Սպասավորության սկզբունքները, դեկտեմբեր 2019
Ի՞նչ կարող ենք սովորել սպասավորության մասին Սուրբ Ծննդյան պատմությունից
«Սա տարվա եղանակ է սիրելի, Սուրբ Ծնունդ շուտով այստեղ կլինի: Պատմիր Հիսուսի ծննդյան մասին, երբ որպես մանուկ եկավ նա երկիր» («Սուրբ Ծննդյան երգը», Երեխաների երգարան, 52):
Սպասավորության սկզբունքները, Դեկտեմբեր 2019
Սուրբ Ծնունդը հրաշալի ժամանակ է, երբ ոչխարները, հովիվները, մսուրները և աստղերը հանկարծ նոր իմաստ են ստանում: Նրանք դառնում են մարդկության պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդի կարևոր դերակատարներ: Շատ ընտանիքներ իրենց տներում բեմադրում են Սուրբ Ծննդյան պատմությունը: Մյուսները նախընտրում են կարդալ Նրա ծննդյան պատմությունը կամ մասնակցել որևէ ներկայացման: Քրիստոսի մասին գրված բոլոր պատմությունների նման, Նրա ծննդյան պատմությունը լի է ծառայության մասին դասերով, նաև, թե ինչպես կիսվենք Նրա լույսով, որպեսզի լուսավորենք աշխարհը: «Սուրբ Ծննդյան պատմությունը սիրո պատմություն է»,- ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Հենրի Բ․ Այրինգը։
«… Քրիստոսի ծննդյան պատմություններում մենք կարող ենք տեսնել և զգալ, թե ով էր Նա և ով է Նա: Դա թեթևացնում է մեր բեռը, երբ անցնում ենք ճանապարհը: Եվ կառաջնորդի մեզ մոռանալ մեր սեփական անձը և թեթևացնել ուրիշների բեռը»:1
«Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար», (Ղուկաս 2.7):
Իջևանատան տերը չկարողացավ տեղ գտնել Փրկիչի համար, բայց մենք չպետք է թույլ տանք այդ սխալը: Մենք պետք է տեղ պատրաստենք Փրկիչի համար մեր սրտերում՝ տեղ տալով մեր եղբայրներին ու քույրերին մեր սեղանների շուրջ, մեր տներում և մեր ավանդույթների շրջանակներում: Ընտանեկան շատ ավանդույթներ կարող են ավելի քաղցր և նույնիսկ ավելի հիշարժան լինել, եթե ընդգրկվեն ուրիշ մարդիկ: Դայանայի ընտանիքը սովորություն ունի հրավիրել ինչ-որ մեկին իրենց հետ Սուրբ Ծնունդն անցկացնելու: Յուրաքանչյուր դեկտեմբերին նրանք քննարկում են, թե ում կցանկանային հրավիրել:2 Միգուցե ձեր ընտանիքը ևս սկսի նման սովորույթ զարգացնել: Գուցե ինչ-որ մեկը, ում դուք սպասավորում եք, ցանկանա միանալ ձեր ընտանիքին՝ միասին երգելու Սուրբ Ծննդյան սիրված երգերը: Դուք նաև կարող եք Սուրբ Ծննդյան ճաշի սեղանի շուրջը հյուրընկալել ձեր տարածքից ինչ-որ մեկին, ով ընտանիք չունի:
Փրկիչի ծնունդը նշելու ի՞նչ ավելի լավ եղանակ կարող է լինել, քան Նրա հյուրընկալության օրինակին հետևելը: Հիշենք, որ Նա հրավիրում է «բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. և նա հիշում է հեթանոսներին. և բոլորը նույնն են Աստծո համար՝ թե՛ հրեան, թե՛ հեթանոսը» (2 Նեփի 26.33): Տեղ տվեք և հյուրընկալ եղեք:
«Եվ այն տեղումը հովիվներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին» (Ղուկաս 2.8):
