Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 9․ Տղամարդկանց աստվածային դերերը և պարտականությունները


Դաս 9

Տղամարդկանց աստվածային դերերը և պարտականությունները

Նախաբան

Որպես Իր երջանկության ծրագրի կարևոր մաս Երկնային Հայրը նշանակեց տղամարդկանց դառնալու ամուսիններ և հայրեր։ Այս դասը կենտրոնանում է նրանց պարտականությունների վրա․ «Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը» («Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129)։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ռիչարդ Գ․ Սքոթ, «Ամուսնության հավերժական օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 94-97։

  • Դ․ Թոդ Քրիսթոֆերսոն, «Եկեք տղամարդ լինենք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 46–48։

  • Լինդա Ք․ Բըրթըն, «Մենք միասին կբարձրանանք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 29–32։

  • Howard W. Hunter, “Being a Righteous Husband and Father,” Ensign, Nov. 1994, 66–70.

  • «Հայրերի և մայրերի սրբազան կոչումները», գլուխ 15, Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թաֆտ Բենսոն (2014), 229-34։

Ուսուցման առաջարկներ

Եփեսացիս Ե.25

Տղամարդիկ պետք է ամուսնանան և փայփայեն իրենց կանանց

Սկսեք դասը՝ ուղղելով հետևյալ հարցերը.

  • Կա՞ն տղամարդիկ, ովքեր ազդեցություն են թողել ձեր կյանքում։ Ինչո՞ւ են նրանք նման ազդեցություն ունեցել ձեզ վրա։

Բացատրեք, որ այս դասի ընթացքում կքննարկվեն տղամարդկանց համար Աստծո կողմից նշանակված դերերը։ Չկա ավելի կարևոր դեր տղամարդու համար, քան ամուսնու և հոր դերերը։ Երբ տղամարդիկ ձգտում են արդար ձևով կատարել այս դերերը, նրանք ավելի շատ են նմանվում իրենց Երկնային Հորը։

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս Ե․25 հատվածը:

  • Ի՞նչ սկզբունք եք սովորում այս հատվածից այն մասին, թե ինչպես պետք է գործեն ամուսինները։ (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես Հիսուս Քրիստոսը սիրեց Եկեղեցին։)

  • Ի՞նչ ճանապարհներով է Հիսուս Քրիստոսը սեր ցուցաբերում Եկեղեցու հանդեպ։

  • Ի՞նչ կարող են անել ամուսինները, որպեսզի հետևեն Հիսուս Քրիստոսի օրինակին՝ իրենց կնոջ հանդեպ վերաբերմունքում։

Ցուցադրեք Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի (1895-1985) հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Քրիստոսն այնպես սիրեց եկեղեցին և նրա ժողովրդին, որ իր հոժար կամքով տարավ հալածանքներ նրանց համար, ենթարկվեց սարսափելի անարգանքի, անտրտունջ տարավ ցավ և ֆիզիկական բռնություն և, ի վերջո, տվեց իր թանկագին կյանքը նրանց համար։

Երբ ամուսինը պատրաստ է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել իր ընտանիքի հանդեպ, ոչ միայն կինը, այլև ողջ ընտանիքը կարձագանքի նրա ղեկավարությանը» (“Home, the Place to Save Society,” Ensign, Jan. 1975, 5)։

  • Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ խորհում եք Նախագահ Քիմբալի ասածի շուրջ։

  • Ի՞նչ եղանակներով կարող է հայրը զոհաբերություններ անել իր ընտանիքի համար մեր օրերում։

Վկայեք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ տղամարդիկ ձգտեն լինել արդար ամուսիններ։

Եփեսացիս Ե․23, Վարդապետություն և Ուխտեր 121․36–46

Հայրերը պետք է նախագահեն արդարությամբ

Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրի յոթերորդ պարբերությունը, որպեսզի իմանան, թե Երկնային Հայրն ինչ է ակնկալում հայրերից։

  • Ի՞նչ է նշանակում նախագահել բառը: (Առաջնորդել և ուղղություն ցույց տալ ուրիշներին։)

  • Ինչպե՞ս կարող է «ըստ աստվածային ծրագրի» արտահայտությունն օգնել տղամարդուն կատարել այն պարտականությունները, որոնք Աստված տվել է հայրերին։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է հայրը նախագահի տանը, ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Եփեսացիս Ե․23 հատվածը։ Ապա խնդրեք մեկ այլ ուսանողի կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

«Պողոս Առաքյալը նշում է, որ «մարդը կնոջ գլուխն է ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը» (Եփեսացիս Ե.23, շեղագիրն ավելացված է): Սա է մեր օրինակը, որին պետք է հետևենք՝ տանը նախագահելու մեր դերում: Մենք չենք տեսնում Փրկչին կոպիտ կամ դաժան ձեռքով Եկեղեցին առաջնորդելիս: Մենք չենք տեսնում, որ Փրկիչը Իր Եկեղեցուն անհարգալից կամ անփութորեն վերաբերվի: Մենք չենք տեսնում Փրկչին ուժ կամ հարկադրանք գործադրելիս՝ Իր նպատակներն իրականացնելու համար: Ոչ մի տեղ մենք չենք տեսնում Փրկչին որևէ բան անելիս, բացի դաստիարակելուց, բարձրացնելուց, մխիթարելուց և Եկեղեցին վեհացնելուց: … Նա է օրինակը, որին մենք պետք է հետևենք, երբ ստանձնում ենք մեր ընտանիքների հոգևոր առաջնորդությունը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թավտ Բենսոն [2014], 235

  • Ինչպե՞ս դուք կձևակերպեք Պողոս Առաքյալի և Նախագահ Բենսոնի ուսուցանած սկզբունքը։ (Ուսանողները պետք է ձևակերպեն սկզբունքը նման ձևով․ Երբ տղամարդն իր տանը քահանայությունը գործադրում է արժանապատվորեն, նա կարող է արդար ազդեցություն գործել իր կնոջ և երեխաների վրա։ Ուսանողների հետ կիսվեք նաև այս սկզբունքով․ Երբ տղամարդիկ ձգտում են արդար ձևով կատարել ամուսնու և հոր դերերը, նրանք ավելի շատ են նմանվում իրենց Երկնային Հորը։)

Որպեսզի շարունակեք բացատրել, թե ինչպես պետք է ամուսինը և հայրը նախագահեն տանը, կարող եք կիսվել Նախագահ Հովարդ Վ․ Հանթերի (1907-95) հետևյալ խոսքերով.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Աստվածային նշանակմամբ տանը նախագահելու պատասխանատվությունը դրված է քահանայություն կրողի վրա (տես Մովսես 4.22): Տերը նախատեսել է, որ կինը օգնական լինի տղամարդու համար (օգնական նշանակում է հավասար), այսինքն, հավասարև անհրաժեշտ զուգընկեր լիարժեք ընկերակցության համար: Արդարությամբ նախագահելն անհրաժեշտություն է առաջացնում պատասխանատվությունը կիսել ամուսնու և կնոջ միջև․ միասին դուք գործում եք իմաստությամբ և մասնակցում բոլոր ընտանեկան գործերին: Եթե տղամարդն իր ընտանիքը ղեկավարելիս ինքնուրույն է գործում կամ հաշվի չի առնում իր կնոջ զգացմունքներն ու խորհուրդը ընտանիքը ղեկավարելիս, ապա նշանակում է, որ նա գործադրում է անարդար իշխանություն» (“Being a Righteous Husband and Father,” Ensign, Nov. 1994, 50–51)։

Ուսանողներին խնդրեք բացել Վարդապետություն և Ուխտեր 121.36-46 հատվածները: Առաջարկեք, որ նրանք այս հատվածների հետ զուգահեռ բացեն նաև Եփեսացիս Ե․23, 25 հատվածները։ (Հրավիրելով Ուսանողներին անհրաժեշտության դեպքում գտնել խաչաձև հղումները, օգնեք նրանց զարգացնել խաչաձև հղումներ անցկացնելու սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունը։)

Ուսանողներին ժամանակ տրամադրեք, որպեսզի ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 121․36-39 հատվածները և խորհեն, թե ինչպես է այս հատվածներում նկարագրված ղեկավարությունը հակադրվում այն ղեկավարությանը, որի օրինակը տվել է Հիսուս Քրիստոսը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «քահանայության իրավունքները» արտահայտությունը: (Երբ տղամարդը քահանայություն է ստանում, Աստված որոշակի իրավունքներ և իշխանություն է շնորհում նրան։ Տղամարդը կարող է կիրառել այս իրավունքները միայն այն դեպքում, երբ նա գործում է արդարությամբ։)

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ քահանայություն կրողը չի ապրում արդար կյանքով։ (Աստված այդ մարդուց հեռացնում է երկնքի զորությունները և նա այլևս չի կարող գործածել քահանայության իշխանությունը․ Սուրբ Հոգին վշտանում է։)

Որպեսզի հասկանաք, թե ինչպես պետք է հայրն առաջնորդի իր ընտանիքին, խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․41-46 հատվածները:

  • Որո՞նք են այդ տողերում նկարագրված Քրիստոսանման հատկանիշները: Ինչո՞ւ եք կարծում, որ հայրը, ով ունի այդ հատկանիշները, կարող է ունենալ երկնքի զորությունները։

  • Ինչպե՞ս կարող են Քրիստոսանման այս հատկանիշներն օգնել հայրերին նախագահել իրենց ընտանիքներում։ (Դուք կարող եք հստակեցնել, որ Քրիստոսանման հատկանիշները պետք է զարգանան նաև կնոջ մեջ:)

  • Նկարագրեք, թե ինչ է նշանակում լինել մի մարդու կինը կամ երեխան, ով ձգտում է հետևել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ նա առաջնորդում է իր ընտանիքին։

Ցուցադրեք 1973 թվականին Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից գրված հետևյալ հայտարարությունը․

«Հայրությունը ղեկավարություն է, ամենակարևոր ղեկավարման ձևն է։ Այդպես է միշտ եղել, այդպես միշտ կլինի: Հա՛յր, ձեր հավերժական զուգընկերոջ աջակցությամբ, խորհրդով և խրախուսմամբ դուք նախագահում եք տանը։ Եվ կարևոր չէ, որ դուք լինեք ամենաարժանավորն ու ամենահմուտը, այլ կարևոր է օրենքը և [աստվածային] նշանակումը» (“Father, Consider Your Ways,” Ensign, June 2002, 16)։

  • Քույրեր, ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի խրախուսեք երիտասարդ տղամարդկանց մեծարել իրենց աստվածային դերերը և պարտականություններն իրենց ապագա ընտանիքներում։

  • Ձեզանից յուրաքանչյուրը՝ տղամարդ և կին, ի՞նչ կարող է անել այժմ, որպեսզի ավելի լավ պատրաստված լինի առաջնորդելու իր ապագա ընտանիքը։

Մատթեոս Բ․13–16, Ա Տիմոթեոս Ե․8, Վարդապետություն և Ուխտեր 75․28, 83․2, 4

Հայրերը պետք է ապահովեն ընտանիքի կենսական կարիքները և պաշտպանությունը

Հրավիրեք ուսանողներին կարդալ Ա Տիմոթեոս Ե․8 և Վարդապետություն և Ուխտեր 75․28, 83․2, 4 հատվածները և ներկայացնել հայրերին տրված մեկ այլ կարևոր պարտականություն։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները զուգահեռներ անցկացնեն այս հատվածների միջև։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերն ակնկալում հայրերից ապահովել իրենց ընտանիքի կենսական կարիքները: (Երբ ուսանողները պատասխանեն, նշեք, որ միայնակ մայր ունեցող ընտանիքներում մայրը կարող է ապահովել իր ընտանիքի կարիքները:)

  • Ի՞նչ նշանակություն կարող են այս հատվածներն ունենալ երիտասարդ տղամարդու համար, որը դեռ ամուսնացած չէ։

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910-2008) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Աշխատեք կրթություն ստանալ։ Ձեռք բերեք ամեն հնարավոր ուսուցում։ Աշխարհն առատորեն կհատուցի ձեզ այն, ինչին ձեզ արժանի կհամարի։ … Ձեր հիմնական պարտականությունն է ապահովել ձեր ընտանիքի կարիքները» (“Living Worthy of the Girl You Will Someday Marry,” Ensign, May 1998, 50)։

Շեշտեք ուսանողներին, որ իրենց ընտանիքների ապագայի ապահովության համար կարևոր է, որ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք օգտվեն կյանքի այս ժամանակահատվածում իրենց ընձեռված հնարավորությունից և ձեռք բերեն որքան հնարավոր է շատ կրթություն և աշխատանքային փորձ։

Նշեք, որ ընտանիքի մասին հայտարարությունում Եկեղեցու ղեկավարներն ուսուցանել են, որ հայրերը պետք է ապահովեն ընտանիքի կենսական կարիքները և պաշտպանությունը։

  • Որո՞նք են այն վտանգները, որ սպառնում են ընտանիքներին այսօր։

  • Ինչպե՞ս են արդարակյաց հայրերը պաշտպանում իրենց ընտանիքները:

Ցուցադրեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի (1907–1995) հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Արդարակյաց հայրը պաշտպանում է իր երեխաներին իր ժամանակով և ներկայությամբ՝ նրանց սոցիալական, կրթական և հոգևոր գործերում և պարտականություններում» (“Being a Righteous Husband and Father,” Ensign, Nov. 1994, 51):

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել այս խորհուրդը ձեր ապագա ընտանիքում կամ ձեր ներկայիս ընտանիքում։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կամրացնեն և կպաշտպանեն իրենց ընտանիքներին և ապա թող գրի առնեն իրենց մտքերը:

Բացատրեք, որ մենք կարող ենք մի կարևոր սկզբունք սովորել մանուկ Հիսուսի հանդեպ Հովսեփի ցուցաբերած հոգատարությունից։ Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Մատթեոս Բ․13-16 հատվածները՝ փնտրելով, թե ինչ արեց Հովսեփը, որպեսզի մանուկ Քրիստոսին պաշտպաներ վտանգից։

Ասեք ուսանողներին, որ թերևս քիչ հավանական է, որ իրենց ընտանիքներին պաշտպանելու համար նրանք ստիպված լինեն տեղափոխվել նոր վայր, նրանք կարող են նմանեցնել կամ կիրառել այդ հատվածներն իրենց կյանքում՝ վերլուծելով որոշ կարևոր մանրամասներ․

  • Ի՞նչ հայտնեց Տերը Հովսեփին հատված 13-ում։

  • Ե՞րբ և ինչպե՞ս Հովսեփն արձագանքեց այս նախազգուշացմանը։

  • Ինչպե՞ս կարող են հայրերը հետևել Հովսեփի օրինակին իրենց ընտանիքներին պաշտպանելիս։ (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են այս սկզբունքը․ Երբ հայրերը փնտրում և հետևում են Տիրոջ առաջնորդությունը, նրանք կարող են ավելի լավ պաշտպանել իրենց ընտանիքներին։)

Տղամարդիկ և կանայք պետք է իրականացնեն Տիրոջ ծրագիրը

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Եթե դուք համապատասխան տարիքի երիտասարդ տղամարդ եք և դեռ ամուսնացած չեք, ժամանակ մի ծախսեք դատարկ բաների վրա։ Առաջ շարժվեք կյանքում և աշխատեք ամուսնանալու ուղղությամբ։ Կյանքի այս ժամանակահատվածը իզուր մի վատնեք։ Երիտասարդ տղամարդիկ, ծառայեք արժանի միսիա։ Այնուհետև ձեր առաջնահերթ նպատակը թող լինի արժան հավերժական զուգընկեր գտնելը։ …

… Ամուսնությունը հիանալի միջավայր է եսասեր կամ եսակենտրոն լինելու ցանկացած հակվածություն հաղթահարելու համար։ Իմ կարծիքով, պատճառներից մեկը, որ կյանքում մեզ խորհուրդ է տրվում շուտ ամուսնանալ, այն է, որ մենք չհասցնենք զարգացնել անհամապատասխան բնավորության գծեր, որոնք հետագայում դժվար կլինի փոխել» («Ամուսնության հավերժական օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 95–97)։

  • Մեր ժամանակներում ի՞նչ ազդեցություններ են առկա, որոնց պատճառով երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք հետաձգում են ամուսնությունը։

  • Ինչո՞ւ է հակառակորդը ձգտում շեղել երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց այնպիսի հարաբերություններ ստեղծելուց, որոնք կարող են հանգեցնել ամուսնության և երեխաներ ունենալուն։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Եկեղեցու ղեկավարները մշտապես խորհուրդ տալիս երիտասարդ տղամարդկանց ակտիվորեն հարաբերություններ փնտրել, որոնք կարող են ամուսնության հանգեցնել։

(Նշում․ Այս քննարկման ընթացքում ուշադիր եղեք այն հանգամանքի հանդեպ, որ հնարավոր է ձեր դասարանի որոշ երիտասարդ տղամարդիկ իրենց վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով երբեք չամուսնանան կամ դառնան հայրեր։)

Երբ վերջացնեք, մտածեք ձեր ուսանողների հանգամանքների մասին։ Ի՞նչ կարող եք խրախուսել ձեր արական սեռի ուսանողներին անել, որ իրականացնեն արդար ամուսիններ և հայրեր դառնալու իրենց նպատակները։ Դուք կարող եք հրավիրել ձեր բոլոր ուսանողներին կենտրոնանալ որոշակի Քրիստոսանման առաքինություն զարգացնելու վրա, ինչպես օրինակ՝ համբերություն կամ ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելը, որ օգտակար կարող է լինել իրենց ընտանիքների համար։

Ուսանողի ընթերցարան

Տպել