Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 3․ Մեր աստվածային ներուժը


Դաս 3

Մեր աստվածային ներուժը

Նախաբան

Երկնային Հայրը պատրաստել է մի ծրագիր, որը մեզ հնարավորություն է տալիս վերադառնալ Նրա ներկայության մեջ և դառնալ Նրա նման։ Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը սովորեցրել է․ «Մենք Նրա զավակներն էինք նախքան այս աշխարհ գալը, և մենք ընդմիշտ նրա զավակները կլինենք։ Այս հիմնարար ճշմարտությունը պետք է փոխի այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում ինքներս մեզ, մեր եղբայրներին ու քույրերին և առհասարակ՝ կյանքին» («Չորս կոչում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 58)։ Երբ ուսանողները սկսեն ավելի լավ հասկանալ իրենց աստվածային ներուժը, շատ ավելի հավանական է, որ նրանք ավելի պատշաճ կերպով կարողանան դիմակայել մահկանացու կյանքի իրենց հանդիպած մարտահրավերներին։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Չորս կոչում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 58-61:

  • Gospel Topics, “Becoming Like God,” lds.org/topics.

Ուսուցման առաջարկներ

Ծննդոց Ա․27, Եսայիա ԾԵ․8–9, Գործք Առաքելոց ԺԷ․29, Եբրայեցիս ԺԲ․9, Ա Հովհաննես Գ․1, 4․8–9, 1 Նեփի 9․6, 2 Նեփի 9․20, Մորոնի 8․18, Վարդապետություն և Ուխտեր 76․4, 88․41, 130․22

Մենք Աստծո զավակներն ենք

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ ոչ անդամ մի ընկեր հարցնում է իրենց, թե ըստ մեր Եկեղեցու համոզմունքների ինչպիսին է Երկնային Հայրը։ Խնդրեք ուսանողներին հակիրճ ձևով կիսվել, թե ինչպես կարձագանքեին:

Հետևյալ սուրբ գրությունները գրեք գրատախտակին կամ բաժանեք տպագիր թերթիկների վրա:

Ծննդոց Ա․27, Վարդապետություն և Ուխտեր 130․22

1 Նեփի 9․6, 2 Նեփի 9․20

Եսայիա ԾԵ․8–9, Վարդապետություն և Ուխտեր 88․41

Ա Հովհաննես Գ․1, 4․8–9

Մորոնի 8․18, Վարդապետություն և Ուխտեր 76․4

Գործք Առաքելոց ԺԷ․29, Եբրայեցիս ԺԲ․9

Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել այս սուրբ գրություններից մի քանիսը և բացագահտել, թե ինչ են դրանք ուսուցանում մեր Երկնային Հոր մասին։ Համոզվեք, որ բոլոր սուրբ գրություններն էլ հանձնարարված են։ Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես կարող են նրանք օգտագործել այս սուրբ գրություններից մեկը կամ մի քանիսը, որպեսզի բացատրեն, թե ինչ գիտեն կամ ինչին են հավատում՝ կապված Երկնային Հոր հետ:

  • Ինչպե՞ս կարող է Երկնային Հոր այս հատկանիշներն իմանալն օգնել ձեզ երկրպագել Նրան։

  • Իմացությունն այն մասին, որ Երկնային Հայրը իրական էակ է, ով ունի փառավորված, հարություն առած մսից ու ոսկորից մարմին և ձեր հոգու Հայրն է, ինչպե՞ս է ազդում Նրա հետ ձեր հարաբերությունների վրա։

  • Ինչպե՞ս է մեզ օգնում այն փաստը, որ Աստծուն երկրպագելիս հիշում ենք, որ Նա մեր հոգիների Հայրն է։ (Որպես քննարկման մի մաս շեշտեք, որ ելնելով այն բանից, որ Աստված մեր հոգիների Հայրն է, մեր աստվածային ներուժը պետք է նմանվի Նրան։ Կարող է օգտակար լինել նաև 1909 թվականին Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթի [1838–1918] ղեկավարությամբ Առաջին Նախագահության կողմից հրապարակված հայտարարությամբ կիսվելը․ «Բոլոր տղամարդիկ և կանայք նման են տիեզերական Հորը և Մորը և բառիս բուն իմաստով Աստվածության որդիներն ու դուստրերն են» [“Gospel Classics: The Origin of Man,” Ensign, Feb. 2002, 29]։)

Բաժանեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերի օրինակները։ Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ այն և նշել այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե որքան կարևոր է հասկանալ, թե ով է Աստված։

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանա, թե ովքեր են իրենք: …

Աստված ժամանակին եղել է այնպիսին, ինչպիսին հիմա մենք ենք, և վեհացում ձեռք բերած մարդ է, և նստած է գահին այնտեղ՝ երկնքում: … Եթե վարագույրը պատռվեր այսօր, և փառահեղ Աստվածը, ով այս աշխարհը պահում է իր ուղեծրում, և ով իր զորությամբ պահում է բոլոր աշխարհները և բոլոր բաները, Իրեն տեսանելի դարձներ, ասում եմ ձեզ, եթե դուք տեսնեիք նրան այսօր, դուք կտեսնեիք նրան մարդու տեսքով, ինչպես որ դուք եք` ձեր ողջ անձով, պատկերով և տեսքով՝ որպես մարդ. քանի որ Ադամը ստեղծվեց Աստծո անմիջական տեսքով, պատկերով և նմանությամբ, և հրահանգներ ստացավ և քայլեց և խոսեց ու զրուցեց Նրա հետ, ինչպես մի մարդ հաղորդակցվում է մեկ ուրիշի հետ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 43):

  • Ինչպե՞ս է Երկնային Հոր էությունն ըմբռնելն օգնում մեզ ըմբռնելու ինքներս մեզ։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալը. Երբ մենք սկսում ենք հասկանալ մեր Երկնային Հորը, մենք կարողանում ենք ավելի լավ հասկանալ մեր Երկնային Ծնողներին նմանվելու մեր ներուժը:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Խորհեք «Աստծո զավակն եմ» սիրված երգում ուսուցանվող գաղափարի զորության շուրջ (Հիմներ և մանկական երգեր, էջ 58): … Այստեղ տրվում է կյանքի մեծագույն հարցերից մեկի պատասխանը․ «Ո՞վ եմ ես»։ Ես Աստծո զավակ եմ՝ հոգևոր կապերով կապված երկնային ծնողների հետ։ Այդ ծագումով է սահմանվում մեր հավերժական ներուժը։ Այդ զորեղ գաղափարը հզոր հակադեպրեսանտ է։ Այն կարող է զորացնել մեզանից յուրաքանչյուրին՝ կատարելու ճշգրիտ որոշումներ և փնտրելու լավագույնը, որ կա մեր մեջ» (“Powerful Ideas,” Ensign, Nov. 1995, 25)։

Գրատախտակին գրեք հետևյալը.

Միտքը, որ ես Աստծո զավակ եմ կարող է օգնել ինձ, երբ ։

Միտքը, որ ես Աստծո զավակ եմ, օգնել է ինձ, երբ ։

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես կավարտեն այս նախադասություններից մեկը:

Հռովմայեցիս Ը․16–17, Ա Հովհաննես Գ․2, 3 Նեփի 12․48

Մեր աստվածային ներուժը

Ասեք ձեր դասարանին, որ երբեմն մենք լսում ենք, որ ինչ-որ մեկն ունի «մեծ ներուժ»։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը:

Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները և խնդրեք ուսանողներին ուսումնասիրել դրանք, որպեսզի սովորեն մեր աստվածային ներուժի մասին․ Հռովմայեցիս Ը․16–17, Ա Հովհաննես Գ․2, 3 Նեփի 12․48։ Կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները խաչաձև հղումներ կատարեն այս սուրբ գրություններին՝ գրելով մյուս երկու հղումները յուրաքանչյուր սուրբ գրության հատվածի լուսանցքում։

  • Սուրբ գրությունների լույսի ներքո մենք ուսումնասիրեցինք Աստծո բնութագիրը, ինչ նշանակություն ունի ձեզ համար «Նրա նման կլինենք» արտահայտությունը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ժառանգակիցներ» լինել Հիսուս Քրիստոսի հետ: (Որպես Հոր Միածին Որդին մարմնում, Հիսուս Քրիստոսն իրավունք ունի ժառանգելու ամենը, ինչ ունի Հայրը։ Նրանք, ովքեր հնազանդ են և ստանում են Փրկիչի Քավության բոլոր օրհնությունները, նույնպես կժառանգեն այն ամենը, ինչ Հայրն ունի [տես Հռովմայեցիս Ը․14–18, Գաղատացիս Գ․26–29, ՎևՈւ 84․38]։ Շեշտեք հետևյալ սկզբունքը․ Երկնային Հոր ծրագիրը ուղի է պատրաստում մեզ համար դառնալու մեր Երկնային Ծնողների նման։ Շեշտեք, որ չնայած որոշ մարդիկ կարող են քննադատել մեր համոզմունքներն այն մասին, որ մենք կարող ենք նմանվել Աստծուն, այս համոզմունքը հիմնված է Աստվածաշնչի ուսմունքների վրա։)

