Սպասավորություն
Ինչպես սպասավորությունը ուրախ փորձառություն դարձնել
սկզբունքները


Սպասավորության սկզբունքները

Ինչպես սպասավորությունը ուրախ փորձառություն դարձնել

Սիրով ծառայելը ուրախություն է բերում թե՛ մատուցողին, թե՛ ստացողին:

Jesus with the leper

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԲՈՐՈՏԱՎՈՐԸ, ՋՈՆ ՍԹԻԼ

Երբեմն երջանկության մեր որոնումներն այս կյանքում կարող են վազքուղու մարզասարքի պես լինել: Մենք վազում ու վազում ենք, բայց զգում ենք, որ ոչ մի տեղ չենք հասնում: Ոմանց համար մարդկանց սպասավորելու միտքը անելիքներին մի բան ավելացնելու նման է:

Սակայն մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ ուրախություն վայելենք և ասել է մեզ՝ «մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2,25): Փրկիչն ուսուցանել է, որ մարդկանց սպասավորելը կարևոր մասն է այն բանի, թե ինչպես ենք մենք ուրախություն բերում մեր և ուրիշների կյանք:

Ի՞նչ է ուրախությունը:

Ուրախությունը սահմանվել է որպես «վայելքի և երջանկություն զգացում»:1 Վերջին օրերի մարգարեները պարզաբանել են, թե ուրախությունը որտեղից է գալիս և ինչպես այն գտնել: «Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»,- ասել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: «… Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա [Հիսուս Քրիստոսի] շնորհիվ: Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է»:2

Սպասավորությունը ուրախություն է բերում

Երբ Լեքին ճաշակեց կյանքի ծառի պտղից, նրա հոգին լցվեց «չափազանց մեծ ուրախությամբ» (1 Նեփի 8.12): Նրա առաջին ցանկությունն էր՝ կիսվել այդ պտղով իր սիրելիների հետ:

Մարդկանց սպասավորելու մեր պատրաստակամությունը այս տեսակ ուրախություն կարող է բերել մեզ և նրանց, ում սպասավորում ենք: Փրկիչն ուսուցանել է Իր աշակերտներին, որ մեր առաջարկած պտուղը, երբ մենք կապված ենք Նրա հետ, մեզ բերում է լիարժեք ուրախություն (տես Հովհաննես 15.1–11): Երբ Նրա գործն ենք կատարում՝ ծառայելով և ձգտելով մարդկանց բերել դեպի Քրիստոսը, ուրախ փորձառություն ենք ունենում (տես Ղուկաս 15.7, Ալմա 29.9, Վարդապետություն և Ուխտեր 18.16, 50.22): Մենք կարող ենք զգալ այս ուրախությունը նույնիսկ ընդդիմության և չարչարանքի պարագայում (տես Բ Կորնթացիս 7.4, Կողոսացիս 1.11):

Փրկիչը մեզ ցույց է տվել կատարյալ օրինակ, որ մահկանացու կյանքում ճշմարիտ ուրախության մեծագույն աղբյուրներից մեկը ծառայությունն է: Երբ սպասավորում ենք մեր եղբայրներին ու քույրերին՝ Փրկիչի նման գթությամբ և սիրով լցված, մենք կարող ենք զգալ ուրախություն, որը գերազանցում է պարզ երջանկությունը:

«Եթե մենք ընդունենք [սպասավորությունը] կամեցող սրտով, մենք … ավելի մոտ կլինենք Սիոնի ժողովուրդ դառնալուն և անսահման ուրախություն կունենանք այն մարդկանց հետ, ում մենք օգնել ենք աշակերտության ճանապարհին»,- ուսուցանել է Քույր Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող Միության գերագույն նախագահը:3

Ինչպե՞ս կարող ենք սպասավորությունն ուրախ փորձառություն դարձնել:

Կան շատ եղանակներ ավելի մեծ ուրախություն հաղորդելու մեր սպասավորությանը: Ահա մի քանի գաղափարներ.

  1. Հստակեցրեք սպասավորելու ձեր նպատակը: Սպասավորելու շատ պատճառներ կան: Ի վերջո, մեր ջանքերը պետք է համապատասխանեն Աստծո նպատակներին՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Ընդունելով Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հրավերը՝ օգնել մյուսներին ուխտի ճանապարհին, մենք ուրախություն կգտնենք Աստծո գործին մասնակցելով:4 (Սպասավորության մասին ավելին իմանալու համար, տես՝ «Սպասավորության սկզբունքները. Նպատակը, որը կփոխի մեր սպասավորությունը», հունվար, 2019 Լիահոնա):

  2. Սպասավորությունը մարդկանց վերաբերյալ է, ոչ թե՝ հանձնարարությունների: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հաճախ հիշեցրել է մեզ. «Երբեք թույլ մի տվեք, որ խնդիրը, որը պետք է լուծել, ավելի կարևոր լինի, քան մարդը, ում պետք է սիրել»:5 Սպասավորությունը մարդկանց սիրելու մասին է, ոչ թե՝ անելիքների: Երբ մենք աճում ենք և սիրում այնպես, ինչպես Փրկիչն էր սիրում, մենք ավելի բաց կլինենք այն ուրախության համար, որը գալիս է մարդկանց ծառայելուց:

  3. Սպասավորությունը պարզ դարձրեք: Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն, ով Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահն է, մեզ ասում է․ «Մեծ բաներն առաջ են եկել հասարակ և փոքր բաներից: … Բարության և ծառայության մեր փոքր ու հասարակ արարքները կկուտակվեն ու կդառնան Երկնային Հոր հանդեպ սիրով լցված, Տեր Հիսուս Քրիստոսի գործին նվիրված, խաղաղության և ուրախության զգացումով լի կյանք»։6

  4. Սպասավորությունից հանեք լարվածությունը: Մեր պարտականությունը չէ իրագործել ինչ-որ մեկի փրկությունը: Դա անհատի և Տիրոջ միջև է: Մեր պարտականությունն է նրանց սիրել և օգնել, որ դառնան դեպի Հիսուս Քրիստոսը, ով նրանց Փրկիչն է:

Jesus with children

ՔՐԻՍՏՈՍԸ և ՄՈՐՄՈՆԻ ԳՐՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ, ԴԵԼ ՓԱՐՍՈՆ

Ծառայությունից մի հեռացրեք ուրախությունը

Երբեմն մարդիկ հապաղում են օգնություն խնդրել, ուստի, մեր ծառայությունն առաջարկելը կարող է լինել հենց այն, ինչ նրանց պետք է: Սակայն մարդկանց պարտադրել քո ծառայությունը նույնպես հարկավոր չէ: Սպասավորելուց առաջ թույլտվություն խնդրելը լավ միտք է:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը պատմել է մի միայնակ մոր մասին, ով վարակվել էր ջրծաղիկով, ինչից հետո նրա երեխաները նույնպես հիվանդացել էին: Սովորաբար կոկիկ տունը դարձել էր թափթփված ու խառնված: Սպասքն ու լվացքը հավաքվել էին:

Մի պահ, երբ կինն ուժասպառ էր եղել, Սփոփող Միության քույրերը թակեցին նրա դուռը: Նրանք չասացին՝ «Ինչո՞վ օգտակար լինենք»: Երբ տեսան իրավիճակը, անմիջապես գործի անցան:

«Նրանք մաքրեցին քաոսը, լույս ու մաքրություն հաստատեցին տանը և զանգեցին ընկերներից մեկին` որոշ մթերք բերելու համար: Երբ վերջում ավարտեցին իրենց գործը և հաջողություն մաղթեցին, նրանք այդ երիտասարդ մորը թողեցին երախտագիտության և սիրո արցունքների մեջ»:7

Երկու կողմն էլ՝ և՛ տվողները, և՛ ստացողը, ջերմություն և ուրախություն զգացին:

Ուրախություն զարգացրեք ձեր կյանքում:

Որքան շատ ուրախություն, խաղաղություն և բավարարվածություն զարգացնենք մեր կյանքում, այնքան շատ կկարողանանք կիսվել ուրիշների հետ՝ նրանց սպասավորելիս: Ուրախությունը գալիս է Սուրբ Հոգու միջոցով (տես Գաղատացիս 5.22 և Վարդապետություն և Ուխտեր 11.13): Դա մի բան է, որի համար մենք կարող ենք աղոթել (տես Վարդապետություն և Ուխտեր 136.29) և հրավիրել մեր կյանք: Ահա մի քանի գաղափարներ այն մասին, թե ինչպես ուրախություն զարգացնել մեր կյանքում.

  1. Հաշվեք ձեր օրհնությունները: Զննելով ձեր կյանքը, ձեր օրագրում գրեք այն բաները, որոնցով Աստված օրհնել է ձեզ:8 Նկատեք ձեր շուրջը գտնվող լավ բաները:9 Ուշադրություն դարձրեք, թե ինչը կարող է ձեզ հետ պահել ուրախության զգացումից և գրեք, թե ինչպես կարող եք լուծել այդ խնդիրները կամ ավելի լավ հասկանալ դրանք: Զատիկի այս տոներին ժամանակ հատկացրեք Փրկիչի հետ ավելի սերտ կապ ունենալու որոնմանը (տես Վարդապետություն և Ուխտեր 101.36):

  2. Փորձեք խորհրդածել: Ուրախությունն ավելի հեշտությամբ ձեզ կգտնի խորհրդածելու հանգիստ պահերին:10 Ուշադիր լսեք, թե ինչն է ձեզ ուրախացնում (տես Ա Մնացորդաց 16.15): Երբեմն լրատվամիջոցներից հեռու մնալը կարող է անհրաժեշտ լինել խորհրդածելու համար:11

  3. Խուսափեք ձեզ համեմատելուց: Այդպիսի խոսք կա, որ համեմատությունը ուրախության գողն է: Պողոսը զգուշացրել է, որ նրանք, ովքեր «իրանցով իրանց անձերը չափելով, եւ իրանց անձերը իրանց հետ բաղդատելով», իմաստուն չեն (Բ Կորնթացիս 10.12):

  4. Փնտրեք անձնական հայտնություն: Փրկիչն ուսուցանել է. «Եթե խնդրես, դու կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա, որ կարողանաս իմանալ խորհուրդներն ու խաղաղարար բաները, որոնք բերում են ուրախություն, որոնք բերում են կյանք հավերժական» (Վարդապետություն և Ուխտեր 42.61):

Գործելու հրավեր

Ինչպե՞ս կարող եք սպասավորության միջոցով մեծացնել ուրախությունը ձեր կյանքում:

Հղումներ

  1. “Joy,” en.oxforddictionaries.com

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 82

  3. Ջին Բ․ Բինգհեմ, «Սպասավորել Փրկիչի ձևով» Լիահոնա, մայիս 2018, 107

  4. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ, 2018, 4–7

  5. Թոմաս Ս. Մոնսոն, «Ուրախություն գտնենք ճանապարհին», Լիահոնա, նոյեմբեր, 2008, 86

  6. Մ․ Ռասսել Բալլարդ, «Գտնել ուրախություն ծառայությունը սիրելու միջոցով», Լիահոնա, մայիս 2011, 49

  7. Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ուրախությամբ ապրել ավետարանով», Լիահոնա, նոյեմբեր 2014, 120–123

  8. See Henry B. Eyring, “O Remember, Remember,” Liahona, Nov. 2007, 67.

  9. Տես Ջին Բ. Բինգհեմ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Լիահոնա, նոյեմբեր 2017, 87

  10. Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ամենակարևոր բաների մասին», Լիահոնա, նոյեմբեր 2010, 21

  11. Տես Գարի Ի. Սթիվենսոն, «Հոգևոր խավարում», Լիահոնա, նոյեմբեր, 2017, 46