Սպասավորություն
Սպասավորել ընտանեկան պատմության միջոցով
սկզբունքները


Սպասավորության սկզբունքները, փետրվար, 2020թ․

Սպասավորել ընտանեկան պատմության միջոցով

ministering

Լուսանկարն ըստ Ջոշուա Դենիսի․ հետնապատկերը և նկարը Getty Images-ի կողմից

Սպասավորության սկզբունքները, Փետրվար 2020

Ընտանեկան պատմության աշխատանքներում ինչ-որ մեկին օգնելը սպասավորելու զորեղ միջոց է։ Երբ մարդկանց կապում եք իրենց նախնիների հետ ընտանեկան պատմությունների և մանրամասների միջոցով, արդյունքում փակվում են նրանց սրտերում առկա բացերը, որոնց գոյության մասին նրանք երբեմն չեն էլ իմացել (տես Մաղաքիա 4․5-6

Աստծո բոլոր զավակները, անկախ այն բանից՝ ամբողջ կյանքում Եկեղեցու անդամ են եղել, կամ երբևէ չեն լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին, փափագում են իմանալ, թե որտեղից են սկիզբ առնում իրենց ակունքները։

Հաճախ երկար ժամանակ չի պահանջվում խորը և տևական տպավորություն թողնելու համար, ինչպես ներկայացվում է հետևյալ պատմություններում։

Ընտանիք գտնել 30000 ոտնաչափ բարձրության վրա

Վերջերս տուն վերադառնալիս, թռիչքի ժամանակ ես հանդիպեցի Սթիվին, ով ինձ հետ կիսվեց իր անձնական պատմության մանրամասներով։ Նա ավարտել էր ավագ դպրոցը, 18 տարեկանում ընդունվել Միացյալ Նահանգերի բանակ՝ որպես կապի մասնագետ, և շուտով սկսել էր աշխատել Սպիտակ տանը՝ կապի աջակցություն տրամադրելով Միացյալ Նահանգների Նախագահին։ 18-26 տարեկան հասակում նա ծառայել է Միացյալ Նահանգների երկու նախագահների։ Նրա պատմությունները հետաքրքրաշարժ էին։

«Սթիվ,- ասացի ես,- դու պետք է գրի առնես այդ պատմությունները քո սերունդների համար։ Նրանք պետք է ունենան այդ պատմությունները՝ գրի առնված ձեր կողմից և հենց ձեր տեսանկյունից»։ Նա համաձայնվեց։

Ապա Հոգին հուշեց ինձ հարցնել, թե նա ինչ գիտեր իր նախնիների մասին։ Սթիվը շատ բան գիտեր իր մոր կողմի մասին, ներառյալ մի պատմություն, թե ինչպես են նրա նախնիները մի անգամ ընթրել Աբրահամ Լինքոլնի հետ, մինչ նա քարոզարշավ էր իրականացնում գյուղերում 1860թ․ նախագահական ընտրությունների ժամանակ։

Սակայն նա քիչ բան գիտեր իր հոր կողմի մասին։ Նա մեծ ցանկություն ուներ իմանալ ավելին։ Ես հանեցի հեռախոսս և բացեցի FamilySearch հավելվածը։ «Սթիվ, մենք կարող ենք գտնել քո ընտանիքը հենց հիմա»։

Ես միացրի թռիչքի ժամանակ հասանելի Wi-Fi-ը։ Հեռախոսս դրեցի իմ առջևի փոքրիկ սեղանին, որպեսզի երկուսս էլ տեսնեինք։ Մենք ուսումնասիրեցինք ընտանեկան ծառը։ Րոպեներ անց երկուսս էլ ուշադիր զննում էինք նրա նախապապի ու տատի ամուսնության վկայականը։

«Նրանք են»,- ասաց նա։ «Այժմ հիշեցի տատիկիս ազգանունը»։

Ոգևորության հոգին էր տիրել երկուսիս։ Հաջորդ 45 րոպեների ընթացքում մենք պրոֆիլներ էինք ստեղծում նրա քիչ հայտնի նախնիների մասին։ Նա խնդրեց ինձ խոստանալ իրեն, որ մենք միասին կշարունակենք ուսումնասիրությունները Կոլորադոյում։ Մինչ ինքնաթիռը վայրէջք էր կատարում, մենք փոխանակեցինք մեր կոնտակտային տվյալները։

Ահա, մենք գտնվելով 30000 ոտնաչափ (9,145 մ) բարձրության վրա, ունենալով իմ ափի չափ մի սարք, փնտրում էինք 100 տարի առաջ ամուսնացած մի տղամարդու ու մի կնոջ, ովքեր կորած էին նրա ու նրա ընտանիքի համար։ Դա անհավանական էր։ Բայց մենք գտանք նրանց։ Ընտանիքները կապվեցին իրար հետ։ Հիշեցինք պատմություններ։ Երախտագիտություն զգացինք տեխնոլոգիայի և սարքավորումների գոյության համար։ Դա ոչնչով չէր զիջում հրաշքին։

Ջոնաթան Փեթի, Կոլորադո (ԱՄՆ)

Շրջապատված նոր ընտանիքով

Ավելի քան 20 տարի Մարիան ոչ ակտիվ է եղել։ Ամիսներ առաջ մենք մի քանի ժամ անցկացրինք նրա հետ մեր տանը՝ հետազոտելով նրա ընտանիքը մարդահամարների և այլ գրառումների միջոցով։ Այդ ընթացքում նա արտասվալից բացականչեց․ «Երկու ժամում ես ավելի շատ բան սովորեցի իմ ընտանիքի մասին, քան իմացել եմ իմ ողջ կյանքի ընթացքում»։

Մեր հանդիպման վերջում մենք ներկայացրինք նրան Ընտանեկան ծառ հավելվածի Բարեկամներ իմ շուրջը ակնարկը։ Պարզվեց, որ ես և ամուսինս արմատներով կապված էինք Մարիայի հետ։ Նա կրկին արտասվեց, ասելով, որ կարծել էր, թե մենակ է։ Նա երբեք չէր իմացել, որ ընտանիք ուներ այդ տարածքում։ Մի քանի շաբաթ անց Մարիան հանդիպեց մեր եպիսկոպոսի հետ։ Այժմ նա նախապատրաստվում է տաճարի համար և մեր ծխում հանդիպել է բազմաթիվ «նոր» զարմիկների։

Կարոլ Ռիներ Էվերեթ, Հյուսիսային Կարոլինա (ԱՄՆ)

Սպասավորելու բաղադրատոմս

Ես և Քույր Էշլին, որին ես սպասավորում եմ, ունենք մեր տատերից մեզ փոխանցված խոհարարական գրքեր։ Նա ժառանգել է այն իր նախատատից, իսկ իմը մի գիրք է, որը ես կազմել եմ, երբ ժառանգեցի իմ Գրինվուդ տատիկի խոհարարական արկղը նրա մահից հետո։

Ես և Էշլին ընտրեցինք բաղադրատոմսեր մեր խոհարարական գրքերից և մի երեկո աշխատանքից հետո հանդիպեցինք փորձելու դրանք։ Նա ընտրել էր դեսերտի բաղադրատոմս, ուստի, մենք նախ դա պատրաստեցինք ու դրեցինք ջեռոցը։ Ես ընտրել էի մի կերակրատեսակ, որն ընդունված էր պատրաստել Գրինվուդների ընտանիքի միջոցառումների ժամանակ։ Էշլիի դուստր Ալիսն օգնեց մեզ՝ փորձելով ուտեստները։ Ապա, քանի որ Էշլին չէր ուզում, որ իր երեխաներն ուտեին ամբողջ քաղցրավենիքը, մի մասը տարավ քույրերին, որոնց սպասավորում էր։

Բաղադրատոմսերով կիսվելու երեկոյի ընթացքում, մինչ եփում ու թխում էինք, ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ մենք զրուցում էինք սպասավորության բոլոր սովորական թեմաների շուրջ․ նրա և իմ ունեցած դժվարությունների մասին։ Սակայն, մենք նաև խոսում էինք մեր տատիկների ու մայրերի մասին, ինչը շատ թանկ էր մեզ համար։

Ջենիֆեր Գրինվուդ, Յուտա (ԱՄՆ)

Օգնելու յուրահատուկ եղանակներ

Ընտանեկան պատմությունը կարող է դռներ բացել սպասավորելու հնարավորությունների համար, երբ թվում է՝ այլ ելք չկա։ Ահա մի քանի մտքեր, որոնք կարող եք փորձել։

  • Օգնեք նրանց ձայնագրել և տեղադրել ընտանեկան պատմություններ, հատկապես նրանք, որ կապված են նկարների հետ։

  • Պատրաստեք մի գրքույկ կամ այլ տպագիր ընտանեկան պատմության փաստաթուղթ, որը կարող եք մատուցել որպես նվեր։

  • Սովորեցրեք, թե ինչպես կարող են գրի առնել իրենց իսկ պատմությունը՝ օրագիր պահելով իրենց հաճելի ձևով։ Ձայնագրությունների՞ օրագիր։ Լուսանկարների՞ օրագիր։ Տեսաֆիլմերի՞ մատյաններ։ Կան շատ տարբերակներ նրանց համար, ովքեր չեն նախընտրում սովորական օրագրերը։

  • Միասին գնացեք տաճար և արարողություններ կատարեք նախնիների համար։ Կամ առաջարկեք արարողություններ կատարել նրանց ընտանիքի անդամների անուններով, եթե նրանք ունեն ավելին, քան կարող են կատարել։

  • Հավաքվեք՝ կիսվելու ընտանեկան սովորույթներով։

  • Միասին մասնակցեք ընտանեկան պատմության դասընթացին։