Սպասավորության սկզբունքները, մարտ 2020
Սպասավորել տաճարային ծառայության միջոցով
Երբ մենք օգնում ենք ուրիշներին վայելել տաճարի օրհնությունները, մենք սպասավորում ենք։
Սպասավորության սկզբունքները, Մարտ 2020
Տաճար այցելելու համար արժե ջանք գործադրել։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է, որ «տաճարը շատ կարևոր է մեր, ինչպես նաև մեր ընտանիքների փրկության և վեհացման համար։ …
… Մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի շարունակական հոգևոր զորացման և ուսուցման, որը հնարավոր է միայն Տիրոջ տանը»։1
Տաճար այցելելու համար պահանջվում է, որ մենք կառավարենք մեր ժամանակը, պարտականությունները, մեր միջոցները, ինչպես նաև լինենք հոգևորապես պատրաստ։ Մենք սպասավորում ենք, երբ պարզում ենք այն խոչընդոտները, որոնք մեր եղբայրներին և քույրերին հեռու են պահում տաճարից և օգնում նրանց լուծումներ գտնել։
Տաճարն օրհնություն է, որ յուրաքանչյուրը կարող է վայելել
Վերջերս միսիայից վերադարձած Մեգը քայլում էր դեպի Կոնա Հավայի Տաճարի դուռը, երբ նկատեց մի երիտասարդ կնոջ, ով միայնակ նստած էր նստարանին։ Մեգը զգաց, որ պիտի խոսեր երիտասարդ կնոջ հետ, բայց վստահ չէր, թե ինչ պիտի ասեր։ Ուստի, նա հարցրեց երիտասարդ կնոջ ոտքի դաջվածքի նշանակության մասին։ Դրանով սկսվեց մի զրույց, որը թույլ տվեց երիտասարդ կնոջը՝ Լանին, կիսվել իր պատմությամբ։
Լանին պատմեց Մեգին Եկեղեցի վերադառնալու ճանապարհին իր ունեցած դժվարությունների, բարեհամբույր անդամների մասին, ովքեր օգնում են նրան, և իր հույսի մասին, որ ինքը մի օր կկնքվի իր փոքրիկ դստեր հետ։
Մեգը հրավիրեց Լանին գալ իր հետ և նստել տաճարի սպասասրահում։ Նրանք դեռևս չէին կարող դրանից ավելի առաջ գնալ տաճարում, սակայն նրանք կկարողանային հատել շեմը։ Լանին համաձայնվեց, և նրանք միասին մոտեցան շքամուտքին։ Տաճարի աշխատողը ուղեկցեց նրանց դեպի այն նստարանը, որը տեղադրված էր Փրկիչի նկարի տակ։
Երբ նրանք միասին նստեցին, Լանին շշնջաց․ «Այսօր ես իսկապես ցանկանում էի ներս մտնել տաճար, սակայն հուզվում էի»։ Քանի որ Մեգը հետևեց Հոգուն, նա օգնեց պատասխանել Լանիի լուռ աղոթքին։
Մտքեր՝ երաշխավորագիր չունեցեղներին օգնելու համար
Նույնիսկ նրանք, ովքեր չունեն տաճարային երաշխավորագիր, կարող են օրհնվել տաճարով։
-
Կիսվեք ձեր զգացմունքներով, թե ինչպես է Տերն օրհնել ձեզ տաճարային աշխատանքի միջոցով։
-
Հրավիրեք մեկին հաճախել տաճարի բաց դռների օրը կամ այցելությունների կենտրոն։ Գտեք գալիք բաց դռների օրերի հայտարարություններ temples.ChurchofJesusChrist.org-ում։
-
Դիտեք տաճարի նկարներ և ավելին սովորեք դրանց մասին temples.ChurchofJesusChrist.org-ում։
Տաճարի այցելություններն ավելի հեշտացրեք ուրիշների համար
Նույնիսկ տաճարային երաշխավորագիր ունեցող անդամների համար տաճար այցելելը կարող է խնդիր լինել։ Ոմանք գուցե պետք է երկար ճամփորդեն։ Ոմանք էլ գուցե ունեն փոքր երեխաներ կամ ընտանիքի ծեր անդամներ, ովքեր խնամքի կարիք ունեն։ Մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի տաճարային ծառայությունը հնարավոր դարձնենք բոլորի համար։
Լեոլա Չանդլերի համար չափազանց դժվար էր հոգ տանել իր հիվանդ ամուսնու և իրենց չորս երեխաների մասին։ Ուստի նա որոշեց ժամանակ տրամադրել յուրաքանչյուր երեքշաբթի և այցելել մոտակա տաճարը։ Այն խաղաղության և զորության աղբյուր դարձավ նրա կյանքում։
Մի օր նա լսեց, որ իր ծխի երկու տարեց քույրեր շատ էին ուզում այցելել տաճար, սակայն չունեին տրանսպորտային միջոց։ Լեոլան առաջարկեց նրանց գնալ իր մեքենայով։ Հաջորդ 40 տարիների ընթացքում նա հազվադեպ էր մենակ գնում տաճար։2
Լեոլան օրհնվեց և օրհնեց ուրիշներին, երբ նրանց առաջարկեց իր հետ գնալ տաճար։
Մտքեր, որոնք կօգնեն ուրիշներին այցելել տաճար
Ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին ավելի հաճախ այցելել տաճար։ Գուցե գտնեք, որ այս գաղափարները ձեզ համար նույնպես կարող են օգտակար լինել։
-
Գնացեք միասին։ Առաջարկեք կամ պայմանավորվեք, որ ինչ-որ մեկի հետ միասին գնաք մեքենայով։ Դա կարող է մեկ ուրիշին ևս խրախուսել՝ այցելելու տաճար։
-
Խնդրեք ձեր ընտանիքի կամ ծխի անդամներին օգնել ձեզ կատարել արարողություններ ձեր նախնիների համար, հատկապես, երբ ընտանիքի շատ անուններ պատրաստ լինեն արարողություններին։
-
Առաջարկեք խնամել փոքր երեխաներին, որպեսզի ծնողները կարողանան տաճար այցելել: Կամ պայմանավորվեք, որ հերթով խնամեք միմյանց երեխաներին։
Երբ տաճարը հեռվում է
Չանդրադաս «Ռոշանը» և Շերոն Էնթոնին Կոլոմբոյից (Շրի Լանկա) որոշեցին կնքվել տաճարում: Նրանց ընկերները՝ Աննա և Անտոն Կումարասամիները, շատ ուրախ էին նրանց համար։ Սակայն նրանք գիտեին, որ Մանիլա Ֆիլիպիններ Տաճար հասնելը հեշտ կամ էժան չէր։
Ռոշանը և Շերոնը գումար էին խնայել և իրենց համար նախապես պատվիրել մատչելի թռիչքի տոմսեր։ Վերջապես, օրը եկավ: Սակայն Մալայզիայում նրանք պարզեցին, որ Ֆիլիպիններ մեկնելու համար նրանց անհրաժեշտ էր կա՛մ վիզա, կա՛մ պետք է մեկնեին այլ ավիաընկերության տոմսով։ Վիզա ստանալ հնարավոր չէր, իսկ այլ ավիաընկերության տոմսեր գնելու համար բավականաչափ գումար չունեին։ Սակայն նրանց համար անտանելի էր այն միտքը, որ տուն պիտի վերադառնային առանց կնքվելու։
Չիմանալով, թե ուրիշ ինչ կարելի էր անել, Ռոշանը զանգեց Անտոնին։ Անտոնը և Աննան շատ էին ուզում օգնել։ Նրանք Շրի Լանկայի այն մի քանի զույգերից էին, ովքեր կնքված էին տաճարում, և գիտեին, թե ինչպիսի օրհնություն էր դա։ Սակայն նրանք նոր էին ծախսել իրենց խնայողությունները, օգնելով կարիքի մեջ գտնվող ընտանիքի անդամի, և չունեին բավականաչափ գումար, որպեսզի օգնեին Ռոշանին և Շերոնին տոմսեր գնել նոր թռիչքի համար։
Շրի Լանկայում ավանդույթ կա, որ փեսացուն ոսկե վզնոց է գնում հարսնացուի համար, որպեսզի նա որոշակի գումար ունենա, եթե նրա ամուսինը մահանա։ Աննան որոշեց վաճառել իր վզնոցը, որպեսզի օգնի գնել նոր տոմսերը։ Նրա առատաձեռն նվերը հնարավոր դարձրեց, որ Ռոշանը և Շերոնը հասնեն Մանիլա տաճար։
«Ես գիտեմ տաճարային կնքման արժեքը»,- ասել է Աննան։ «Ես գիտեի, որ Շերոնը և Ռոշանը մեծ ուժ կլինեին ճյուղի համար։ Ես չէի ուզում, որ նրանք բաց թողնեին այդ հնարավորությունը»։3
Մտքեր, որ կօգնեն նրանց, ովքեր չեն կարող տաճար այցելել
Գուցե դուք կանչվեք սպասավորելու նրանց, ովքեր չեն կարող հաճախ կամ ընդհանրապես այցելել տաճար հեռավորության կամ գումարի պատճառով։ Սակայն դուք դեռևս կարող եք գտնել ուղիներ՝ օգնելու նրանց գնահատել տաճարի օրհնությունները։
-
Ուսուցանեք կամ միասին մասնակցեք տաճարի նախապատրաստման կամ ընտանեկան պատմության դասի։
-
Տվեք նրանց տաճարի նկար՝ իրենց տանը կախելու համար։
-
Եթե եղել եք տաճարում, կիսվեք ձեր փորձառությունների մասին ձեր զգացողություններով և տաճարի վերաբերյալ ձեր վկայությամբ։
-
Օգնեք նրանց սովորել ավելին իրենց կապած ուխտերի մասին և, թե ինչպես պահել դրանք։ Կարող եք օգտվել հետևյալ ելույթից․ “Understanding Our Covenants with God: An Overview of Our Most Important Promises,” July 2012 Liahona։
© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved։ Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Ministering Principles, March 2020-ի թարգմանությունը։ Armenian 16985 201