Հետևյալ հարցը գրեք գրատախտակին.

Ի՞նչ ուսուցանեց Երեց Դալլին Հ․ Օուքսը մեր մահկանացու կյանքի նպատակի մասին։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներին փնտրել գրատախտակին գրված հարցի պատասխանները․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Ըստ Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցու աստվածաբանության՝ մահկանացու կյանքի նպատակն է նախապատրաստել մեզ գիտակցելու մեր ճակատագիրը որպես Աստծո որդիներ և դուստրեր՝ դառնալու Նրա նման։ … Աստվածաշունչը մահկանացուներին նկարագրում է որպես «Աստծո որդիք» և որպես «Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռովմայեցիս Ը․16–17)։ Այն նաև հայտարարում է, որ «եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք» (Հռովմայեցիս Ը․17) և «երբոր նա կյայտնուի, նորան նման կլինենք» (Ա Հովհաննես Գ․2): Մենք բառացիորեն ենք ընդունում Աստվածաշնչի այս ուսմունքները։ Մենք հավատում ենք, որ մահկանացու կյանքի նպատակն է ձեռք բերել ֆիզիկական մարմին և Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ և օրենքին ու ավետարանի արարողություններին հնազանդվելու միջոցով արժանանալ փառավորված, հարություն առած երկնային վիճակի, որը կոչվում է համբարձում կամ հավերժական կյանք։ … (Հավերժական կյանքի կամ Աստծո կյանքի այս ճակատագիրը պիտի ծանոթ լինի բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրել են քրիստոնեության հին վարդապետությունը և հավատամքը աստվածացման կամ փառաբանման վերաբերյալ։) …

… Մեր աստվածաբանությունը սկսում է երկնային ծնողներից։ Մեր մեծագույն ձգտումն է լինել նրանց նման։ Հոր ողորմած ծրագրի ներքո այս ամենը հնարավոր է դառնում Հոր Միածնի՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ» (“Apostasy and Restoration,” Ensign, May 1995, 86–87)։

(Նշում․ Դուք կարող եք բացատրել, որ աստվածացում և փառաբանում բառերը վերաբերում են այն գաղափարին, որ անձը կարող է դառնալ աստված կամ բարձրացվել աստվածային կարգավիճակի։)

Քննարկեք գրատախտակին գրված հարցի վերաբերյալ ուսանողների պատասխանները։ Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ մտածում եք, որ Երկնային Հոր ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս նմանվել Նրան։

  • Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Քրիստոսի Քավությունը Աստծուն նմանվելու համար։

Այս քննարկումը շարունակելու համար ձեր ուսանողների հետ աչքի անցկացրեք հետևյալ ելույթը․

«Վերջին Օրերի Սրբերը հասկանում են Քրիստոսի Քավության մեծությունը, որը հնարավոր է դարձնում վիթխարի մարդկային ներուժը։ Քրիստոսի Քավությունն առաջ է բերում ոչ միայն մեղքի ներում և հաղթանակ մահի դեմ, այլ նաև փրկագնում է անկատար հարաբերությունները, բժշկում է հոգևոր վերքերը, որոնք ճնշում են աճը, և ամրացնում ու հնարավորություն է տալիս անհատներին զարգացնելու Քրիստոսի հատկանիշները [տես Ալմա 7․11–12]։ Վերջին Օրերի Սրբերը հավատում են, որ միայն Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ է, որ մենք կարող ենք հաստատ հույս ունենալ հավերժական փառքի համար և որ Նրա Քավության զորությունը լիովին մատչելի է դառնում միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևը ստանալու և Հիսուս Քրիստոսի հրահանգներին և օրինակին հետևելում մինչև վերջ համբերելու միջոցով [տես 2 Նեփի 31․20, Հավատո Հանգանակ 1․4]։ Այսպիսով, նրանք, ովքեր նմանվում են Աստծուն և մտնում են Նրա փառքի ամբողջության մեջ, նկարագրվում են որպես մարդիկ՝ «Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով կատարյալ դարձված, որն իր արյունը հեղելով իրագործեց այս կատարյալ քավությունը» [ՎևՈւ 76․69]» [Gospel Topics, “Becoming Like God,” lds.org/topics

Բաժանեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ ելույթի օրինակները: Հրավիրեք ուսանողներին կարդալ ելույթը և նշել այն գաղափարները, որոնք նրանց հույս են տալիս, որ նրանք կարող են հասնել իրենց աստվածային ներուժին։ Նշեք, որ Նախագահ Ուխդորֆը այս ելույթով հանդես է եկել գերագույն համաժողովի քահանայության նիստի ժամանակ, սակայն գաղափարները վերաբերում են բոլորին․

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Մի կոչում, որն առավել հիմնարար ձևով բնորոշում է բոլորիս՝ Երկնային Հոր որդի [կամ դուստր] կոչումն է։ Անկախ նրանից, թե ինչ պետք է մենք անենք կյանքում, մենք երբեք չպետք է մոռանանք, որ մենք, բառացիորեն Աստծո հոգևոր զավակներն ենք։ Մենք Նրա զավակներն էինք նախքան այս աշխարհ գալը, և մենք ընդմիշտ նրա զավակները կլինենք։ Այս հիմնարար ճշմարտությունը պետք է փոխի այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում ինքներս մեզ, մեր եղբայրներին ու քույրերին և առհասարակ կյանքին։ …

Գիտելիքը, որ Աստծո [զավակ] ես, բայց այդ կոչման չափով չես կարողանում ապրել, կարող է, երբեմն, հուսահատեցնող լինել։ Հակառակորդը սիրում է օգտվել այդ զգացումներից։ Սատանան ցանկանում է, որ ինքդ քեզ բնորոշես քո մեղքերով, այլ ոչ թե քո աստվածային ներուժով։ Եղբայրներ, մի լսեք նրան։

Բոլորս տեսել ենք մանուկին քայլել սովորելիս։ Նա մի փոքր քայլ է անում և երերում է։ Նա ընկնում է։ Արդյո՞ք մենք հանդիմանում ենք նման փորձը։ Իհարկե, ոչ։ Ո՞ր հայրը կպատժի իր մանուկին սայթաքելու համար։ Մենք խրախուսում ենք, ողջունում ենք և գովաբանում ենք, քանի որ յուրաքանչյուր փոքր քայլի հետ երեխան ավելի շատ է նմանվում իր ծնողներին։

Արդ, եղբայրներ, եթե համեմատենք Աստծո կատարելության հետ, մենք՝ մահկանացուներս, նկուն, անվստահ մանուկներ ենք։ Բայց մեր սիրող Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ավելի շատ նմանվենք Իրեն և դա, իմ թանկագին եղբայրներ, պետք է լինի նաև մեր հավերժական նպատակը։ Աստված հասկանում է, որ մենք դրան հասնում ենք ոչ թե մի ակնթարթում, այլ քայլ առ քայլ» («Չորս կոչում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 58)։

  • Ինչպե՞ս կարող է այս հավերժական ճշմարտությունները հիշելն օգնել ձեզ հասնել ձեր աստվածային ներուժին:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունները հիշելն ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք վերաբերվում ձեր ընտանիքի անդամներին:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունների մասին ձեր իմացությունն ազդել ձեր ընտանիքի մահացած անդամների մասին տեղեկություն փնտրելու և նրանց համար տաճարային արարողություններ կատարելու ձեր ցանկության վրա:

Խրախուսեք ուսանողներին հաջորդ շաբաթվա ընթացքում կիսվել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ, թե ինչ են սովորել և զգացել այս դասի ընթացքում։ Նրանք կարող են նաև խորհել, թե ինչ կարող են անել ամեն օր, որպեսզի գիտակցաբար հիշեն, որ իրենք Երկնային Հոր զավակներն են և ծրագրեն գրառել օրագրերում, թե այս սրբազան ճշմարտությունը հիշելն ինչպես է ազդում նրանց արարքների վրա։

Ուսանողի ընթերցարան

Տպել