Կարծես տեղին է, որ հովիվները առաջիններից էին, ովքեր ողջունելու էին նորածին Փրկիչին: Հնօրյա մարգարեները Հիսուս Քրիստոսին կոչել են «Իսրայելի հովիվ» (Սաղմոս 80.1) և «Հովիվ ողջ աշխարհի վրա» (1 Նեփի 13.41): Եվ Քրիստոսն Ինքն է ասել. «Ես եմ բարի Հովիվը, և ես իմ ոչխարրներին ճանաչում եմ» (Հովհաննես 10.14): Մեր ոչխարներին ճանաչելը և նրանց հսկելը կարևոր մասն է Փրկիչի ձևով կատարվող հովվության և սպասավորության:
Փայլուն լույսեր և նախշազարդեր՝ այնքան բաներ կան դիտելու Սուրբ Ծննդյան օրերին: Բայց Ծննդյան տոների ամենամեծ գեղեցկությունը գուցե երևում է այն ժամանակ, երբ հիշում ենք, որ մեր ուշադրությունը պիտի սևեռենք նրանց վրա, ում սպասավորում ենք և հսկենք մեր հոտերը: Ուշադիր լինելով, մենք կարող ենք տեղեկանալ ինչ-որ մեկի սիրած զբաղմունքի մասին կամ հարցնել մեկին, թե նա ինչ է ծրագրում անել արձակուրդներին: Մենք ուշադիր ենք, երբ տեսնում ենք մարդկանց կարիքները և արձագանքում դրանց՝ թե՛ ակնհայտ, թե ոչ այնքան ակնհայտ կարիքների դեպքում:
Երբ Շերիլն անսպասելիորեն կորցրեց ամուսնուն՝ Միքին, նա շատ վշտացած էր: Մոտենում էին Սուրբ Ծննդյան տոները, որոնք նա առաջին անգամ պետք է անցկացներ առանց ամուսնու, և մենակությունն ավելի ճնշող էր դառնում: Բարեբախտաբար, նրա սպասավորող քույրը՝ Շաունան, նրա կողքին էր: Շաունան և նրա ամուսինը՝ Ջիմը, հրավիրեցին Շերիլին միասին անցկացնել տոնական օրերը: Նկատելով Շերիլի մաշված վերարկուն, նրանք որոշեցին գործել: Սուրբ Ծնունդից մի քանի օր առաջ նրանք Շերիլի համար գնեցին Սուրբ Ծննդյան նվեր՝ գեղեցիկ նոր վերարկու: Նրանք ծանոթ էին ոչ միայն Շերիլի նյութական կարիքներին, այն, որ նա չուներ տաք վերարկու, այլև տեղյակ էին, որ նա մխիթարության և ընկերակցության կարիք ուներ: Նրանք քայլ արեցին՝ իրենց ուժերի ներածին չափով հոգալով այդ կարիքները և գեղեցիկ օրինակ ծառայելով, թե ինչպես մենք էլ կարող ենք հսկել մեր հոտերը:3
«Հովիվ մարդիկն իրար ասեցին. Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ» (Ղուկաս 2.15):
«Եկէք գնանք» արտահայտությունը եռանդուն հրավեր է: Հովիվները չէին մտահոգվում, որ իրենց ընկերները շատ հոգնած կլինեին ուղևորությունը կատարելու համար: Նրանք լուռ ու մենակ չուղևորվեցին Բեթլեհեմ: Այլ ուրախ դիմելով մեկը մյուսին՝ նրանք ասացին. «Եկէ՜ք գնանք»:
Թեև մենք չենք կարող հրավիրել մեր ընկերներին, որ գան և տեսնեն մանուկ Փրկիչին, սակայն կարող ենք հրավիրել նրանց զգալ Սուրբ Ծննդյան ոգին (կամ Քրիստոսի ոգին)՝ մեզ հետ ծառայելով: «Սուրբ Ծննդյան ոգին մեծարելու եղանակներից մեկն է՝ առատաձեռնորեն օգնության հասնել մեր շրջապատի մարդկանց և նվիրվել նրանց»,- ասել է Բոնի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ Կանանց նախկին գերագույն նախագահը:4 Պատկերացրեք, թե ձեր ձեռքում մոմ կա: Վստահաբար, մարդիկ կտեսնեն և կօգտվեն ձեր մոմի լույսից, բայց պատկերացրեք, թե ինչ ջերմություն նրանք կզգան, եթե ձեր մոմով վառեք նրանց մոմը և թույլ տաք, որ իրենք տանեն իրենց լույսը:
Քրիստոսն անձամբ ուսուցանել է, որ նրանք, ովքեր կհետևեն Իրեն, կունենան կյանքի լույսը (տես Հովհաննես 8.12): Նրա նման ծառայելը մի եղանակ է, որով կարող ենք հետևել Իրեն և վայելել այդ խոստացված լույսը: Ուստի, կիսվեք այդ լույսով և հրավիրեք մյուսներին ծառայել ձեզ հետ: Ինչպե՞ս կարող եք միասին ծառայել դուք և նրանք, ում սպասավորում եք: Միասին կարող եք պատրաստել ձեր սիրած ուտեստը կամ անակնկալ մատուցել ինչ-որ մեկին փոքրիկ նվերի կամ երկտողի տեսքով: Միասին դուք կզգաք այն լույսը, որը գալիս է Քրիստոսի ծառայության օրինակին հետևելուց:
«Եւ երբոր տեսան՝ իմացրին այն բանն, որ այս երեխայի համար ասուեցաւ նորանց» (Ղուկաս 2.17):
Կարելի է պատկերացնել հովիվների ուրախ ոգևորությունը, երբ նրանք կիսվում էին Քրիստոսի ծննդյան զարմանահրաշ լուրով հնարավորինս շատ մարդկանց հետ: Հրեշտակների կողմից ազդարարված Մեսիան, ում մասին այդքան մարգարեացել էին, եկել էր: Նա այնտե՜ղ էր: Իրականում, Փրկիչի մասին բարի լուրով կիսվելը Սուրբ Ծննդյան պատմության գլխավոր մասն է: Հրեշտակները երգում էին: Աստղը ցույց էր տալիս ճանապարհը: Եվ հովիվները տարածում էին լուրն ամենուրեք:
Մենք կարող ենք մեր ձայնն ավելացնել Սուրբ Ծննդյան պատմությանը՝ կիսվելով բարի լուրով և վկայելով Փրկիչի մասին: «Եթե ծառայելու ձեր ջանքերում արտոնություն ունեք ներկայացնելու Փրկիչին, հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս կարող եմ կիսվել ավետարանի լույսով այս անհատի կամ ընտանիքի հետ»,- ասել է Քույր Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող Միության Գերագույն նախագահը: Հոգին ի՞նչ է ոգեշնչում ինձ անել»:5
Ահա մի քանի առաջարկներ, եթե ձգտում եք իմանալ, թե ինչպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ Փրկիչի և Նրա ավետարանի մասին:
-
Գտեք սուրբ գրության մի հատված, որն արտահայտում է Փրկիչի հանդեպ ունեցած ձեր զգացմունքները կամ բացատրում է, թե ինչու եք դուք երախտապարտ Նրան: Կիսվեք դրանով այն մարդկանց հետ, ում դուք սպասավորում եք:
-
Ուղարկեք Սուրբ Ծննդյան տեսանյութ, կցելով տեքստային հաղորդագրություն կամ լրատվամիջոցներից վերցված ուղերձ: Հրաշալի ուղերձներ կան ChurchofJesusChrist.orgկայքում:
-
Ձեր ընկերներից մեկին պատմեք մի հատուկ հիշարժան պահի կամ ավանդույթի մասին, որը ձեզ հիշեցնում է Քրիստոսին:
Հավատացեք, որ Սուրբ Հոգին կվկայի ձեր վկայության ճշմարտացիության մասին, ինչպես Նա վկայեց Սիմեոնին և Աննային, որ մանուկ Հիսուսը Փրկիչն է (տես Ղուկաս 2.26, 38):
«Որպեսզի իսկապես պատվենք [Հիսուս Քրիստոսի] աշխարհ գալը, մենք պետք է վարվենք Նրա նման և կարեկցանքով ու ողորմածությամբ օգնության հասնենք մեր մերձավորներին»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը: «Դա մենք կարող ենք ամեն օր անել՝ թե՛ մեր խոսքերով, և թե՛ գործերով։ Թող որ այն դառնա Սուրբ Ծննդյան մեր ավանդույթը, անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում՝ լինենք մի քիչ ավելի բարի, ավելի ներողամիտ, քիչ դատապարտող և մեր ունեցածից ավելի առատաձեռն կիսվենք կարիքավորների հետ»:6
© 2019 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/18: Թարգմանության հաստատումը. 6/18: Ministering Principles, December 2019 -ի թարգմանությունը: Armenian 15773 201