Սուրբ գրություններ
Ալմա 1


Ալմայի որդու
Ալմայի գիրքը

Պատմությունն Ալմայի, որն Ալմայի որդին էր՝ առաջին և գլխավոր դատավորը Նեփիի ժողովրդի վրա, և նաև քահանայապետը Եկեղեցու վրա: Մի պատմություն դատավորների կառավարման, և ժողովրդի մեջ պատերազմների ու հակառակությունների մասին: Եվ նաև մի պատմություն պատերազմի մասին. Նեփիացիների և Լամանացիների միջև, համաձայն Ալմայի՝ առաջին և գլխավոր դատավորի հիշատակարանի:

Գլուխ 1

Նեորն ուսուցանում է կեղծ վարդապետություններ, հիմնադրում է եկեղեցի, քահանանենգություն է անում և սպանում Գեդեոնին – Նեորն իր հանցագործությունների համար մահվան է դատապարտվում – Քահանանենգություններ ու հալածանքներ են տարածվում ժողովրդի մեջ – Քահանաները պահում են իրենք իրենց, ժողովուրդը հոգ է տանում աղքատների համար, և Եկեղեցին բարգավաճում է: Մոտ 91–88թթ. Ք.ծ.ա.:

1 Արդ եղավ այնպես, որ Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման առաջին տարում, այս ժամանակից հետո, թագավոր Մոսիան գնացել էր երկրի ողջ ճանապարհը, պատերազմած լինելով լավ պատերազմ, քայլելով ուղիղ՝ Աստծո առաջ, չթողնելով որևէ մեկին թագավորելու իր փոխարեն. այնուամենայնիվ, նա հաստատել էր օրենքներ, և դրանք ընդունվել էին ժողովրդի կողմից. հետևաբար, նրանք պարտադրված էին հետևել օրենքներին, որոնք նա ստեղծել էր:

2 Եվ եղավ այնպես, որ ատյանում Ալմայի կառավարման առաջին տարում, մի մարդ էր բերվել նրա առաջ՝ դատվելու, մի մարդ, որը հաղթանդամ էր ու ճանաչված իր մեծ ուժի պատճառով:

3 Եվ նա շրջել էր ժողովրդի մեջ՝ քարոզելով նրանց այն, ինչ նա անվանում էր Աստծո խոսք՝ հակադրվելով եկեղեցուն. հայտարարելով ժողովրդին, որ ամեն մի քահանա և ուսուցիչ պետք է դառնար հանրաճանաչ. և նրանք չպետք է աշխատեին իրենց ձեռքերով, այլ որ նրանք պետք է պահվեին ժողովրդի կողմից:

4 Եվ նա նաև վկայեց ժողովրդին, որ ողջ մարդկությունը կփրկվի վերջին օրը, և որ նրանք չպետք է վախենան կամ դողան, այլ որ նրանք կարող են բարձրացնել իրենց գլուխները և ցնծալ. քանզի Տերն է ստեղծել բոլոր մարդկանց, և նաև փրկագնել է բոլոր մարդկանց. և վերջում բոլոր մարդիկ պետք է ունենան հավերժական կյանք:

5 Եվ եղավ այնպես, որ նա այնքան սովորեցրեց այս բաները, որ շատերը հավատացին նրա խոսքերին, նույնիսկ այնքան շատերը, որ նրանք սկսեցին պահել նրան և փող տալ նրան:

6 Եվ նա սկսեց բարձրամտանալ իր սրտի հպարտությունից, և կրել շատ թանկարժեք հանդերձներ, այո, և նույնիսկ սկսեց իր քարոզչությանը համապատասխան մի եկեղեցի հիմնել:

7 Եվ եղավ այնպես, երբ նա պատրաստվում էր քարոզել նրանց, ովքեր հավատում էին նրա խոսքերին, նա հանդիպեց մի մարդու, որը պատկանում էր Աստծո եկեղեցուն, այո, այսինքն՝ նրանց ուսուցիչներից մեկին. և նա սկսեց սաստիկ վիճել նրա հետ, որպեսզի կարողանար եկեղեցու ժողովրդին մոլորեցնել. բայց այդ մարդն ընդդիմացավ նրան՝ խրատելով նրան Աստծո խոսքերով:

8 Արդ այդ մարդու անունը Գեդեոն էր. և այդ նա էր, որ գործիք եղավ Աստծո ձեռքում Լիմքիի ժողովրդին ճորտությունից ազատելիս:

9 Արդ, որովհետև Գեդեոնն Աստծո խոսքով ընդդիմացավ նրան, նա զայրացավ Գեդեոնի վրա և քաշեց իր սուրն ու սկսեց զարկել նրան: Արդ, Գեդեոնը, կքված լինելով շատ տարիներից, հետևաբար ի վիճակի չեղավ ընդդիմանալ նրա հարվածներին, հետևաբար նա սպանվեց սրով:

10 Եվ մարդը, որը սպանեց նրան, վերցվեց եկեղեցու ժողովրդի կողմից և բերվեց Ալմայի առջև՝ դատվելու ըստ այն հանցագործությունների, որոնք նա գործել էր:

11 Եվ եղավ այնպես, որ նա կանգնեց Ալմայի առջև և մեծ հանդգնությամբ պաշտպանեց իրեն:

12 Բայց Ալման ասաց նրան. Ահա, այս առաջին անգամն է, որ քահանանենգում է մտցվել այս ժողովրդի մեջ: Եվ ահա, դու մեղավոր ես ոչ միայն քահանանենգության համար, այլ փորձել ես սրի միջոցով հարկադրել այն. և եթե քահանանենգություն հարկադրվի այս ժողովրդի մեջ, դա լիակատար կործանման կհասցնի նրանց:

13 Եվ դու թափել ես մի արդար մարդու արյունը, այո՛, մի մարդու, որն այս ժողովրդի մեջ շատ բարիք է արել. և եթե մենք խնայենք քեզ, նրա արյունը կգա մեզ վրա վրեժխնդրության համար:

14 Հետևաբար, դու դատապարտվում ես մահվան, համաձայն այն օրենքի, որը տրվել է մեզ Մոսիայի՝ մեր վերջին թագավորի կողմից. և այն ընդունվել է այս ժողովրդի կողմից. հետևաբար, այս ժողովուրդը պետք է հետևի օրենքին:

15 Եվ եղավ այնպես, որ նրանք վերցրեցին նրան, և նրա անունը Նեոր էր, և նրանք տարան նրան Մանթի բլրի գագաթը, և այնտեղ նրան ստիպեցին, կամ ավելի ճիշտ նա ընդունեց, երկնքի ու երկրի միջև, որ այն, ինչ նա սովորեցրել էր ժողովրդին, հակասում էր Աստծո խոսքին. և այնտեղ նա խայտառակ մահ տարավ:

16 Սակայն, այս վերջ չդրեց երկրով մեկ քահանանենգության տարածմանը. քանզի կային շատերը, ովքեր սիրում էին աշխարհի ունայն բաները, և նրանք առաջ գնացին՝ քարոզելով կեղծ վարդապետություններ. և այս նրանք արեցին հանուն հարստությունների ու փառքի:

17 Սակայն նրանք օրենքից վախի պատճառով չէին համարձակվում ստել, չլիներ թե դա իմացվեր, քանզի ստախոսները պատժվում էին. հետևաբար, նրանք ձևացնում էին, թե քարոզում էին համաձայն իրենց հավատքի. և արդ, օրենքը ոչ մի իշխանություն չէր կարող ունենալ որևէ մարդու վրա իր հավատքի համար:

18 Եվ նրանք օրենքից վախի պատճառով չէին համարձակվում գողանալ, քանզի այդպիսիները պատժվում էին. ոչ համարձակվում էին նրանք կողոպտել, ոչ էլ սպանել, քանզի նա, ով սպանում էր, պատժվում էր մահվամբ:

19 Բայց եղավ այնպես, որ նրանք, ովքեր չէին պատկանում Աստծո եկեղեցուն, սկսեցին հալածել նրանց, որոնք պատկանում էին Աստծո եկեղեցուն, և իրենց վրա էին վերցրել Քրիստոսի անունը:

20 Այո, նրանք հալածում էին նրանց և վիրավորում նրանց ամեն ձևի խոսքերով, և այս, նրանց խոնարհության պատճառով. որովհետև նրանք իրենց սեփական աչքում հպարտ չէին, և որովհետև նրանք հաղորդում էին Աստծո խոսքը մեկը մյուսին առանց փողի ու առանց գնի:

21 Այժմ եկեղեցու ժողովրդի մեջ կար մի խիստ օրենք, որ եկեղեցուն պատկանող որևէ մարդ չպետք է վեր կենար ու հալածեր նրանց, ովքեր չէին պատկանում եկեղեցուն, և որ միմյանց միջև չպետք է լիներ որևէ հալածանք:

22 Սակայն նրանց մեջ կային շատերը, ովքեր սկսեցին հպարտանալ և սկսեցին տաքացած վիճել իրենց հակառակորդների հետ, նույնիսկ մինչև ծեծկռտուք. այո, նրանք բռունցքներով ծեծում էին մեկը մյուսին:

23 Արդ, դա Ալմայի կառավարման երկրորդ տարում էր, և այն մեծ չարչարանքների պատճառ էր եկեղեցու համար. այո, դա մեծ փորձության պատճառ էր եկեղեցու համար:

24 Քանզի շատերի սրտերը կարծրացած էին, և նրանց անունները ջնջվեցին, այնպես որ նրանք այլևս չէին հիշվում Աստծո ժողովրդի մեջ: Եվ նաև շատերը ետ քաշվեցին նրանց միջից:

25 Արդ, այս մի մեծ փորձություն էր նրանց համար, ովքեր ամուր էին կանգնած հավատքի մեջ, այնուամենայնիվ, նրանք հաստատուն էին և անխախտ Աստծո պատվիրանները պահելիս, և նրանք համբերությամբ տանում էին իրենց վրա դիզված հալածանքը:

26 Եվ երբ Աստծո խոսքը ժողովրդին հաղորդելու համար քահանաները թողնում էին իրենց աշխատանքը, ժողովուրդը նույնպես թողնում էր իր գործերը՝ լսելու Աստծո խոսքը: Եվ երբ քահանան հաղորդում էր նրանց Աստծո խոսքը, նրանք կրկին բոլորը ջանասիրաբար վերադառնում էին իրենց գործերին. և քահանան, իրեն վեր չգնահատելով իր ունկնդիրներից, քանզի քարոզիչն ավելի լավը չէր, քան ունկնդիրը. ոչ էլ ուսուցիչն էր ինչ-որ չափով ավելի լավը, քան սովորողը, և այսպիսով նրանք բոլորը հավասար էին, և բոլորն աշխատում էին՝ յուրաքանչյուրն իր ուժի համաձայն:

27 Եվ նրանք իրենց ստացվածքից բաժին էին հանում աղքատին և կարիքավորին, հիվանդին և չարչարվածին՝ ամեն մարդ համաձայն նրա, ինչ ուներ. և նրանք չէին կրում թանկարժեք հանդերձներ, սակայն նրանք կոկիկ էին ու սիրունատես:

28 Եվ այսպես նրանք հաստատեցին եկեղեցու գործերը, և այսպես նրանք սկսեցին նորից անընդհատ խաղաղություն ունենալ, չնայած բոլոր իրենց հալածանքներին:

29 Եվ արդ, եկեղեցու կայունության պատճառով նրանք սկսեցին չափազանց հարստանալ, ունենալով առատություն բոլոր բաների, ինչի կարիք որ ունեին՝ առատություն հոտերի ու նախիրների և ամեն տեսակի պարարտների, և նաև առատություն հատիկի և ոսկու և արծաթի և թանկարժեք բաների, և առատություն մետաքսի և նրբահյուս բեհեզի և ամեն ձևի լավ, տնական գործվածքի:

30 Եվ այսպիսով, իրենց բարեկեցիկ պայմաններում նրանք դուրս չէին քշում որևէ մեկին, ով մերկ էր, կամ, որ քաղցած էր, կամ, որ պապակ էր, կամ, որ հիվանդ էր, կամ, որ կերակրված չէր. և նրանք չէին դնում իրենց սիրտը հարստության վրա. հետևաբար, նրանք բոլորի հանդեպ առատաձեռն էին՝ ինչպես ծերի, այնպես էլ երիտասարդի, ինչպես ճորտի, այնպես էլ ազատի, ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ, ինչպես եկեղեցուց դուրս, այնպես էլ եկեղեցում, չունենալով կողմնապահություն հանդեպ անձանց, ինչ վերաբերում էր նրանց, ովքեր գտնվում էին կարիքի մեջ:

31 Եվ այսպիսով, նրանք բարգավաճեցին և դարձան շատ ավելի ունևոր, քան նրանք, ովքեր չէին պատկանում իրենց եկեղեցուն:

32 Քանզի նրանք, ովքեր չէին պատկանում նրանց եկեղեցուն, իրենց տվել էին կախարդությունների և կռապաշտության կամ անգործության, դատարկաբանությունների, նախանձությունների և կռվի. կրելով թանկարժեք հանդերձներ, հպարտությունից բարձրացած լինելով սեփական աչքում. հալածելով, ստելով, գողանալով, կողոպտելով, պոռնկություններ անելով և սպանելով, և ամեն ձևի ամբարշտություն. այնուամենայնիվ, օրենքն ուժի մեջ էր դրվում բոլոր նրանց վրա, ովքեր զանցառում էին այն, այնքանով, որքանով դա հնարավոր էր:

33 Եվ եղավ այնպես, որ այսպիսով գործադրելով օրենքը նրանց վրա՝ ամեն մարդ ստանալով պատիժ համաձայն նրա, ինչ նա արել էր, նրանք դարձան ավելի հանգիստ, և չէին համարձակվում որևէ ամբարշտություն գործել, չլինի թե իմացվեր. հետևաբար, Նեփիի ժողովրդի մեջ մեծ խաղաղություն եղավ մինչև դատավորների կառավարման հինգերորդ տարին: