Բաժին 118
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ֆար Վեստում, Միսսուրի, 1838թ. հուլիսի 8-ին, ի պատասխան այս աղերսին. «Ցույց տուր քո կամքը, ո՜վ Տեր, Տասներկուսի վերաբերյալ» (History of the Church, 3.46):
1–3՝ Տերը կապահովի Տասներկուսի ընտանիքները. 4–6՝ Տասներկուսում եղած թափուր տեղերը լրացվում են:
1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Թող անմիջապես համաժողով անցկացվի. թող Տասներկուսը կազմակերպվի. և թող մարդիկ նշանակվեն՝ լրացնելու նրանց տեղերը, ովքեր ընկել են:
2 Թող իմ ծառա Թոմասը միառժամանակ մնա Սիոնի հողում՝ իմ խոսքը հրատարակելու համար:
3 Մնացածը թող այդ ժամից սկսած շարունակեն քարոզել, և եթե նրանք կամենան դա անել սրտի ողջ խոնարհությամբ, հեզությամբ և համեստությամբ ու երկայնամտությամբ, ես՝ Տերս, խոստում եմ տալիս նրանց, որ կապահովեմ նրանց ընտանիքները. և, այսուհետև, արդյունավետ դուռ պիտի բացվի նրանց համար:
4 Իսկ հաջորդ գարնանը թող նրանք մեկնեն մեծ ջրերի մյուս կողմը և այնտեղ հրապարակեն իմ ավետարանը, նրա լրիվությունը, և վկայեն իմ անվան մասին:
5 Թող նրանք հրաժեշտ տան սրբերին Ֆար Վեստ քաղաքում, հաջորդ ապրիլի քսանվեցերորդ օրը, իմ տան կառուցման հողակտորի վրա, ասում է Տերը:
6 Թող իմ ծառա Ջոն Թեյլորը, և նաև իմ ծառա Ջոն Ի. Փեյջը, և նաև իմ ծառա Վիլֆորդ Վուդրուֆը, և նաև իմ ծառա Վիլլարդ Ռիչարդսը, նշանակվեն՝ լրացնելու նրանց տեղերը, ովքեր ընկել են, և պաշտոնապես տեղեկացվեն իրենց նշանակման վերաբերյալ: