Բաժին 108
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1835թ. դեկտեմբերի 26-ին (History of the Church, 2.345): Այս բաժինը ստացվել էր Լայման Շերմանի խնդրանքով, որը մինչ այդ կարգվել էր քահանայապետ և յոթանասունական, և որը եկել էր Մարգարեի մոտ, իր պարտականությունը հայտնի դարձնելու հայտնության խնդրանքով:
1–3՝ Լայման Շերմանը ներվում է իր մեղքերի համար. 4–5՝ Նա կլինի Եկեղեցու առաջնորդ երեցների թվում. 6–8՝ Նա կանչվում է քարոզելու ավետարանը և զորացնելու իր եղբայրներին:
1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը քեզ, իմ ծառա՛ Լայման. Քո մեղքերը ներված են քեզ, որովհետև դու հնազանդվել ես իմ ձայնին, այս առավոտ այստեղ գալով, որ խորհուրդ ստանաս նրանից, ում ես նշանակել եմ:
2 Հետևաբար, թող հոգիդ հանգիստ լինի քո հոգևոր վիճակի վերաբերյալ, և այլևս չդիմադրի իմ ձայնին:
3 Եվ վեր կաց և այսուհետև ավելի ուշադիր եղիր քո խոստումները պահելիս, որոնք դու արել ես և անում ես, և դու պիտի օրհնվես անչափ մեծ օրհնություններով:
4 Համբերությամբ սպասիր, մինչև որ իմ ծառաների մի հանդիսավոր ժողով կանչվի, այն ժամանակ դու կհիշվես իմ առաջին երեցների հետ և, կարգվելով, իրավունք կստանաս մնացած իմ երեցների հետ, որոնց ես ընտրել եմ:
5 Ահա, սա Հոր խոստումն է քեզ, եթե դու հավատարիմ շարունակես:
6 Եվ այդ օրը քեզ համար կկատարվի այն, որ դու իրավունք կունենաս քարոզելու իմ ավետարանը, ուր էլ որ ես կուղարկեմ քեզ, այսուհետև, այդ ժամանակից:
7 Հետևաբար, զորացրու եղբայրներիդ քո բոլոր հաղորդակցություններով, քո բոլոր աղոթքներով, քո բոլոր հորդորներով և քո բոլոր գործերով:
8 Եվ ահա, տե՛ս, ես քեզ հետ եմ, որ օրհնեմ քեզ և ազատեմ քեզ հավիտյան: Ամեն: