Սպասավորել Եկ, հետևիր ինձ ծրագրի միջոցով, Լիահոնա, սեպտեմբեր 2020
Սպասավորության սկզբունքները, սեպտեմբեր 2020
Սպասավորել Եկ, հետևիր ինձ ծրագրի միջոցով
Ինչպե՞ս կարող է Եկ, հետևիր ինձ ծրագիրն օգնել ձեզ փոխել ուրիշների կյանքը։
Անկախ այն բանից՝ դուք ձեր ընտանիքի հետ եք, Կիրակնօրյա դպրոցի դասարանում որպես ուսուցիչ կամ ուսանող, դպրոցում, աշխատավայրում կամ մեկ այլ վայրում, սուրբ գրությունների ուսումնասիրությունը Եկ, հետևիր ինձ ծրագրի միջոցով ուրիշներին ծառայելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս։ Ուսուցումն, ի վերջո, «ավելին է, քան կիրակի օրը քննարկում կազմակերպելը․ այն ներառում է՝ սպասավորել սիրով և օրհնել ուրիշներին ավետարանով»։1
Կապվել ուսանողների հետ
Երբ Օֆելյա Թրեջո դե Քարդենասը կանչվեց ուսուցանելու երիտասարդ չափահասներին Մեխիկո ծխում, նա զգաց, որ Կիրակնօրյա դպրոցի իր ուսանողներից յուրաքանչյուրի հետ մտերիմ հարաբերություններ ունենալը կմեծացնի նրանց ուսուցանելու և ամրացնելու իր ունակությունը։
«Եթե ես մտերիմ հարաբերություններ չունեմ իմ ուսանողների հետ, և նրանք չեն զգում իմ սերը, նրանք գուցե չհավատան ինձ, երբ դաս ուսուցանեմ կամ բերեմ իմ վկայությունը»,- ասում է նա։ «Նրանք թերևս այնպիսի զգացողություն կունենան, որ ես պարզապես Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ եմ»։
Բայց ինչպե՞ս կարող էր Քույր Քարդենասը զարգացնել նման հարաբերություններ, եթե նա ուսուցանում էր ընդամենը երկու շաբաթը մեկ անգամ։ Նա պատասխանը գտավ տեխնոլոգիաների միջոցով։ Օգտագործելով բջջային հեռախոսի WhatsApp հավելվածը, նա և իր ուսանողները շուտով ամեն օր կապվում էին տեքստային և ձայնային հաղորդագրությունների միջոցով։ Այժմ ամեն օր, նախքան հաջորդ Կիրակնօրյա դպրոցի դասը դասարանում մեկը դասարանի մյուս անդամներին կամավոր ուղարկում է հաջորդ դասից սուրբ գրության հատված՝ դրա հետ կապված որևէ անձնական մտքի հետ միասին։ Հատվածը և միտքը կարդալուց հետո դասարանի անդամներն արձագանքում են իրենց իսկ մտքերով։
«Երբ նրանք կարդում են սուրբ գրությունը, ուղարկում են ուրախ դեմք, որպեսզի ես իմանամ, որ իրենք կարդացել կամ ուսումնասիրել են սուրբ գրությունը և մտածել են այդ մասին»,- ասում է Քույր Քարդենասը։ Երբ գալիս է հաջորդ կիրակնօրյա դասը, ուսանողները պատրաստ են մասնակցելու։
Այս ամենօրյա կապը վերջերս օրհնել է մի երիտասարդ չափահասի, ում ծնողներն ակտիվ չեն Եկեղեցում։
«Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ նրան եկեղեցում, քանի որ գիտեմ, որ դրա համար նա անցնում է մի շարք դժվարությունների միջով»,- ասում է Քույր Քարդենասը։ «Ես վստահ եմ, որ սուրբ գրությունները և մտքերը, որոնք նրա դասընկերներն ուղարկել են, և սուրբ գրություններն ու մտքերը, որոնք նա է ուղարկել, երբ իր հերթն է եղել, նրան շատ են ամրացրել»։
Քույր Քարդենասն ասում է, որ սուրբ գրությունների միջոցով սպասավորելը չի ավարտվում Կիրակնօրյա իր դասի և իր դասարանի ամենօրյա սուրբ գրությունների կապի հետ։
«Իմ նախապատրաստությունը ներառում է իմ ուսանողների համար աղոթելը»,- ասում է նա։ «Նրանց մասին ես մտածում եմ ոչ միայն կիրակի օրը, այլ նաև շաբաթվա մնացած բոլոր օրերին։ Նրանցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ և տարբեր կարիքներ։ Յուրաքանչյուրն Աստծո զավակ է։ Մինչ պատրաստում եմ իմ դասերը, ես մտածում եմ նրանց մասին»։
Եվ երբ նա ուսուցանում է, լսում է թե՛ իր ուսանողներին և թե՛ Սուրբ Հոգուն։
«Ուսուցիչը Հոգին է», ում նա հաճախ լսում է ուսանողների ձայների մեջ։ «Ես պետք է ուշադիր լինեմ, քանի որ այն, ինչ նրանք ասում են, հայտնություն է, որը Հոգին է նրանց տալիս»։
Մեր դասը «նման է ընտանեկան երեկոյի»
Կարլա Գուտիերեզ Օրտեգա Քորդոբան օրհնված է զգում, լինելով Քույր Քարդենանսի Կիրակնօրյա դպրոցի դասարանի անդամ՝ դրա սնուցող և սպասավորող միջավայրի շնորհիվ։ Կարլան այդ միջավայրը համարում է մի քանի գործոնների արդյունք, ինչպես օրինակ․
-
Նախապատրաստությունը․ Սուրբ գրություններով և մտքերով կիսվելն օգնում է ուսանողներին նախապատրաստվել հաջորդ դասին։ «Ամենօրյա սուրբ գրությունները սնուցում են մեզ և մեծացնում մեր գիտելիքները»,- բացատրում է նա։
-
Մասնակցությունը․ «Մենք բոլորս խոսում ենք։ Սա ինձ թույլ է տալիս ավելի լավ ճանաչել իմ դասընկերներին որպես ընկերներ և որպես եղբայրներ և քույրեր»։
-
Սերը․ «Քույր Քարդենասը բռնում է ձեր ձեռքը։ Մեր դասը նման է ընտանեկան երեկոյի՝ մի շարք եղբայրների և քույրերի հետ։ Այն շատ յուրահատուկ է»։
-
Սուրբ Հոգին․ «Մեր դասարանում առկա է հաճելի, ներդաշնակ հոգի, քանի որ մենք ներդաշնակ ենք Հոգու հետ»։
-
Վկայությունը․ «Եկ, հետևիր ինձ ծրագիրն օգնել է ինձ՝ պատրաստ լինել կիսվելու իմ վկայությամբ։ Ես ունեմ ավելի խորը գիտելիքներ Մորմոնի Գրքի և Աստվածաշնչի վերաբերյալ։ Դա ինձ թույլ է տալիս դպրոցում իմ դասընկերների և իմ աշխատավայրի մարդկանց հետ կիսվել այն ամենով, ինչ սովորում եմ»։
Սպասավորել համաձայն հոգևոր կարիքների
Երբ Կենտուկիից (ԱՄՆ) Գրեգ և Նիկի Քրիսթենսեննները իրենց երեք որդիների հետ սուրբ գրություններում կարդացին Աբրահամի ուխտի մասին, նրանք դժվարացան բացատրել այն նրանց։ Նրանք ընտանիքով որոշեցին, որ յուրաքանչյուրն ինքնուրույն կուսումնասիրի Աբրահամի ուխտը, իսկ հետո կկիսվեն իրենց գտածով։
«Մենք գտանք որոշ հետաքրքիր մեկնաբանություններ»,- ասում է Գրեգը։ «Մեր ութամյա որդին սովորել էր, որ Աբրահամի անունը եղել էր Աբրամ։ Նրա անունը փոխվեց Աբրահամ, քանի որ նա Տիրոջը խոստացել էր թողնել մեղքը և ապրել արդար կյանքով։ Ես իսկապես զարմացել էի, որ նա կարող էր հասկանալ դա»։
Նրանք բոլորն էլ ինչ-որ նոր բան սովորեցին և լավ քննարկում անցկացրին, թե ինչ է Աբրահամի ուխտը և ինչ նշանակություն ունի այսօր Վերջին Օրերի Սրբերի համար։
«Մենք պարզապես հերթով կարդում էինք սուրբ գրությունների հատվածներ սուրբ գրությունների մեր ընտանեկան ուսումնասիրության ժամանակ»,- ասում է Նիկին։ «Եկ, հետևիր ինձ ծրագիրն ավելի է ուղղորդում դեպի Հոգով ուսուցանելուն։ Այժմ, երբ մենք միասին սովորում ենք, ես զգում եմ Հոգու փոքր հուշումները, որոնք ուղղորդում են մեր քննարկումները մի փոքր այլ ուղղությամբ՝ հիմնված ընտանիքի կարիքների վրա»։
Եկ, հետևիր ինձ ծրագրի օգտագործումը ոչ միայն օգնել է նրանց ընտանիքին ավելի ներգրավվել և հետաքրքրվել ավետարանի ընտանեկան ուսումնասիրությամբ, այլև օգնել է Գրեգին և Նիկիին սպասավորել համաձայն իրենց երեխաների հոգևոր կարիքների։
«Եկ, հետևիր ինձ ծրագիրն օգնում է ինձ ուսուցանել իմ երեխաներին»,- ասում է Նիկին։ «Այն նաև օգնում է ինձ հաղթահարել տարբեր դժվարություններ, որոնք ես ունենում եմ իմ երեխաների հետ։ Ես ավելի ներդաշնակ եմ զգում Հոգու հետ, լսում եմ ավելի ուշադիր և հուշումներ եմ ստացել, թե ինչպես կարող եմ օգնել յուրաքանչյուր երեխայիս»։
Գրեգը վայելում է ավետարանի ավելի երկար տևող քննարկումները, որոնք ընտանիքում ծավալվում են Եկ, հետևիր ինձ ծրագրի օգնությամբ։ «Մեր տղաների ավետարանական գիտելիքները շատ տարբեր են»,- ասում է նա։ «Եկ, հետևիր ինձ ծրագիրը ուղի պատրաստեց մեզ համար, որ օգնենք նրանցից յուրաքանչյուրին սովորել՝ հիմնվելով նրանց կարիքների վրա։ Հրաշալի օրհնություն է մեզ համար, երբ տեսնում ենք, թե ինչպես է աճում նրանց սերը ավետարանի հանդեպ և հետևում ենք, թե նրանք ինչպես են կարողանում կիրառել ավետարանի գիտելիքներն իրենց կյանքում։
© 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են։ Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Ministering Principles, September 2020-ի թարգմանությունը։ Armenian. 16724 201