։
Սովորեք միասին
-
Ձեր խմբի անդամներին հրավիրեք խորհել հարցերի շուրջ, որոնք բարձրացնում է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը․
«Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքում։ Պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: Թույլ կտա՞ք, որ Նրա խոսքերը, Նրա պատվիրաններն ու ուխտերը ազդեն ձեր ամենօրյա քայլերի վրա: Թույլ կտա՞ք, որ Նրա ձայնը գերակշռի մյուս ձայներին: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ այն, ինչ Նա է ցանկանում, որ դուք անեք, ավելի կարևոր լինի ձեր մնացած բոլոր նպատակներից: Դուք պատրա՞ստ եք, որ ձեր «կամքը կուլ գնացած լինի [Նրա] կամքին»:
Ինչպե՞ս կարող են այս հարցերի ձեր պատասխանները օգնել ձեզ հետևել Փրկչի օրինակին, որն է՝ միշտ ենթարկվել Հոր կամքին։
Լրացուցիչ աղբյուրներ
-
“Chapter 24: Reflections on the Mission of Jesus Christ,” Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow (2012), 277–84
Բաժին 2
Հիսուս Քրիստոսի կատարյալ կյանքը օրինակ է բոլորի համար
Իր հանրային ծառայության սկզբում Հիսուսը գնաց Հովհաննես Մկրտչի մոտ և մկրտվեց Հորդանան գետում: Թեև Հիսուսը երբևէ մեղք չէր գործել, Նա բացատրում էր, որ Ինքը կարիք ուներ մկրտվելու, քանի որ «հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»: Երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, լսվեց Հայր Աստծո ձայնը․ «Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի»։ Սուրբ Հոգին իջավ Հիսուսի վրա՝ աղավնու տեսքով։ (Տես Մատթեոս 3:13-17:)
Հիսուս Քրիստոսը կատարյալ կյանք վարեց: Մկրտվելուց հետո Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահեց, «որ լինի Աստծո հետ» (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.2 [Մատթեոս 4.2, ծանոթագրություն գ]): Դրանից հետո սատանան եկավ Նրան գայթակղելու։ Սակայն Հիսուս Քրիստոսը հաստատապես դիմակայեց գայթակղություններին։ Հիսուս Քրիստոսի՝ մեղքերից զերծ կյանքը պատրաստեց Նրան որպես զոհաբերություն Աստծո բոլոր զավակների մեղքերի համար: Որպես միակ կատարյալ էակ Աստծո զավակների մեջ, Հիսուս Քրիստոսը բացարձակ օրինակ է յուրաքանչյուրիս համար՝ Աստծուն հետևելու մեր ջանքերում (տես Ա Պետրոս 2․21-22)։
Մտորելու հարցեր
-
Կարդացեք Մատթեոս 4․1-11 հատվածները, այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի թարգմանության ծանոթագրությունները, որոնք նկարագրում են այն, ինչ տեղի ունեցավ, երբ սատանան փորձում էր գայթակղել Հիսուսին։ Ի՞նչ կարող եք սովորել գայթակղությանը դիմակայելու Քրիստոսի օրինակից։ Ինչպե՞ս կարող է ծոմապահությունը, աղոթքը և սուրբ գրությունների գիտելիքը պատրաստել ձեզ հաղթահարել գայթակղությունը։
-
Հարություն առած Հիսուս Քրիստոսը ուսուցանեց տասներկու Նեփիացի աշակերտներին՝ որպես մարդկանց դատավորներ իրենց դերի վերաբերյալ։ Կարդացեք 3 Նեփի 27․27 և գտեք, թե ինչ պատվիրան տվեց Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին։ Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները նմանվեն Իրեն։
Սովորեք միասին
-
Ձեր խմբի անդամներին խնդրեք մտածել, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուս Քրիստոսը գայթակղության առաջ կանգներ։ Հրավիրեք նրանց պատասխաններ փնտրել Եբրայեցիս 2.17-18, 4․15-16 հատվածներում: Ինչո՞ւ է մեզ համար կարևոր հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը, ինչպես մենք այսօր, ենթարկվեց գայթակղությունների:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Հովհաննես 14․6, 2 Նեփի 31․4-10, Վարդապետություն և Ուխտեր 93․12-20։
-
Գլուխ 1. Հիսուս Քրիստոսը՝ հույսի և ուրախության մեր միակ ճանապարհը, Եկեղեցու նախագահների ուսմունքները. Հովարդ Վ. Հանթեր (2015), 39–48:
Բաժին 3
Հիսուսն ուսուցանեց մեզ սիրել և ծառայել միմյանց
Հիսուսն Քրիստոսն ուսուցանեց, որ կա երկու մեծ պատվիրան։ Դրանցից առաջինն է՝ սիրել Աստծուն մեր ողջ սրտով, հոգով և մտքով: Երկրորդը՝ սիրել ուրիշներին, ինչպես ինքներս մեզ։ (Տես Մատթեոս 22.36-39։) Հիսուսը հաճախ էր ուսուցանում այդ ճշմարտությունները քարոզների և առակների միջոցով (օրինակ, տես Մատթեոս 25․31-46, Ղուկաս 10․25-37)։
Հիսուս Քրիստոսը միշտ եղել Աստծուն հետևելու և ուրիշներին սիրելու կատարյալ օրինակ: Նա անձամբ ցույց տվեց Իր սերն ու կարեկցանքը ուրիշների հանդեպ, երբ մեծ զորությամբ ծառայեց Աստծո զավակների մեջ՝ բժշկելով հիվանդներին և կատարելով բազմաթիվ զորեղ հրաշքներ (տես Մատթեոս 11․4-5, Մոսիա 3․5-6)։
Քրիստոսի մահկանացու ծառայության կարևոր մասն էր Իր Եկեղեցին հիմնելը։ Այս նպատակով Նա կանչեց տասներկու աշակերտներ և լիազորեց նրանց քարոզել ավետարանը և զորություն տվեց բժշկելու հիվանդներին (տես Մատթեոս 10․1-8)։ Աշակերտները շարունակեցին Տիրոջ աշխատանքը Նրա մահից և Հարությունից հետո, ուսուցանելով ապաշխարություն և հրավիրելով մյուսներին մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը (տես Գործք 2․22-24, 37-47)։ Բժշկելով քահանայության զորությամբ՝ նրանք ծառայում էին մարդկանց և հնարավորություններ ստեղծում Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու համար (տես Գործք 3․1-11)։
Մտորելու հարցեր
-
Երկրորդ մեծ պատվիրանն է՝ սիրել ձեր մերձավորին։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, պետք է օրինակ ծառայենք, թե ինչպես շփվել ուրիշների հետ, հատկապես, երբ տարբեր կարծիքներ ունենք: Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդին բացահայտելու ամենահեշտ ձևերից մեկն այն է, թե որքան կարեկից է մարդը ուրիշների հանդեպ»։ Հիսուս Քրիստոսի օրինակը հիշելը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ, երբ դժվար է սիրել մյուսներին։
Սովորեք միասին
-
Միասին կարդացեք երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերը․
«Երբեք մի հանձնվեք, որքան էլ խորը լինեն ձեր հոգու վերքերը, ինչպիսին էլ լինի դրանց աղբյուրը, որտեղ և երբ էլ հասցված լինեն ձեզ, որքան էլ դրանք կարճ կամ երկար տևեն, դուք մատնված չեք հոգևոր կորստյան: Ձեզ համար նախատեսված է հոգեպես գոյատևել և ծաղկել Աստծո հանդեպ ձեր հավատքով ու վստահությամբ։
Աստված այնպես չի ստեղծել մեր հոգիները, որ Իրենից անկախ ապրենք: Մեր Տերը և Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, Իր Քավության անզուգական պարգևի շնորհիվ ոչ միայն փրկում է մեզ մահից և ապաշխարության միջոցով մեր մեղքերի համար ներում առաջարկում, այլև պատրաստ է փրկել մեզ մեր վիրավոր հոգու ցավերից ու վերքերից»:
Քննարկեք զորությունը, որը մեզ հասանելի է Փրկչի բժշկելու ունակության շնորհիվ: Խմբի անդամներին հրավիրեք կիսվել այն փորձառություններով, երբ նրանք իրենց կյանքում զգացել են Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Նիլ Լ․ Անդերսեն, «Խոցվածը», Լիահոնա, նոյ. 2018, 83–86
-
The Greatest Commandment (video), Gospel Library
Բաժին 4
Հիսուս Քրիստոսը տվեց Իր կյանքը Աստծո զավակներին փրկագնելու համար
Մորմոնի Գրքի մարգարե Աբինադին մարգարեացել է, որ Հիսուս Քրիստոսը կիջնի երկնքից, ծաղրի կենթարկվի, կխարազանվի, դուրս կգցվի, կխաչվի և կսպանվի․ այս ամենը կկատարվի, որպեսզի կարողանա փրկագնել Իր ժողովրդին (տես Մոսիա 15․1-7)։ Այսօր աշխարհում ամենամեծ կարիքն այն է, որ բոլորը սովորեն և հասկանան մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահկանացու առաքելությունը, թե Նա ինչպես չարչարվեց և վճարեց մեր մեղքերի գինը, որպեսզի մենք կարողանանք փրկվել:
Երկրի պատմության ամենակարևոր իրադարձություններից մի քանիսը տեղի են ունեցել Տիրոջ կյանքի վերջին ժամերին: Երբ մոտենում էր հրեական Պասեքի ժամանակը, Հիսուսն Իր աշակերտներին տարավ Գեթսեմանի՝ ձիթենու այգին, որը գտնվում էր Ձիթենյաց լեռան վրա կամ դրա մոտ, Երուսաղեմի պարիսպներից դուրս։ Այստեղ էր, որ Հիսուս Քրիստոսն աղոթեց և սկսեց Իր վրա վերցնել այն ամենը, ինչ պահանջվում էր մեր փրկագնման համար: Բենիամին թագավորը մարգարեացավ, որ Հիսուս Քրիստոսը կզգա «մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն» և «տառապանք իր ժողովրդի ամբարշտության և գարշելիության համար» (Մոսիա 3․7)։ Մենք չենք կարող հասկանալ Գեթսեմանում Նրա տառապանքի ուժգնությունն ու ծավալը, սակայն այդ տառապանքը ստիպեց Հիսուսին քրտնել «արյան կաթիլների պես, և թափվեցին գետնին» (Ղուկաս 22․44, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 19․18)։
Այնուհետև Հիսուսին մատնեց Իր աշակերտներից մեկը, Նրան ձերբակալեցին, ծաղրի ենթարկեցին, իսկ հրեա կրոնական առաջնորդները կեղծ մեղադրանքներ ներկայացրին: Նրան տարան, հարցաքննեցին և ծեծեցին հռոմեացիները։ (Տես Մատթեոս 26․47-68, 27․1–31։) Զինվորները Հիսուս Քրիստոսին խաչեցին՝ Նրա ձեռքերն ու ոտքերը գամելով խաչին (տես Ղուկաս 23․33-38)։ Երբ Նրան բարձրացրին և կախեցին խաչի վրա, Նա շարունակեց ցավ ու տառապանք տանել մեր մեղքերի համար: Հիսուս Քրիստոսի Քավությունը ենթադրում է վճարում, որը Նա կատարեց Գեթսեմանիում և խաչի վրա՝ հաղթահարելու մեղքի հետևանքները բոլոր նրանց համար, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերից (տես Ալմա 5․48, 3 Նեփի 9․22, Վարդապետություն և Ուխտեր 19․17)։
Մահից հետո Նրա մարմինը տեղավորեցին գերեզմանում (տես Հովհաննես 19․38-42)։ Հարությունից հետո երրորդ օրը Քրիստոսը կրկին վեր առավ Իր մարմինը և դարձավ հարություն առած առաջին մարդը (տես Մատթեոս 28․1-8)։ Շատ մարդիկ ականատեսը եղան հարություն առած Տիրոջը և վկայեցին փառավոր լուրի մասին: Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ Աստծո բոլոր զավակների հոգիները կվերամիավորվեն իրենց մարմիններին և նրանք կստանան անմահության օրհնությունը (տես Ա Կորնթացիս 15․21-22, Ալմա 11․44-45)։ Այն ամենը, ինչ Հիսուս Քրիստոսը տարավ Իր մահկանացու կյանքի ընթացքում, արվեց Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ սիրուց մղված (տես 1 Նեփի 19․9, Վարդապետություն և Ուխտեր 34․3)։
Մտորելու հարցեր
-
Գեթսեմանի գնալուց առաջ Հիսուս Քրիստոսը Իր աշակերտներին ներկայացրեց հաղորդության սրբազան արարողությունը: Կարդացեք Մատթեոս 26․26-30: Ինչպե՞ս կարող եք հաղորդությունը ճաշակելիս ավելի շատ մտորել Հիսուս Քրիստոսի կյանքի և Քավության շուրջ։ Ինչպե՞ս կարող է հաղորդությունը ճաշակելու ձեր փորձառությունը մեծացնել ձեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Սովորեք միասին
-
Միասին կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.
«Նա թողեց Իր փառքը Երկիր գալու համար՝ որպես մարմնով Հոր Միածին, սակայն Նրան դաժանորեն անարգեցին, ծաղրեցին, թքեցին Նրա վրա և ծեծեցին: Գեթսեմանիի պարտեզում մեր Փրկիչն Իր վրա վերցրեց ամեն ցավ, ամեն մեղք և բոլոր տառապանքերն ու չարչարանքները, որոնք երբևէ ունեցել ենք ես և դուք և բոլոր նրանք, ովքեր երբևէ ապրել են կամ կապրեն։ Այդ տանջալից բեռի տակ Նա արյունահոսեց յուրաքանչյուր ծակոտիից։ Այդ տառապանքն ուժգնացավ, քանի որ Նա դաժանորեն խաչվեց Գողգոթայի խաչին։
Այդ տանջալից փորձառությունների և Նրա հետագա Հարության միջոցով՝ Իր անսահման Քավության շնորհիվ, Նա անմահություն շնորհեց բոլորին և մեզանից յուրաքանչյուրին փրկագնեց մեղքի հետևանքներից՝ մեր ապաշխարելու պայմանով»:
Խմբի հետ քննարկեք, թե ինչու է կարևոր իմանալ Հիսուս Քրիստոսի տառապանքների մասին Գեթսեմանիում և խաչի վրա և Նրա մահվան ու Հարության մասին: Հիսուս Քրիստոսի փորձությունների ավելի խոր ըբռնումը ինչպե՞ս կարող է մեզ ավելի մոտեցնել Նրան:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Հովհաննես 6․51, 1 Նեփի 11․14-23, Ալմա 34․7-14, Վարդապետություն և Ուխտեր 88․6։
-
Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Խաչ բարձրացվեց», Լիահոնա, նոյեմբեր 2022, 77–79:
-
Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Օվսաննա Բարձրյալ Աստծուն», Լիահոնա, մայիս 2023, 108–11:
-
“Why We Need a Savior” (video), Gospel Library